Գրքեր

Խուլ ու համրի բժշկումը

«Եփփաթա, որ է՝ բացուի՛ր» (Մարկ. Է 34):

Սիրելի հավատացյալ ժողովուրդ,

Այս խորհրդավոր բառերն հնչեցին քիչ առաջ Ճաշու Ավետարանի ընթերցման ժամանակ սրբարար այս խորանից, որով մեր Տեր Հիսուս Քրիստոս Գալիլիայի ծովեզրին կատարեց մի հրաշք՝ բժշկելով խուլ ու համր մի մարդու և հաստատեց ավետաբեր մարգարեությունը, թե «Աստված բնավ չի ցանկանում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը» (Եզեկ. ԼԳ 11):

Սուրբ Մարկոս Ավետարանիչը կրկին մեր աչքերի առաջ պատկերում է Իսրայելի տան կորուսյալ ոչխարների փրկությանը նախանձախնդիր բարի և քաջ Հովվի հարազատ կերպարը, Ով թողնելով իր իննսուն և ինը առողջ գառներին՝ գնում է այն մեկ կորուսյալ և հիվանդ գառան ետևից:

Դուրս ելնելով Տյուրոսի և Սիդոնի սահմաններից, պատմում է Ավետարանիչը, Հիսուս եկավ Գալիլիայի ծովեզրը, Դեկապոլսի սահմաններից ներս: Նրա առաջ բերեցին խուլ ու համր մի մարդու և աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա և բժշկի: Թերևս բերող մարդիկ անդամալույծի հարազատները կամ հարևաններն էին, ովքեր լսել էին և հավատում էին, որ Հիսուս միայն մեկ խոսքով կարող է բժշկել հիվանդին, հարություն տալ մեռյալին: Իրապես, այդ վիճակի մեջ խուլ ու համր մարդը կարիքն ուներ քաջալերանքի, կարիքն ուներ շրթունքների, որպեսզի իր համար բարեխոսեն: Հիսուս տեսնելով, որ մեծ իրարանցում կա ամբոխի մեջ, և որ խուլ ու համր մարդը ևս շփոթված է, նրան ամբոխից մի կողմ տարավ: Հիսուս երբևէ իր բժշկություններով և հրաշքներով մարդկային փառք չէր փնտրում այս աշխարհում: Այս իր քայլով Նա մարդկանց հուշում էր, թե այս կյանքում բաներ կան, որ կատարվում են առանձնության մեջ, որ մի հսկայական աշխատանք կարելի է կատարել առանց աղմուկի, գաղտնի, Աստծո փառքի համար:

Հիսուս նախ Իր մատները դրեց մարդու ականջներին և ապա բռնեց նրա լեզվից, նայեց երկինք և հառաչեց: Խուլ ու համր մարդն, իբրև վկա այս խորհրդավոր հայացքի և հառաչանքի, անմիջապես հասկացավ, որ իր բժշկությունը պիտի գար երկնքից, Աստծուց, ամբողջովին տարբեր մարդկային օգնությունից, և որ աստվածային օգնությունը գալիս է ի պատասխան հառաչանքի, մարդկանց խոնարհ և խանդավառ աղոթքի: Հասկացավ, որ խոսելուց առաջ պետք է մարդ կարողանա լսել, իմաստուն բաներ ասելուց առաջ՝ սովորի ունկնդրել: Շատ հաճախ ի ծնե խուլերն ընդհանրապես համր են, քանի որ նրանք չեն սովորել խոսել և մեծացել են ու հասակ առել այնպիսի մի աշխարհում, ուր ո՛չ բառ կա և ո՛չ էլ ձայն:

«Եւ ասաց Յիսուս՝ Եփփաթա, որ նշանակում է՝ բացուի՛ր: Եւ իսկոյն նրա լսողութիւնը բացուեց, եւ լեզուի կապանքներն ընկան, եւ խօսում էր ուղիղ»: Իսկ ամբոխը զարմացած բացականչում էր. «Սա ամէն ինչ լաւ արեց, որովհետեւ խուլերին լսել է տալիս եւ համրերին՝ խօսել»:

Սիրելիներ, այս հրաշքը ավելին է, քան մի բժշկություն, ավելին՝ քան պատմության մի դրվագ: Մեզ՝ Քրիստոնյաներիս համար այն հոգևոր կյանքի հրավեր է, մի ամբողջական ծրագիր:

Հետևենք միասին հոգևոր կյանքի այս հրավերին քայլ առ քայլ:

Խուլ ու համր մարդու կերպարի միջից Ավետարանը պատկերում է մեզանից յուրաքանչյուրիս, մարդ արարածի բնական վիճակը մեղքի և անկման հետևանքների տակ: Մեղքի պատճառով բաժանվել ենք Աստծուց, օտարվել նրա կյանքից, ինչպես ասում է Պողոս Առաքյալը (Եփես. Դ 18), մեր բանականությունը մթագնել է և մեր բոլոր ունակությունները դարձել են անպիտան բարիք գործելու համար: Մեղքը մեզ դարձրել է խուլ՝ Աստծո ձայնի հանդեպ, այդպիսով և համր՝ անկարող հասկանալու և արտահայտելու մեր կարիքները: Մեր հոգևոր խլությունը մեզ դարձնում է համր և անբարբառ՝ Աստծո առաջ աղոթելիս: Աստծո խոսքը չլսելու պատճառով չենք կարողանում այլևս բառեր գտնել Նրա հետ կամ Նրա մասին խոսելու համար:

Աստված ցանկանում է մեզ ձերբազատել այն ամենից, ինչը մեր կյանքում մեզ դարձնում է հոգևորապես խուլ ու համր. «Քաջալերվեցեք և մի վախեցեք: Ահա ձեր Աստվածը...: Այն ժամանակ պիտի բացվեն կույրերի աչքերը և խուլերի ականջները: Համրի բերանը կաղաղակի ուրախությունից»,- գրում է մարգարեն (Եսայի ԼԵ 4-7):

Աստված բժշկում է, սակայն երբ խնդրում ես, Աստված ողորմում է, եթե աղոթում ես: Հիսուս բժշկեց խուլ ու համր մարդուն, որովհետև իրեն խնդրեցին: Այնպես էլ մենք, սիրելիներ, կարիքն ունենք բարեխոսության, աղոթքի մեկս մյուսի համար, ինչպես նաև սրբերի բարեխոսական աղոթքի: Եթե Տիրոջ առաջ բերենք մեր հիվանդ ընկերոջը, բարեկամին, հարազատին և խնդրենք բժշկություն հավատով, ապա Աստված պիտի լսի մեր ձայնը:

Մարդ-Աստված հարաբերությունը նման է Հայր-Որդի հարաբերության, և երբեմն Իր սիրո մեջ Աստված ցանկանում է լինել մեզ հետ միայնակ: Ինչպես որ Հիսուս խուլ ու համրին բժշկելու համար նրան դուրս բերեց ամբոխի միջից, առանձնացավ, այնպես էլ մենք հոգևոր կյանքում կարիքն ունենք առանձնության, Աստծո հետ անձնական հարաբերության, միասին լինելու՝ հեռու աշխարհային աղմուկից: Ժամանակակից աստվածաբաններից մեկն ասում է, թե Աստծո ձայնը շատ դժվար ենք լսում մեծ քաղաքներում, որովհետև աղմուկ շատ ենք հանում:

Արդյո՞ք ապրել ենք երանության այն պահը, երբ Աստված, ցանկանալով մեզ գրավել դեպ իրեն, տարել է անապատ, խոսելու համար մեր սրտերին (Օվսե Բ 14)՝ վերստին պարգևելու Իր հետ կենդանի հաղորդակցության շնորհը: Այդ առանձնության, լռության մեջ, ուր լսելի է միայն աղոթքի մրմունջը և սիրո հառաչանքը, Աստված լսում է մեր աղաչանքի ձայնը և հոգու հառաչանքը ու պարգևում երկար սպասված բժշկությունը:

Բացելով մեր լսելիքը՝ Հիսուս հրավիրում է մեզ ունկնդիր լինելու Աստծո կենդանարար ձայնին, Ավետարանի ազատարար պատգամին, լսելու նաև մեզ շրջապատող կարիքավորների, աղքատների ու հիվանդների ձայնը, ովքեր վշտի ծանրությունից աղաղակում են այսօր:

Բացելով մեր խոսելիքը՝ Հիսուս հրավիրում է մեզ աղոթքի, վկայության ու փառաբանության, երգելու համար Տիրոջ փառաբանությունը և վկայություն տալու Նրա անսահման սիրո մասին:

Սիրելիներ, այսօրվա խորհրդի լույսի ներքո, աստվածային հրավերն է մեզ յուրաքանչյուրիս, որպեսզի առանձնանանք մեր հոգու խորքում, փակենք մեր հոգու դռներն ու պատուհանները և առանձնական զրույցի բռնվենք Աստծո հետ՝ մեր խուլ ու համր էության համար բժշկության աղոթքով մեր հայացքները երկինք հառած: Աստված լսում է մեր աղաչանքը «յամենայն ժամ» և մեզ պիտի ազատի մեր տկարություններից ու վշտերից: Մեր այս 21-րդ դարում լինենք Հիսուսի իրավ աշակերտները՝ առանց տարիքային խտրության, այսինքն՝ մարդիկ, ովքեր պիտի հավատքով և սիրով աղոթեն իրենց բարեկամի, հարազատի, մերձավորի, ինչու չէ՝ նաև անծանոթի հոգու բժշկության համար, որպեսզի համայն մարդկությունը աստվածային բժշկություն ստացած և ունկնդիր Աստծո ձայնին՝ իր սրտի խորքից «հրեշտակային երգակցությամբ» փառաբանի ամենազոր Աստծուն և վկայություն տա Իր հայրական անսահման սիրո մասին՝ ասելով. «Աստուած ամէն ինչ լաւ արեց, որովհետեւ խուլերին լսել է տալիս եւ համրերին՝ խօսել»:

Թող այսօրվա Ավետարանը լինի բժշկություն մեր խուլացած ականջներին և համրացած լեզվին:

Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մեկ հրահանգը մեզ բացի և դարձնի ընկալունակ Իր խոսքին և հրատոչոր փառաբանությանն ու վկայությանը:

Սիրելի հավատացյալներ, եկեք աղոթենք միասնաբար լուսահոգի Եղիշե Դուրյան Պատրիարքի աղոթք-բանաստեղծության այս հոգեթով բառերով.

ՏԷՐ

Դիր մէջն ականջիս ծայրերն մատներուդ՝

Լուռ ու ծամածուռ խորը այդ բաւղին,

Ու հոն թալացած խօսքերդ ու խորհուրդ

Յաւիտենական շըփմամբ մը խըտղին.

Ըսէ’ Եփփաթա,

Որ խուլ էութիւնս Քեզ լսել փութայ:

 

Մօտեցիր լեզուիս, դուրս քաշէ ցամաք

Խեցի մը դարձած կտորն այդ միսին,

Բոցի մ’անոր մէջ դնելու տենչն ու սլաք՝

Զոր մունջ ժխտումներուս վաղուց կորուսին,

Ըսե՝ Եփփաթա,

Որ համր էութիւնս Քեզ օրհնել փութայ:

ԱՄԵՆ

 

Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյան

(Քարոզը խոսվել է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում մատուցված Ս. Պատարագին, 9 սեպտեմբերի 2007 թ.)

 

09.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․