21 Դեկտեմբեր, Շբ
Երբ այգեպանը նկատում է ծառերի վրա չորացած ճյուղերը, դրանք կտրում է, որպեսզի ծառերն ավելի առողջ ու ծաղկուն, բերքառատ դառնան: Նա չի կտրում ծառերը, այլ միայն չոր ճյուղերը: Երբ բարեխիղճ բժիշկը տեսնում է հիվանդ մարդուն, ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի հիվանդն առողջանա: Նա ոչ թե դատում, դատապարտում է հիվանդին, այլ ձեռնամուխ է լինում օգնել, բժշկել: Երբ մարդ տեսնում է որևէ մեկի սխալը, մեղքը, անհրաժեշտ է այդպիսի մոտեցում ցուցաբերել, բայց կարող ենք արձանագրել, թե ինչպես բազմաթիվ քրիստոնյաներ մեր շրջապատում դատում, դատապարտության են մատնում իրենց մերձավորների արարքները` կամա, թե ակամա ներկայանալով իբրև արդարադատության խոսնակներ, իսկ գուցե, մենք ևս չենք առանձանանում այդպիսին լինելուց: Երբ որևէ մեկի մեղքը տեսնում ես և դատում` քո անձը վեր դասելով նրանից, արդեն սխալ ճանապարհով ես ընթանում: Իսկ երբ քննում ես` օգնելու, աջակցելու, ի սրտե բարին կամենալու մտադրությամբ, նմանվում ես այն մարդուն, ով ընկածի մոտով անտարբեր չի անցնում և ոչ էլ հարվածում է, այլ օգնում է նրան կանգնել՝ ցույց տալով իր եղբայրական սերն ու հոգատարությունը: Երբ նայենք դեպի մեր միտքն ու սիրտը, կտեսնենք, թե մեր հոգու ներսում հանդես ենք գալիս դատավորի՞, թե՞ Ավետարանի բարի սամարացու առակի կամեցող ու օգնության հասնող մարդու դիտանկյունից: Երբ անհատը սկսում է դատել ուրիշներին, իր հոգու ներսում իր դատողությունների կարկուտն է գալիս, որն ավերում է իր հոգու դրախտն ու պայծառությունը, իսկ երբ միաժամանակ սիրով ու արդարությամբ է մոտենում, նրա հոգու ներսում գարնան ծաղկունքն է հարատևում: Ինչո՞ւ շատ քրիստոնյաներ չեն կարողանում ազատագրվել դատելու սովորույթից, թեև կարդում են Ավետարանում` մի´ դատեք, որ Աստծուց չդատվեք: Նախ, հարցը նրանում է, թե անձն ինչ հիմնասյուների վրա է կառուցում իր հավատքը: Եթե այն տրամախոհության, օրենքի, արտաքին երևույթների վրա է հիմնված, ապա անհույս է ազատվել դատելու սովորույթից, իսկ եթե նրա հավատքն աստվածային սիրո և հոգևոր խոնարհության հիմնասյուների վրա է վերընձյուղված` դատելու և դատաստան տեսնելու սովորույթն անէանում է և անհետանում: Այս առումով ընկալում ես, թե ինչ չափով է քո ներսում գործում սերն ու խոնարհությունը, այսինքն` այնքանով, որքանով շարունակ դատում կամ չես դատում ուրիշիների արարքներն ու քայլերը: Հիշարժան է սբ. Մակար Մեծին հանդիպած հրեշտակի պատասխանը, թե քեզանից ավելի մեծն էլ կա: Նկատենք, որ հրեշտակն ասում է սբ. Մակարին, ով իր սրբությամբ և առաքինությունների առատությամբ հասել էր Մեծ անվանը, և հրեշտակը նրան առաջնորդում է երկու հավատացյալ կանանց մոտ, ովքեր ճգնավորի նման սխրանքներ չէին գործում և ոչ էլ աստվածաբանության խորունկ գիտակներ էին, այլ ապրում էին պարզ ու հասարակ կյանքով: Սակայն ինչո՞վ էին առանձնանում այս կանայք, որ այդքան մեծ էին համարվում Երկնային Նախախնամության համար: Նրանով, որ նրանք չէին դատում մյուսներին, հաշտ ու խաղաղ ապրում էին կողք-կողքի` լինելով աստվածային օրհնության լույսի բարեհաճության մեջ: Արդ, ինչ երանելի են նրանք, ովքեր կարողանում են ազատվել դատելու վնասակար սովորույթից` լցվելով Աստծո սիրո և խոնարհության անսահման լույսով և կյանքով: Հետաքրքրական են սրբակյաց Հայր Ղուկաս Ղրիմեցու դիտարկումներն այս խնդրի շուրջ: Նա նշում է` մի՞թե մեր Տեր Հիսուս Քրիստոս արգելում է ասել, թե ցանկասերը մեղք է գործում, արդյո՞ք արգելում է ասել, թե մարդասպանը, գողը, ավազակն արժանի են դատապարտության: Ո´չ, Տերն այս ամենը չի արգելում ասել: Մեր Տեր Հիսուս Քրիստոս այլ իրողություն է արգելում: Նա արգելում է այն, ինչի մասին խոսում է նաև Պողոս առաքյալը «Դու ինչո՞ւ ես դատում քո եղբորը, կամ ինչպե՞ս ես արհամարհում քո եղբորը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առաջ» (Հռ. 14.10): Սբ. Պողոս առաքյալը վճռական կերպով արգելում է դատաստան տեսնել եղբոր հանդեպ: Բայց նա Տիմոթեոսին ասում է. «Եվ դու քարոզի՛ր Աստծու խոսքը, շարունակ հայտարարիր այն, ժամանակին լինի, թե տարաժամ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր՝ կատարյալ համբերատարությամբ ուսուցանելով» (Բ Տիմ. 4.2): «Իսկ մեղանչողներին հանդիմանի՛ր բոլորի առաջ, որպեսզի մյուսներն էլ վախենան» (Ա Տիմ. 5.20): Մատթեոսի 23-րդ գլխում Հիսուս Քրիստոս բավական խիստ կերպով խոսում է դպիրների և փարիսեցիների մասին` նրանց ասելով կեղծավորներ. «Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթ. 23.13-15): Մի՞թե այստեղ առկա է հակասություն, ինչպես ոմանց է թվում, երբ Մատթեոսի Ավետարանի 7-րդ գլխում Հիսուս ասում է` մի՛ դատեք: Բնականաբար Հիսուս Քրիստոսի խոսքերում հակասություն չի կարող լինել, այլ պետք է ուշադրություն դարձնել, թե Հիսուս ինչ է շարունակում նշել, երբ ասում է` մի՛ դատեք: Նա շարունակում է. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա։ Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. 7.3-5): Սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոս արգելում է լինել խիստ դատավորներ մեր եղբայրների հանդեպ: Արգելում է լինել այնպիսին, ինչպիսին սովորաբար լինում ենք, այսինքն` մեր մեղքերը չենք նկատում, սակայն մեր եղբոր փոքր մեղքն արագ նկատում ենք և նրան դատում ենք դրա համար: Մենք, որ մեղքերով ծածկված ենք, դատում ենք մեր եղբայրներին, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք փոքր մեղքեր են գործում: Մենք չափազանց ուշադիր ենք մեր մերձավորների մեղքերի հանդեպ` չնկատելով մեր աչքի միջի գերանը: Այդպես էր նաև հին ժամանակներում. դպիրները, փարիսեցիները, իրենց իմաստուն համարող հրեաները խիստ դատապարտում էին Հիսուսին և նրա առաքյալներին, որ նրանք չեն պահում շաբաթը, անլվա ձեռքերով հաց են ուտում, մեղավորների հետ են շփվում, բայց միևնույն ժամանակ չէին նկատում այն լրջագույն մեղքերը, որոնց մեջ իրենք էին և որոնց համար Տերը նրանց խստորեն հանդիմանում էր: Մի՞թե անհրաժեշտ է լռել, երբ մեր եղբայրը մեղքի մեջ է և մեղք է գործում, մի՞թե պետք է հանգիստ, անտարբեր և լուռ նայենք, թե մարդիկ ինչպես են մեղք գործում: Անշուշտ, ո´չ, մենք պետք է հասկանանք հանդիմանության և դատապարտության տարբերությունը: Մենք վատ ենք վերաբերվում մեր մերձավորներին իրենց մեղքերի պատճառով: Տեսնում ենք, թե ինչպես են մեղանչում և չարամտորեն դառնում ենք նրանց դատավորները: Ահա, այդպիսի մոտեցումն է արգելում Տերը: Մենք պետք է այլ կերպ վարվենք: Չպետք է լռենք, պիտի հանդիմանենք, բայց առանց չարամտության և ոխակալության: Հանդիմանությունը պիտի լինի հեզությամբ, սիրով, այն մտայնությամբ ու ցանկությամբ, որ սխալ գործողը, մեղանչողը փոխվի դեպի բարին: Այդպես վարվում են նրանք, որոնց աչքերում գերաններ չկան: Այդպես վարվում են մաքուր սիրտ ունեցող մարդիկ: Հեզությամբ և խաղաղությամբ նրանք հորդորում են մեղանչողներին հեռու մնալ մեղքերից: Ահա այդպիսին պիտի լինի հանդիմանությունը, այն դատապարություն չէ: Այն փափագ է այդ մարդկանց հոգիների փրկությունը տեսնել, ցանկություն է նրանց ուղղել դեպի ճշմարիտ ճանապարհը, սակայն առանց բռնության և դատապարտության: Դա պատվիրանների կատարում է: Բայց մեր առաջին և ամենակարևոր պարտականությունն է տեսնել և նկատել մեր մեղքերը, դրանք քննել և դրանցից ազատվել, ուղղվել, ձգտել հոգեղեն մարդու լիակատար կյանքով ապրել: Իսկ մեր եղբոր աչքի միջի շյուղի համար պետք է լինենք համբերատար: Այդ դեպքում Տերն էլ համբերատար կլինի մեր հանդեպ: Մենք դատում ենք, որովհետև մեզ չենք տեսնում: Երբ բացվեն մեր հոգևոր աչքերը, այլևս չենք դատի ուրիշներին, որովհետև ժամանակ չենք ունենա ուրիշների սխալները տեսնելու, այլ զբաղված կլինենք մեր բազմաթիվ սխալներն ուղղելով և Աստծուն ավելի մոտենալով: Սրբակյաց Հայր Ղուկաս Ղրիմեցին նշում է, որ հնարավոր է մերձավորների մեղքերը դատել տարբեր կերպերով, այսինքն` քինախնդրությամբ ու չարամտորեն դատապարտել, կամ էլ` սիրով ու հեզությամբ հանդիմանել: Ահա թե ինչու է Հիսուս Քրիստոս ասում, թե ինչ դատով, որ դատապարտեք, այդպես էլ դուք կդատվեք, հատկապես Ահեղ Դատաստանի ժամանակ: Եթե մենք վարվենք այնպես, ինչպես Հիսուս է պատգամում, մենք էլ Ահեղ Դատաստանի ժամանակ կարժանանք Քրիստոսի սիրուն և թողությանը: Եթե հեզությամբ, սիրով և բարի մտադրությամբ ենք մոտենում մարդկանց մեղքերին, այդպես էլ Տերը կմոտենա մեր մեղքերին` թողություն տալով և բացահայտելով մեր նկատմամբ Իր անսահման սիրո լույսը:
Հովհաննես սրկ. Մանուկյան