Մտքերը ժողովելը

- Հա՛յր, միտքս այս ու այն կողմ է թափառում:

- Երբ ես փոքր էի, երեխաները ճնճղուկ էին որսում, ճանկից պարան էին կապում և այդպես զվարճանում էին: Բաց էին թողնում, խեղճ ճնճղուկները թռչում էին՝ կարծելով, թե ազատ են, բայց հետո կծիկը կծկում էին, և ճնճղուկները հետ էին իջնում: Նույն կերպ էլ միտքդ կարող է սավառնել, բայց եթե կծիկը Քրիստոսի ձեռքին է, ապա ո՞ւր պիտի կորչի, կթռչի մի փոքր ու կրկին կդառնա դեպի Քրիստոս:

- Հա՛յր, բավական է կենտրոնանամ աղոթքի վրա և հանկարծ ուշադրությունս ընդամենը մի պահ շեղվի, մի վայրկյանում միտքս Ամերիկայում է հայտնվում: Ինչպե՞ս է նման բան պատահում:

- Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ այստեղից Ամերիկա մեկնելու և վերադառնելու համար: Կարո՞ղ ես վճարել նման ճամփորդության համար: Իսկ մտքով, տեսնո՞ւմ ես վայրկենապես այնտեղ ես հայտնվում: Տե՛ս հա, սանձահարի՛ր միտքդ, թե չէ ի վերջո կսնանկանաս և ստիպված կլինես «արտել»-ը(1) փակել, քանի որ ես չեմ կարողանա պարտքերդ մարել: Աղոթիր ի սրտե, խոնարհաբար, որպեսզի բանսարկուն քեզ չթալանի՝ մտքերիդ հետ զրուցելով: Այդ հարցում քեզ շատ կօգնի մահվան մասին խորհրդածելը: Եթե մտածես. «Աստված այս ժամանակը տվել է ինձ պատրաստվելու համար ու հետո ինձ կանչելու է Իր մոտ», ապա ոչ մի միտք չի դիմանա դրան: Երբ խոսքը մահվան մասին է, միտքը ժողովվում է և չի փախչում չգիտես թե ուր, աշխարհի ծայրը չի հասնում:

- Ինձ վշտացնում է այն փաստը, որ միտքս աղոթքի ժամանակ ցրվում է:

- Երբ իմ միտքը շեղվում է զանազան հարցերով, թեպետ ես ուզում եմ, որպեսզի այն մշտապես Աստծու հետ լինի, ասում եմ. «Տե՛ր Աստված, այսպիսի միտքը ի՞նչ պիտի անի Քո կողքին: Իմ կողմից հանդգնություն է ցանկանալը, որպեսզի այն Քեզ հետ լինի»: Մի խոնարհ միտքն իրեն է ձգում Աստծու շնորհը, և միտքը դառնում է դեպի Աստված: Դու էլ ասա. «Տե՛ր Աստված, ճիշտ ես անում, որ ինձ չես օգնում միտքս Քո մեջ հավաքել, որովհետև ես խղճուկ ողորմելի եմ»: Երբ ինքդ դրան կհավատաս, Աստված իսկույն քեզ կօգնի կենտրոնանալ:

- Հաճախ, երբ աղոթում եմ տերողորմյայով, չնայած սկզբում կենտրանացած եմ լինում, սակայն հետո միտքս ցրվում է: Ջանում եմ, կենտրոնանում եմ, բայց այն կրկին ցրվում է:

- Մտածիր, թե ինչ ափսոս է, որ աղոթքի կեսը կամ մեկ երրորդն է հասնում Աստծու գահի առջև, իսկ մնացածը ճամփին կորում է: Համբերություն և հաստատակամություն է անհրաժեշտ: Երբ միտքը ցրվում է, կրկին հավաքիր: Նորի՞ց է ցրվում: Նորի՛ց հավաքիր:

- Բայց ինչո՞ւ եմ դժվարանում կենտրոնանալ, հա՛յր:

- Որովհետև դու դեռ սխրանքի առաջին աստիճանին ես, և եթե հակառակը լիներ, ապա դա կհակասեր իրերի բնական ընթացքին. նույնն է, թե երեխան ատամներով ծնվեր: Միտքը մտրուկի նման է, որ նախ վազում է մոր հետևից, բայց շուտով մոռանում է ու սկսում թռչկոտել, խոտ ուտել, խաղալ ու հեռու է վազում, իսկ երբ ուշքի է գալիս, հասկանում է, որ կորցրել է մորը: Վազում է, նրան փնտրում, բայց շուտով կրկին մոռացության է տրվում: Երբ նա մի փոքր մեծանում է, կապում են մոր հետևից և այդկերպ միշտ նրա կողքին է լինում: Ուզում եմ ասել, որ սկզբում բնական է, որ միտքը ցրվում է աղոթքի ժամանակ: Բայց եթե համառություն դրսևորես, ապա այն կկապվի Աստծուն և չի բաժանվի նրանից, մշտապես կցանկանա աղոթել: Դրանից հետո գալիս է կատարյալ անդորրը. ոչ մի միտք մոտ չի գալիս աղոթքի ժամանակ, և միտքը խորհուրդներից ազատ է լինում(2): Այդ աստիճանից հետո գալիս է մտահայեցությունը:

 

1. Սուրբ հայրը հաճախ էր խոսում «աղոթական բրիգադա»-ի, «արտել»-ի կամ «ընկերության» մասին:

2. Հոգևոր վիճակ, երբ մարդը, կրքերից ազատվելով, այլևս խորհուրդներ չի ունենում: Ինչպես աբբա Իսահակն է գրում՝ հոգին ընդունում է խորհուրդների աշխարհը և այդ աշխարհից վերանում դեպի մտքի մաքրություն: Մտքի մաքրությունից մարդ հասնում է աստվածային գաղտնիքների տեսությանը, այսինքն՝ մտահայեցությանը: Զգում է Աստծուն, վայելք ապրում Նրանով:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

09.06.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․