Գրքեր

Ոտնլվայի պատկերագրական խորհուրդը

Հովհաննես ավետարանիչը մանրամասն պատմում է ոտնլվայի խորհրդավոր իրողությունը, թե ինչպես Հիսուս, Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, վեր կենալով սեղանից, մի կողմ դրեց հանդերձները, մեջքին սրբիչ կապեց, վերցրեց ջրով լի կոնքը և սկսեց հերթով լվանալ առաքյալների ոտքերը: Ավետարանիչը հանդիսավոր առաջաբանով է բացում ոտնլվայի պատմությունը. «Զատկի տոնի նախօրյակին Հիսուսն իմանալով, որ հասել է ժամը, երբ Ինքն այս աշխարհից պիտի գնա Իր Հոր մոտ, սիրեց նրանց, ովքեր Իր հետևորդներն էին այս աշխարհում, և ծայրաստիճան սիրեց նրանց» (Հովհաննես 13:1): Առաքյալներն ապշում են այդ անսովոր տեսարանից. ուրիշի ոտքերը լվանալը սիրո կամ հարգանքի արտահայտություն էր, և փոքրը մեծին և ոչ թե մեծը՝ փոքրին էր ցույց տալիս այդ պատիվը և սիրո համար էլ՝ մատուցվում էր օտարներին և ոչ թե՝ տնեցիներին: Ոչ մեկ և ոչ մյուս առիթը չէին կարող արդարացնել Հիսուսի նորօրինակ արարքը: Արևելքում տան անդամների և հյուրերի ոտքերը լվանում էին ծառաները: Վարդապետը, լվանալով աշակերտների ոտքերը, նրանց գերազանց խոնարհության կենդանի օրինակ է տալիս:

Առաքյալներն ավելի շփոթված, քան թե ուրախացած, թույլ են տալիս, որ Հիսուս լվանա իրենց ոտքերը: Առաքյալներից Պետրոսը խիզախ էր, մտքում եղածը հայտնող, չիմացած բանի մասին դիտողություն անող և երբ հերթը հասնում է իրեն, զարմացած ասում է. «Վարդապետ, ինչպե՞ս կարող է պատահել, որ դու իմ ոտքերը լվանաս, մի՞թե դա վայել է, մի՞թե ես կարող եմ նման բան թույլ տալ»: Հիսուս մեղմորեն պատասխանում է. «Ինչ որ Ես անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»: Պետրոսն ասաց. «Երբեք Դու իմ ոտքերը չես լվանա»: Զաքարիա Ձագեցին Պետրոսի այս խոսքերի համար գրում է, որ ինչպես այն ժամանակ Փիլիպպյան Կեսարիայի կողմերում Նրան որպես Աստծո Որդի դավանեց և երանության արժանացավ, որովհետև Նրան ճշմարիտ Աստված և Արարիչ գիտեր, ասում է. «Ինչո՞ւ են ձեռքերը, որոնք երկինքն ու երկիրն ստեղծեցին, իմ ոտքերը լվանում, և կամ ինչո՞ւ ես Քո արարչական գլուխն իմ ոտքերին խոնարհեցրել, ումից սերովբեներն ու բազմակունք քերովբեներն են սարսում: Ինչո՞ւ է աստվածային ձեռքդ հողանյութ ոտքերս լվանում»: Իսկ բոլորի Տերը, տեսնելով Պետրոսի ջերմեռանդ սերը, պատասխանում է՝ ասելով, որ եթե նա թույլ չտա ոտքերը լվանալ, Իր հետ հաղորդության չի արժանանա: Որից էլ զարհուրած՝ Պետրոսն ասում է. «Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա՛»:

Քրիստոնեական արվեստում ոտնլվայի առաջին պատկերները պահպանվել են 4-5-րդ դարերի քանդակազարդ տապանաքարերի վրա: 5-րդ դարի մի սարկոֆագի վրա պատկերված է Հիսուս՝ ձեռքին սրբիչ, իսկ Պետրոս առաքյալը հանում է իր ոտնամանը: Հայկական արվեստում ոտնլվայի հնագույն պատկերը գտնվում է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու որմնանկարների շարքում (921թ.): Իսկ հայկական մանրանկարչության մեջ ոտնլվայի հնագույն նմուշը զետեղված է 10-րդ դարում թվագրված նշանավոր «Վեհափառի Ավետարանում» (Մատենադարան, հ. 10780, թջ 249ա): Այս մանրանկարն առավել սեղմ և ընդհանրացած բնույթ ունի. պատկերված են միայն Հիսուս և Պետրոս առաքյալը: Պետրոսը նստած է գահանման աթոռին, Հիսուս ծնկած է նրա առջև: Այստեղ դեռևս իր վերջնական ձևավորմանը չի հասել Պետրոսի՝ ձեռքով գլուխը ցույց տալու պատկերագրական ձևը:

Տերունական պատկերներում իրար հաջորդող տեսարանները երբեմն ներկայացվում են զույգերով՝ մեկ էջի վրա՝ վերևում նախորդողը, ներքևում՝ հաջորդողը: Ոտնլվան ներակայացնող պատկերներում ձեռագրի բացվող զույգ էջերից մեկում պատկերվում է Խորհրդավոր ընթրիքը, մյուսում՝ ոտնլվան: Կամ էլ դրանք ներկայացված են նույն էջի վերևում և ներքևում: Խորհրդավոր ընթրիքի սեղանի առջև երբեմն պատկերվում է ոտնլվան խորհրդանշող ջրի ամանը կամ կոնքը և կամ էլ հակառակը՝ ոտնլվայի տեսարանում Խորհրդավոր ընթրիքը խորհրդանշող սեղանն է:

Ոտնլվան Խորհրդավոր ընթրիքի սեղանի շուրջ ներկայացվում է նաև արևմտաքրիստոնեական արվեստում: Այս առումով իր յուրօրինակությամբ առանձնանում է Բրիտանական թանգարանում պահվող Աստվածաշնչի (հմր. 17738) մանրանկարը: Անհայտ նկարչի այս նկարի կենտրոնում Հիսուսն է: Տերը օրհնում է հացն ու գինին: Տիրոջ կրծքին փարվել է Հովհաննեսը: Քրիստոսի ձախ կողմում Պետրոս առաքյալն է, ով դիմում է Հովհաննեսին, որպեսզի նա Տիրոջից  իմանա, թե ո՞վ է  մատնիչը: Մյուս առաքյալները ձեռքները դրել են կրծքներին՝ ասելով, թե մենք չենք, Տե՛ր, գործելու այդ մատնությունը: Այս մանրանկարում նկարիչը սեղանը դարձրել է Խորհրդավոր ընթրիքի և ոտնլվայի բաժանարար գիծը: Սեղանի մի կողմում Պետրոսը դիմում է Հովհաննեսին, իսկ մյուս կողմում Հիսուս լվանում է նրա ոտքերը: Մի կողմում ձեռքները կրծքներին դրած առաքյալներն են, իսկ մյուս կողմում լվացվելու համար բաց նրանց ոտքերը: Նկարիչը Տիրոջն ու Հուդային պատկերել է դիմահայաց ուղիղ գծի վրա՝ ցանկանալով շեշտել, որ ուր Փրկիչն է, այնտեղ և մատնիչն է, և որ այսպես միասին են հանդես գալիս աստվածային վեհությունը և դավաճանի ցածրությունը:

Ոտնլվայի պատկերագրական հիմնական կառույցում մանրանկարի ձախ մասում պատկերվում է Հիսուս, Նրա դիմաց Պետրոս առաքյալը, որի ոտքերը սովորաբար դրված են լինում մկրտության ավազանի նմանվող լայնաբերան կոնքի մեջ: Ոտնլվայի նկարներում մյուս  առաքյալները պատկերվում են Պետրոսի ետևում և սպասում են իրենց հերթին: Նրանցից մեկն արդեն նախապատրաստվում է՝ հանելով ոտնամանը: Երբեմն առաքյալների գլուխների փոխարեն պատկերվում են միայն նրանց լուսապսակները, իսկ Հուդան էլ երբեմն պատկերվում է կիսադեմ, մեկ աչքով՝ պատկերների անկյունից դավադիր հայացքով Տիրոջը նայելիս: Հովհաննեսը, ինչպես միշտ, պատկերվում է պատանեկան դեմքով և վառ այտերով: Ի տարբերություն Հուդայի՝ մյուս աշակերտները զարմացական ու հիացական հայացքով Հիսուսին են նայում՝ փորձելով հասու լինել կատարվող խորհրդին: Հայ միջնադարյան մանրանկարիչները զարմանքը ձգտել են ներկայացնել ձեռքը կամ ցուցամատը դեմքին ու հատկապես ծնոտին հենած կեցվածքով: Առավել ընդգծելու համար առաքյալների զարմանքը, վերջիններիս գլխավերևում մանրանկարիչները գրում են «Զարմանան աշակերտքն», իսկ Քրիստոսի խոնարհությունը շեշտվում է «Յիսուս խոնարհեալ լուանա զոտս աշակերտաց» խոսքերով: Տասներկու առաքյալներից նշվում է միայն Պետրոսը, քանի որ Քրիստոս նրա ոտքերն է լվանում, իսկ մյուս առաքյալների գլխավերևում գրվում է «Երկոտասանքն», այսինքն՝ տասներկուսը: Ոտնլվայի տեսարանում հայտնի է Հիսուսի պատկերման երեք հիմնական տարբերակ՝ կանգնած կամ թեթևակի առաջ թեքված. հաջորդը՝ Պետրոսի դիմաց՝ գահավորակի վրա նստած (այս երկուսն առավել տարածված օրինակներն են), ի դեպ, Հիսուսի կանգնած դիրքը հանդիպում է դեռևս վաղ քրիստոնեական արվեստում, իսկ նստած դիրքը վերագրվում է բյուզանդական պատկերագրությանը: Եվ երրորդ տարբերակը ծնրադիր պատկերումն է (սա գալիս է կաթոլիկ եկեղեցու ավանդությունից): Ծնրադիր դիրքով Հիսուսին բավական հաճախ հանդիպում ենք Վասպուրականի նկարազարդ ձեռագրերում: Որոշ մանրանկարներում Հիսուս պատկերված է Պետրոսի ոտքը բռնած, իսկ վերջինս ձախ ձեռքով ցույց է տալիս գլուխը: Ձեռքի շարժման իմաստը պարզաբանում են ոտնլվայի ընթացքում Պետրոսի արտասանած հետևյալ խոսքերը. «Տե՛ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա»:

Ս. Տեր-Ներսիսյանի «Manuscripts armeniens illustres des XIIe, XIIIe et XIVe siecles de la Bibliotheque des peres Mekhitaristes de Venise» աշխատության մեջբերված է պրոֆեսոր Միլլեի՝ «Ոտնլվա» մանրանկարի երեք տիպի նկարագրությունը՝ հելլինիստական, կոպտական և բյուզանդական, որ հիմնված են գլխավորապես Քրիստոսի շարժման առանձնահատկությունների վրա: Հիսուսն արդեն սկսել է լվանալ Պետրոսի ոտքերը, բայց վերջինս դեռ բողոքում է, թեև հաշտվել է իրականության հետ: Մյուս առաքյալները կանգնած են նրա թիկունքում, ավելի խորքում: Սակայն այստեղ մի մանրամասն կա, որ խանգարում է կոպտական սխեմայի հետ նրա լիակատար նույնացմանը: Այս մանրանկարում Քրիստոսը ձախ ձեռքով բռնել է Պետրոսի մի ոտքը, աջով չորացնում է սրբիչով, որի ծայրը ընկած է նրա ուսին: Այլ խոսքով, մանրանկարում ի մի է բերված երկու սխեմա՝ կոպտականը և բյուզանդականը: Արևելյան պատկերագրության մեջ Հիսուսը միայն լվանում է Պետրոսի ոտքերը, ձեռք չտալով սրբիչին, որ կախված է նրա պարանոցից, գոգնոցի նման, իսկ բյուզանդականում նա արդեն լվացել է ոտքերը և սրբում է: Մանրանկարի ներքևի մասի հետ մեկտեղ, ուր ներկայացված է ոտնլվան, նկարիչը վերին կեսում պատկերել է ճարտարապետական կառույց և ծառ, որոնք արտացոլում են ոչ միայն արտաքին աշխարհը, այլև Գեթսեմանի պարտեզը, ուր տեղի է ունենալու Հուդայի մատնությունը: Աշակերտների ետևում երևում է մի պատուհան, որտեղից ինչ-որ մեկը դուրս է նայում: Դա, ըստ երևույթին, Քրիստոսի թշնամիների ուղարկած դիտորդն է: Պատուհանի և ծառի միջոցով նկարիչն ուժեղացնում է տարածության տպավորությունը:

Ս. Գրիգոր Տաթևացին, մեկնաբանելով ոտնլվայի խորհուրդը, զուգահեռ է անցկացնում Հին և Նոր կտակարանների միջև: Եվ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ աշակերտների հատկապես ոտքերը լվաց, ասում է, որ Ադամն ու Եվան նախ ոտքով գնացին, հետո նոր ձեռքով պոկեցին մեղքի պտուղը, որի համար Հիսուս նախ ոտքը՝ խոցելի գարշապարն է լվանալով բժշկում, որպեսզի առաքյալներն աներկյուղ ընթանան օձերի և կարիճների վրայով:

Տաթևացին նշում է, որ Քրիստոս ոչ միայն խոսքով էր քարոզում, այլև օրինակ ծառայում, որի համար ոչ միայն խոսում է խոնարհության մասին, այլև խոնարհության օրինակ ցույց տալիս:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

13.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․