Գրքեր

Լեռան Քարոզիչը երանի տվեց «հոգով աղքատներին»

Քրիստոս լեռան քարոզում երանի է տալիս հոգով աղքատներին. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը» (Մատթեոս 5:3): Քրիստոս երանի է տալիս այն մարդուն, ով գիտակցում է իր մեղավոր լինելը, ով ի վիճակի է իրապես խոստովանելու իր մեղքերը: Ապաշխարությունն առաջին քայլն է դեպի Աստված գնալու: Աստված հոգով աղքատներին է տալիս Իր թագավորությունը: Աղքատ վիճակը չէ, որ երանելի է, այլ հոգին, որ վեր է նյութից, անցողիկից և դրանց պատճառած վերքերից:

Ս. Հովհան Ոսկեբերանն այն հարցին, թե ի՞նչ է նշանակում հոգով աղքատ, պատասխանում է. «Հոգով աղքատը խոնարհ սիրտն է: Ինչո՞ւ Քրիստոս չասաց խոնարհ, այլ՝ «աղքատ»: Այստեղ «աղքատ» Նա անվանում է նրանց, ովքեր երկյուղում են աստվածային պատվիրաններից: «Չէ՞ որ այդ ամենն Իմ ձեռքը պատրաստեց, և ամեն ինչ Իմն է,- ասում է Տերը.- ու Ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից» (Եսայի 66:2): «Խոնարհ հոգին է պատարագն Աստծո, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհարմարհում» (Սաղմոս 50:19): Աշխարհում տիրող բոլոր մեծ պատուհասները, այդ թվում և չարը, առաջ են եկել հպարտությունից: Այդպես և առաջին մարդը, գայթակղվելով սատանայից, ընկավ և դարձավ մահկանացու, նա հույս ուներ Աստված դառնալ, բայց կորցրեց նաև այն, ինչ ուներ: Հպարտությունը չարի գագաթնակետն է, արմատը և աղբյուրը ամեն անօրենության, ուստի Փրկիչը, հիվանդություններին համապատասխան, բժշկության հնարավորություն տվեց՝ սահմանելով այդ առաջին օրենքը՝ որպես ամուր և անվտանգ հիմք: Այդ անվտանգ հիմքի վրա կարելի է կառուցել ամեն ինչ: Առանց այդ հիմքի, եթե որևէ մեկը փորձի անգամ երկինք բարձրանալ, ապա, չի խուսափի կործանարար անկումից: Եթե դու անգամ առանձնանաս պահքով, աղոթքով, ողորմությամբ, իմաստությամբ կամ որևէ այլ առաքինությամբ, այդ ամենն առանց խոնարհության կփլուզվի և կոչնչանա: Այդպես տեղի ունեցավ և փարիսեցիների հետ: Ինչպես հպարտությունը աղբյուրն է ամեն անօրենության, այդպես էլ խոնարհությունը սկիզբն է ամեն բարեպաշտության: Այդ պատճառով Քրիստոս սկսեց խոնարհությունից՝ ցանկանալով ունկնդիրների հոգուց արմատախիլ անել հպարտությունը»:   

«Արդարև, գիտեք, որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, ինչպիսի՜ շնորհ արեց մեզ. նա, որ հարուստ էր, աղքատացավ ձեզ համար, որպեսզի իր աղքատանալով դուք հարստանաք» (Բ Կորնթացիներ 8:9): Այդ աղքատությամբ է, որ մենք կարող ենք մոտենալ մեր Փրկչին:  

«Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը» (Մատթեոս 5:3), հետևաբար, վա՜յ հպարտներին և մեծամիտներին, որովհետև նրանց համար է պատրաստվում կրակե հնոցը (Ս. Եփրեմ Ասորի):

Հոգով աղքատները նրանք են, ովքեր գիտակցում են մարդկային բնության տկարությունը, բայց նաև իղձ ու ձգտում ունեն զորացնելու և կատարելագործելու իրենց անձը բարոյական արիությամբ: Այդպիսիններն են իրական քաղաքացիները Երկնքի արքայության: Պողոս առաքյալն իր մասին խոնարհաբար ասել է. «Բայց հիմա ինչ որ եմ, պարտական եմ Աստծո շնորհին և կարող եմ ասել, թե Աստծո՝ ինձ տված շնորհն ապարդյուն չանցավ, որովհետև բոլոր առաքյալներից ավելի ես աշխատեցի, թեև ինչ որ արեցի, ես ինքս չարեցի, այլ իմ մեջ գործող Աստծո պարգևը» (Ա Կորնթացիներ 15:10): Հոգով աղքատն այն հարուստն է, ով, ինչպես հարուստ Հոբն է ասում. «Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ» (Հոբ 1:21):

«Հոգով աղքատն այն մարդն է, ով իրապես իրեն համարում է հոգով աղքատ, ոչինչ չունեցող, ով ամեն ինչում սպասում է Աստծո ողորմությանը, ով համոզված է, որ առանց Աստծո չի կարող որևէ բարի գործ անել, ով իրեն համարում է մեղավոր և բոլորից ցածր, ով չի դատում ոչ ոքի, այլ միայն իրեն է հանդիմանում, ով իր սեփականությունը համարում է Աստծուց տրվածը, ինչի համար եռանդագին շնորհակալություն է հայտնում Աստծուն՝ իր կարողությունից կամավոր բաժին հանելով կարիքավորներին: Ահա՛ ով է հոգով աղքատը, և այդ հոգով աղքատը երանի է, Աստծո խոսքի համաձայն, որովհետև որտեղ խոնարհություն է և սեփական աղքատության գիտակցումը, այնտեղ Աստված է, իսկ որտեղ Աստված է, այնտեղ մեղքերը սրբվում են, այնտեղ խաղաղություն է, լույս, ազատություն և օրհնություն: «Տերն ամբարտավաններին հակառակ է, մինչդեռ խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4:6): Միայն հոգով աղքատությունը կամ խոնարհամտությունն են մարդկային սրտին Աստծո արքայությունը շնորհում» (Ս. Իոհան Կրոնշտադսկի):

Խոնարհության մեծագույն օրինակը մեզ տվեց մեր Տերը: Ամբողջ Իր երկրային կյանքը խոնարհության ուղի էր: Պողոս առաքյալի խոսքով Քրիստոս «կամովին Ինքն Իրեն մերկացրեց այս պատվից՝ ծառայական մեր բնությունն Իր վրա վերցնելով, և մարդկանց պես եղավ ու մարդկային կերպարանքով ճանաչվեց: Խոնարհեցրեց Ինքն Իրեն, հնազանդվեց Աստծուն՝ հանձն առնելով մահը, և այն էլ՝ մահը խաչի վրա» (Փիլիպպեցիներ 2:7-8):

Ուստի Տիրոջը հետևելով և խոնարհության ուղին ընտրելով՝ Նրա ողորմածությամբ արժանանանք երկնային Արքայությանը, քանի որ «Տերը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, և նա փրկում է հոգով խոնարհներին» (Սաղմոս 33:19):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

11.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․