Կինը քրիստոնեության մեջ

Քրիստոնեությունը կնոջը վեր հանեց ավելի բարձր հեղինակության, ինչը չենք կարող տեսնել այլ կրոններում կամ մարդկային պատմության անցյալի մեջ: Որոշ կրոնների հետևող հասարակությունների մեջ կինը երկրորդական կամ երրորդական տեղում է, ինչպես օրինակ իսլամի կամ բուդդիզմի մեջ: Բուդդայականության մեջ նույնիսկ կնոջ նկատմամբ շեշտված թշնամական վերաբերմունք կա: Կինը տանջանքներով լի նյութական աշխարհի` սանսարայի մարմնացումն է: Դրա համար էլ բուդդայականությունը կնոջը փրկություն չի խոստանում. փրկության համար կինը պետք է վերածնվի որպես տղամարդ: Այս կրոնը կնոջը դատապարտում է տղամարդուն իր հետ ամուր կապելու և դրանով նրա փրկությանը խանգարելու համար: Բուդդայականության շատ հետևորդների կարծիքով ընտանիքի հետ կապերը չխզած տղամարդը չի կարող փրկվել: Դրա օրինակը Բուդդան է, ով թողեց իր ընտանիքը: Իսլամի մեջ կատարյալ կնոջ կերպար է համարվում Հիսուսի մայր Մարիամը, բայց, այնուամենայնիվ, բազմակնության ընդունումը կնոջը ստորակարգ էակ է դարձնում: Մինչդեռ քրիստոնեությունը, շեշտելով տղամարդու գլխավորող դերը, միևնույն ժամանակ չի նսեմացնում կնոջ դերը: Քրիստոնյաների ամենամեծ սուրբն է Մարիամ Աստվածածինը: Բացի դրանից Քրիստոս և՛ Ծննդյան, և՛ Հարության ժամանակ առաջինը հենց կանանց հայտնվեց:

Պողոս առաքյալն ասում է, որ Քրիստոսով խտրություն չկա տղամարդու և կնոջ միջև (Գաղ. 3.28): Բայց առաքյալը նաև ասում է, որ տղամարդն է կնոջ գլուխը, ինչպես Քրիստոս գլուխն է Եկեղեցու (Ա Կորնթ. 11.3, Եփ. 5.23): Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այս հակասությունը առաքյալի խոսքերի միջև: Մարդու գլխավորության մասին շեշտադրումը անցյալի հասկացությունների կրկնությունը չէ, որոնց համաձայն մարդը ղեկավարն է, իսկ կինը` նրա ենթական: Ընդհակառակը, քրիստոնեական տեսակետի համաձայն` տղամարդու գլուխ լինելը նշանակում է հոգատարություն, քնքշություն կանանց հանդեպ և աջակցություն նրանց: Ճիշտ է, Քրիստոսով խտրականություն չկա տղամարդու և կնոջ միջև, սակայն կինը և տղամարդը նույնը չեն: Կան բաներ, որ կինը երբեք չի կարող անել տղամարդու փոխարեն, և կան բաներ, որ տղամարդը երբեք չի կարող իրագործել կնոջ փոխարեն: Ճիշտ է ասված, որ եթե կինը գոյություն չունենար, մենք զրկված կլինեինք ուրախությունից մեր կյանքի սկզբում, հաճույքից` մեր կյանքի ընթացքում և մխիթարությունից` մեր կյանքի վերջում: Եվ այս կարծիքն ընդունելի է, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մխիթարել այնպես, ինչպես կանայք, քույրերը և մայրերը` կնոջ հոգուն հատուկ բարիության ու զգացմունքայնության շնորհիվ: Եվ բանաստեղծը մեծ իմաստությամբ է ասել, որ մեր առաջին արցունքները սրբվում են կնոջ կողմից, և մեր առաջին բառերը սովորում ենք կանանց շուրթերից:

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

13.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․