Գրքեր

Ննջեցյալները մեր աղոթքի կարիքն ունեն

Երբ մահանում է մարդը, շատ կարևոր է, որ նրա հարազատները հարկ եղածի հետ միասին չմոռանան նաև ամենակարևորը: Իսկ ո՞րն է այդ կարևորը, ի՞նչ պետք է անեն նրանք մահացածին օգնելու համար: Ըստ եկեղեցու ուղղափառ և բազմադարյան վարդապետության՝ անհրաժեշտ օգնությունը մահացածի համար, նրա համար աղոթելն է: Եվ տարվա մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ անգամ, հինգ տաղավար տոների հաջորդ օրը՝ մեռելոցին, հիշեցնում է յուրաքանչյուրին, թե որքան կարևոր է աղոթել նրանց համար, ովքեր այլևս մեր կողքին չեն, այլ հեռացել են այլ աշխարհ: Մեռելոցի օրերին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան արարողություն: Նախքան Պատարագի սկսվելը ննջեցյալների անունները փոխանցում են պատարագիչ քահանային: Հոգեհանգստյան արարողության ժամանակ քահանան բարձրաձայն ընթերցում է ննջեցյալների անունները և աղոթում նրանց հոգիների հանգստության և խաղաղության համար: Խնդրում է Աստծուն ներել ննջեցյալների կամա և ակամա գործած մեղքերը ու նրանց հոգևոր երանություն շնորհել: Արարողության ընթացքում ընթերցվում է Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլխի 24-րդ համարը. «Ճշմարիտ, ճշմարիտ են ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքն կմնա, իսկ եթե մեռնի բազում արդյունք կտա»:

Աստվածաշնչում՝ Մակաբայեցիների գրքում էլ նշվում է մեռյալների համար աղոթքի անհրաժեշտությունը (Բ Մակաբայեցիներ 12:43-46):

Մահացածի համար աղոթքն անհրաժեշտ է հենց իրեն՝ աղոթողին, քանի որ երբ հեռանում է հարազատ մեկը, ապա առաջ է գալիս կորստի բնական զգացմունք, որից անձը խորապես տառապում է: Հարազատը, որ մահացել է, շարունակում է ապրել, բայց այլ աշխարհում: Ննջեցյալի համար աղոթքի շնորհիվ չի խզվում կապը մահացածի հետ, այլ զգալի է դառնում նրա ներկայությունը և այն, որ նա չի հեռացել իր հարազատներից ու նրանց միջև եղած կենդանի կապը պահպանվել է:

Աշխարհից հեռացած մարդը զրկվում է այն ամենից, ինչ իրեն տվել էր աշխարհը, մնում է միայն իր անմահ հոգին: Այն, ինչ որ նա ձեռք էր բերել երկրի վրա, մնում է այնտեղ: Իսկ հոգին գնում է այլ աշխարհ, ուր դատվելու է Աստծու կողմից ողորմությամբ և արդարությամբ: Մահացածն Աստծու առջև պատասխան է տալու իր բոլոր արարքների համար, իսկ երկրի վրա մնացած նրա հարազատները, աղոթելով, խնդրում են Աստծու անչափելի ողորմությունն իրենց ննջեցյալի համար:

Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի հերոս սրբահայր Զոսիման (նրա նախատիպը եղել է սբ. Տիխոն Զադոնսկին) մահացածների համար աղոթքի մասին ասել է. «Ամեն օր և երբ կարող ես, ամրապնդիր քեզ համար հետևյալ աղոթքը. «Տե՛ր Աստված, ողորմի՜ր այսօր Քո առջև գտնվողներին»: Քանի որ ամեն ժամ և ամեն վայրկյան հազարավոր մարդիկ են հեռանում այս աշխարհից, և նրանց հոգիները կանգնում են Աստծու առջև: Շատերն այս երկրից հեռանում են բոլորի աչքից հեռու, մեն-մենակ, տխրության և տառապանքի մեջ՝ առանց որևէ մեկի ցավակցության… Եվ ահա հնարավոր է, որ աշխարհի մեկ ուրիշ ծայրից քո աղոթքը հնչի այդ մարդու հոգու հանգստության համար, թեև ոչ դու ես իրեն ճանաչել և ոչ էլ ինքը քեզ: Որքան հուզիչ է այդ հոգու համար, ով Աստծու առջև կանգնած է վախի մեջ, զգալ, որ այդ պահին իր համար մեկն աղոթում է, որ երկրի վրա մնացել է մեկը, ով սիրում է իրեն: Եվ Աստված կողորմի երկուսիդ էլ, եթե դու ցավ ես ապրել նրա համար և աղոթել ես, ապա որչափ առավել Աստված, Ով ամենաողորմածն է, կների նրան հանուն քեզ»:

Հավատավորներն, ի տարբերություն անհավատների, մահվան մեջ տեսնում են հարություն, հոգու անմահություն և հավիտենական կյանք:

Յուրաքանչյուրիս պարտքն է մեռելոց օրերին ոչ միայն գերեզման գնալ, այլև առաջին հերթին եկեղեցում նրանց համար հոգեհանգիստ պատվիրել:

Բոլոր ննջեցյալները կարոտ են քահանայական աղոթքի և պաշտամունքի: Բացի աղոթելուց, ննջեցյալների համար նաև նրանց հիշատակի համար ողորմություն ենք անում. «Քանզի ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13):

Քրիստոնեական կրոնը, հարգելով ննջեցյալներին, աղոթում է նրանց համար՝ իմանալով, որ նրանց հոգիները կենդանի են և Վերջին Դատաստանի օրը, երբ գերեզմաններից հարություն առնեն կատարյալ մարմիններով, ստանալու են պարգևներ կամ պատիժներ հավիտենության մեջ՝ ըստ իրենց ապրած կյանքի ու հավատքի:

 

Կարինե Սուգիկյան

06.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․