19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

«Օդիգիտրիա» Աստվածածնի պատկերագրությունը

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո «Օրանտին» հիմնականում փոխարինեց «Աստվածամայրը Մանկան հետ» (Օդիգիտրիա) պատկերը: Աստվածամայր «Օդիգիտրիայի» հայտնի կերպարը առաջիններից մեկը հանդիպում է մեր IV-VI դդ. կոթողներում: Ըստ էության՝ դա առանձնացվել է «Մոգերի երկրպագության» տեսարանից և ստացել ինքնուրույն սրբապատկերի կարգավիճակ: Հիսուսի, նաև Տիրամայրը Մանկան հետ կերպարը՝ սկսած 7-րդ դարից, կենտրոնական տեղ է գրավել եկեղեցիների գեղարվեստական համակարգում:

«Աստվածածինը Մանկան հետ» պատկերն Ավետարանի որևէ կոնկրետ պատմության հետ կապված չէ, օրինակ՝ Ավետման, Տեառնընդառաջի, Խաչելության, Համբարձման և այլ տեսարանների: Ն. Կոնդակովը այս պատկերի առաջացումը կապում է քրիստոնեական հավատքի և պատմական իրադարձությունների հետ, գտնելով, որ այն անմիջականորեն առնչվում է մոգերի երկրպագությանը, և «անկասկած այդ հորինվածքները վերածվեցին սրբապատկերի և դարձավ Աստվածամոր կերպավորում այն ժամանակ, երբ թեմայից հեռացվեցին մոգերը»: Աստվածածնի այս պատկերներն ընդունված է անվանել «Օդիգիտրիա»: Այս բառն առաջացել է հունարեն «Օդիգոն» առաջնորդող, ուղի ցույց տվող բառարմատից: Աստվածամոր այս պատկերի անվան առաջացման հետ կապված որոշ հարցերի պարզաբանմանը հանդիպում ենք 1990-ական թվականներին հույն գիտնականների հայտնաբերած ձեռագրում: Սույն ձեռագրում նշվում է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքում 5-րդ դարում կառուցված Օդիգոն վանքի եկեղեցու և այնտեղ գտնվող Աստվածամոր սրբապատկերի մասին:

Վաղ միջնադարում Աստվածածնին պատկերելու հարուստ և հետաքրքիր օրինակներ են ստեղծվել: Ս. Կույսին պատկերելու կանոնակարգված հորինվածքի կառուցվածքն հետևյալն է՝ գահաթոռին բազմած, հազվադեպ՝ հասակով մեկ կանգնած Աստվածածինը ձեռքով ցույց է տալիս գոգին կամ էլ ձախ թևին նստած Մանուկ Հիսուսին, Ով հիմնականում աջով օրհնում է, իսկ ձախ ձեռքին Ս. Գիրք է բռնել, երբեմն նաև նրանց երկու կողմերում ավելանում են հրեշտակների կամ պատվիրատուի պատկերներ:

Հայկական Օդիգիտրիային բնորոշ վաղ շրջանի պատկերագրության առանձնահատկություններից է. «Օդիգիտրիայի նախնական օրինակները մեծամասամբ երկֆիգուր հորինվածք ունեն, ուր մայրն ու Մանուկը պատկերվում են դիմահայաց» (Ն. Կոնդակով): Պատկերման այս ձևն ունեն Օձունի տաճարի ներսի, ինչպես նաև Խարաբավանքի, Եղվարդի կոթողների Աստվածածնի ու Մանկան ֆիգուրները: Այդ դարաշրջանի հուշարձաններում Աստվածածինը հիմնականում պատկերվում է գահի կամ աթոռի վրա նստած: Պատկերագրական այս տարբերակն արվեստաբանական գրականության մեջ հայտնի է «Նստած Օդիգիտրիա» անունով:

Տատյանա Իզմայլովան գրում է, որ նստած «Օդիգիտրիա» Աստվածամոր պատկերագրությունը Հայաստանում հնագույն ավանդույթ ունի: Նա ենթադրում է, որ Հիսուսին դիմահայաց, Մարիամին՝ գլուխը դեպի Որդու կողմը թեքված պատկերման ձևն առաջացել է 8-9-րդ դարերի արևելաքրիստոնեական արվեստում (նկատի ունի նաև Հայաստանը), չնայած որ նախօրինակները հայտնի են ավելի վաղ շրջանից և բերում է Դվինի խոյակի օրինակը:

Հաջորդը հասակով մեկ կանգնած Աստվածամոր պատկերագրական տարբերակն է, որը կոչվում է կանգնած Օդիգիտրիա: Այն հին ավանդություն ունի: «Օդիգիտրիայի» պատկերագրական տիպը սկզբնապես ներկայացվել է կանգնած տարբերակով: Նստածը ձևավորվել է ավելի ուշ: Այս տարբերակն առանձնապես տարածում չի գտնում մեզանում: Կանգնած տարբերակի հնագույն օրինակներից է «Ռաբուլայի» Ավետարանի (586թ.) պատկերը: Ի դեպ, Աստվածամայրը Մանուկը ձեռքին կանգնած տարբերակի լավագույն նմուշներից մեկը իտալական Տորչելլո եկեղեցու (XII դ.) խճանկարն է: Բոլոր ժամանակներում հայ նկարիչներն ու քանդակագործները նախապատվություն են տվել գահակալ Օդիգիտրիայի կերպավորմանը, որը հավաստում է հնագույն ազգային ավանդույթին հավատարիմ մնալու փաստը:

Հայ արվեստում (հատկապես մանրանկարչության և հաստոցային սրբանկարչության մեջ) առավել լայն տարածում են գտնում գահակալ Օդիգիտրիայի բազմաֆիգուր այն պատկերները, ուր հրեշտակներից բացի պատկերվում են առաքյալների, Հայ եկեղեցու սրբերի և պատվիրատուների ֆիգուրներ:

Հնագույն պատկերաքանդակներում (Օձուն, Թալին, Հառիճավանք, Խարաբավանք) Աստվածածինը, Հիսուս, նաև հրեշտակներն ու աշխարհիկ անձինք պատկերվում են բաց ափով ձեռքը վեր բարձրացրած շարժումով, որն ընդունված է Արևելքում և արտահայտում է ողջույն: Ձեռքի այսպիսի դիրքով պատկերներ արվել են նաև վաղ շրջանի արևելաքրիստոնեական արվեստի գործերում, ավելի հաճախ ղպտական քանդակներում: Հետագա դարերի հայ արվեստի հուշարձաններում ձեռքի խորհրդանշական այս շարժումը այլևս չի պատկերվում:

Վաղ շրջանի պատկերաքանդակներում Աստվածածինը ձախ ձեռքով պահում է թևին կամ գոգին նստած Մանկանը, իսկ ազատ մնացած աջ ձեռքի ափն ուղղված է դեպի Հիսուս, որով ցույց է տալիս իր գրկին նստած Փրկչին: Այդ շրջանի բյուզանդական օրինակներում ավելի հաճախ Աստվածածինը երկու ձեռքերն իրար վրա դրած պահում է թևին նստած Մանկանը: Ն. Կոնդակովը Աստվածամոր այդ պատկերն անվանում է «Հրաշագործ Օդիգիտրիա»: Հայկական մի շարք քանդակներում նույնպես Աստվածածինը երկու ձեռքերով գրկել է Հիսուսին, սակայն, ի տարբերություն բյուզանդական գործերի, նրա ձեռքը հանգչում է Մանկան գոգին, աջը՝ նրա ոտքին հպած (Թալինի կոթողի բեկոր, Դվինի խոյակ) կամ էլ Մանկան գոտկատեղից և ոտքերից բռնած (Պեմզաշենի եկեղեցու բարավոր):

Ուշագրավ պատկերատիպ է Մանուկ Հիսուսին մերկ ոտքերով պատկերելը: Գիտնական Գ. Սիդորենկոն, հիմնվելով Աստվածաշնչում (Բ Թագ. 15:30) գործածվող «ոտք, ոտքեր» բառերի խորհրդանշական տարբեր իմաստների վրա, գրում է. «Հիսուսի մերկ ոտքերը ընկալվում են որպես նրա խոնարհության և հնազանդության արտահայտություն, ապագա փրկչարար ինքնազոհաբերման խորհրդանիշ, աշխարհ եկած Փրկչի վարդապետության մաքրություն»: Պատկերման այս ձևը տարածված է հայկական մանրանկարչության և 17-18-րդ դարերի սրբանկարչության մեջ: Բազմաթիվ գործերում մերկ ոտքերով են պատկերվում ոչ միայն Մանուկ Հիսուս, այլև Աստվածածինը, որով նկարիչները Տիրամոր կերպարում մարմնավորում են աստվածային կամքին հնազանդությունը, խոնարհությունը և անարատությունը:

Կարապետ Աղթամարցու 1471թ. նկարազարդած Ավետարանում (Մ.Մ. 5702, 1բ) կանգնած Տիրամոր գրկում գտնվող Մանուկը մեդալիոնի մեջ է: Վերևում երկու պահապան հրեշտակներն են:

Աստվածամայրը Մանկան հետ կերպարի եզակի տարբերակի ենք հանդիպում Տաթևի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային պատի վրա, նրանից աջ և ձախ՝ Հովհաննես Մկրտիչն է և մի առաքյալ: Աստվածամայրը կանգնած է երեք քառորդ թեքությամբ դեպի աջ: Լ. Ա. Դուրնովոն, որը մանրաքնին ուսումնասիրել էր այդ հուշարձանը, գտնում է, որ Աստվածամոր կերպարի եզակի այդ տարբերակը հանդիպում է հատկապես պաղեստինյան 4-5-րդ դդ. յուղաշշերի վրա, ավելի ուշ՝ Խլուդովյան Սաղմոսարանում (IXդ.):

Տիրամայրը Մանկան հետ սրբապատկերների մեջ առանձին տեղ են գրավում նրանց՝ խաղողի ողկույզների հետ ներկայացնելու օրինակները: Էջմիածնի գանձատանը գտնվող նույնատիպ նկարներից մեկում Տիրամոր և Մանուկ Հիսուսի հետ պատկերված են նաև Հովհաննես Մկրտիչը և Գրիգոր Լուսավորիչը: Մանուկը կանգնած է Տիրամոր ծնկներին դրված բարձի վրա, որը խորհրդանշում է նրա արքայական իշխանությունը: Հիսուսի ձեռքին փոքրիկ խաչափայտ է՝ ծածկված խաղողի ողկույզներով: Մանուկը այդ որթատունկից առանձնացրել է մի ողկույզ և պահել Գրիգոր Լուսավորչի գլխավերևում, ըստ էության, շեշտելով այն միտքը, որ Հայ եկեղեցին կազմում է ընդհանրական եկեղեցու մասը: Գրիգոր Լուսավորիչը ներկայացված է հայրապետական հանդերձանքով: Նկարի ձախ մասում ներկայացված է նաև Գրիգոր Նարեկացին՝ ձեռքերը կրծքի մոտ պաղատողի կեցվածքով:

Տպավորիչ է անհայտ նկարչի կողմից 17-րդ դարում կատարված «Տիրամայրը Մանկան հետ» կտավը: Մանուկ Հիսուսը, որն ասես մի հայ գեղջուկ լինի, մոր ձախ ձեռքին է: Նա աջով օրհնում է, ձախ ձեռքով բռնել է ավետարանական փաթեթը: Տիրամոր ու Մանկան հագուստների կարմիր ու շագանակագույն մուգ տոների հարևանությամբ ֆոնի առկայծող կապույտը լավատեսական ու լուսավոր տրամադրություն է թողնում: Ազգային պատկերասրահի սրբապատկերների մեջ առանձնանում է մի նկար, ուր Մանուկը մոր աջ գրկում է, և բացի այդ, թե մոր և թե Մանկան դեմքերը, նույնիսկ հագուստները խոսում են այն մասին, որ դա, հավանաբար, կատարված է վրացական օրինակից:

«Տիրամայրը Մանկան, Հովհաննես Մկրտչի և Գրիգոր Լուսավորչի հետ» նկարում Մանուկը գլուխը երանավետ հպել է մոր երեսին, աջը փոքր-ինչ վեր բարձրացրած օրհնում է: Տիրամոր ձեռքին Հաղորդության սկիհն է: Կտավի աջ ու ձախ եզրերի երկայնքով Քրիստոսի տասներկու առաքյալների պատկերներն են, ինչպես դրանք հանդիպում են հունական կամ ռուսական սրբապատկերներում:

Սրբանկաչության հիանալի նմուշ է «Ադրիանուպոլսի» Ավետարանի (1007թ.) «Աստվածամայրը Մանկան հետ» նկարը: Ձեռագիրն ընդօրինակվել և պատկերազարդվել է Մակեդոնիայի Ադրիանուպոլիս քաղաքում, Բյուզանդական մշակույթի վերելքի շրջանում, այստեղից էլ ձեռագրի անվանումն է: Ուստի և ենթադրվում է այն ժամանակ լայն տարածում գտած բյուզանդական սրբանկարչության ինչ-ինչ ազդեցությունը: Մայրը և Որդին տոնական հանդիսավոր դիրքով նստած են շքեղ գահաթոռին՝ կարմիր մութաքայի վրա: Մանուկը մոր ձախ ձեռքում է: Նրա ձախ ձեռքին փաթեթն է: Աջով օրհնում է:

Հույն վարպետները Հիսուս-Մանկանը տեղավորում են մոր գրկում՝ ուղիղ կենտրոնում, կարծես ներքին մի զգացմամբ շեշտելով մոր և Մանկան խորհրդավոր միասնությունը: Հայկական հուշարձաններում, Աղթամարի եկեղեցու (915-921թթ.) հարթաքանդակից սկսած, մանուկ Հիսուսը գտնվում է մոր աջ ծնկի վրա: Երեխան մանկական անմեղությամբ ձեռքը պարզում է մոր կողմը, երբեմն՝ օրհնանքի նշանով:

Որոշ դեպքերում օրթոդոքս եկեղեցու միջավայրում ևս հանդիպում է Մանկան՝ մոր ձախ ծնկին նստելու տարբերակը, սակայն Մանուկը ներկայացված է բավականին բարձր դիրքով՝ գլուխը գրեթե հավասարեցված մոր գլխին ու մոտեցրած նրան: Ի տարբերություն հայկական մանրանկարների (XIIդ. հետո ստեղծվածները)՝ հունական պատկերներում առկա են նաև բյուզանդական պալատական միջավայրի վարքի ու կենցաղի ատրիբուտները՝ շքեղ գահաթոռներ ու ճարտարապետական կամարներ, ոսկեփայլ զարդեր:

XIII դ. մանրանկարչության հետաքրքրական օրինակներից մեկը Վախթանգ Խաչենցու պատվերով Թորոս նկարչի 1212թ. Ավետարանում է, Տիրամայրը Մանկան հետ: Գունաշարը, ինչպես Էջմիածնի Ավետարանում, կառուցված է թանձր կապույտի, թավշյա կանաչի ու վարդագույնի տոներով: Տիրամոր լայն բացված աչքերը, հազիվ նշմարվող բերանը ավելի են շեշտում խորհրդավոր ներգործությունը՝ իրեն գամելով դիտողի հայացքը: Այս նկարում և Աստվածամայրը, և նրա ձախ կողմում կանգնած Գաբրիել հրեշտակը և երկու ավետարանիչները՝ բոլորն էլ ճակատային դիրքով են, մեկուսացված մեկը մյուսից, ասես միմյանց հետ չեն առնչվում: Բայց նրանք ներքին խոր ու խորհրդական միասնության մեջ են՝ հավատացյալի հայացքը գամած իրենց վրա:

Քրիստոսի բազմաթիվ սրբապատկերներում, այս կամ այլ կերպ, թեկուզ որևէ փոքրիկ մանրամասով, ակնարկվում են խաչի կամ խաչելության պարագաները: Անգամ Նրա մանկական հասակը ներկայացնող (Տիրամոր հետ) սրբանկարներում դրանք կան:

Սրբապատկերային մանրանկարների հետաքրքրական նմուշներ են ստեղծվել Սյունիքում: Գլաձորի դպրոցի ոչ մի նկարիչ և այդ շրջանի ուրիշ ոչ մի վարպետ այնպիսի ուշադրություն չի նվիրել «մոր և մանկան» կերպարին, ինչպես Թորոս Տարոնացին: Նրա գրեթե բոլոր աշխատանքներում կարելի է տեսնել Տիրամոր և Մանկան պատկերը: Այս պատկերը իր կառուցվածքով հիմնված է սրբապատկերային սկզբունքների վրա: Թորոս Տարոնացու մանրանկարներում էական նշանակություն ունեն աչքերը: Լայն բացված աչքերը այս նկարչի մանրանկարների բնորոշ հատկանիշն են և, որ առանձնապես կարևոր է, այդ աչքերն ասես ոգեշնչված են ներքին կյանքով:

Թորոս Տարոնացու կողմից 1317թ. ընդօրինակած ձեռագրի «Տիրամայրը Մանկան հետ» պատկերում Տիրամայրը և Մանուկ Քրիստոսը բարեսրտությամբ ընդունում են իշխան Գրիգորիսին և նրա կնոջը Մամախաթունին, ովքեր ծնկաչոք պաղատում են Տիրոջը: Տիրամայրը և Մանուկը ներկայացված են շրջանակի մեջ, որպես նկար-սրբապատկեր:

Թորոս Տարոնացու մանրանկարներում մենք տեսնում ենք մոր ու մանկան կենսականորեն ռեալ կերպարի գեղանկարչական մարմնավորումը, որ, շրջապատի կյանքից առնված մի շարք կենցաղային տեսարանների պատկերման հետ մեկտեղ, Գլաձորի այս նկարչի անուրանալի ծառայություններից է:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

07.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․