Այնտեղ, ուր կա Աստված, այնտեղ կա սեր, բարիք և օրհնություն: «Եթե Աստված մեր կողմն է, ով կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. 8:31): Աստծո օգնությամբ հաղթահարելի է յուրաքանչյուր փորձություն, ինչպես եկեղեցու հայրերից մեկն է ասում՝ Աստծո օգնությամբ սարդոստայնն անգամ կարող է վերածվել քարե պատնեշի, իսկ առանց Աստծո քարե պատնեշը կարող է վերածվել սարդոստայնի: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Աստված Իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա (Մատթ. 5:45): Բայց Աստծո առանձնահատուկ օրհնությանն ու ողորմությանն արժանանում են նրանք, ովքեր երկյուղ ունեն Նրա հանդեպ, ովքեր իրենց առջև ունեն Աստծուն՝ սաղմոսերգուի խոսքի համաձայն. «Սկզբից ևեթ Տիրոջը մշտապես տեսնում էի իմ առջև. Նա իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ» (Սաղմ. 15:8): Աստծո հանդեպ երկյուղ ունեցողի միտքը, խոսքն ու գործը աստվածահաճո է և այդպիսի մեկի շուրթերին Եղիա և Եղիսե մարգարեների խոսքն է. «Կենդանի է երկնային զորությունների Տեր Աստվածը, որի առջև կանգնում եմ» (Գ Թագ. 17:1): Աստված մոտենում է նրանց, ովքեր մոտենում են Իրեն, ներկա է նրանց կյանքում, ովքեր փնտրում են Իր ներկայությունը, հաղորդակցվում է նրանց հետ, ովքեր հաղորդակից են լինում Իրեն, բայց և չի խորշում նրանցից, ովքեր չեն ցանկանում տեսնել Իր ներկայությունը: Որքան մեծ չարիք է Աստծո հանդեպ երկյուղ չունենալը: Այնտեղ, ուր չկա Աստծո ներկայությունը, այնտեղ չարն է գործում: Առաքյալներից Հուդա Իսկարիովտացին դարձավ չարի գործիք, երբ ամբողջովին դադարեց նայել Քրիստոսին, երբ կորցրեց Աստծո ներկայությունը, թեև մարմնական աչքերով տեսնում էր Քրիստոսին, բայց հոգու աչքերով հեռացել էր Նրանից: Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ ով միանում է Տիրոջը, նրա հետ մեկ հոգի է դառնում (Ա Կորնթ. 6:17), նույն կերպ և ով միանում է չարին, նրա հետ մեկ ամբողջություն է կազմում:
Երբ մարդը դադարում է խորհել Աստծո մասին, մոռանում է Աստծո երկյուղը և Նրա հանդեպ սերը, ապա սկսում է փնտրել իր կործանումը: Ի՞նչ եղավ, երբ անառակ որդին հեռացավ իր հորից, թաքնվեց նրա աչքից, ո՞ւր հայտնվեց՝ խոզերի մոտ և պատրաստ էր խոզերի կերած եղջերենու պտուղով իր փորը լցնել, սակայն ոչ ոք այդ նրան չէր տալիս (Ղուկ. 15:11-32): Եգիպտոսի փարավոնը չէր ցանկանում լսել Աստծո խոսքը, որ նրան փոխանցում էր Մովսես մարգարեն, ի՞նչ եղավ նրա կյանքի ավարտը. նա իր ողջ բանակով ջրահեղձ եղավ Կարմիր ծովում: Ի՞նչն էր փարավոնի մահվան պատճառը. նա Աստծո հանդեպ երկյուղ չուներ և համարձակվում էր ասել. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայելացիներին: Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում և իսրայելացիներին չեմ արձակում» (Ելք 5:2): Ե՞րբ է մարդը համարձակվում վիրավորել և ատել իր մերձավորին, գողանալ, սպանել, մեղքերի մեջ գտնվելով՝ ուրիշին դատել, երբ իր առջև չունի Աստծուն, Նրա հանդեպ երկյուղը, չի վախենում ահեղ դատաստանից, հավիտենական տանջանքներից և չի սպասում Աստծո Արքայությանը: Սուրբ Գրքում՝ Դանիելի մարգարեության գրքում, պատմվում է աստվածավախ Շուշանի մասին, որի մաքուր անունը փորձում էին արատավորել երկու ծեր դատավորներ, որոնք իրենց պիղծ մտադրության մեջ ասում էին. «Ահա այգու դռները փակ են, և չկա ոչ ոք, որ մեզ տեսնի» (Դանիել 13:20): Անառակ ծեր դատավորները թաքնվել էին մարդկանց աչքից, բայց չէին կարող թաքնվել Աստծո ամենատես աչքից, նրանք չգիտեին, որ «Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը» և «Նա տեսնում է հավիտենությունից հավիտենություն, և չկա մի բան, որ զարմանալի լինի նրա համար» (Սիրաք 23:28; 39:25): Իսկ Աստծո հանդեպ երկյուղ ունեցող Շուշանը չընկավ մեղքի ծուղակը և Տերը նրան արդարացրեց, քանի որ իր աչքի առջև ուներ Աստծուն, նա ասում էր. «Ավելի լավ է, որ ես այդպես չանեմ և չընկնեմ ձեր ձեռքը, քան թե մեղք գործեմ Տիրոջ առաջ» (Դանիել 13:23):
Եթե մարդն Աստծո հանդեպ երկյուղ ունենա, ապա շատ մեղքերից հեռու կմնա: Արարչագործության պսակին՝ մարդուն, հնարավորություն տրվեց զգալու աստվածային ներկայությունը, որն աստվածճանաչողության անբաժանելի մասը և մարդ-Աստված հարաբերության հիմքն է կազմում: Ըստ հայրաբանության՝ աստվածային ներկայության զգացողությունը աստվածային պարգև է, որին մարդ հասնում է Աստծուն փնտրելու ճանապարհին և աստվածային ներկայության զգացողությունը Աստծո երկյուղն է, որ էությունն է աստվածային պարգևների: «Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալեցե՛ք բարիքներ, հավիտենական ուրախություն և ողորմություն»,- ասում է Աստծո խոսքը (Սիրաք 2:9):
Կարինե Սուգիկյան