22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մատաղը նույնը չէ ինչ Հին Կտակարանի ժամանակաշրջանում հրեական իրականության մեջ կենդանիների զոհաբերությունը: Աղանդավորները, փորձելով մարդկանց տրամադրել Եկեղեցու դեմ, խաբեությամբ ասում են, որ եկեղեցում կենդանիների զոհաբերություն են անում ըստ հրեական սովորության` անտեսելով Քրիստոսի զոհաբերությունը, որից հետո այլևս անհրաժեշտ չեն հինկտակարանյան զոհագործությունները: Սակայն այս մեղադրանքը սուտ է և չի համապատասխանում իրականությանը, որովհետև մատաղը արվում է միայն ողորմության համար: Նույնիսկ խիստ արգելված է մատաղացու կենդանին եկեղեցի մտցնելը: Եկեղեցին դրախտի խորհուրդն ունի, իսկ անասունները դրախտ չեն մտնելու, որով էլ և կենդանիներին չի կարելի եկեղեցի տանել: Երբ Սինա լեռանը անասուն էր մոտենում, քարկոծվում էր (Ելք 19.13, 34.3): Եվ քանի որ Եկեղեցին անմատույց լեռ է (Եսայի 2.2), ապա անասուններն ու անարժանները չպետք է մտնեն: Հին տաճարում գառ էր պատարագվում, որն Աստծո Գառի` Հիսուս Քրիստոսի օրինակն էր: Եվ քանի որ եկեղեցում ճշմարիտ Գառն է պատարագվում, ապա օրինակն արգելվում է եկեղեցի մտցնել: Նաև Քրիստոս տաճարից խարազանով հանեց ոչխարներին ու արջառներին (Հովհ. 2.14-15), մենք ևս արտաքսում ենք և զգուշանում ենք, որ եկեղեցին փարախի չվերածվի: Այլև եկեղեցին բանավոր, այսինքն` բանական հոտի փարախն է և ոչ թե անբան հոտի:
Մատաղի կենդանին կարող է լինել որձ կամ էգ, բայց պետք է ուշադրություն դարձնել, որ կենդանին խեղված կամ անարգ չլինի, որովհետև առաքինի նպատակի համար պետք է ընտիրը գործածել: Ընդունված կարգի համաձայն` մատաղի կենդանին կարող է լինել արջառ, ոչխար, գառ, աքաղաղ և աղավնի: Նախընտրելի է աղավնիներին ազատ արձակելը` որպես գթասրտության նշան:
Մատաղ բառն այս պարագային կապ չունի զոհաբերություն բառի հետ, այլ ստուգաբանվում է` մատուցել աղ: Աստված պատվիրել էր հրեաներին, որպեսզի իրենց բոլոր զոհաբերություններն աղով լինեն, և աղը չպակասեցվի Աստծուն նվիրվող ընծաներից: Այդ աղը նույնիսկ կոչվում է Աստծո ուխտի աղ (Ղևտ. 2.13): Աղի ուխտի մասին հիշատակվում է նաև Թվոց (18.19), ինչպես և Բ Մնացորդաց գրքերում (13.5): Նաև Եղիսե մարգարեն աղով մաքրեց Երիքովի վատ ջրերը, որպեսզի դրանցից մահ և անբերրիություն չառաջանան, և դրանք մաքուր դարձրեց (Դ Թագ. 2.19-22): Հետևաբար, աղը խորհրդանիշն է սրբության, մաքրության, և այս գեղեցիկ խորհրդով մատաղի համար հավատացյալները աղ են տանում եկեղեցի` հոգևորականի կողմից աղի օրհնության համար:
Օրհնված աղից նախ պետք է տալ մատաղացու կենդանուն` որպես կերակուր, այնուհետև կենդանուն կարելի է մորթել: Մնացյալ աղը, ըստ չափի, օգտագործվում է մատաղի պատրաստության մեջ: Մատաղի մսով տարբեր կերակուրներ չեն պատրաստում, այլ ընդունված է պարզապես ջրում եփել: Մատաղացու կենդանին պետք է մորթի տղամարդ աշխարհական, հավատացյալ անձնավորություն: Կինը, մանուկը և հոգևոր դասին պատկանող որևէ մեկը չպետք է մատաղի կենդանի մորթեն: Եկեղեցական կանոնագրքի համաձայն` մատաղի միսը չի կարելի պահել տանն իբրև ուտելիք, այլ նույն օրը պետք է բաշխել աղքատներին:
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից