18 Նոյեմբեր, Բշ, Հինանց պահքի Ա օր

Ողորմության մասին

1. Ողորմությունները աղոթքի թևեր են, առանց թևերի աղոթքը չի կարող թռչել (Հովհան Ոսկեբերան):

2. Սուրբ հայրերն ասում են, որ մարդկության թշնամին հատկապես ատում է գթասրտությունը (Հովհան Ոսկեբերան):

3. Ողորմություն տվողին ձեռք մեկնողը աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը՝ Աստված է (Հովհան Ոսկեբերան):

4. Քեզ Աստված հարստություն է տալիս, որպեսզի դրանով երկինք գնաս (Հովհան Ոսկեբերան):

5. Հարստությունը միայն այն ժամանակ կլինի մեր սեփականը, եթե այն բաժանենք աղքատներին (Հովհան Ոսկեբերան):

6. Հարստությունը տանը ապահով չէ, իսկ աղքատների ձեռքում՝ ապահով է (Հովհան Ոսկեբերան):

7. Ահա քո ջորիները կանգնել են հագեցած, իսկ Քրիստոս սովից մահանում է քո դռան առաջ (Հովհան Ոսկեբերան):

8. Հավիտենական բարիքներ փնտրի՛ր, կստանաս նաև այժմեականը (Հովհան Ոսկեբերան):

9. Եթե դու նույնիսկ չափազանց կարիքավոր ես, կարիքավոր նույնիսկ նրանցից, ովքեր քեզանից խնդրում են, ամեն դեպքում էլ, եթե դու տաս գոնե երկու լումա, դու ամեն բան կատարած կլինես: Եթե նույնիսկ դու տաս մի կտոր հաց, չունենալով քեզ մոտ ուրիշ ոչինչ դրանից բացի, դու ամեն բան արած կլինես (Հովհան Ոսկեբերան):

10. Ողորմությունը գնահատվում է ոչ թե տվածի քանակությամբ, այլ բարի տրամադրվածության առատությամբ (Հովհան Ոսկեբերան):

11. Ողորմությունը դա արվեստ է, որի ուսումնարանը գտնվում է երկնքում, իսկ ուսուցիչը մարդ չէ, այլ Աստված (Հովհան Ոսկեբերան):

12. Ողորմությունը պատրաստում է հավիտենական կյանք, փախցնում է մահվան ճիրաններից, փառավորում է թե՛ այս և թե այն կյանքում, երկնքում պատրաստելով քեզ համար հավիտենական կացարաններ: Նա թույլ չի տալիս, որ հանգչեն մեր լապտերները, թույլ չի տալիս հարսանյաց առագաստ մտնել ապականված հանդերձներով, այլ մաքրում է այն՝ դարձնելով ձյունից սպիտակ. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր լինեն, ձյան պես պիտի սպիտակեցնեմ» (Ելից 1:18): Նա թույլ չի տալիս մեզ ընկնել այնտեղ, ուր ընկավ հարուստը և լսել զարհուրելի խոսքերը, այլ առաջնորդում է մեզ դեպի Աբրահամի գոգը (Հովհան Ոսկեբերան):

13. Եվ այսպես, նվիրաբերենք մեզ այս գիտությանը և արվեստին և սկսենք վարժվել նրանում: Տիրապետել սրան առավել է, քան թե թագավոր լինելը ու դափնեպսակներով զարդարվելը: Ողորմությունը շնորհում է անսպառելի հարստություն, դարձնում մահվանը հաղթող, պարտության է մատնում սատանային և նմանեցնում Աստծուն: Եվ այսպես, ի՞նչը կարող է առավել օգտակար լինել այս արվեստից: Մյուս բոլոր արվեստները վերջ են գտնում այս կյանքի հետ միասին, իսկ ողորմությունը աշխարհի վերջին առավել հստակ է ի հայտ բերում իր կարողությունը և չի պահանջում ոչ ժամանակ, ոչ ջանք և ոչ մի այլ դժվար բան: Նա գործում է թե՛ հիվանդության ժամանակ, թե՛ ծերության, ուղեկցում է դեպի հավիտենական կյանք և երբեք քեզ չի թողնում: Այն քեզ դարձնում է ավելի զորեղ իմաստուններից և ճարտասաններից, սրանց նախանձողները շատ են, իսկ նրանք, որոնք ճանաչվել են իրենց ողորմածությամբ, ձեռք են բերել իրենց համար անթիվ քանակությամբ աղոթողներ (Հովհան Ոսկեբերան):

14. Ողորմությունը կանգնում է դատաստանի առջև և ոչ միայն պաշտպանում է, այլև հենց Իրեն, Արդար Դատավորին որպես դատապաշտպան է ունենում (Հովհան Ոսկեբերան):

15. Ցույց տանք մեծ առատաձեռնություն ողորմություն տալու մեջ, որպեսզի տալով մի փոքր, արժանանանք մեծ պարգևների: Քանի որ, ասա ինձ, ի՞նչ հավասարություն կա այստեղ, տալ մի փոքր գումար և ստանալ մեղքերի թողություն: Կերակրել քաղցածին, և արժանանալ համարձակության դատաստանի ահավոր օրը և լսել խոսքերը, որ թագավորություններ արժի. «Քաղցած էի, և Ինձ կերակրեցիք» (Մատթ. 25:35) (Հովհան Ոսկեբերան):

16. Մի՞թե Նա, որ քեզ արժանացնում է շնորհների, չի՞ կարող նույնը անել և կարիքավորների համար և բավարարել նրանց պակասությունները: Բայց նա թողնում է նրանց աղքատության մեջ այն բանի համար, որպեսզի նրանք արժանանան մեծ պարգևների՝ համբերությամբ այդ բոլորը կրելու համար, և դու էլ ողորմություն տալով, ձեռք բերես անվեհերություն: Տեսա՞ր Տիրոջ մարդասիրությունը, ինչպես է Նա ամեն բան մեր փրկության համար ծառայեցնում: Եվ այսպես, երբ մտածես, որ կարիքավորը պայքարելով աղքատության դեմ տկարանում է սովից, քո օգտի համար, մի անցիր նրա մոտից անտարբեր, այլ եղիր հավատարիմ բաշխողը այն բանի, որ վստահված է քեզ Տիրոջ կողմից, որպեսզի բավարարես աղքատի կարիքները և դու էլ ձեռք բերես քեզ համար մեծ օգնություններ: Փառավորիր Տիրոջը այն բանի համար, որ Նա քո փրկության համար թույլ է տվել այդ մարդուն ապրել աղքատության մեջ, որպեսզի դու դրանով կարողանաս գտնել քեզ համար միջոց, թե՛ մեղքերդ սրբելու և թե բարի կերպով օգտագործելու Տիրոջից քեզ վստահված բարիքները և վաստակել այն գովքը, որ վեր է ամեն խոսքերից և մտքից, քանի որ դու կլսես հետևյալը. «Բարի և հավատարիմ ծառա, փոքրի մեջ հավատարիմ եղար, շատի վրա քեզ կկարգեմ, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ» (Մատթ. 25:23) (Հովհան Ոսկեբերան):

17. Եվ այսպես, տանք առատ ողորմություն և ցանենք, քանի դեռ ժամանակ կա, որպեսզի ստանանք առատ բերք, քանի որ ասված է. «Բայց այս իմացեք թե՝ նա, որ խնայելով է սերմանում՝ խնայելով պիտի հնձի ու նա, որ առատությամբ է սերմանում՝ առատությամբ պիտի հնձի» (Բ Կորնթ. 9:6): Եվ այսպես, ժլատության ձեռքով չցանենք այդ բարի սերմերը, որպեսզի իր ժամանակին հնձենք մեր համար լիությամբ: Այսօր է սերմանելու ժամը, բաց չթողենք այն, որպեսզի հատուցման օրը հավաքելով պտուղը, արժանանանք Աստծո մարդասիրությանը: Ոչ մի այլ առաքինություն չի կարող այնպես մաքրել մեր մեղքերի հուրը, ինչպես ողորմության առատությունը: Նա և՛ մեր մեղքերն է ոչնչացնում և Աստծո առաջ կանգնեցնում անվեհերորեն և պատրաստում է անպատմելի այն երանություններին (Հովհան Ոսկեբերան):

18. Լինելով ջանասեր բարեգործության մեջ, չմտածենք, թե ամեն բան արդեն իսկ արել ենք՝ ողորմություն տալով մեկ կամ երկու անգամ: Քանի որ այս պետք է անել ամբողջ կյանքի ընթացքում: Քանզի Աստծուն հաճոյանալը այնպիսի գործ չէ, որով պետք է զբաղվել մեկ անգամ, այլ այն պետք է գործի ամբողջ կյանքի ընթացքում, անդադար: Եթե մրցասպարեզով վազողը կատարելով տաս պտույտ, ետ մնա վերջին պտույտը վազելու պահին, կկորցնի ամեն ինչ: Այդպես էլ մենք, սկսելով բարի գործեր անել, եթե վերջում թուլանանք, ամեն բան կորցրած կլինենք, բոլորը կփչացնենք. «Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից» (Առակ. 3:3): Ասված չէ բարեգործություն արա մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, տաս կամ հարյուր անգամ, այլ ամեն ժամ «թող չպակասեն քեզանից»: Եվ չի ասում, թե դու մի թող, այլ թող քեզանից չպակասի, դրանով ցույց տալով, որ մենք դրանց կարիքն ունենք, այլ ոչ թե նրանք մեր և մեզ մղում են նրան, որ մենք այնպես անենք, որ մշտապես այն՝ բարեգործությունը ունենանք մեր մոտ: Ինչպես որ հարուստների երեխաները մշտապես իրենց վրա կրում են ոսկե զարդեղեններ և երբեք չեն հանում դրանք՝ ցույց տալով իրենց ազնվական ընտանիքից լինելը, այդպես էլ մենք միշտ պիտի ողորմածությունը մեր վրա ունենանք, որպեսզի դրանով երևա, որ մենք Ողորմածի որդիներն ենք: Մեր վրա կրենք այս զարդը, ոսկյա այս վզնոցը հագցնենք մեր հոգուն, այսինքն՝ ողորմությունը, քանի դեռ մենք այս կյանքում ենք: Եվ երբ այս ժամանակն անցնի, այնժամ էլ նրա կարիքը չի լինի, որովհետև այնտեղ չկան աղքատներ, այնտեղ չկա դրամ և ընդհանրապես չկա աղքատություն (Հովհան Ոսկեբերան):

19. Ողորմությունը առաքինությունների թագուհին է, որ շատ մեծ արագությամբ բարձրացնում է մարդուն մինչև երկինք և հանդիսանում է նրա ամենալավ պաշտպանը: Մեծ է թռիչքը ողորմության: Այն ճեղքում է օդը, անցնում է լուսնից վեր, վեր ելնում արևի ճառագայթներից՝ հասնելով բուն երկինք: Բայց այնտեղ էլ նա կանգ չի առնում, ընդհակառակը անցնելով երկինքը, ընդհանում է հրեշտակների դասերի միջով, հրեշտակապետերի կացարաններով և վեր ելնում բոլոր վերին զորություններից առավել, ներկայանալով հենց Թագավորի գահի առջև: Սովորիր այս հենց Սուրբ Գրքից, որում ասվում է. «Կոռնելիոս, քո ողորմությունները հասան Աստծո առջև» (Գործք 10:4) (Հովհան Ոսկեբերան):

20. Ինչքան էլ որ լինեն քո մեղքերը, ողորմություններն անցնում են նրանցից: Մի՞թե չգիտես առակը տասը կույսերի մասին, որոնցից հինգը որպես ողորմություն չունեցողներ, չնայած որ պահպանել են իրենց կուսությունը մնացին հարսանյաց առագաստից դուրս: Հիմարներն էլ ունեին լապտերներ, բայց յուղ չունեին: Քանի որ կուսությունը կրակ է, իսկ ողորմությունը յուղ: Իսկ ովքե՞ր էին յուղ վաճառողները, աղքատները, որոնք կանգնած են եկեղեցու դռան առջև: Իսկ ինչքանո՞վ է այն վաճառվում, ինչքանով որ ցանկանաս: Գին չի նշանակված, որպեսզի դու չպատճառաբանես քո աղքատությունը (Հովհան Ոսկեբերան):

21. Մենք դրված չենք որպես դատավոր ուրիշների կյանքի համար, այլապես մենք ոչ ոքի ողորմություն չենք տա: Երբ դու աղոթում ես մի՞թե չես ասում. «Մի՛ հիշիր իմ մեղքերը» (Սաղմ. 24:7): Այդպես էլ աղքատը, եթե նա նույնիսկ մեծ մեղավոր է, տուր նրան և մի հիշիր նրա մեղքերը: Այսօր է ժամը մարդասիրության, այլ ոչ թե դատաստանի խստության, ողորմության և ոչ թե դատելու: Նա ուզում է ուտել, եթե ցանկանում ես տուր նրան, եթե չես ցանկանում, հրաժարվիր առանց քննելու, թե ինչու է նա աղքատ և դժբախտ: Ինչո՞ւ համար դու չես տալիս և ուրիշներին էլ մղում ես այդ բանին: Քանի որ, եթե մեկը քեզանից լսի, որ այս աղքատը խաբեբա է, կեղծավոր է, վաշխառու է, այնժամ ողորմություն չի տա ոչ նրան, ոչ էլ մյուսներին, մտածելով, որ նրանք բոլորն էլ այդպիսին են: Հայտնի է, թե ինչ հեշտ ենք մենք հավատում վատ բաներին և ինչ դժվարությամբ լավ բաներին: Մենք ոչ միայն պիտի լինենք ողորմած, այլ այնպես ինչպես որ մեր Երկնավոր Հայրն է (Մատթ. 5:48), Նա կերակրում է թե՛ շնացողներին, թե՛ պոռնիկներին, թե՛ խաբեբաներին և ընդհանրապես ամեն տեսակ չարագործություն անողներին (Հովհան Ոսկեբերան):

22. Եվ այսպես, լինենք ողորմած, որպեսզի մենք ինքներս գտնենք ողորմություն: Ոչ այնքան նրանց համար, այլ ինքներս մեր համար, որովհետև մենք այդպիսով յուղ ենք հավաքում մեր լապտերներին այն ահավոր օրվա համար: Երբ կլինի հուժկու կրակ և բոցեր, այնժամ այս յուղը կհանգցնի այդ կրակը և կդառնա մեզ համար լույսի պատճառ: Նման ձևով մենք կփրկվենք գեհենի կրակներից: Հակառակ դեպքում, ինչպիսի՞ գթասրտություն պիտի ցույց տա մեր հանդեպ Աստված, ինչպե՞ս պիտի ողորմի մեզ: Ողորմությունն առաջանում է սիրուց: Եվ ոչինչ այնպես չի բարկացնում Աստծուն, ինչպես անողորմ լինելը: Նրա մոտ բերեցին բազմաթիվ տաղանդների պարտք ունեցող մեկին, և Նա գթալով ազատ արձակեց նրան, թողնելով նրա պարտքը: Իսկ սա, երբ սկսեց խեղդել նրան, ով իրեն մի քանի դինար էր պարտք, սրա համար Տերը նրան մատնեց տանջանքների (Մատթ.18), մինչև որ վճարի ամբողջ պարտքը (Հովհան Ոսկեբերան):

23. Ինչպես որ ճնճղուկը, եթե նույնիսկ ամբողջ մարմնով չի, որ ընկնում է ցանցի մեջ, այլ միայն մարմնի մի մասով, օրինակ, ոտքով, միևնույն է, գտնվում է ցանցը գցողի իշխանության տակ: Այսպես էլ և մենք: Ոչ միայն ամբողջ կյանքի համար, այլ նույնիսկ ընդամենը մի արատի պատճառով մարդիկ գցվել են գեհեն, եթե չեն ունեցել համազոր բարեգործություն: Այդպես և հիմար կույսերը դատապարտվեցին՝ ոչ թե անառակության կամ պոռնկության, կամ նախանձի, թշնամության, կամ հարբեցողության, կամ էլ ոչ ուղղափառ հավատքի, այլ յուղի պակասության համար, այսինքն՝ նրա համար, որ ողորմություն չեն տվել, քանի որ դա է յուղը: Եվ նրանք էլ դատապարվեցին, որոնց ասվեց. «Հեռացեք ինձանից, անիծյալներ, հավիտենական հուրը», նման մի բանի համար, այսինքն, որ չհագեցրին Քրիստոսի ծարավը: Տեսնում ես, որ միայն ողորմություն չտալու արատը կարող է գցել գեհենի կրակների մեջ: Ասա ինձ, ո՞ւմ է պետք, որ ողորմություն չի տալիս: Դու պահք ես պահում ամեն օր, բայց այն կույսերն էլ էին պահում, սակայն ոչ մի օգուտ չստացան: Դու աղոթո՞ւմ ես, բայց ի՞նչ օգուտ, առանց ողորմության աղոթքն անպտուղ է: Առանց նրա ամեն բան անմաքուր է, անօգուտ, առանց նրա իզուր է առաքինությունների       մեծամասնությունը             (Հովհան Ոսկեբերան):

24. Ջանանք նմանվել Աբրահամին: Նա նստելով իր դռան առջև, որսում էր բոլոր եկվորներին ինչպես ձկնորսը, որն իր ցանցը գցում է ծովը և ձուկ բռնում: Երբեմն էլ դուրս է հանում թե՛ ոսկի և թե մարգարիտ, այդպես էլ Աբրահամը, որսալով մարդկանց, մի անգամ էլ որսաց հրեշտակներին: Եվ ինչն է զարմանալի, որ ինքը դա չգիտեր, ինչի վրա և զարմացավ Պողոսը (Եբր. 13:2): Քանի որ եթե նա իմանար, թե ովքեր են եկվորները և ընդուներ նրանց այդ պատրաստակամությամբ, ոչ մի մեծ բան արած չէր լինի, այլ գովասանքը նրանում է, որ չիմանալով, թե ովքեր են նրանք և կարծելով, թե սովորական անցորդներ են, նա այդպիսի մեծ ջանասիրությամբ ընդունեց նրանց իր տունը: Եվ դու էլ, եթե մեծ ջանասիրություն ցուցաբերես՝ ընդունելով մի ինչ-որ հեղինակավոր և փառավոր մարդու, ոչ մի զարմանալի բան արած չես լինի, քանի որ հեղինակավոր հյուրին հաճախ անհյուրընկալ մարդիկ էլ մեծ պատրաստակամություն են ցուցաբերում: Բայց ահա, թե ինչն է ամենամեծը և զարմանալին: Երբ մենք սովորական մարդկանց մերժվածներին և չնչիններին ընդունում ենք մեծ ուրախությամբ, սրա համար էլ Քրիստոսն ասաց՝ գովալով նման ձևով վարվողներին. «Ինչ որ արեցիք այս փոքրերից մեկին՝ Ինձ արեցիք» (Մատթ. 25:40) (Հովհան Ոսկեբերան):

25. Լվացի՞ր մարմնավոր ձեռքերդ ջրով, լվա հոգևոր ձեռքերդ ողորմությամբ: Մի պատճառաբանիր քո աղքատությունը: Այրի կինն իր ծայր աստիճան աղքատության մեջ իր տուն հրավիրեց Եղիային, և աղքատությունը արգելք չհանդիսացավ նրան, այլ մեծ ուրախությամբ ընդունեց և ստացավ արժանի պտուղը՝ հավաքելով ողորմության հունձքը: Ի՞նչ է, փնտրում ես Եղիայի՞ն: Եղիայի Տիրոջն եմ քեզ տալիս, և չես կերակրում Նրան: Քրիստոս Տերն ասաց. «Ով տվեց այս փոքրերից մեկին, Ինձ տվեց»: Եթե թագավորը կանչի ինչ որ մեկին ընթրիքի և ասի իր ծառաներին. «Շնորհակալ եղեք իմ փոխարեն, ամեն կերպ գոհացրեք այս մարդուն, քանի որ նա կերակրեց և ընդունեց ինձ իր տանը, երբ ես գտնվում էի աղքատության մեջ, նա ինձ մեծ բարիքներ արեց իմ կարիքավորության ժամանակ»: Ամեն մեկն էլ իր հարստությունը կդներ և իր բոլոր դրամները կծախսեր նրա համար, ում թագավորը հայտնել է իր երախտագիտությունը: Մի՞թե բոլորն էլ չէին ցանկանա մոտենալ և բարեկամանալ նրա հետ: Եվ եթե թագավորը մարդ լինելով, ունի այդպիսի պատիվ, պատկերացրու քեզ, որ Քրիստոս այն օրը կանչելով բոլոր հրեշտակներին և բոլոր զորություններին, կասի. «Այս մարդը երկրի վրա ընդունեց ինձ իր տունը, նա ցույց տվեց ինձ բազում բարեգործություններ, նա ընդունեց Ինձ՝ Օտարականիս»: Այնժամ պատկերացրու անվեհերությունդ հրեշտակների մեջ, խնդությունդ հրեշտակների դասերի հետ: Այսպես, եղբայր, մեծ գործ է ողորմությունը: Սիրիր այն, որին  հավասար ոչինչ չկա, նա կարող է և հարթել մեղքերը և ազատել դատաստանից: Դու լուռ կանգնած ես, իսկ նա կանգնել և պաշտպանում է քեզ, երբ դու դեռ լռում ես, հազարավոր բերաններ շնորհակալ են լինում քեզանից: Որքան բարիք է լինում ողորմությունից, իսկ մենք հեղգանում ենք և հոգ չենք տանում: Տուր հնարավորությանդ չափով հաց: Հաց չունես, մի գրոշ տուր: Այդ էլ չունես՝ տուր մի բաժակ սառը ջուր: Այդ էլ չկա՝ լացիր տարաբախտի հետ և կստանաս պարգև, քանի որ պարգևը տրվում է ոչ ստիպողաբար տալու ժամանակ, այլ բարի կամեցողության ժամանակ (Հովհան Ոսկեբերան):

26. Ով զիջում է, նա ավելի է ձեռք բերում (Անտոն Անապատական):

27. Պարգև սպասիր ոչ թե այստեղ, այլ երկնքում (Անտոն Անապատական):

28. Իմացի՛ր, ողորմություն տալն արվեստ է և բոլոր արվեստներից գերազանց, որը դժոխքից փրկելով՝ Արքայություն է պարգևում (Բարսեղ Կեսարացի):

29. Աղքատները, երբ ողորմություն տաս՝ մեղքեր սրբող թաշկինակ են (Բարսեղ Կեսարացի):

30. Ապաշխարությունն ու խոնարհությունը կանգնեցնում են անձը՝ ողորմությունը և հեզությունը ամրապնդում են նրան (Եվագր Պոնտացի):

31. Ով չար բան է խոսում եղբոր դեմ` նա կոչնչացվի, իսկ կարիքավորներին արհամարհողը լույս չի տեսնի (Եվագր Պոնտացի):

32. Հավատքը՝ խոնարհությամբ մնալն է և ողորմություն անելը (Հայր Պիմեն):

33. Որքան որ կարող ես՝ ողորմություն տուր, որովհետև գրված է, թե ողորմությունով և հավատքով սրբվում են մեղքերը (Հայր Պիմեն):

34. Ճանապարհը դառնում է հարթ՝ ողորմություն տալուց (Մարկոս Ճգնավոր):

35. Հարց. -Իսկ նա, ով սովոր չէր ողորմություն անելու, ի՞նչ պետք է անի, որպեսզի վարժվի ողորմություն բաժանելուն:

Պատ. -Նա պետք է ինքն իրեն հիշեցնի Աստծո այն խոստումները, որոնք տվել է ողորմածներին, և սկսի ամենավերջին առարկաներից, միշտ գիտակցելով, որ քիչ է տալիս, քիչ էլ ստանում է: Իսկ նա, ով շատ է տալիս, շատ էլ ստանում է: Հիշելով ասվածը, թե. «Յուրաքանչյուրը թող տա, ինչպես հոժար է սրտով, և ոչ թե հարկադրաբար և տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է զվարթառատ տուրքը» (Կորնթ. 2:9-7):

Եվ այսպես, կամաց-կամաց նրա մեջ կուժեղանա ավելի շատ անելու պահանջ, և նա էլ այս առաքինության մեջ աստիճանաբար կառաջադիմի: Նա կարող է կատարելության անպիսի չափանիշների հասնել, որ կձերբազատվի երկրայինից և հոգով երկնայինների հետ կլինի (Բարսիլիսկոս Մեծ):

36. Հարց. -Երբ ես ուզում եմ ողորմություն անել, իսկ միտքս ներշնչում է չտալ, ապա ինչպե՞ս վարվել նման դեպքում:

Պատ. -Քննիր միտքդ, և եթե տեսնես, որ այսպես ես վարվում ժլատությունից դրդված, ապա նախատեսվածից ավելին տուր, թեկուզ մի պղնձադրամ ավելի, և դա ողորմություն կհամարվի (Բարսիլիսկոս Մեծ):

37. Ուզու՞մ ես հոգով հարաբերվել Աստծո հետ, վայելել այն քաղցրությունը, որ բռնադատված չէ զգացմունքներով՝ հետևի՛ր ողորմությանը (Իսահակ Ասորի):

38. Տալիս եմ քեզ, ով եղբայր, հետևյալ պատվիրանը. քեզ մոտ թող միշտ առաջնային լինի ողորմությունը, մինչև որ մեր մեջ զգանք այն ողորմածությունը, ինչպիսին որ Աստված ունի աշխարհի հանդեպ: Մեր գթասրտությունը մեզ համար թող հայելի լինի, որպեսզի նրանում ինքներս մեր մեջ տեսնենք նմանությունը և ճշմարիտ կերպարը, որ կա Աստծո էության մեջ: Այս նմանողականությամբ լուսավորվենք այն բանի համար, որպեսզի սթափ կամեցողությամբ ջանանք կենցաղավարել Աստվածահաճո կերպով (Իսահակ Ասորի):

39. Կարծրացած և անգութ սիրտը երբեք չի մաքրվում: Իսկ ողորմած մարդն իր հոգու բժիշկն է, որովհետև ուժգին քամու պես իր միջից դուրս է քշում մթագնած կրքերը: Սա՝ ողորմածություն է: Ավետարանական Կենաց խոսքի համեմատ բարի պարտք է, որ փոխ ենք տալիս Աստծուն (Իսահակ Ասորի):

40. Ցանիր ողորմություն խոնարհության վրա և կհնձես ողորմածություն դատաստանի օրը (Իսահակ Ասորի):

41. Ինչով որ դու կործանել ես բարին, նույնով էլ հենց ջանա այն վերագտնել: Որովհետև, եթե դու Աստծուց պարտքով վերցրել ես մի բան, դրա փոխարեն նա չի վերցնի քեզանից մեկ ուրիշը: Աստված չի ընդունի քեզանից ողորմություն, եթե դու հարատևում ես շնության մեջ, որովհետև քեզանից ցանկանում է մարմնի սրբություն, քանի որ դու խախտել ես օրենքը (Իսահակ Ասորի):

42. Ոչինչ չի կարող սիրտն այնպես մերձեցնել Աստծուն, ինչպես ողորմությունը, և ոչինչ այնպիսի հանդարտություն չի տալիս մտքին, ինչպես որ կամավոր աղքատությունը (Իսահակ Ասորի):

43. Եթե մեկը նստած լինելով նժույգի վրա, ձեռք երկարի քեզ ողորմություն ստանալու ակնկալիքով, մի մերժիր նրան, քանի որ այդ պահին նա անկասկած կարիքավոր է, ինչպես որ աղքատներից յուրաքանչյուրը: Եվ երբ տաս, այդ արա մեծահոգությամբ և դեմքի բարեհամբույր արտահայտությամբ և տուր նրան առավել, քան իր ակնկալիքն է: Քանի որ ասված է. «Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն» (Ժողով. 11:1) (Իսահակ Ասորի):

44. Եթե բարիք ես անում մեկին, ապա նրանից մի սպասիր փոխհատուցում, քանի որ Տերը հետագայում կրկնակին կշնորհի քեզ: Եվ եթե հնարավոր է քեզ համար, ողորմություն տալուց մի ակնկալիր փոխհատուցում, նույնիսկ ապագայում (Իսահակ Ասորի):

45. Սրբերից մեկն ասել է. «Եթե ցանկանում ես սերմանել աղքատների մեջ, ցանիր քո սեփականից: Իսկ եթե մտադրվել ես ցանել ուրիշինից, այնժամ իմացիր, որ դա ամենադառը որոմն է» (Իսահակ Ասորի):

46. Եթե ողորմածն իր անձի արդարությունից վեր չի կանգնած, նա ողորմած չէ, այսինքն՝ ողորմածը ոչ միայն ողորմություն է տալիս մարդկանց իր սեփականից, այլ նաև ուրախությամբ համբերում է այլոց կողմից իր հանդեպ եղած ստությանը և գթությամբ է վերաբերվում նրանց (Իսահակ Ասորի):

47. Քո ողորմությունը թաքցրու աղքատի ծոցում, որպեսզի Դատաստանի օրն այն գտնես Քրիստոսի ծոցում (Վարդապետների գրվածքներից):

48. Սերը ցուցաբերվում է քաղցր խոսքով և առատատրությամբ (Վարդապետների գրվածքներից):

49. Ողորմություն պետք է համարել միայն այն նվիրատվությունները, որ Աստծո սիրո համար արդար վաստակից բաշխվում են կարոտյալներին, ըստ կարողության չափի, զվարթադեմ, անտրտունջ, անմիջապես և ծածուկ (Պողոս Պատրիարք):

50. Գթություն կարելի է անել ըստ կարողության և ցանկության: Եթե մեկը չունի կարողություն և ունեցվածք՝ կարոտյալներին առատաձեռն օգնելու, թող այնքան տա, որքան կարող է: Մեր Տերն ասում է. «Ով որ այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր խմեցնի աշակերտի անունով, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձքը չի կորցնի» (Մատթ. 10:42) (Պողոս Պատրիարք):

51. Չարություն անելուց չզղջացողները, թող չհուսան, թե միայն ողորմություն տալով կհասնեն փրկության: Հանդգնություն է՝ հուսալ ողորմության արդյունքների վրա և անխիղճ մեղանչել ու մեղքերից չդառնալ: Ողորմությունը կաշառք չէ, որ ծռի Աստծո իրավունքները և խափանի Նրա արդարությունները (Պողոս Պատրիարք):

52. Ողորմություն սերմանեցիր՝ հավիտենական կյանք հնձիր նրանից. մարդասիրություն սերմանեցիր՝ Աստծո գթությունը հնձիր. անողորմություն սերմանեցիր՝ փուշ ու տատասկ քաղիր (Սարգիս Շնորհալի):

53. Աստծո համար մեկ դահեկան քո ձեռքով աղքատին տալը շատ անգամ ավելի արժի, քան ուրիշների ձեռքով տաս դահեկան տալը (Սարգիս Շնորհալի):

54. Երբ այսպիսի առատաձեռն և բարերար Տեր ունենք, չխնայենք Նրան տալ, ինչ- որ մեր ձեռքին ունենք, որովհետև Նա անարգամեծար Տեր է, փուչը և չնչինը վերցնում է և մեծ տոկոսով վերադարձնում: Ոսկի՛ տալ և փոխարենը մեղքերի թողություն գտնել. սրանից ավելի մեծ էլ ի՞նչ ես ուզում. տակավին սրա վրա Երկնքի Արքայությունը իբրև տոկոս կստանաս. մի կտոր հաց տալ և Արքայության սեղանին սեղանակից և մասնակից լինել. մի բաժակ ջուր տալ և համագոյական աղբյուրներից խմել. հագուստ հագցնել և առաջին լուսեղեն պատմուճանին արժանի լինել (Սարգիս Շնորհալի):

55. Պահք են պահում, աղոթում են, հառաչում են, չոր գետնի վրա են պառկում և ժուժկալում, բայց ի՞նչ օգուտ ունեն այս ամենից, երբ աղքատներին մի դահեկան իսկ չեն տալիս: Եթե ողորմած չենք, մնացածը ոչ մի օգուտ չունի, որովհետև մնացյալը առաքինության ճրագներն են, իսկ սա յուղն է՝ ճրագների լուսավորության պատճառը: Եթե մեկը յուղ չունի, ի՞նչ օգուտ պիտ գտնի ճրագներից. հիմար կույսերն էլ, որոնք շատ բաներով կատարյալ էին, բայց որովհետև տմարդի էին և ողորմության յուղ չվերցրեցին իրենց հետ, խավարի մեջ բնակվեցին, հարսանիքի առագաստին արժանի չեղան և կորստյան դատապարտվեցին (Սարգիս Շնորհալի):

56. Արդարև, առաքինությունների մեջ չկա ուրիշ մեկը, որ մարդուն Աստծո նմանությամբ վեր բարձրացնի, ինչպես ողորմածությունը. և բոլոր առաքինությունների կատարումը Աստծուն նմանվելն է, ինչպես Տերն էլ ասաց. «Նմանվեցեք ձեր Հորը, որ երկնքում է. Նա Իր արևը ծագեցնում է թե՛ չարերի և թե բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների վրա և թե՛ մեղավորների վրա» (Մատթ. 5:45): Տեսար, թե ողորմության շահը քեզ ում կարող է նմանեցնել և ում մոտ բնակեցնել: Սրանով կբացվեն երկնքի դռները և կմտնենք լույսի առագաստը, կպայծառանան մեր լապտերները և ուրախությամբ Փեսային կդիմավորենք. կջնջվի մեր մեղքերը և կծածկվի մեր անօրենությունները: Սրանով ավելի վեր կհրավիրի թագավորը և գովասանքի կարժանացնի (Սարգիս Շնորհալի):

57. Բացի սեփական կամքից, ոչ մի ուրիշ բան չի կարող մարդուն ետ պահել ողորմություն տալուց, ո՛չ ժամանակը, ո՛չ չքավորությունը, ո՛չ այլ խանգարող հանգամանք: Եթե ոսկի չունես ողորմելու, սակայն ձեռքեր ունես, որով կարող ես կարոտյալներին օգնել, հաց չունես, որպեսզի աղքատին կերակրես, սակայն լեզու ունես, որով Կենաց հացը  կարող ես տալ և հասարակության օգուտի համար աղոթք կարող ես մատուցել: Հիվանդին դարմանելու կարողություն չունես, սակայն ոչ մի բան քեզ չի արգելում հիվանդատես գնալ: Բանտարկյալին ազատելու կարողություն չունես, սակայն ոտք ունես նրա մոտ գնալու և նրան տեսնելու, քաջալերելու, մխիթարելու և նրան ցավակցելու, հառաչելու և Աստծուն աղաչելու, վշտակից լինելու նրա վշտերին և արձակիչ՝ կապանքներին: Այս բոլորը հարստությունից պակաս ողորմություններ չեն, միայն թե հոժարությամբ կատարվեն, որովհետև Աստված ոչ թե տրվածին է նայում, այլ հոժար կամքին (Սարգիս Շնորհալի):

58. Պետք է շնորհք համարես, երբ աղքատը վերցնում է քեզանից, որովհետև աղքատները եթե չլինեին, չէիր կարող մեղքի վերքերդ բուժել: Աղքատի ձեռքերը վերքեր դարմանող են: Բժիշկը ձեռքերը երկարելով չի կարող քեզ ցավերից այնպես բուժել, ինչպես աղքատը, երբ նա իր ձեռքը երկարելով քեզանից վերցնում է (Բարսեղ Մաշկևորցի):

59.  Նա, որ ստիպողաբար է տալիս, մեղքերի թողություն չի գտնի, որովհետև Աստված ուրախ սրտով տրվածն է սիրում: Իսկապես, ողորմությունն այն է, երբ ուրախությամբ են տալիս և ոչ թե տրտմությամբ:

Ինչո՞ւ ես տրտմում, որովհետև ինչքերդ պակասեցի՞ն: Եթե հույս չունես, որ երկնքում բազմապատիկ ավելի շատ պիտի ունենաս, բնավ մի՛ տուր (Բարսեղ Մաշկևորցի):

60. Երբ ուզում եմ ողորմություն տալ, սատանան հիշեցնում է ինձ իմ աղքատությունը (Հովհան Մանդակունի):

61. Աստված ոչ թե տվածի չափին է նայում, այլ տվողի տրամադրությանը (Հովհան Մանդակունի):

62. Մինչև իսկ բարեպաշտ գործերի առաքինությունը կարող է նսեմացվել ողորմություն տվողների լուսավորության մեջ (Հովհան Մանդակունի):

63. Ահա թե ինչ է ուսուցանում քեզ Քրիստոս. «Զգույշ եղիր, ողորմություն մի կատարիր մարդկանց առջև, որովհետև այն, ինչ որ մարդկանց աչքերի առջև կատարվի, իր հատուցումը մարդկանցից կընդունի, այլ ջանա ողորմությունդ գաղտնի գործել և քո Հայրդ, որ ծածկապես տեսնում է, պիտի հայտնապես հատուցի քեզ» (Մատթ. 6:1): Արդ, մի զրկվիր այդպիսի վարձատրությունից, ողորմությունդ տեսնողների առջև մի արա, այլ զգուշությամբ և ծածկորեն, քանի որ շատ մոտ է գողը, որպեսզի վարձքդ գողանա: Դարանակալ սպասում է ավազակը, որ հափշտակի ողորմությունդ, մերձ են նենգավորները, նենգելու և հանելու համար քո մեջ եղած բարին: Ամբարիշտները շրջապատած շրջում են շուրջդ և ջանում անարդյունք և անվաստակ դարձնել աշխատությունդ, այս բոլորից խուսափիր զգուշությամբ և իմաստությամբ, զգուշացիր մարդահաճության ախտից և սնափառության դևից, որպեսզի բարիքդ չարիքի չվերածեն և լույսդ չխավարեցնեն: Որովհետև մեջդ եղող լույսդ եթե խավար լինի, այլևս որչափ ավելի մութ պիտի լինի բուն խավարը, այսինքն, եթե ողորմությունդ չարիքի վերածվեց, որքան առավել և ահավոր պիտի լինեն չարիքներդ (Հովհան Մանդակունի):

64. Սրանից հետո ծածուկ կերպով կատարիր ողորմություններդ, այնպես, ինչպես որ չես ուզում մեղքերիդ պղծությունը ցույց տալ, այնպես էլ ապաշխարությանդ ողորմությունը մի ցուցադրիր, այլ՝ ապաշխարության առաքինությունը մեղքերիդ զազրության նման քողարկիր և դրանից հետո ապաշխարություններդ ընդունելի կլինեն և մեղքերիդ համար թողություն կգտնես (Հովհան Մանդակունի):

65. Սնափառության հաճույքի համար ընդունելության կոչունքներ մի սարքիր, ի ցույց մարդկանց աղքատներին ողորմություն մի տուր, կարոտյալ չքավորների համար կազմակերպված ընդունելության ժամանակ հարուստներ և ունևորներ մի կանչիր (Հովհան Մանդակունի):

66. Եթե աղքատների կարոտությունն ամբողջովին բավարարել չենք կարող, մի պատառի և բաժակի կարոտ չթողնենք նրանց: Մեր ստացվածքների մեջ որբերից և այրիներից հափշտակված որևէ բան թող չգտնվի: Ինչ որ ունենք, Աստծուն նվիրված թող լինի: Այնժամ մեր անձերն էլ Նրան հաճելի և ընդունելի պատարագ կլինեն (Եղիշե):

67. Դևերը հավաքվում են հարստություն կուտակելիս, իսկ հրեշտակները՝ այն բաշխելիս (Եզնիկ Կողբացի):

68. Այգեկութին ձեր բերքի մի մասը Աստծո՛ւն տվեք՝ աղքատների և կարոտյալների միջոցով և պտուղ խնդրողներին դատարկ ու ձեռնունայն ետ մի՛ դարձրեք, որպեսզի Աստված էլ ձե՛զ Իր տնկած դրախտից ունայն ետ չդարձնի: Տալիս խոժոռ դեմքով, զայրացած սրտով ու դժկամ խոսքերով չտաք Կայենի զոհի նման, որ հաճելի չէ Աստծուն, այլ ընդհակառակը՝ զայրացնում է, այլ զվարթառատ կամքո՛վ տվեք, ինչպես որ Աստված սիրում և խնդրում է: Գինու ժամանակ և՛ս այդ գինուց բաժին հանեք Աստծուն: Եվ երբ ձեզ պետք եղածից ավելին ստանաք, և հարկ լինի վաճառել, վաճառքի դրամից ավելի պտղաբերե՛ք Քրիստոսին՝ տառապյալներին և գերյալներին տալով (Ներսես Շնորհալի):

69. Առաքյալի հրամանով պատվեցե՛ք ծերերին և հո՛գ տարեք նրանց մասին (Ա Թեսաղ. 5:12) և խնամե՛ք տկարներին՝ ձեր կարողության չափով հսկելով և նրանց պետքերը հոգալով: Գիտենք, որ այսպիսի բարեկարգությունների խափանման պատճառը ժամանակիս աղքատությունն է, բայց Աստված մեզանից ավելին չէ, որ պահանջում է, այլ՝ կամքի հոժարությունն ու հնարավորը (Ներսես Շնորհալի):

70. Ինչպես մարգարեն է պատգամում՝ ձեր դրամը վարձով մի՛ տվեք նրանց, ովքեր իշխողների բռնությունից նեղվում են (Եզեկ. 18:8), և վաշխերի շահով մի կերեք նրանց աղքատ վաստակը, այլ որպես եղբայրներ կարեկից և օգնակա՛ն եղեք միմյանց: Ինչ-որ փոխ եք տալիս նրանց, ա՛յն միայն պահանջեցեք նրանցից և անանց կյանքում բազմապատիկ վարձք կստանաք Աստծուց, քանզի Քրիստոս հրամայում է ոչ միայն առանց վաշխի տալ, այլև՝ տալ նրանց, ումից ետ ստանալու ակնկալիք չունեք:

Նաև՝ ձեր բոլոր ունեցվածքից ողորմությո՛ւն տվեք կարոտյալներին և աղքատներին, որպեսզի դրանով սրբվի ձեր ամեն ինչը, և Դատաստանի Օրը Քրիստոսից ստանաք փոխարենը (Ներսես Շնորհալի):

71. Ավելի դյուրին ուրիշ ի՞նչ արվեստ կա, քան ողորմությունը, որով սրբվում են մեղքերը: Արդարև, երբ խոստովանես և ողորմություն տաս ու հավատաս, կսրբվես մեղքերիցդ և կարդարանաս (Սահակ Պարթև):

72. Անհրաժեշտ է ոչ միայն ողորմություն գործել, այլև մեծ փափագով խնդրել Աստծուց, որ բացի մեր միտքը՝ առատապես հորդորվելու ողորմածության սիրով, որպեսզի պատշաճ ժամին արժանի լինենք փոխարենն ստանալու Երկնքի արքայությունում (Խոսրով Անձևացի):

73. Այնտեղ (դատաստանի ժամանակ) սաստիկ ողբ կլինի, անբավ աղաղակ կտիրի, և կլսվեն դատապարտված անձանց հույժ ողորմագին ձայներ: Քանզի մեկը կմատնվի գեհենի հրին, մեկը կդատապարտվի տարտարոսի, մեկ ուրիշը հրեղեն որդերի կեր կդառնա, մյուսը միշտ կտանջվի հրեղեն սրով: Եվ ամենքին կհատուցի ըստ իրենց արժանի չափի, քանզի ահավոր է այն Ատյանը, ահեղ և զարհուրելի է հրապարակը, և անաչառ՝ գործերի քննությունը: Թագավորներից չի աչառում և քահանաներից չի հարկադրվում, մեծամեծներին պատիվ չի տալիս և ծերերի ալեհերությամբ չի մեղմանում: Ովքեր ողորմություն չեն գործել, այնտեղ էլ ողորմություն չեն գտնում: Ովքեր առավել սիրեցին արծաթը, քան Քրիստոսին և զարդարեցին ձիերին, ջորիներին ու շներին, իսկ աղքատներին անտեսեցին, այնտեղ կդատվեն Քրիստոսի կողմից և կայրվեն գեհենի հրում: Եվ միայն արդարները կպսակվեն Աստծո արքայության մեջ, որին և մենք բոլորս արժանանանք Քրիստոսի շնորհներով, որ օրհնյալ է Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն (Խոսրով Անձևացի):

74. Ողորմության տուրքը երկու կերպ է լինում՝ ողորմություն աղքատներին և ընծա՝ Աստծուն (Գրիգոր Տաթևացի):

75. Նախ պետք է մեր ունեցածից բաժին տանք Աստծուն, և քանի որ մարդու երկրային գոյությունը պայմանավորված է ինչպես հոգով ու մարմնով, այնպես էլ ունեցվածքով, ուստի և պետք է հոգու կողմից՝ աղոթքը, մարմնի կողմից՝ ծունր, իսկ ունեցվածքից՝ մի մաս ընծայել Աստծուն (Գրիգոր Տաթևացի):

76. Աստված Օրենքում Մովսեսին հրամայեց ամեն ինչից տասանորդ տալ, քանզի տասը կատարյալ թիվ է և նվեր Աստծուն. սակայն Օրենքը կատարելը պարտադիր է, իսկ աղքատներին ողորմելը՝ կամավոր (Գրիգոր Տաթևացի):

77. Ողորմությունը վարձատրվում է միայն հանդերձյալ կյանքում, իսկ Աստծուն մատուցած ընծան՝ երկու կյանքում էլ. այնտեղ Տերը հոգևորն է փոխհատուցում, իսկ այստեղ՝ նյութականը, ինչպես որ գրված է. «Որպեսզի լցվեն քո շտեմարանները ցորենի լիությամբ, և հնձաններդ ավելի շատ գինի բխեցնեն» (Առակ. 3:10) (Գրիգոր Տաթևացի):

78. Ինչպես թագավորին բերված ընծան հանձնվում է նրա սպասավորներին, իսկ նրանք տալիս են թագավորին, այդպես էլ Աստծո ընծան մատուցվում է քահանաներին, որովհետև երկրի վրա նրանք են Աստծո տան սպասավորները, ինչպես որ երկնքում հրեշտակներն են (Գրիգոր Տաթևացի):

79. Եթե նվիրողի կամքը բարի է և չարիքից հեռու, նվերն ընդունելի է, և այն, ինչ էլ որ լինի, Աստված մեղքերի դիմաց ապաշխարություն է համարում (Գրիգոր Տաթևացի):

80. Եթե Աստծո բաժինը թաքցնելիս վերանում է Նրա պահպանությունը, և հափշտակություն է վրա հասնում, ապա հավատով ու հույսով ընծայողների ունեցվածքը հույժ առատանում է (Գրիգոր Տաթևացի):

81. Պետք է արդարությամբ պատվել Աստծուն, այսինքն՝ մարմնավոր գործերում չպիտի լինեն կեղծավորություն, փառասիրություն և այլն, քանզի հենց այդ է մեր վարձը, երբ ի ցույց մարդկանց ենք գործում: Մինչդեռ ամեն բարի գործ պետք է ծածուկ և անխարդախ արվի Աստծու առջև: «Եվ քո Հայրը, որ տեսնում է, ինչ-որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. 6:4) (Գրիգոր Տաթևացի):

82. Կալի և հունձքի վատորակ մասը Աստծուն մի նվիրիր և եկեղեցու քահանաներին պտղի տուրքը ծակաչքությամբ մի տուր, որի համար՝ Կայենը հանդիմանվեց: Մեր հոտերի գերերին և մաքուրներին անտեսելով՝ անօգտակար և նիհարը չմորթենք աղքատների ընդունելության սեղանի համար (Հովհան Մանդակունի):

83. Անիրավությամբ, ագահությամբ և հափշտակությամբ յուրացրած մեր ստացվածներից Աստծուն ընծա չմատուցեն, քանի որ բոլոր նրանք, որոնք զրկում են ուրիշներին, պիղծ են և պիղծ է նրանց ստացվածքն Աստծո առջև: Ամեն բան Աստծո կամքի համեմատ կատարեք, որպեսզի հաճի և ընդունի Նա ու մեղքերին թողություն շնորհի: Սրբությամբ ու անմեղությամբ ապրենք, Փառք ու պատվով երկինք կժառանգենք և խոստացված բարությանը արժանանանք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով, որին վայելում է փառք և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն (Հովհան Մանդակունի):

 

Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից:

03.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․