Մայիս է՝ ամենագեղեցիկ ու սիրելի ամիսը: Զուր չեն բանաստեղծները կարծում, որ արարչագործ Աստված այս ամսում ստեղծեց աշխարհը: Իր կյանքի ընթացքում ո՞վ երբևիցե չի փորձել այդ ամիս, պայծառ արևի շողերի ներքո դուրս գալ բնության գիրկ՝ դեպի գյուղի անքուն պահապան լեռան լանջը: Ինչպիսի՜ սքանչելիքներ, ինչպիսի՜ բերկրանք:
Բնությունն արթնացել է իր բոլոր պերճանքներով ու զարդերով և տիեզերքի զարթոնքն է իրականացնում: Դաշտերն ու լեռներն իրենց երփներանգ գույներով, թռչուններն իրենց սքանչելի մեղեդիներով, բնության տեսարաններն ու պատկերներն իրենց աստվածային գեղեցկություններով հրճվում և ցնծում են:
Խե՜ղճ մարդ, դու կամա թե ակամա խոնարհեցնում ես անզոր ճակատդ տիեզերական սեղանի առջև, Աստծու անհունությա՛ն առջև ու խոստովանում քո անզորությունը...
Եվ ինչպե՞ս կարող ես չխոնարհվել, երբ դաշտի ու լեռան նման նաև ծովի ալիքներն են վետվետում ու խայտում, երկնքի քաղցրաձայն թևավորները թռչում են թռվռալով, երկրի շաղն ու ցողը բյուրավոր ադամանդների նմանողությամբ խտղտում են մարդու աչքերը, առուներն ու վտակներն ուրախ կարկաչյունով բնության վերածնությունն են ավետում:
Իշխում է երկնքի օրենքը, որը վերջ չունի: Անհուն խորհրդավորությամբ համակված սրտիդ հեռավոր անկյուններից ուրախության բաբախյուններն են թնդում, մարդ ցնծում ու զմայլվում է:
Սական որքա՜ն սարսափելի են դառնում մեր ուրախության թրթիռներն ու մեր մտքի պայծառ տեսարանները, երբ այդ իսկ պահին լեռան լանջից դիտում ենք մեր ոտքերի տակ փռված գերեզմանատունը, անձայն ու անխոս շիրիմների կույտերը, ավեր ու կիսավեր արձանները...
Որոնեցե՛ք այդտեղ ձեր սիրելիների շիրիմները, աչքերով փնտրեցե՛ք ձեր սրտերի արձագանքները, ձեր հոգու մի մասնիկը եղող հրեշտակներին... Մի քանի օր առաջ նրա ոսկեթել խոպոպիկներն էիք համբուրում, նրա շուրթերից քաղցրահունչ մեղեդիներ լսում, նրա շնչով էիք շնչում, նրա կանաչ-կարմիր արևով խնդում, իսկ այժմ նա, բնության անողոք մի հարվածից խոցված, միայնակ պառկած է սառը հողի տակ՝ հեռու սրտիցդ, հոգուցդ, գրկիցդ...
Մայիս ամիսն ու արևն անզոր են քեզ մխիթարելու, երկրի շաղ ու ցողերն իշխանություն չունեն սրտիդ վրա, երկնքի դայլայլները կորցնում են իրենց հրապույրները:
Դու շտապում ու շտապում ես գրկել այդ շիրիմն ու աչքերիդ անչափելի շաղ ու ցողերը հեղել, խառնել երկրի թափած արցունքներին: Ինչ հառաչանքներ ասես որ չես արձակում, ինչ հեծկլտանքներ ասես որ դուրս չեն ելնում հոգուդ խորքերից, և սիրտդ հրաբուխ է դառնում այդ րոպեին: Արար աշխարհը սևավորվում է, ամեն բան սարսափ ու սարսուռ է ազդում վիրավոր զգացումներիդ վրա:
Հազար անգամ օրհնյալ լինի այն հավատն ու վարդապետությունը, որը հանկարծ օգնության է գալիս, բյո՜ւր անգամ ապրի այն հույսն ու շունչը, որն ապավեն է դառնում քո մենավոր անշարժության համար: «Ցավերի հովտից» մխիթարական ձայներ են հնչում՝ ավետելով, որ գերեզմանից անդին էլ կյանք կա, անմահություն կա:
Մի՞թե այս երկրի վրա չես տեսնում կյանքի հավիտենականության ստվերական պատկերը, չե՞ս նկատում կյանքի անմահությունը, որը սկսվում է երկրի ծոցից ու երկրի խորքերից և ընթանում է դեպի Երկնքի աստվածակերտ տաճարը:
Մարդկային զարմի գերեզմանն ու երկրավոր կյանքն ինքնին հարության գրավականներն են: Մեր ականջին հարության ձայներ են հնչում, մեր հավատն ու բնությունը սրբում են մեր աչքերի արտասուքները, և մենք ոտքի ենք կանգնում ու հարց տալիս ինքներս մեզ. «Ուրեմն հարություն կա՞, և ի՞նչ է այդ հարությունն ու ի՞նչ խորհուրդ ունի այն»:
«Հարություն առնել»՝ նշանակում է վեր կենալ, բարձրանալ. դա այն է, երբ մեռած մարդը կենդանանում է, կամ առհասարակ, երբ անշարժության դատապարտված որևէ բան շարժուն է դառնում և կյանք է ստանում. մարդիկ դուրս են պրծնում մահվան գրկից, ազատվում ու հարություն են առնում:
Հարության այս խորհուրդն է հնչում տիեզերքի ծոցից ու երկրի խորքերից: «Քրիստոս յարեաւ» ավետիսը երգվեց այս սրբազան կամարների ներքո: Եվ իսկապես, պատկերացնո՞ւմ եք արդյոք, թե որքա՜ն ծանր կլիներ, եթե սարսափի ու ահի րոպեներից հետո Քրիստոս Հարություն չառներ: Ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե մեր գրկած, մեր փայփայած շիրմի վրա երկնային լույսն օգնության չգար...
Մեր Տերը, սական, հարություն առավ: Աստվածային պարգևներից մեծագույնն ու ամենասքանչելին՝ մեր կյանքը, երբեք ու երբեք արժեք և նշանակություն չէր ունենա, եթե «Քրիստոս հարություն առած չլիներ»: Եվ չեմ ասում միայն այն, որ «իզուր կլիներ մեր քարոզությունը», այլ դեռ ավելին՝ «ընդունայն կլիներ նաև ձեր հավա՛տքը» (հմմտ. Ա Կորնթ. 15։14):
Մեր այս մարմնի համար հարություն է սահմանված, իսկ հոգու համար՝ անմահություն. առաջին պարագան է, որ զբաղեցնում է մեր միտքը...
Իսկապես, ինչի՞ նման կլիներ մեր կյանքը, մեր կրած նեղությունները, մեր ստացած կրթությունն ու ուսանած վարդապետությունները, եթե Քրիստոս հարություն առած չլիներ: Մեր շուրջն ամեն բան, մշտապես խոցերի ու վերքերի ենթակա մեր անձն ու հոգին, և Քրիստոսի ամբողջ քարոզությունն իսկ զուր կլիներ:
Եվ քրիստոնեությունը երբևէ չէր հիմնավորվի, եթե մենք չըմբռնեինք հարության խորհուրդը: Քրիստոսի առաքյալների քարոզությունն ինչի՞ մասին էր, մի՞թե իսկ և իսկ հարության քարոզ չէր, և մի՞թե դրանից չէ կախված մեր ճշմարիտ քրիստոնյա լինել կամ չլինելը, չնայած այն հանգամանքին, որ այդ նույն առաքյալները բազմիցս Տիրոջից զգուշության պատգամ էին ստացել չվախենալու համար, սակայն նրանք իսկ մատնության րոպեին թողեցին ու փախան, և նույնիսկ ամենաքաջ առաքյալը մինչև աքաղաղի կանչելը երեք անգամ ուրացավ...
Եվ եթե դա այդպես էր, ապա ուրեմն ինչպե՞ս պատահեց, որ վախկոտ ու կասկածամիտ առաքյալները և ուրացող հրեաները հանկարծ համոզվեցին, որ Քրիստոս հարություն է առել...
Նրանք իրենց Վարդապետին, իրենց աչքերին հզոր «կարծված» Ուսուցչին տեսան գերու կարգավիճակում՝ խեղճության դատապարտված, որպես մի հանցագործ կալանավորված: Միայն մի քանի ողորմելի զինվորներ ի զորու էին եղել թոկերով կապկպելու Նրա ձեռքերն ու ոտքերը, իսկ Երկինքը լռել էր, ձայն-ծպտուն չկար, հրեշտակների գնդերը չէին իջնում՝ Նրան օգնելու և ազատ արձակելու:
Կեղծավոր փարիսեցիները Հիսուսին տանջում ու դատում էին, սակայն Երկնքի դռները փակվել էին, և արդարության որոտն ու կայծակները չէին թափվում չարագործների գլխին...
Այդժամ առաքյալների սրտերը թուլացան, նրանք հուսահատվեցին, թողեցին ու փախան: Կարծես թե միայն երկյուղը չէր պատճառը, որ առաքյալներն իրենց Վարդապետին կապանքների մեջ միայնակ թողեցին, այլ նաև ա՛յն, որ նրանք իրենց ճանաչած կամ, ավելի ճիշտ՝ «հասկացած» Աստծու Որդուն գերու կարգավիճակում տեսան, կյանքի ու մահվան Իշխանին մահվան դատապարտված գտան:
Եվ Հիսուս անզոր էր Ինքն Իրեն պաշտպանելու, իսկ առաքյալների երևակայած զորություններն ու զորքերն էլ օգնության չէին գալիս Նրան: «Ուրեմն ի՞նչ պիտի անենք,- մրմնջում էին թերահավատները:- Փախչել, պատսպարվել քաղաքի անկյուններում, մեկուսացած մնալ, մեր ամոթը թաքցնել, մեր կարմրած դեմքերն ի ցույց չդնել»:
Բայց հանկարծ այդ անելանելի հուսահատության մեջ, մտքերի թանձրացած մշուշի մեջ Հարուցյալ Փրկիչը՝ նրանց Տերը երևաց մեկին և մյուսին: Սակայն միայն մեկ երևումը բնավ բավական չէր թերահավատության թանձր քողը պատռելու և առաքյալներին կատարյալ հավատի բերելու համար. Հարուցյալ Փրկիչը շա՜տ լավ էր ճանաչում նրանց թերությունները, և ահա Նա առիթը բաց չի թողնում՝ Իր աշակերտներին հնարավորություն տալով համոզվելու Իր հարության իրողության հարցում:
Զարմանալի տնօրինությամբ այդ փառավոր պատվին՝ Հարուցյալ Հիսուսին տեսնելուն ամենից առաջ արժանացան ոչ թե փախած ու պատսպարված աշակերտները, այլ մեղքերի տիղմի մեջ թաթախված, դևերով ու սատանաներով լցված այն կինը, որը Հիսուսի առաջ ծնկած՝ քավության արցունքներ ու նարդոսյան յուղեր էր հեղում աստվածային ոտքերի վրա, իր գեղանի վարսերով սրբում էր Փրկչի ոտքերն ու ողորմություն և թողություն էր հայցում Նրանից:
Այդժամ արդեն անցյալի որևէ սև բիծ չէր մնացել, և այդ կինն այլևս բյուրեղի նման մաքուր էր՝ լցված աստվածային սիրո կրակով, ու նրա միակ փափագը Փրկչի տեսության կարոտը փարատելն էր: Այդ փափագը բոց ու կրակ էր դարձել այդ կնոջ սրտում, և հրեշտակի հայտնվելն անգամ անզոր էր նրան մխիթարելու հարցում, ուստի և նա այս թախանձագին հարցը հղեց. «Չգիտեմ՝ Նրան ուր են դրել» (Հովհ. 20։13):
Մագդաղենացի Մարիամն իր աղբյուրի նման հոսող արտասուքները թաքցնելով ու մեկուսի մի կողմ քաշվելով՝ անծանոթին խնդրում էր իրեն տալ իր Տիրոջ մարմինը, որը տեսնելու համար էր հենց շտապով եկել:
Եվ ո՜վ հրաշք․ փոխանակ դիակը գտնելու և վերցնելու՝ Մագդաղենացուն ծանոթ Տեր Հիսուս կանգնեց նրա առաջ, և Մարիամի սիրելի քնքուշ ձայնը հնչեց նրա ականջներում, որ ասում էր. «Մարիա՜մ»:
Եվ ահա Մարիամն ուրախությունից կարկամեց ու անշարժացավ, քանի որ գտավ մեծագույն փառքը՝ տեսավ իր Տիրոջը՝ հարություն առած, ու միայն մի բառ դուրս թռավ նրա անզգա շուրթերից. «Րաբունի՜» (Հովհ. 20։16), և ապա պապանձվեց ու լռեց:
Մեռածը վեր էր կացել, ընկածը բարձրացել էր, ու Մարիամը կամեցավ փարվել, գրկել, համբուրել Փրկչի ոտքերը, հագուստի քղանցքները, բայց Հարուցյալի «Ինձ մի՛ մոտեցիր» (Հովհ. 20։17) հրամանը հետ կանգնեցրեց այրվող սիրտն ու դողացող ձեռքերը:
Մարիամը, երկյուղածությունից և ուրախությունից ապշած, հնազանդվեց ու շտապեց աշակերտներին հայտնել և ավետել՝ «Տեսա Տիրոջը»: Ուրախարար զգացումները պաշարեցին ամենքին, աստվածային մխիթարիչ փայլատակումը լուսավորեց բոլորի սրտերն, ու ամենքը քաղցր ժպիտներով պարուրվեցին:
Տխուր և սարսափահար թերահավատները լցվեցին անսահման ցնծությամբ: Եվ մի՞թե այս րոպեին՝ այդ վերոնշված եղելությունից գրեթե քսան դար անց, ձեր սրտերը չեն փառավորվում, հավատի կայծը չի՞ շողում ձեր հոգիներում...
Մեր Տերը վստահ չէր առաքյալների հավատի կատարելության հարցում, ուստի Նրան տեսնում ենք յուղաբեր ու զգայուն կանանց առջև կանգնած, նրա՛նց, ովքեր եկել էին հրեական ծես կատարելու և մեռած մարմինն օծելու: Եվ Հիսուս Իր հարուցյալ շուրթերով՝ ավելի մեղմ, քան Գեթսեմանիի զեփյուռը, ասաց նրանց. «Ողջո՜ւյն ձեզ»:
Սարսափահար պահապանները փախան ու սկսեցին պատմել հրեշտակի հայտնվելու, ծանր քարի շարժվելու և գլորվելու մասին: Էլ ավելի սարսափած րաբբիները դիմեցին մամոնայի զորությանը՝ լռեցնելու համար եղելությունը, բայց այդ ո՞ր ծածուկ բանն է գաղտնի մնացել:
Սուտ հռչակված լուրը հետզհետե տարածվեց և ուժ ու զորություն հաղորդեց յուղաբեր կանանց տեսածին: Կանայք էլ շտապեցին հաղորդել առաքյալներին, որ հավաքվեն Գալիլիայում՝ ըստ Տիրոջ նախորդող պատգամի:
«Եվ ասում էին, թե՝ «Իսկապես հարյավ Տերը և երևաց Սիմոնին»» (հմմտ. Ղուկ. 24։34), բայց թե ինչպե՛ս երևաց և ուրացող առաքյալի սրտում ի՛նչ խոսքերով կռեց հավատի դռները՝ Ավետարանիչների համար անհայտ մնաց:
Այդպես անհայտ ու աննկատ չանցավ, սակայն, չորրորդ հայտնությունը կամ չորրորդ անգամ երևումը՝ ըստ Սուրբ Գրքի: Տխուր և մտամոլոր առաքյալներից երկուսը, կարծես թե մեծ քաղաքի աղմուկից կամ տարածված լուրերից ազատվելու կամ էլ, հնարավոր է, այդ լուրերը չլսելու համար դուրս էին եկել քաղաքից և գնում էին դեպի մի գյուղ:
Հանկարծ մի անծանոթ մարդ հանդիպեց այդ տխրադեմ ուղևորներին և նախնավանդ սովորությամբ հարցրեց նրանց տխրության պատճառը: Կասկածը տիրեց առաքյալներին և նրանք, անկարող լինելով անպատասխան թողնել այդ հարցը, ասացին. «Երուսաղեմում միայն Դու ես, որ չես իմացել..․.»:
Իսկ այդ անծանոթի զարմացած հարցին, թե «ի՞նչ է կատարվել այնտեղ», թերահավատ ճամփորդները պատասխանեցին՝ պատմելով քաղաքում խոսվող և տարածված բոլոր լուրերի մասին: Եվ երբ անծանոթ օտարականը նկատեց խեղճերի՝ հավատի մեջ ունեցած տկարությունն իրենց «սրտի ծանրության» պատճառով, նրանց հիշեցրեց հին մարգարեություններն Աստծու փառքի մասին:
Եվ ապա, երբ հացի նստեցին իրենց ցամաք պարենի շուրջը, անծանոթը կտրեց հացն ու բաժանեց նրանց, և խեղճ առաքյալների աչքերն այդժամ միայն բացվեցին, ու նրանք տեսան իրենց Տիրոջը, Որն ասես Վերնատանը տեղի ունեցած ահեղ Ընթրիքի օրինակն էր մատնանշում, միայն թե այս անգամ արդեն ավելի «նիհար» ու «գունատ» ձևով:
Հիսուս, սակայն, երկար չմնաց առաքյալների կողքին, որպեսզի վերջիններս հասցնեին իրենց կարոտն առնել, բայց և նրանք ուրախ ու հիացած շտապեցին հաղորդել մյուս առաքյալներին: Նրանց տեսքը խրոխտ էր և հաստատուն, որևէ թախիծ, սուգ ու կասկած չկար:
Մի որոշ ժամանակ Հարուցյալ Փրկիչը բոլոր առաքյալներին խմբովին չերևաց՝ կարծես դիտմամբ փորձելու և համոզվելու համար, թե «նրանցից» ո՞վ ավելի հաստատուն հավատ ունի իր Վարդապետի հանդեպ: Այս անգամ արդեն Հիսուս երևաց տասին միասին՝ հենց այն պահին, երբ նրանք ահից ու վախից ստիպված փախել և փակվել էին մի սենյակում ու կարծես նոր հայտնության էին սպասում:
Հանկարծ Հիսուս կանգնեց խմբի առաջ ու Իր աստվածային բարբառով ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ» (Հովհ. 20։19): Նրա մարմնի անսովոր տեսքը և մեռելներից Հարություն առած լինելու ահասարսուռ ու անբնական իրողությունը վախ և շփոթմունք առաջացրին:
Հիսուս ցույց տվեց Իր ծակծկված ձեռքերն ու ոտքերը առաքյալներին ամաչեցնելու և հավատի մեջ ամրապնդելու համար: Նրանց հոգում իրար խառնվեցին հավատի, զարմանքի և ուրախության հույզերը: Խմբի մեջ չէր Թովմասը՝ ամենակասկածամիտն ու թերահավատը, որը վարանում էր հավատալ աշխարհի այս մեծագույն իրողությանը, իրողությո՛ւն, որն անզոր են արտահայտելու մեզ նմանների խղճուկ լեզուներն ու իմ տկար խոսքերը:
Ուստի և Հիսուս ևս մեկ անգամ հայտնվեց աշակերտներին, ու Իր աստվածային ամենաթափանց մտքով իմանալով Թովմասի սիրտը, նրան հրավիրեց մատը դնելու Իր վերքերին ու խոցված, գեղարդախոց կողերին՝ ասելով. «Անհավատ մի՛ եղիր, այլ՝ հավատացյալ» (Հովհ. 20։27): Կասկածամիտ առաքյալը շոշափեց, հավատաց ու գետնին ընկավ՝ «Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ» բարբառելով:
Տերը չդադարեցրեց Իր այցելությունները՝ առաքյալներին վստահություն և ոգի ներշնչելու համար. նրանց հանդիպեց ձուկ որսալու ժամանակ, տեսակցեց Սիմոնին և երեք անգամ ուղղեց ավետարանական այս նշանավոր խոսքերը. «Սիրո՞ւմ ես Ինձ» (հմմտ. Հովհ. 21։16):
Այսպես ինն անգամ Հիսուս երևաց աշակերտներին, և վերջիններս ձեռքերով շոշափեցին, աչքերով տեսան Նրան: Իսկ ահա տասներորդ անգամ Հիսուս հայտնվեց Ձիթենյաց դալարագեղ լեռան լանջին, սակայն դա արդեն իմ այս քարոզի «ծրագրի» մեջ չի մտնում:
Ահավասի՛կ, սիրելի եղբայրներ, այն վկայություններն ու փաստերը, որոնց միջոցով թերահավատ առաքյալները համոզվեցին և անշեջ կրակով բոցավառեցին իրենց հավատքը և հրի ու սրի միջով անցնելով՝ աներկյուղորեն ու հերոսաբար քարոզեցին իրենց տեսածն ու լսածը: Նրանք անկարող էին գրվանի տակ թաքցնել լույսի հաղթությունը, Հիսուսի փառավոր հաղթանակը մահվան նկատմամբ:
Եթե այսպիսի խավարով պատված առաքյալներն ու թերահավատ աշակերտները համոզվեցին և հավատացին, ապա որչա՜փ առավել մե՛նք պետք է համոզվենք ու հավատանք, քանի որ մենք մեր մանկությունից ի վեր լույս և միայն լույս ենք տեսել ու հարության քարոզն ենք լսել:
Մի՞թե բավական չէ հիշել Հիսուսի դատարկ գերեզմանը՝ վստահանալու համար, որ մեր բոլոր սիրելի ննջեցյալները զարթնելու և Նրա նմանողությամբ հարություն են առնելու: Թող որ մեզ համար հուշում լինեն Քրիստոսի այն խոսքերը, թե՝ «նշա՞ն եք փնտրում, տեսե՛ք թաղման ու հարության նշանը» (հմմտ. Մատթ. 12։35):
Դարեր շարունակ մահն իր հարվածներով խոցել է մեզ, սակայն հարության հավատն ու հույսը վերակենդանության շրջանի մեջ է մտցնում մահացող մարդկությանը:
Մի՞թե Քրիստոսի հարությունը մարդկային հոգիների փառավոր պատկերը չէ, և կամ Նրանով չէ՞, որ հաստատվում է մարդու կոչման իսկությունը, և կամ Նրանո՞վ չի վերանում հոգևոր ու մարմնավոր կյանքի հակասությունը, և հետևաբար հոգեպես ու մարմնապես դուրս ելնում մեռելային կարգավիճակից:
«Բերկրություն է ամենքի համար,
Որ Քրիստոս մեռելներից հարություն առավ»,- ասում է բանաստեղծը:
Ուրեմն աներկյուղ և համարձակորե՛ն ընթացեք կյանքի մռայլ հովտի միջով: Ձեր առջևով մռայլ ու խավարային ուրվականներ կանցնեն, սակայն դուք երբեք ու երբեք մի՛ վախեցեք․ դրանք չեն կարող խոչընդոտել ձեր կյանքի ընթացքը։ Դուք կյանքի այդ երկարաձիգ ճանապարհի վերջում անմահության դռներ պիտի գտնեք, որոնց վրա ոչ թե մռայլության ու հուսահատության խորհրդանիշ մի բու է թառած լինելու, այլ Քրիստոսի հարության երկրացունց, երկինք զմայլեցնող լույսն է ծագելու:
Ա՛յս է ահա հարության հույսը, որը պիտի բոցավառի բոլոր քրիստոնյաների սրտերը: Հարության զորությունը ո՛չ վայր է ճանաչում, ո՛չ ժամանակ, ո՛չ երկիր, ոչի՛նչ. այն ազդում ու թափանցում է ամեն մի ժայռ ու քարի, ամեն մի կարծր սրտի միջով: Միայն գիտակցական անհավատությունն է, որ կարող է խամրեցնել հարության լույսի ճառագայթների պայծառությունը, բայց երբևէ չի կարող մարել այն:
Հարության հավատն է մեր կյանքի հիմքն ու ապագայի երաշխիքը, ուստի և Եկեղեցու իմաստուն հայրերը, անծայրածիր շնորհներով լցված, յուրաքանչյուր տարվա այս ժամանակաշրջանը հաստատել են որպես հարության մասին մշտապես քարոզելու, լսելու և տոնախմբելու մի ժամանահատված: Հարության այդ հիշատակությանն է ծառայում նաև յուրաքանչյուր կիրակի օրը:
Երկյուղած սրտեր ունեցողնե՛ր և ջերմեռանդ քրիստոնյանե՛ր, կարծում եմ, որ այսքան ժամանակահատվածը բավական է ոչ միայն ձեզ համոզելու, այլև զորացնելու և հիշեցնելու համար: Սակայն ի՞նչ ասենք նշան խնդրողներին...
Գուցե բավական չէ՞ այս բացարձակ ճշմարտությունը, որ քրիստոնեական հավատի հիմքն ու դավանանքը Քրիստոսի հարությունն ու հետևաբար նաև ննջեցյալների համընդհանուր հարությունն է: Այսպես է ընդունում ու դավանում հայոց Եկեղեցին, քանի որ՝
Եթե մի փոքր էլ առաջ գնանք, ավելի պրպտենք նյութապաշտների ու բնազանցական տեսություններով զբաղվող գիտունների գրքերը, կգտնենք մի օրենք, ըստ որի՝ մարդու գիտակցությունը և բնական էությունը չի ոչնչանում, այն հավիտենական ու անանց է:
Սրտի ու խղճի մտքով խորհրդածելով հիշյալ տեսության մասին՝ միայն ու միայն հարության և հավիտենական կյանքի վերաբերյալ պատկերացմանն ենք հանգում: Անգամ կան որոշ ուսումնասիրողներ, որոնք ժամանակակից «լեթարգիական քունը» համարում են հարության իսկության ստվերական ապացույցը:
Արդյո՞ք տիեզերքում այս իրողությունը, այս փառավոր գաղափարն ունի իր պատմական բաժինը, թե՞ ոչ, այսինքն՝ պատմության էջերում հարության լինելիությունը հաստատող նշաններ կա՞ն, թե՞ ոչ: Այո՛, կա՛ն, և այդ նշաններն արտահայտված են ոչ թե թեական եղանակով կամ կասկածամտությամբ, այլ հաստատապես:
Թերթե՛ք բոլոր հին ազգերի քաղաքակրթության սկզբնական էջերը, և հարության վերաբերյալ համոզիչ ապացույցներ կգտնեք: Ես, սակայն, կանգ կառնեմ միայն Աստծու ընտրյալ ազգի պատմության վրա, քանի որ ընդունված է՝ այս սրբազան կամարների ներքո առավելապես սրբագործված պատմության վրա հիմնվել:
Հիշո՞ւմ եք, որ տառապանքներով լեցուն աշխարհի ժամանակավոր չարչարանքներին դատապարտված և մարդկային աչքից էլ ընկած ժամանակ անգամ արդար Հոբը մրմնջում էր. «Հարություն տալով իմ «մորթուն», որ իր վրա կրեց այս բոլորը» (հմմտ. Հոբ 19։26): Արտահայտվելու ձևը կոպիտ է, բայց պարզ է և, անշուշտ, մարգարեական:
Կամ մի՞թե մոռացել եք քնարերգակ-բանաստեղծ թագավորի հեռավոր ակնարկությունը. «Քո նեղության օրը կանչի՛ր Ինձ, և Ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես Ինձ» (Սաղմ. 49։15):
Իսկ Եսային ուղղակիորեն ու պարզորոշ է ասում՝ առանց ակնարկությունների կամ նրբանկատ խոսքերի. «Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են» (Ես. 26։19):
Նույնպես է արտահայտվում նաև առյուծների ճանկերից հրաշափառ կերպով փրկված մարգարեն. «Երկրում, հողի մեջ ննջածներից շատերը հարություն պիտի առնեն, ոմանք հավիտենական կյանքի համար, և ոմանք նախատինքի համար» (հմմտ․ Դան. 13։2):
Այսպիսով ուշիմ և շնորհալի իմաստասերը կարող է շա՜տ կետեր գտնել Հնգամատյանի մեջ, իսկ նոր կյանքի մատյանն ամբողջովին է լեցուն հարությունը հաստատող, հարություն քարոզող պատմություններով․ «Քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն» (Ա Կորնթ․ 15։52)։ Կամ՝ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ. 12։24)։
Հարության ինչպիսի՜ խորհրդավոր ու պատկերավոր հրահանգ։ Այդպես շարունակեցին նաև Հիսուսի բոլոր աշակերտները, թե՛ ավագները, և թե՛ կրտսերները։ «Զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում էին և, հանձին Հիսուսի, մեռելների հարության մասին էին պատմում» (Գործք․ 4։2)։
Եվ կամ՝ ««երևում է, որ ինչ-որ օտար աստվածությունների քարոզիչ է», քանի որ նա Հիսուսին ու հարությունն էր ավետարանում» (Գործք․ 17։18)։ Չձանձրացնելու համար կարճե՛նք փաստերի ու ավետարանական վկայությունների թելը․․․
Այժմ ի՞նչ ես կարծում, ունկնդիր և հարության ձայնով, հարության քարոզով հուզված ու ապշած հասարակությո՛ւն, մի՞թե Ինքը՝ մեր Տերը, Իր անձի միջոցով աշխարհին չսովորեցրեց, ո՞չ արդյոք Նա Ի՛նքը անհուն բազմության առաջ օրինակներով չապացուցեց․․․
Թող ձեզ համար նշան լինի Նայինի այրու հարուցյալ զավակը և Բեթանիայի քարայրում բազմաթիվ սգավոր մարդկանց ու հետաքրքրասեր բազմության առջև որոտացող ձայնը․ «Ղազարոս, վե՛ր կաց, դո՛ւրս արի» (Հովհ․ 11։43): Չորսօրյա մեռած Ղազարոսը վեր կացավ, նրա պատանքները քանդվեցին, և ննջեցյալը ողջ-առողջ սկսեց քայլել։
Բավական չե՞ն արդյոք փաստերն ու օրինակները։ Կարծես թե հենց այս պատմական ու վկայված դեպքերի համար է, որ քրիստոնյա մեկնիչն ասում է․ «Նա, Ով հարություն է տալիս մի մահացածի, կարող է հարություն տալ նաև բոլոր ննջեցյալներին»։
Այս ձայնն է, որ արձագանք է գտնում անհուն շնորհների տեր Շնորհալու քնարի թրթիռների վրա․
«Նա, որ իջավ դժոխքը ստորին՝
Բանտը մահվան և խավարի,
Ու կապելով իշխանին մահածին՝
Ազատեց հոգիներին Նա բանտային»։
Ուրեմն կասկած չկա, որ «փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն», կասկածից վեր է, քանի որ համայն բնությունն է մեզ վկա։
Ուրեմն, հավատացյալ եղբայրնե՛ր, զորացրե՛ք ձեր հոգիները, ամրացե՛ք և վերանորոգվեցե՛ք հարության կատարելությամբ։ Իսկ դո՛ւք, թերահավատնե՛ր, որ սովոր եք աշխարհի կեղծ ու աղի աղբյուրներից լցնել ձեր սափորները, այսուհետև թող որ այդ սափորները լցվեն այն վճիտ և ակնապարար աղբյուրից, որի ակունքը ցոլարձակում է «Քրիստոս հարություն առավ» սքանչելի բառերը, ա՛յն հարությունը, որն արտահայտելու համար անհրաժեշտ է երկնքի ու երկրի բովանդակ երաժշտությունը։
Մխիթարվեցե՛ք, ուրեմն, որդեկորո՛ւյս հայրեր և մայրեր, քանի որ ձեր սիրասուն զավակները վեր են կենալու, և դուք տեսնելու եք ձեր սիրելիի դեմքը։ Այն մատներն ու այն աներևակայելի ձեռքերը, որոնք փշրեցին երկաթե դռներն ու խորտակեցին քարե դարպասները, կփշրեն նաև ձեր բազմամյա հողաթմբերը, և դուք հողի փոխարեն նրա՛ն կփարվեք ու նրա՛ն կհամբուրեք։
Այրիացած կի՛ն, լաց մի՛ եղիր այն անձի կորստյան պատճառով, որի պատկերն այդքա՜ն ջերմորեն սեղմել ես կրծքիդ։ Որբե՜ր, լաց մի՛ եղեք, դուք դեռ պիտի զգաք ձեր սիրասուն մայրիկների քաղցր ու անուշ համբույրները, և ձեր մատաղ սրտերը պիտի հովանան։
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, անցան սգի ու լացի ժամանակները, այժմ հարության տոնախմբության մեջ ենք և Փրկչի կենդանարար ճառագայթներով ենք ապրում ու զվարճանում։
Ո՜վ բաբախող սրտեր, դո՛ւք, որ այս պահին ձեր այրվող աչքերից արտասուքների շիթեր եք հեղում, տարե՛ք այս մեծ ավետիսը, տարե՛ք, իսկույն տարե՛ք ու քարոզեցե՛ք վշտահար սգավորներին, որպեսզի սրբեն իրենց արտասուքները, քանի որ հարություն է ամենուր, ամեն կողմում։
Ամենուրեք ասացե՛ք, որ ձեր ննջեցյալները հարություն են առնելու, բաց են անելու իրենց ծալված թևերը, փրկված վեր են կենալու և սավառնելու են արեգակի լույսի մեջ։
Օ՜, այդ լույսը տարե՛ք ու վառեցե՛ք այն հանգած օջախներում, որտեղ ճրագը վաղուց է, ինչ մարել է։ Վառեցե՛ք այն սգավորի լապտերը, որը խարխափելով ու լալահառաչ քայլում է մահվան ստվերների հովտով։
Ամենքին հավաստիացրե՛ք, որ փողը պիտի հնչի, և կորած, անհետ կորած սիրելիները հարություն պիտի առնեն ծովի անհատակ անդունդներից, արծվի որկորներից, առյուծի որովայնից, հողմերի ծալքերից։ Պիտի կենդանանան ու պիտի տեսնեն երկնքի փառքը․․․
Ամենքին ասացե՛ք, որ Քրիստոս Ինքը մա՛րդ է դարձել, և Նրա խաչով մա՛րդն է խաչվում, Նրա մահվամբ մա՛րդն է մեռնում և հարությամբ մա՛րդն է հառնում։ Ուրեմն թող որ հեռանա, անհետ ու անդառնալիորեն թող հեռանա տարակուսանքի մոլեգին ոգին։
Այս ավետիսը տվե՛ք բոլոր դասակարգերին անխտիր, հաղորդե՛ք այն հարուստին և աղքատին, անտունին և ունևորին, արդարին ու մեղավորին, մեծին և փոքրին։ Միայն ու միայն այդ ժամանակ մեր կյանքն ազնիվ ու երջանիկ կլինի։ Եվ այդ ժամանակ հարության շնորհը զվարթորեն կցողվի մեր արևակեզ ճակատներին որպես մայիսյան ցող, քանի որ մեր սրտերում կվառվի հարության լույսը և աստվածային շնորհներն ու պարգևները մշտապես անպակաս կլինեն մեզնից թե՛ այժմ, և թե՛ հավիտյանս․ ամեն։
Ներսես քահանա Տեր-Կարապետյան, «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար», Կ․ Պոլիս, 1905 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը