10 Օգոստոս, Բշ, Աստվածածնի պահքի Ա օր

Գրքեր

Պահապան հրեշտակը պահպանում է մեզ

- Հա՛յր, պահապան հրեշտակը մեզ միշտ օգնո՞ւմ է:

- Մեզնից է կախված, թե ինչպիսի օգնություն կստանանք նրանից: Եթե ջանանք ամուր հիմքերի վրա կանգնել, այնժամ հրեշտակն էլ կջանա և կարող է մեզ վտանգից ազատել: Եթե անենք այն, ինչ պարտավոր ենք անել, այնժամ պահապան հրեշտակն էլ կանի այն, ինչ պարտավոր է: Բազմաթիվ հրաշքներ են տեղի ունեցել հրեշտակների օգնությամբ: Պատահել է, որ երիտասարդները զերծ են մնացել մեղք գործելուց և այլն:

Ինչպիսի՜ զորությամբ է օժտված հրեշտակը:Նա նույնիսկ իր լռությամբ է օգնում: Մի անգամ փակուղային իրավիճակում հայտնվեցի: Հուսահատությունից թվում էր, թե մուրճով գլխիս են հարվածում. մի փոքր էլ և այն կճաքի: Աչքերս ակնակապիճներից դուրս էին թռչում, հատկապես աջը: Անտանելի ցավ էր: Ցավից կուչուձիգ էի անում: Չգիտեի՝ ինչ անել: Աղոթում էի՝ Աստծուն խնդրելով, որպեսզի փակուղուց դուրս գալու միջոց ցույց տա: Հանկարծ աջ ուսիս մոտ պահապան հրեշտակին տեսա: Նա տասներկուամյա պատանու տեսք ուներ՝ շատ գեղեցիկ կլոր դեմքով ու կլորավուն աչքերով: Ինչպիսի՜ դեմք էր: Նրա ներկայությունից միայն ցավն ու ողջ ծանրությունն անցան, ոչ թե ուրախությունից, այլ շնորհի ներգործությունից: Ուրախությունը ցավը չի հեռացնում, ցավը զգում ես և միևնույն ժամանակ ուրախանում, իսկ աստվածային շնորհը… Հզո՜ր բան է: Անհնար է նկարագրել: «Եթե այսպես է, ապա ոչ միայն մուրճով, այլև թեկուզ կռանով թող գլխիս հարվածեն»: Նման բանի համար կարելի է և գլուխը կորցնել: Իսկ հետո նաև փակուղուց ելքը գտնվեց, որը մարդկային մտածելակերպով չէր գտնվում:

- Նա Ձեզ հետ խոսե՞ց, հա՛յր:

- Ոչ, միայն նայում էր:

- Հա՛յր, երբ տեսնում ես հրեշտակին, նրա պատկերը. իսկ իրականում նա ինչպիսի՞ն է: Նյութեղե՞ն է:

- Ինչ-որ շա՜տ բարակ, նուրբ նյութից է…

Երբևէ չպետք է մոռանալ, որ մեր պահապան հրեշտակը միշտ անտեսանելի կերպով մեր կողքին է ու պահպանում է մեզ: Բայց մենք էլ մեր հերթին պետք է հետևենք մեր կյանքին ու մեղք չգործենք:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

30.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․