ԿՅԱՆՔԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿԸ

<<Ոչ թե արդեն հասել եմ նպատակին կամ արդեն կատարյալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնված եմ Քրիստոս Հիսուսից>> (Փիլիպ. 3.12)

Այս ժամանակավոր իրականության մեջ մարդն աշխարհ գալով փնտրում է կյանքի նպատակը: Նպատակը, որը պարգևում է նրան երջանկություն: Տարբեր անձինք զանազան իրողությունների ու երևույթների մեջ են փորձում գտնել: Այդ ճանապարհն անցնում են երբեմն նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չդնելով, ինչպես Դոստոևսկին նկարագրում է իր <<Ոճիր և պատիժ>> գրքում, այնպես էլ բարոյական սկզբունքների պահպանմամբ, ինչպես Վիկտոր Հյուգոն նկարագրում է իր <<Թշվառները>> գրքում: Այդուհանդերձ այդ փնտրտուքները եզրագծվում են երկրային սահմանափակ կյանքի հորիզոններում, եթե անհատը չի անցնում այդ սահմաններից դեպի անսահմանություն: Ի՞նչն է մղում դարեդար այն մշտապես փնտրել: Միգուցե երջանկությա՞ն, կատարելությա՞ն հասնելու ձգտումը: Մարդ էակի հոգու խորքում ամփոփված է հավիտենականության ձգտման դրոշմը, քանի որ նրա հոգին ցողված է երկնային անվերջությունից պոկված կաթիլով: Բազմաթիվ փիլիսոփաներ աշխատում են ձևակերպել և բացահայտել մահկանացու բանական էակի կյանքի նպատակի պատասխանը, բայց ապարդյուն: Իսկ նրանցից մատերիալիստական ճանապարհով առավել խորամուխ եղած անձինք ի վերջո կանգնում են անձնական ողբերգության առջև` հասնելով խելագարության, ինչպես Նիցշեն…: Աշխարհում մեկ իրողություն կա, որ մարդ գտնում է կամ էլ կորցնում, դա այն արժեքներն են, որոնք գնահատում է որպես իր համար էական ու կարևոր: Այդ արժեքներն են, որ իմաստավորում են տվյալ անձի կյանքն ու իղձերը, սակայն դրանք լինում են անցողիկ կամ հավերժ: Ահա այստեղ է, որ մարդ ընտրելով իր ուղին դարձնում է անցողիկ արժեք ունեցող մի երազ, որ մոռացվում է, փոշիանում ակնթարթորեն անցնող ժամանակի մեջ, կամ էլ` հավերժության իրական սիրո հավիտենականությունը գնահատելով և ընտրելով միանում անմահությանը: Այն առօրեական կյանքը, ուր ապրում ենք, թվում է մեզ որպես իրականության վերջնագիծ ու մտքի եզրահանգման ճշմարտացի իմաստավորում, բայց դրանից այն կողմ բացվում է մի անպատմելի իրականություն, որտեղ չկա վերջ և սահման: Երբ հոգով զգում ես այդ իրականությունը, տեսնում ես, թե ինչքան անիմաստ է այս կյանքի իմաստավորման ամեն մի դրվագը` համեմատած երկնային այդ իրականության անչափելի իմաստավորման հետ, թե ինչքան փոքր է այս կյանքի մեր առօրեական արժևորումների փնտրտուքը` համեմատած անբավելի այդ զորության կենսական իմաստի հետ: Հիշատակելի է այն դրվագը, երբ ուսուցիչն ու աշակերտը քայլում են ու զրուցում.

ԱՇԱԿԵՐՏ: Կարծում էի, թե կգտնեմ այն նպատակը, որը երջանկություն կպարգևեր: Ապագայի ծրագրերը, հույսերը, երազանքները դարձել էին այդ իմաստը, սակայն դրանք ինձ ավելի շատ տառապանք ու տխրություն բերեցին, քան ուրախություն: Այդ ամենից կախվածությունն ավելի շատ ցավի պատճառ դարձավ, քան երջանկություն, քանի որ այս ամենն անցնում-գնում, փոշիանում է. մանավանդ, երբ դրանք երբեմն իրականություն չէին դառնում...

ՈՒՍՈՒՑԻՉ: Նայիր շուրջդ, ի՞նչ ես տեսնում:

ԱՇԱԿԵՐՏ: Գեղեցիկ բնությունը, թռչուններին, ծովը, ավազը…

ՈՒՍՈՒՑԻՉ: Մի՞թե չես տեսնում` նույնիսկ մի փոքրիկ ավազահատիկն իր մեջ ամփոփում է բազմագույն երանգների հրաշքը: Այն իր մեջ դրոշմում է կյանքի մի մասնիկը` մի փոքրիկ տիրեզերք այդ քարի մեջ և այդ փոքրիկ քարն ամբողջ տիեզերքի մեջ` որպես մեկ համամասնություն և հավերժություն:

ԱՇԱԿԵՐՏ: Ուրեմն կյանքի իմաստն այդ ներդաշնակ հավերժությա՞ն մեջ է:

ՈՒՍՈՒՑԻՉ: Մի՞թե կարող ես երջանիկ լինել այդ հավերժության մեջ առանց կատարելության ձգտման:

ԱՇԱԿԵՐՏ: Ո՛չ..., չեմ կարող... այդ դեպքում հոգևոր ուղին է իմ կյանքի իմաստը. այն ինձ տանում է դեպի կատարելության..

ՈՒՍՈՒՑԻՉ: Մոտենում ես ճշմարտությանը, բայց հոգևոր ուղին առանց ճշմարիտ բովանդակության ձախողում է: Սատանան էլ է հոգևոր էակ է, բայց ինչպիսի՞ հոգևոր կյանքով է ապրում: Հպարտության մեջ է ընկել` ինքն իրեն կատարյալ հռչակելով և բազում արարածների դառնություն պատճառել...

ԱՇԱԿԵՐՏ: Նշանակում է` բարոյականությունն ու բարոյական օրենքները պահելն է կյանքի նպատակը:

ՈՒՍՈՒՑԻՉ: Կարող ես այդ օրենքները հնարավորին չափով փորձել պահել ու այդպես ապրել, սակայն խաղաղություն չես գտնելու` տեսնելով աշխարհի, կյանքի անարդարությունն և ակամայից քեզ վեր դասելով կրկին հպարտության մեջ ես հայտնվելու: Ի վերջո խստասրտության, մեծամտության, անողոքության, քննամոլության, մանրախնդրության առջև ես կանգնելու:

ԱՇԱԿԵՐՏ: Լավ, իսկ եթե պարզապես հետևե՞մ որևէ գաղափարի, գաղափարախոսության:

ՈՒՍՈՒՑԻՉ: Մարդկության ամենամեծ ողբերգություններից է, երբ կյանքի բաղձանքը համարվում է որևէ գաղափարախոսություն: Ինչքան միլիոնավոր մարդկանց արյուն են թափել, սպանել հանուն այդ գաղափարների ու գաղափարախոսությունների: Այն երբևէ մարդկությանը երջանկություն չի բերել...

ԱՇԱԿԵՐՏ: Արդ, մնում է խաղաղություն գտնել, Աստծո խաղաղությունը:

ՈՒՍՈՒՑԻՉ: Խաղաղությու՞ն, իսկ եթե խաղաղությունն Աստծուց չբխի, ինչ անենք, հեռանա՞նք Նրանից:

ԱՇԱԿԵՐՏ: Այդ դեպքում ի՞նչն է կյանքի իմաստն ու նպատակը:

ՈՒՍՈՒՑԻՉ: Կյանքի նպատակն Աստվածն է: Աստծո հետ և աստվածային սիրո հիմնակետում լինելը:

Իրավ մեծ էր Աբրահամի հավատքը, որ Աստծո կողմից կոչվեց հավատքի հայր: Նա անվերապահորեն, կատարյալ վստահությամբ գնաց Աստծո նախանշած ճանապարհով` իր որդուն տանելով զոհողության: Նա խաղաղությունը, բարոյականությունն ու բարոյական օրենքները, գաղափարն ու գաղափարախոսությունը, կատարելությունն ու երջանկությունն Աստծուց վեր չդասեց, այլ պարզապես հավատաց իր ամբողջ սրտով, հոգով ու մտքով Արարչին և կատարեց Բարձրյալի կամքը:

ԱՇԱԿԵՐՏ: Նպատակն Աստվա՞ծն է, ոչինչ չեմ հասկանում:

ՈՒՍՈՒՑԻՉ: Մի՞թե դեռևս չեն հասկանում, որ կյանքի գլխավոր նպատակն Աստծո հետ, այսինքն` Կյանքի հետ լինելն ու կյանքն ապրելն է` լցված լինելով հավիտենական անսպառ սիրով: Ահա, թե ինչ է նշանակում` կյանքի նպատակն Աստված է: Ավետարանն ասում է. <<Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով>> (Մատթ. 22.37): Երբ Արարիչն է լինում կյանքիդ նպատակը, դու այլևս կախում չես ունենում որևէ իրողությունից, զգում ես, որ ազատ ես ամեն կախվածությունից, ամեն նպատակից, որ այն, ինչին կամենում էիր հասնել` կատարելությանն ու երջանկությանը, արդեն իսկ քեզ հետ է, քո ներսում է և դու այլևս սկսում ես գործել ոչ թե նայելով դեպի հեռու հորիզոններում գտնվող իղձերին, այլ նպատակետից ես սկսում գործել, որովհետև այն քո ներսում է, քո սրտում, հոգում` Աստծո հետ հաղորդակցության միջոցով, Աստծո հետ լինելով` հիմնված աստվածային սիրո վրա: Բայց, ցավոք, մարդու ցանկությունները սահմանափակում են նրան և այդ սահմանների մեջ մարդը մնալով տառապանքի արդյունք է ձեռք բերում: Շատ ցանկություններ չիրականանալով հոգու տանջանք ու վհատություն են բերում, այլ ոչ թե երկնքի արքայության երջանկություն: Եվ կյանքն անցնում է, այն ինչ ստեղծվում է, ծնվում, շնչում, փոշի է դառնում: Այդ դեպքում ո՞ւր մնաց ապրելու իմաստը, այդ դեպքում ո՞ւր մնաց կյանքի իմաստը…, բայց այս անցնող, քայքայվող, գնացող աշխարհում մնում է մեկ բան, որը երբեք չի անցնում` Աստծուց բխող աստվածային սերն է: Սիրո մեջ է կյանքը լցվում, կենդանություն առնում, սիրո մեջ է կյանքը գույներով լցվում: Աստծո սերը հավերժ է, դարերն անցնում են, բայց սերը չի փոփոխվում, կամ աղճատվում, այլ անվերջ, անփոփոխ մնում է: Այն երբեք մարդուն չի դավաճանում, և եթե իրապես սիրում ես, դու էլ չես դավաճանում: Այնուամենայնիվ քանի-քանի անգամ ենք կասկածել Տիրոջը, քանի-քանի անգամ ենք երկմտել ու ամբողջ սրտով չենք վստահել ու մեր մեղանչական բնությունն էլ դրանից օգտվել և մեզ մեղքի է մեջ գցել, բայց Նա` Քրիստոսի Սերը, մեր հոգում չի մարել: Այլ ինչպես ցեխով ու տիղմով լցված ցամաքած լճակը գարնան գալստի հետ լցվում է հորդահոս անձրևից, գետերից, մենք էլ նորից լցվել ենք Աստծո կենդանի ջրով ու սիրով: Նրա վճիտ ջրերը ծածկել են, մաքրել ու տարել են ցեխն ու տիղմը, որոնք անընդմեջ մեր մեղքերը բերում են, ծանրացնում մեր հոգիները և այսպես շարունակ տրվում ենք աշխարհին ու աշխարհի տվայտանքներին, գայթակղություններին, բայց Սերը բռնում է ձեռքներիցս ու վեր հանում ճահճից: Ուստի, մենք ենք շատ հաճախ հեռանում, մենք ենք շատ հաճախ կասկածում ու Պետրոսի նման ծովի ալիքների վրայով քայլում և լիովին չենք վստահում, սուզվում և աղաղակում, օգնություն հայցում: Իսկ Սերը մեզ երբեք չի մոռանում, այն երբեք մեզ չի թողնում: Այն հավերժ մեզ հետ է մնում, եթե մեր սրտում նրան ընդունում ենք, եթե մենք նրան որպես մեզ ընկեր ընդունում ենք: Նա հրավիրում է, որովհետև սերը հյուրին ընդունում է, որովհետև սերն իր ընկերոջը դիմավորում է և ոչ թե փակում հոգու և սրտի դռները, որովհետև սերն իր ընկերոջը սիրում է: Երբ այն արտահայտվում է մեր սրտում, ժամանակը կանգնում է, քանի որ սիրո մեջ չես շտապում, որ կյանքն անցնի, չես զգում, թե ժամանակն ինչպես է անցնում: Սիրո մեջ ժամանակը հալվում է ու անէանում: Արդ, խաղաղությունը գալիս է և հոգիդ խաղաղվում է, ու հանդարտ ու անդրդվելի կանգնում ես փոթորկալից ծովի կենտրոնում և շարունակում քայլել ծովի վրայով դեպի Քրիստոսը և ամեն ինչ իր հունով է գնում: Ուստի, թույլ տանք, որ Աստո Սերը գործի մեր մեջ և մեր կամքը լիովին հանձնենք Քրիստոսի Սիրուն:

Ամենայն նպատակ` լինի աշխարհիկ, թե հոգևոր, մեծ, թե փոքր, Աստծո անսահմանության ու հավերժության մեջ, աննշմար մի ակնթարթ է: Այսպիսով` այն ձգտումը իրականացնել ինչ-որ կարևոր ու տեսանելի մի մեծ առաքելություն, որն Աստծո առաջ կբացահայտի մարդու մեծությունը և կարողությունը, դա չէ, որ կարևոր կհամարվի աստվածային կամքի կողմից: Այլ, թե ինչ սրտով ու խոնարհությամբ ու սիրով ես քո մեծ կամ փոքրիկ գործն իրականացնում: Եվ ամենամեծ գործի արդյունքը հենց ինքը մարդն է, թե ինչպիսի էություն է կերտում իր հոգու ներսում, եթե այն սիրո գիտակցության վրձնով է ուրվագծում, նշանակում է, ձեռք է բերել այդ արդյունքը, ուր էլ լինի, աշխարհում ինչ հաջողությունների հասած կամ չհասած լինի: Ավետարանը զուր չի նշում` երկնքի արքայությունը ձեր ներսում է: Ահա սա է կյանքի առաքելությունը` փայլել ինչպես լույսը (Փիլիպ. 2.15), ինչպես Հիսուս է ասում, թե քայլեցեք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ուր է գնում: Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք (Հովհ. 12.35-36):

Հովհաննես սրկ. Մանուկյան

02.11.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․