Գրքեր

Նախընտրությունը պետք է հոգու գեղեցկությանը տալ

Այն հոգին, որին դուր են գալիս նյութական աշխարհի գեղեցկությունները, հաստատում է, որ իր մեջ սին աշխարհն է բնակվում: Այդ պատճառով էլ այն ոչ թե Արարիչով է տարվում, այլ՝ արարածով, ոչ թե՝ Աստծով, այլ՝ կավով: Այն փաստը, որ այդ կավը մաքուր է և մեղավոր աղտեղությունից զերծ՝ նշանակություն չունի: Տարվելով աշխարհի գեղեցկություններով, որոնք չնայած մեղսավոր չեն, սակայն այնուհանդերձ չեն դադարում փուչ լինելուց, սիրտը ժամանակավոր ուրախություն է զգում, ուրախություն, որ զուրկ է աստվածային սփոփանքից, հոգևոր ցնծությունից ու ներքին խանդավառությունից: Իսկ երբ մարդը հոգևոր գեղեցկությունն է սիրում, ապա նրա հոգին է լիանում ու գեղեցկանում:

Եթե մարդը, և հատկապես վանականը, գիտենար իր ներքին անհրապույր վիճակի մասին, ապա արտաքին գեղեցկությունների ետևից չէր ընկնի: Հոգին այնքան աղտոտված է, այնքան ապականված, իսկ մենք, օրինակ, հագուստի՞ համար պետք է հոգ տանենք: Հագուստը լվանում ենք, արդուկում և արտաքինից մաքուր ենք լինում, իսկ ինչպիսին ենք մենք ներսից՝ ավելի լավ է չհարցնել: Այդ պատճառով էլ, երբ մարդ ուշադրություն է դարձնում իր ներքին հոգևոր անմաքրությանը, ապա ժամանակ չի կորցնում իր հագուստը մանրամասնորեն, մինչև վերջին բիծը մաքրելու վրա, քանի որ այդ հագուստն իր հոգուց հազար անգամ ավելի մաքուր է: Բայց անուշադրության մատնելով իր հոգում կուտակված հոգևոր աղբը, մարդը ջանում է իր հագուստի վրայից նույնիսկ ամենափոքր բիծը հեռացնել: Ողջ հոգածությունը պետք է հոգևոր, ներքին մաքրությանն ուղղել, այլ ոչ թե արտաքին գեղեցկությանը: Նախընտրությունը ոչ թե սին գեղեցկություններին, այլ հոգու գեղեցկությանը պետք է տրվի: Չէ որ մեր Տերն էլ ասաց, որ ամբողջ աշխարհը չարժե այնքան, որքան մեկ հոգին (Մատթ. 16:26):

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

19.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․