Մարդը՝ որպես արարչագործության պսակ, ձգտում է դեպի բնությունը, որը հիշեցնում է նրան երկնային կատարելությունը: Բնության մեջ ծաղիկները կոչված չեն միայն աչքն ուրախացնելու, այլ նրանք մարդուն աստվածահաճո կյանքի վերաբերյալ բազմաթիվ պատգամներ են փոխանցում: Մեր Տերը Լեռան քարոզում հորդորեց օրինակ վերցնել դաշտային ծաղիկներից. «Կամ հագուստի համար ինչո՞ւ եք մտահոգվում: Օրինա՛կ վերցրեք վայրի շուշաններից և տեսե՛ք, թե ինչպես են աճում, ո՛չ աշխատում են, ո՛չ հյուսում: Հավատացե՛ք, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մեջ, չկարողացավ նրանցից մեկի նման գեղեցիկ հագնվել» (Մատթ. 6:28-30): Հորդորն իր մեջ հոգևոր օգուտ է պարունակում. ինչպես մեղուն է ծաղկից ծաղիկ թռչում մեղր հավաքելու համար, այդպես էլ մարդը, ոչ միայն մարմնական, այլև հոգու աչքերով նայելով ծաղիկներին, հոգևոր քաղցրություն է հավաքում: Քրիստոս ուսուցանեց, որ մարդիկ չափից ավելի չմտահոգվեն հարստություն ձեռք բերելու, հագուստի, սննդի կամ զարդարանքի մասին, այդ պատճառով հորդորեց նայել դաշտային ծաղիկներին, «թե ինչպես են աճում, ո՛չ աշխատում են և ո՛չ հյուսում» և թե ինչպես է Աստված նրանց հագցնում: Տիրոջ հորդորը, բնականաբար, չի արգելում աշխատել կամ առօրյա կարիքները հոգալ: Աստված Ադամին, բերկրության դրախտում տեղավորելով, ասաց, որ այն մշակի և պահպանի, իսկ մեղանչումից հետո, երբ դրախտից վտարեց, ասաց, որ իր երեսի քրտինքով իր հացը վաստակի (Ծննդ. 2:15; 3:19): Աստված արգելում է ավելորդ մտահոգությունը, որը շատ հաճախ լի է մեղքերով և վտանգներով: Տիրոջ հորդորն ուղղված է նրանց, ովքեր անհագորեն ձգտում են հարստության, ովքեր մոռանում են Աստծուն, և այդպիսիններին է Տերը հորդորում նայել թռչուններին, որ կերակրվում են Իրենից, նայել ծաղիկներին, որ զգեստավորվում են Իրենից:
Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Աստված մեզ չի արգելում աշխատել, Պողոս առաքյալն ասում է՝ ով չի ուզում աշխատել, թող չուտի էլ (Բ Թեսաղ. 3.10): Աստված հորդորում է մեզ հույսը չդնել միայն մեր ուժերի վրա՝ մոռանալով Իրեն, այլ պետք է աշխատել ուժերի չափով, բայց ողջ եռանդով ջանալ հոգու փրկության համար»: Սուրբն ասում է, որ Տերը հորդորում է մեզ նայել դաշտային ծաղիկներին նաև այն առումով, որ ճանաչենք կյանքի ունայն և անցողիկ լինելը: Հիշենք, թե ինչ էր ասում Դավիթը. «Մարդու օրերը խոտի պես են. նա ծաղկում է ինչպես վայրի ծաղիկ: Երբ փչի քամին, նա կանհետանա, և նրա տեղն իսկ չի երևա» (Սաղմ. 102:15-17), նաև՝ «Նրանց տարիները տառապալից պիտի լինեն. առավոտյան խոտի պես պիտի բուսնեն, առավոտյան խոտի պես պիտի դալարեն ու ծաղկեն. երեկոյան պիտի թառամեն, չորանան ու ընկնեն» (Սաղմ. 89:5-7): Մեր ողջ կյանքը կարծես մեկ օր լինի, ինչպես օրն ունի առավոտ և երեկո, այդպես էլ մեր կյանքը՝ առավոտը մեր ծնունդն է, իսկ երեկոն՝ մահը: Մարդու կյանքը, Պետրոս առաքյալի խոսքի համաձայն, նման է խոտածաղկի. «Ամեն մարմին նման է խոտածաղկի, խոտը չորանում է, ծաղիկը թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ա Պետրոս 1:24):
Խոտն իր ծաղիկը ոչ թե դեպի երկիր, այլ դեպի երկինք է ուղղում՝ օրինակ ծառայելով մարդուն, որպեսզի նա էլ իր մտքերն ու ցանկությունները ուղղի ոչ թե դեպի երկիր, այլ դեպի երկինք՝ փնտրելով երկնայինը և ոչ երկրայինը: Եկեղեցու հայրերը նշում են, որ ծաղիկը նաև խոնարհություն է ուսուցանում՝ գեղեցիկ ու նուրբ են ծաղիկիները, բայց չկա ոչինչ՝ նրանցով հպարտանալու, նրանք մերը չեն, այլ Աստծունը: Այդպես և մարդը չի կարող ոչնչով հպարտանալ:
Շատերի համար հարյուր տարին երկարատև կյանք է, բայց Հեսուի որդի Սիրաքը այն համեմատում է մեկ կաթիլ ջրի հետ. «Մարդու օրերի թիվը ինչքան էլ շատ լինի, հարյուր տարի է: Ինչպես ջրի կաթիլը ծովի համեմատությամբ և խիճը՝ ավազի, այնպես էլ տարիներն են սակավ հավիտենական օրերի համեմատ» (Սիրաք 18:8): Կարճ է ժամանակավոր կյանքը՝ ի համեմատություն հավիտենական և անվերջանալի կյանքի: Անցողիկ կյանքը մարդը վայելում է որպես գեղեցիկ մի ծաղիկ՝ չմտածելով, որ այդ ծաղիկը շուտով կթոշնի:
Այսպիսով, ծաղիկները, որ ըստ եկեղեցու հայրերի, դրախտի մնացորդներն են երկրի վրա, ուսուցանում են, որ կյանքն անցողիկ է, որ պետք է հուսալ աստվածային նախախնամությանը և փնտրել ու սիրել երկնայինը և ոչ երկրայինը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը