20 Մայիս, Բշ, Հոգեգալստյան Բ օր: Պահք

Գրքեր

«Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց»

Աստվածային նախախնամությանը հուսացող անձը քաջ է, և վախը խորթ է նրա համար, քանի որ նա այն խոր հավատն ունի, որ ինքը մենակ չէ, այլ գտնվում է Աստծու հովանու և ողորմության ներքո: Քաջ է նա, ով ամեն օր ջանում է ընթանալ քրիստոնեական սխրանքների նեղ ճանապարհով: «Քաջ է նա, ով կարողանում է իշխել հինգ զգայարանների վրա՝ թույլ չտալով, որ վնասեն իր ներքին մարդուն»,- ասել է աբբա Եվագրիոսը: «Քաջությունը մերձավորին նվաճելու  և հաղթահարելու մեջ չէ, ինչը հանդգնություն է և հեռու է քաջությունից, այլ բարու մեջ հարատևելու, հոգու և մարմնի կրքերը հաղթահարելու մեջ է» (սբ. Պետրոս Դամասկոսցի): «Քաջությունը ոչ այլ ինչ է, քան հաստատակամություն ճշմարտության մեջ և դիմադրություն թշնամուն, քանի որ երբ չես զիջում թշնամուն, նա նահանջում է և հեռանում» (սբ. Անտոն Մեծ):

Քաջությունը քրիստոնեական առաքինություն է, ոգու անսասան ամրություն, որ պահպանում է քրիստոնյային, երբ նա, հանուն Քրիստոսի, ենթարկվում է փորձությունների տեսանելի և անտեսանելի թշնամիների կողմից: Այդ հաստատակամությունն է նկարագրում Պողոս առաքյալը. «Ուրեմն, ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը»: Այնուհետև ասում է. «Վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 8:35, 38-39): 

Քաջությունը կամքի ուժ է: Սրբերից Սեբաստիայի քառասուն մանուկները հոգու և կամքի այնպիսի ուժ ունեին, որ կարողացան հալածանքների ժամանակ հավատարիմ մնալ Քրիստոսին և իրենց կյանքը զոհեցին հանուն Նրա: Երբ նրանց նետեցին սառցե լիճը, նրանք միմյանց ասացին. «Եկեք համբերենք, այստեղ ցուրտ է, բայց դրախտում՝ տաք: Այստեղ միայն կգիշերենք, իսկ վաղն առավոտյան կհանդիպենք դրախտում: Տանջանքը սարսափելի է, բայց դրախտը գեղեցիկ է: Ուստի, հանուն հավիտենականի, եկեք բաժանվենք ժամանակավորից և չվախենանք»: Նրանցից մեկը չկարողացավ հաղթահարել վախը և կորցրեց թե՛ երկրային կյանքը և թե՛ երկնայինը:

Իրական քաջությունը կապված է խոնարհության հետ, քանի որ քաջ և խոնարհ անձը միշտ պատրաստ է համբերությամբ կրելու դժվարությունները՝ սաղմոսերգուի խոսքի համաձայն. «Պատրաստվեցի և չվախեցա պահել քո պատվիրանները: Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց Քո Օրենքը ես չմոռացա» (Սաղմ. 118:60-62): Հալածանքներին համբերող քրիստոնյան, երբ խոստովանում է Քրիստոսին մարդկանց առաջ, վստահ է, որ Քրիստոս էլ իրեն է խոստովանելու Հոր առաջ, որ երկնքում է (Մատթ. 10:32):  

Առանց քաջության անհնար է սխալն ընդունել և հոգևոր կյանքում կատարելագործվել: Կարևոր է քաջ լինել նաև կյանքի շրջադարձային իրավիճակներում և հաղթահարել առօրյա կյանքի հետ կապված վախերը, կասկածներն ու հուսահատությունը: Երբ չարը նեղ ուղով ընթացող  քրիստոնյային չի կարողանում ձախ մղել, ապա սկսում է աջ մղել, այսինքն՝ գայթակղել այնպիսի բարի գործերով, որ անժամանակ են և ուժից վեր: Երբ չարն այս առումով էլ չի կարողանում հաղթել Քրիստոսի հետևորդին, ապա սկսում է նրա մեջ սերմանել փրկության անհնարինության միտքը: Մի անգամ հայրերից մեկին հայտնվեցին դևերը և ասացին՝ դու սուրբ ես, իսկ հետո՝ չես փրկվելու: Նա նրանց հարցրեց, թե ինչու են այս ու այն ասում: Նրանք անամոթաբար պատասխանեցին՝ մենք ընդհանրապես ճշմարտությունը չենք ասում: Այս առումով եկեղեցու հայրերը հորդորում են քաջություն դրսևորել և չհուսահատվել փրկության հետ կապված, նաև չխաբվել սեփական արժանիքներով ու արդարամտությամբ: Հետևաբար անհրաժեշտ է ընդօրինակել Պողոս առաքյալին, որ ասել է. «Չեմ ասում, թե արդեն հաջողել եմ և կատարելության հասել, բայց ձգտում եմ, որ հասնեմ, որովհետև հենց դրա համար Հիսուս Քրիստոսն ինձ պահեց: Եղբայրնե՛ր, ես ինձ դեռևս կատարելության հասած չեմ համարում, բայց աշխատում եմ անցյալը մոռանալ ու նայել գալիքին. ուշադիր վազում եմ դեպի նպատակակետը, որպեսզի իբրև մրցանակ ստանամ հավիտենական կյանքը, որին Աստված հրավիրում է մեզ Հիսուս Քրիստոսով» (Փիլիպ. 3:12-14): Այսինքն՝ քրիստոնյան իր հոգում պետք է ունենա քաջություն և հույս Քրիստոսի փրկարար զոհաբերության ու Աստծու ողորմության հանդեպ:

Վախն առաջ է գալիս հավատի պակասից: Սուրբ Գրքում երեք հարյուր վաթսուն հինգ անգամ ասված է՝ մի՛ վախեցիր, այսինքն՝ քաջ եղիր և ոչ թերահավատ: Ոմանք սխալմամբ կարծում են, որ քրիստոնյան թույլ կամք ունի և վախկոտ է, այնինչ սուրբգրային հերոսների վարքագրություններն այլ վկայություն են տալիս: Աբրահամ նահապետը չէր վախենում տարբերվելուց: Նա այնպիսի մարդկանցով էր շրջապատված, ովքեր պաշտում էին աստվածների և կուռքերի: Սակայն դա չխանգարեց նրան վարվել այնպես, ինչպես ճիշտ է. նա չվախեցավ դատապարտումից, մերժումից և որոշեց երկրպագել ճշմարիտ Աստծուն (Ծննդ. 12; 13): Աբրահամը նյութական հարստությունից վեր դասեց Աստծուն ծառայելը: Նա պատրաստակամորեն զոհաբերեց հարմարվետ կյանքը՝ վստահ լինելով, որ Տերը կհոգա իր կարիքները: Հաջորդ աստվածաշնչյան կերպարը Նոյն է, որը չվախեցավ մարդկային դատապարտությունից, ծաղրից և զայրույթից, քանի որ լիովին վստահեց Աստծուն, ինչի շնորհիվ փրկվեց ինքն ու իր ընտանիքը: Առաքյալները հետևեցին Քրիստոսին Նրա հարությունից հետո էլ: Բոլորը, բացի Հովհաննես առաքյալից, նահատակվեցին: Իսկ քաջության մեծագույն օրինակը Քրիստոսն է, որ չարչարանքների և խաչելության ենթարկվեց հանուն մարդկության փրկության: Մարդու ուժն Աստծու մեջ է, իսկ այդ ուժն անչափելի է: Հիշենք Հայաստանում նահատակված սբ. Հռիփսիմե կույսին, որ Աստծուց զորանալով՝ կարողացավ դիմադրել մեծ ուժի տեր Տրդատ արքային և փախչել պալատից:

Խոնարհություն և քաջություն է անհրաժեշտ, որպեսզի մարդը թույլ տա, որ Աստված օգնի իրեն և ոչ թե իր ուժերին հուսա: Մեծ ուժ է անհրաժեշտ հաղթահարելու սեփական կրքերը, իսկ աշխարհիկ մտածողության տեր մարդիկ կարծում են, որ ուժեղ է նա, ով կարողանում է պաշտպանել իրեն աղաղակով ու բռունցքով:   

Տառապանքներն ու փորձությունները չեն կարող ստվերել այն ամենը, ինչ արել է Աստված յուրաքանչյուր անձի համար: Աշխարհում ոչինչ չի կարող վախեցնել քրիստոնյային և բաժանել Աստծուց և Նրա սիրուց: Ս. Կիպրիանոս Կարթագենացին ասել է, որ հալածանքները փորձություն են հոգու համար, որոնց ժամանակ քրիստոնյաները չեն զգում աստվածային օգնության պակասը:

Մի՞թե վշտերն ու նեղությունները կարող են հեռացնել մարդուն Աստծու սիրուց կամ զրկել նրան Աստծու հետ հաղորդակցությունից: Ոչինչ չի կարող քրիստոնյային զրկել ամենակարևորից՝ Աստծու սիրուց: Իսկ նախատինքների ու հալածանքների ժամանակ քրիստոնյան, ինչպես նշել է Քրիստոս, պետք է ցնծա և ուրախանա, որովհետև մեծ է լինելու իր վարձատրությունը երկնքում (Մատթ. 5:12): Նա, ով չի կորցրել Աստծու հանդեպ սերը, նա ամեն ինչ ունի:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

21.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․