Մե՞կ կյանք, թե՞ բազմաթիվ կյանքեր

Երբեմն մարդիկ տարվում են այնպիսի ուսմունքներով, որոնք մատնանշում են, թե մարդն այս աշխարհում ապրում է բազմաթիվ կյանքեր` անընդմեջ ծնվելով և մեռնելով տարբեր մարմիններում: Նմանատիպ բնույթի տեղեկատվությունը գրավում է շատերին, որոնք կարծում են, թե նախորդ կյանքներ են ունեցել և փորձում են տարբեր միջոցներով բացահայտել այսպես ասած իրենց անցյալ կյանքերի իսկությունը: Խոսքը վերամարմնավորման մասին է: Այս գաղափարի աղբյուրը արևելյան կրոններից է բխում, հատկապես հինդուիզմից և բուդդիզմից: Վերամարմնավորման օրենքը սերտորեն կապված է կարմայի հասկացության հետ, որը նույնպես հինդուիզմի առանցքային դրույթներից է:  Բազմաթիվ կյանքեր ապրելու ուսմունքի միջոցով, շարունակաբար ծնվելով երկրի վրա, արևելյան կրոնները փորձում են լուծել մարդու հավիտենական կյանքի և կատարելագործման խնդիրը:  Ըստ այս ուսմունքի մարդու հոգին զանազան զգեստներ փոխելու նման տարբեր մարմինների մեջ է ծնվում` ապրելով բազմաթիվ կյանքեր, մինչև ազատագրվում է երկրային աշխարհից ու երկնային մակարդակներ բարձրանում: Սակայն այդ ամենը կախված է, թե նախորդ կյանքում ինչպիսին է եղել: Եթե իր արարքները եղել են չար, ինչպես օրինակ` վնաս է հասցրել բնությանը, որևէ կենդանու, հաջորդ կյանքում կարող է նունիսկ որևէ ծառի կամ կենդանու տեսքով լույս աշխարհ գալ: Բայց արդյո՞ք այն իրականություն է և քրիստոնեական աշխարհայացքին համընկնո՞ւմ է: Նշենք, որ վերամարմնավորման վերաբերյալ ուսումունքները չեն համապատասխանում քրիստոնեական աշխարհայացքին, մարդու փրկագործության վարդապետությանը: Թեև վերամարմնավորման կողմնակիցները փորձում են իրենց տեսակետը հիմնավորել նաև Սուրբ Գրքով` հղում անելով սուրբգրային որոշ հատվածներ. «Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կգա Տիրոջ մեծ ու երևելի օրը» (Մաղ. 4.4) և «Եվ եթե ուզում եք ընդունել, Հովհաննեսն է Եղիան, որ գալու է» (Մատթ. 11.14): Այսպիսով փորձում են մատնացույց անել, որ քրիստոնեությունը չի մերժում վերամարմավորման օրենքը, քանի որ, ըստ իրենց, Եղիան նույն Հովհաննես Մկրտիչն է: Սակայն Հին Կտակարանում պարզ խոսվում է այն մասին, որ Եղիան մարմնով չի մահացել, այլ այդպես երկինք է բարձրացել (Դ Թագավորներ 2.1-11):  Այս իրողությունն արդեն բացառում է Եղիայի և Հովհաննես Մկրտչի միևնույն անձը լինելու հանգամանքը, քանի որ Եղիան, ինչպես Ենոքը (Ծննդ. 5.24), առանց մահանալու երկինք է բարձրացել, և եթե տվյալ անձը չի մահացել մարմնով, հոգու վերաբնակեցում չի կարող լինել այլ մարմնում: Արդ, վերամարմնավորման կողմնակիցները, վերոհիշյալ աստվածաշնչյան դրվագը մեջբերելով, իրենք իրենց ուսմունքին հակասում են և ոչ թե հիմնավորում դրա իսկությունը: Հովհաննես Մկրտիչը Եղիա է անվանվում խորհրդանշական իմաստով, որովհետև գործում և ապրում էր Եղիայի պես: Ավետարանում Հովհաննես Մկրտիչը հստակ ասում է, որ ինքը Եղիան չէ. «Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես։ Եվ նա ասաց՝ ո՛չ, չեմ» (Հովհ. 1.21): Աղքատ Ղազարոսի առակի պատմությունը նույնպես հերքում է վերամարմնավորման օրենքը (Ղուկ. 16.19-31), ինչպես նաև քրիստոնեական հարության վարդապետությունը Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակ, որովհետև մարդիկ հարություն են առնելու մարմնով, որպեսզի ստանան այն արարքների արդյունքը, որ մարմնով են նաև իրագործել (Հովհ. 5. 28-29): Եթե վերամարմնավորման օրենքը լիներ, այդ դեպքում մարդը բազմաթիվ կյանքերի մարմիններից ո՞ր մեկով է հարություն առնելու, որովհետև Պողոս առաքյալը նշում է. «Որպեսզի յուրաքանչյուրն ստանա, ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով` թե´ բարի, թե´ չար» (Բ Կորնթ. 5.10): Ինչպես նաև հարցն այն է, եթե գոյություն ունի վերամարմնավորման օրենքը, ապա հարություն առած անձն իր նախորդ կյանքերից ո՞ր մեկի դեմքով է հարություն առնելու: Ստացվում է, որ արևելյան կրոնների առաջարկած ուսմունքի համաձայն մարդը կարող է տարբեր մարմիններ փոխել` ունենալով տարբեր արտաքիններ, դեմքեր, ու այդ դեպքում մարդու էությունը և հոգին ինչ-որ անդեմ, անորոշ արարածի է վերածվում, որը լիովին չի համընկնում քրիստոնեական ընկալմանը, ուր մարդը յուրօրինակ անձ է` ունենալով իր անկրկնելի, անզուգական դեմքը, էությունը և արժանապատվությունը, որով արդեն իսկ մարդը տարբերվում է կենդանական և բուսական աշխարհից` ստեղծված լինելով Աստծո պատկերով ու նմանությամբ: Եվ ի վերջո առաքյալը Եբրայեցիներին ուղղված նամակում հստակ նշում է, որ մարդը մեկ անգամ է ապրում այս աշխարհում. «Եվ ինչպես, որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան» (Եբր. 9:27): Այսպիսով, արևելյան կրոնների ուսմունքը լիովին հակառակ է քրիստոնեական փրկագործության վարդապետությանը: Բյուզանդական եկեղեցին 1076թ.-ին անդրադառնում է  վերամարմնավորման ուսմունքին և դատապարտում այն: Պետք հաշվի առնել, որ մարդն Աստծո պատկերն է, այսինքն՝ անհատ, անձ է՝ օժտված բանականությամբ և ազատ կամքով: Վերամարմնավորման տեսությունը նվաստացնում է մարդուն, որովհետև նրան դարձնում անդեմ ինչ-որ արարած, որը չունի իր անկրկնելիությունը ու յուրօրինակ անհատականությունը: Եվ մարդուն հասցնում է կենդանիների ու բույսերի մակարդակին: Նման տեսության մեջ, ուր բացակայում է մարդու անկրկնելի անհատակությունը, անձի պատասխանատվությունը կորցնում է իր բովանդակությունը, որովհետև վերամարմնավորման օրենքը թույլ է տալիս մարդուն մի կյանքում ապրել մեղավոր ցանկություններին հագուրդ տալու մտայնությամբ` մտածելով, թե հաջորդ կյանքում կարելի է առաքինի կյանք վարել: Սուրբ հայրերը հերքել են վերամարմնավորման ճշմարիտ լինելը: Այդ խնդրի շուրջ գրել են սբ. Գրիգոր Նյուսացին, սբ. Եպիփան Կիպրացին, սբ. Հովհան Ոսկեբերանը, սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին և այլք: Նրանք բոլորն էլ նշում են, որ այն կեղծ վարդապետություն է, քանի որ չի համապատասխանում քրիստոնեական արժեհամակարգին և ընկալմանը: Եթե իրականում գոյություն ունենար վերամարմնավորման օրենքը, ապա Աստծո Որդու մարդեղացումն անիմաստ կլիներ, որովհետև ըստ վերամարմնավորման` մարդն առանց Աստծո օգնության կարող է իր հավիտենական փրկության հարցը լուծել` անընդհատ ծնվելով և մեռնելով երկրի վրա և հասնելով կատարելության մի աստիճանի, որի դեպքում իր հոգին ազատագրվում է այս աշխարհից ու բարձրանում հոգեղեն մակարդակներ: Ըստ նրանց կարևորվում է միայն մարդու հոգին, իսկ մարմինը երկրորդվում է փրկության, կատարելագործման հարցում: Սակայն գիտենք, որ Աստծո Որդին մարդեղացավ, որպեսզի փրկի և´մարդու հոգին, և´ մարմինը, քանի որ մարդն` իբրև անհատականություն ամբողջական է հոգով և մարմնով: Սբ. Իրենիոս Լիոնացին գրում է, որ հոգու վերաբնակեցումը մեկ մարմնից այլ մարմին կարող ենք հերքել նաև այն հանգամանքով, որ մարդու գիտակցության մեջ գոյություն չունի նախորդ կյանքերի վերաբերյալ փորձառության ու դրվագների, մանրամասնությունների մասին հիշողություն: Եթե նման բան լիներ, նախորդ կյանքում տեղի ունեցած լավ կամ վատ արարքները հիշելը կարևոր է այնքանով, որ մարդը կարողանա ուղղել նախորդ կյանքի իր սխալները և դրանք չկրկնելու հնարավորություն ունենա: Սակայն, երբ մարդու հիշողությունից ջնջված է իր նախորդ կյանքի փորձառությունն ու արարքները, ստացվում է, որ նա ամեն ինչ սկսում է նորից և դոփում է միևնույն տեղում: Սա մարդուն տանում է ոչ թե փրկագործության ճանապարհով, այլ հուսահատ ջանքերի ուղիով, հատկապես, եթե մարդը սխալ է թույլ տվել և հաջորդ կյանքում որևէ կենդանու կամ բույսի տեսքով է լույս աշխարհ եկել, այս դեպքում նա, չունենալով բանականություն և անցյալի հիշողություն ու դրա բարոյական գնահատականը տալու կարողություն, անկարող է վեր բարձրանալ հաջորդ կյանքում, որովհետև չունի այլևս ազատ կամք, բանական ազատություն, պատասխանատվություն և շարժվում, կառավարվում է ըստ բնազդի կամ բուսական աշխարհին համապատասխան հարկադրական օրենքների` հավիտենապես մնալով այդ շրջափուլերի ու շրջապտույտի մեջ: Այս ամենը փաստում է, որ արևելյան կրոններից դեպի մեր իրականություն թափանցած այս տեսությունը պարզապես թերի ու խեղաթյուրված կրոնական ուղղություն է մարդու փրկագործության համար: Երբեմն ասում են, թե հիպնոսի ժամանակ մարդիկ սկսում են հիշել իրենց նախորդ կյանքերի մասին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն հոգեբանական խնդիր է, որովհետև երբ մարդը սկսում է մտածել, թե նախորդ կյանք է ունեցել, նրա մտածողության մեջ նման աշխարհայացք և կարծիք է ձևավորվում, որն արտահայտվում է հիպնոսի ժամանակ: Գիտնականները փորձել են այդ ամենը հասկանալ և ձայնագրել են նման դեպքերը: Հետազոտությունները փաստել են, որ նախ` մեծ մասամբ ովքեր հիպնոսի ժամանակ սկսել են խոսել նախորդ կյանքերից, նրանք պատմել են, թե եղել են անվանի և կարևոր առաքելություն իրագործող անձնավորություններ: Ուշադրության է արժանի, որ մեծամասնությունը խոսել է, որ ինքը եղել է կարևոր անձ, ինպես օրինակ` հին եգիպտացի քուրմ, տաճարական ասպետ, բուդդայական վանական, հերոսաբար զոհված զինվոր և այլն: Իրականում նրանցից ոչ ոք չի կամեցել խոսել համեստ ու աննշան կյանք ունեցած հիշողությունների մասին: Եվ չափազանց քչերն են հանդիպել, որոնք իրենց նախորդ կյանքում նույնացրել են որևէ կենդանու, միջատի կամ բույսի հետ, ինչպես օրինակ` նապաստակների, հավերի, առնետների, սարդերի, որդերի կամ այլ միջատների հետ: Ուսումնասիրություններն արձանագրում են, որ մարդիկ խուսափում են իրենց նախորդ կյանքը  կապել նման երևույթների հետ: Սա փաստում է, որ խոսելիս նման բաների մասին, ցանկացել են լինել այն, ինչն իրենց սրտով է: Երկրորդ` պատմությունները մատնանշում են, որ այդպիսի մարդիկ հիշում են այն, ինչը իրենց շրջապատում արտացոլված և հասանելի է տեղեկատվական առումով, թե´ գրքերից, թե´ լուրերից, թե´ համացանցից և այլ աղբյուրներից: Խնդիրն այն է, որ այդպիսի մարդկանցից ոչ ոք իր նախորդ կյանքերի հիշողություններով չի նպաստել հին լեզուներից, տեքստերից որևէ մեկի վերծանությանը և չի հաղորդել տվյալ ժամանակաշրջանին համապատասխան մարդկային փոխհարաբերությունների, զգեստների և այլ իրերի առանձնահատուկ մանրամասնություններ, որոնք կարող են նպաստել գիտական, հնագիտական հետազոտությունների լուսաբանմանը ու զարգացմանը: Ռուս հոգևորական Գեորգի Մաքսիմովը պատմում է, որ լրատվությունը վերամարմնավորման վերաբերյալ տարածել էր մի լուր, թե մոսկովյան մի սովորական երեխա սկսել է խոսել հին սլավոներեն լեզվով: Երբ հրավիրում են գիտնականներին, պարզվում է, որ երեխան ամենևին էլ հին սլավոներեն չի խոսում, այլ որոշ բառեր և դարձվածքներ է օգտագործում: Երբ հոգեբաններն են միանում այս խնդրին, պարզում են, որ տղան այդ ամենը լսել և սովորել էր իր հանգուցյալ պապիկի հին սլավոներենի գրքից` այդպիսով ցանկանալով ուշադրություն գրավել ու ծնողների կենտրոնում լինել և թույլ չտալ նրանց ամուսնալուծությունը: Արդ, նման լուրերը, որոնք ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներն ու այլ աղբյուրները տարածում են, իրականում կապ չունեն ճշմարտության հետ, այլ հորինվածքներ են կամ այլ խնդիրներ են իրենց մեջ ներառում, քանի որ գոյություն չունի վերամարմնավորում: Պետք չէ լինել դյուրահավատ և հավատալ այդպիսի պատմությունների, որոնք իսկության մեջ մարդուն մոլորեցնում և հեռացնում են Աստծուց, այլ ոչ թե նպաստում հավիտենական փրկությանը: Քրիստոնեությունը շատ գեղեցիկ ճանապարհ է ցույց տալիս մարդու կյանքի համար` բացահայտելով սիրո վարդապետությունը նաև ներանձնական մարդաբանության մեջ, որտեղ տիրում է ներքին ներդաշնակ համակարգն ու անսահման ազատությունը, որտեղ անհրաժեշտություն չկա բազմաթիվ անգամ երկրի վրա ծնվելու, մեռնելու և ունենալ տարատեսակ մարմիններ ու դեմքեր, քանի որ յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է և անկրկնելի` ստեղծված լինելով Աստծո պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1.26): 

 

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

29.07.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․