Գրքեր

Խորքային միտքն ապրում է պարզության մեջ, իսկ բարդը` դատարկության մեջ

Պարզությունը քրիստոնյայի կարևորագույն հատկանիշներից է: Բայց պետք է նկատի ունենալ, որ պարզությունը անմտություն չէ: Հոգևոր պարզությունն ամենևին կապ չունի դրա հետ, այլ՝ լինել պարզ, մաքուր սրտով, բայց միևնույն ժամանակ՝ խորագետ, իմաստուն: Սուրբ Գիրքը նշում է. «Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ, և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում» (Իմաստ. 1.4): Սբ. Հովհաննես Սինայեցին ասում է, որ պարզությանը խորթ է խորամանկությունը: Երբ Շենուդա Գ պատրիարքը խոսում է պարզության մասին, նշում է, որ պարզությունը չի նշանակում ամեն ինչին հավատալ՝ առանց մտածելու կամ ոմանց տեղ տալ, որ ձեզ խաբեն կամ ծաղրեն: Ընդհակառակը, մյուսների հետ ձեր պարզության մեջ դուք զգոն եք, ուշադիր և ունակ եք տարբերելու աղվեսներին, որոնք գալիս են ձեզ մոտ գառան հագուստով: Ինչպես նաև ընդգծում է. «Պարզությունը իմաստության հակառակ չէ, բայց պարզությունը բարդության հակառակն է. քրիստոնեական պարզությունը իմաստուն պարզություն է, և քրիստոնեական իմաստությունը պարզ իմաստություն է, այսինքն` բարդություն չկա նրանում: Մարդ կարող է չափազանց խելացի լինել, բայց միևնույն ժամանակ` պարզ, այսինքն` նա խնդիրները չի բարդացնում»: Նա է իրեն մատնում անմտության, ով բարդ է դարձնում իր կյանքը, հատկապես անմտածված քայլեր կատարելով: Սուրբ հայրերը խորհուրդ են տալիս հապշտապ և անմտածված քայլեր չանել, քանի որ շատ հաճախ մարդն ինքն իրեն այդպես մատնում է փորձության: Հետևաբար, հոգևոր կյանքում անմտածված քայլերը, ինչքան էլ դրանք բարի ու առաքինի թվան, կարող են և՛ քեզ, և՛ շրջապատիդ վնասել: Խոնարհամտությունը պետք է առաջնորդի մարդու մտածումները, հակառակ պարագայում՝ անմտածված ընթացքը բերում է անմիտ համառության: Պատմում են, որ մի ճգնավոր որոշում է քառասուն օր ծոմ պահել, մինչև Աստված հայտնվի իրեն: Դրա համար նա առանձնանում է ամենախոր լեռնային կիրճում: Ճգնավորը երկար ժամանակ չէր երևում, բայց ամսվա վերջում նրան գտնում են ճանապարհին ուժասպառ ընկած, որտեղ նա սողալով հասել էր: «Դե՛, եղբա՛յր, - հարցնում են նրան, - Աստծուն տեսա՞ր»: «Ո՛չ, ես չկարողացա Աստծուն տեսնել, բայց կարողացա իմ հիմարությունը տեսնել...»,- նվաղած ձայնով պատասխանում է:

Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ շատ անգամ ինքներս ենք տեղիք տալիս փորձություններին ու նեղություններին: Դրանք բխում են մեր անկայուն հոգևոր վիճակից, և Երկնային Նախախնամությունը թույլ է տալիս, որ դրանք տեղի ունենան, որպեսզի հոգևոր արթնություն ապրենք, զգոն լինենք և մեր հոգևոր վիճակը շտկվի ու հղկվի, հոգևոր աճ ապրենք, պարզեցնենք մեր կյանքի խնդիրները և դրանց լուծումներ տանք Աստծու առաջնորդությամբ: Սբ. Պաիսիոս Աթոսացին ասում է. «Որպեսզի անհանգստությունից և տագնապից ազատվես, անվերապահորեն Աստծուն վստահելով` պարզ դարձրու կյանքդ»:  Ինչպես նաև շեշտում է. «Որքանով մարդիկ հեռանում են պարզ, բնական կյանքից և տրվում շքեղությանը, այդքանով նաև բազմապատկվում է նրանց վախը վաղվա օրվա համար»: Պարզ մարդն ունակ է լինում հասկանալ Աստծու կամքը, նրա միտքն ուշադիր ու սթափ է, քանի որ խճողված չի լինում աշխարհի հոգսերով ու խնդիրներով: Մտքի հստակությունն ու պարզությունը մարդուն թույլ է տալիս ավելի իմաստուն և խորագետ լինել, բայց միևնույն ժամանակ՝ խոնարհ: Սրբակյաց Հայր Նիկոն Վորոբյովն այսպիսի խորհուրդ է տալիս. «Անհրաժեշտ է խոնարհ լինել ոչ թե արտաքուստ, այլ` ներքուստ: Իսկ արտաքուստ պարզ եղեք: Ակնհայտ մեղավորն ավելի շուտ կարող է խոնարհ լինել և մոտենալ Աստծուն ու փրկվել, քան արտաքուստ արդարները: Ահա թե ինչու Տեր Հիսուս Քրիստոս ասաց, որ մաքսավորներն ու մեղավորները շատ արտաքուստ արդարներից առաջ կանցնեն Աստծու Թագավորությունում...»:

Պարզության գեղեցիկ օրինակ է, երբ Հիսուսի մոտ բերում են երեխաներին, և Նա ասում է. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ. 18:3): Հետևապես, տեսնում ենք, որ պարզ ու մաքուր լինելը նախապայման է Երկնքի Արքայություն մտնելու համար: Գիտենք, որ Ավետարանը շեշտում է՝ երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն (Մատթ. 5.8): Ավետարանական այս երանին բացահայտում է մարդու հոգու պարզության ուղին, որը թույլ է տալիս ճանաչել Աստծուն: Կիրիլ պատրիարքը նշում է. «Քանզի Աստված անմաքուր սրտին չի բացվում: Աստվածճանաչողության պարտադիր պայմանն անձի բարոյական վիճակն է»: Պարզություն ունեցող հոգևոր մարդը քաջ և վճռական մարդ է: Նա չի վախենում և ամաչում ճիշտ ներկայացնել իրադրության խնդիրը և լուծումները: Սբ. Պաիսիոս Աթոսացին դա իր կյանքի օրինակով նկարագրում է «Կրքեր և առաքինություններ» գրքում, երբ մի անգամ Աթենք գնալիս բացում են մեքենայի պատուհանը, քանի որ դժվար էր տանում ճանապարհը: Օդը սառն է լինում: Սբ. Պաիսիոսը հարցնում է, թե՝ չե՞ք մրսում: «Ո՛չ, ո՛չ»,-պատասխանում են նրանք: Որոշ ժամանակ անց սբ. Պաիսիոսը նկատում է, որ մեքենայում գտնվող ուղևորը ցրտից կծկվում է: Այդ ժամանակ ասում է. «Եթե չեք ուզում, որ ձեզանից մեկը հիվանդանա, բացեիբաց ասեք, որ մրսում եք, իսկ ես, եթե ինձ հանկարծ վատ զգամ, կասեմ»: Այդպիսով՝ նրանցից ոչ ոք արդեն չէր ամաչում: Սբ. Պաիսիոսը նշում է, որ եթե ինքը վատ զգար ու լռեր կամ նրանք մրսեին ու լռեին, ապա իրենցից մեկը հաստատ Աթենք կհասներ հիվանդ: Ուստի, հորդորում է պարզորեն շփվել միմյանց հետ, և խնդիրները պարզեցնել, այլ ոչ թե՝ բարդացնել:  Սիմեոն Աթոսացին այսպես է ասում. «Որքան ավելի պարզ ասես, այնքան ավելի հեշտ կհասկանան. խորքային միտքն ապրում է պարզության մեջ, իսկ բարդը` դատարկության մեջ»: Ինչպես նաև շեշտում է. «Որքան ավելի պարզ է միտքը, այնքան ավելի պարզ է կյանքը, որքան ավելի պարզ է կյանքը, այնքան Աստված ավելի մոտ է»: Սրբակյաց Հայր Ամփիլոքիոս վրդ. Մակրիսը նշում է, թե որքան մարդ պարզ է, այնքան Աստծուն մոտ է: Երկու թևեր կան, որոնք մարդուն կարող են երկրից վեր բարձրացնել՝ սրտի մաքրությունն ու պարզությունը: Պիտի լինես  գործերի մեջ պարզ, զգացմունքների և մտածումների մեջ՝ մաքուր: Սրտի մաքրության մեջ կսկսես Աստծուն փնտրել, պարզության մեջ՝ Նրան կգտնես և  կուրախանաս: Մաքուր սիրտը հեշտությամբ է մուտք գործում երկնքի դարպասներից ներս: Իսկ Սբ. Ամբրոսիոս Օպտինացին ասում է՝ որտեղ պարզությունն է առկա, այնտեղ հարյուրավոր հրեշտակներ կան, որտեղ խճողվածն ու խրթինն է առկա, այնտեղ նրանցից որևէ մեկը չկա:

 

Հովհաննես Մանուկյան

 

11.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․