Գրքեր

Քարոզ Գյուտ Խաչի

Զսրբոյ խաչին մեծ և կարող զօրութիւնն օգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:

Սուրբ խաչի մեծ և կարող զորությունը մեր անձերին իբրև օգնություն Տիրոջից խնդրենք (Ժամագիրք)

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի տոնը: Այն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից մեկն է և վերջինը: Սակայն կարելի է ասել, որ խաչի գյուտով է սկսվում խաչի փառաբանության մեկնարկը բոլոր դարերի ու ժամանակների քրիստոնյաների համար: Հրեաների չարակամությունն ու նենգությունը միայն Քրիստոսի խաչին գամելով չէր ավարտվել: Նրանք Քրիստոսի խաչը թաղել էին հողում և վրան Աֆրոդիտեի արձանը կանգնեցրել, որպեսզի հրաշքի դեպքում այն վերագրեին հեթանոսական չաստվածուհուն: Պատրոնիկե թագուհու հրամանով հանում են Հիսուսի և նրա հետ խաչված ավազակների խաչերը և մահացած աղջկա հարությամբ ճանաչում, թե որն է Քրիստոսի խաչը: Հակոբոս Տեառնեղբայրը այն դնում է Երուսաղեմի տաճարում: Բայց Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու մահից հետո հրեաները սպանում են Հակոբոսին, փրկչական խաչը թաղում Գողգոթայի մոտ և աղբ կուտակելով այդտեղ՝ վերածում են այն աղբանոցի: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, Երուսաղեմ է գնում Քրիստոսի խաչափայտը գտնելու նպատակով: Հուդա անունով մի հրեա գիտեր խաչի տեղը, բայց հրաժարվում է հայտնել թագուհուն: Վերջինս նրան բանտարկում է: Հրեան ցամաքած ջրհորի հատակում վեց օր քաղցած մնալուց հետո միայն հայտնում է խաչափայտի տեղը: Հեղինե թագուհին գտնում է երեք խաչափայտերն էլ: Երուսաղեմի Մակարիոս պատրիարքը Աստծուց նշան է հայցում Տերունական խաչը ճանաչելու համար: Խաչը հայտնաբերվում է մի հիվանդ կնոջ ապաքինմամբ և մահացած պատանու հարությամբ: Բազում հրեաներ, տեսնելով այդ հրաշքները, դարձի են գալիս, որոնց թվում նաև խաչափայտի տեղը ցույց տված Հուդան, որը հետագայում նահատակվում է հանուն Քրիստոսի անվան և մարտիրոսանում: Հեղինե թագուհին Գողգոթայի վրա կառուցում է Սուրբ Հարության տաճարը և այնտեղ բարձրացնում խաչը՝ ի խոնարհումն և հերկրպագություն հավատացելոց: Ահա այս կարևորագույն իրողություններից մեկը՝ Գողգոթայի աղբանոցից Աստծո Որդու խաչափայտի հայտնաբերումն ու գյուտն է տոնախմբում Քրիստոնեական եկեղեցին: Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում է խաչի գյուտ այնու, որ մարդ հստակ տեսնում է իրեն տրված և իր կրելիք խաչը: Այդ խաչը կարող է լինել հիվանդություն, մահտարաժամեր, տարերային աղետներ, բնության արհավիրքներ, աղքատություն, հարազատների կորուստ, սակայն երբեք ու երբեք գիտակից քրիստոնյայի համար այն դատապարտություն և դատավճիռ չէ: Քրիստոնյան սիրով և խոնարհությամբ է ընդունում իր խաչը՝ հնազանդվելով Տիրոջ կամքին, քանի որ վստահ է, որ խաչը տառապանք չէ, այլ՝ անցնելիք ճանապարհ: Խաչի գյուտն ու ճանապարհը ճշմարիտ քրիստոնյան անցնում է իր Տիրոջ հետ միասին, որի վերջին հանգրվանը կրկին իր Տիրոջ խոստացած օթևանն է: Եթե խաչը լիներ սոսկ անհույս տառապանք, մենք մեր աղոթքներում Ավետարանի հետ չէինք հիաշատակի նաև խաչը: Այսինքն՝ այն քրիստոնյայի համար ապավինություն է, զորություն ու հույս: Ասածիս վկայությունն են այն բազմաթիվ աղոթքներն ու շարականները, որոնցում մենք հիշատակում ենք խաչը՝ ապավինություն փնտրելով նրա հովանու ներքո. «Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց և կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ» (Սուրբ խաչով աղաչենք Տիրոջը, որ սրանով փրկի մեզ մեղքերից և պահի իր ողորմության շնորհով): «Լուսովդ Քո, Քրիստո՛ս, ամենեքեան լուսաւորեցաք և ի սուրբ խաչ Քո, Փրկի՛չ, հաւատացեալքս ապաւինեցաք» (Քո լույսով, Քրիստո՛ս, բոլորս լուսավորվեցինք և Քո սուրբ խաչին հավատացյալներս ապավինեցինք, Փրկի՛չ): «Տէ՛ր, ողորմեա՛ մեզ, զի ի խաչ Քո պարծելով պարծեցաք, և սա պահեսցէ զմեզ յերևելի և յաներևոյթ թշնամւոյն» (Տե՛ր, ողորմի՛ր մեզ, քանզի Քո խաչով պարծեցանք, և սա թող պահպանի մեզ երևելի և աներևույթ թշնամուց): «Մի՛ անտես առներ զապաւինեալս ի Քեզ, այլ պահեա՛ պատուական և սուրբ խաչիւ Քով ի խաղաղութեան» (Մի՛ անտեսիր Քեզ ապավինածիս, այլ Քո սուրբ և պատվական խաչով պահի՛ր խաղաղության մեջ): Խաչը մեզ հիշեցնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչելությունն ու տառապանքները՝ ի քավություն և ի թողություն մեր մեղքերի և ի փրկություն ողջ մեղավոր մարդկության: Խաչը նյութեղեն իր չէ միայն: Այն տեսանելի է, սակայն իր մեջ է պարփակում անտեսանելի մի ողջ գաղափարաբանություն: Խաչը մի ամբողջ կրոնական դավանաբանական խորհուրդ է կրում իր մեջ և խորհրդածության առիթ տալիս: Աստծո տնօրինության շրջանակներում այն իր նշանակալից տեղն ու դերն ունի մեր հավատքի կառուցման և հաստատման գործում: Ինչպես Քրիստոս խոստացավ իր աշակերտներին, որ սկզբում կտխրեն Իր խաչելությամբ և մահվամբ, հետո կուրախանան Իր հարությամբ, այդպես էլ խաչի ճանապարհն է: Սկզբում թվում է ծանր ու դժվարին, երբեմն նույնիսկ մարդու ուժերից էլ վեր, սակայն, ինչպես ասում է, Սուրբ Պողոս առաքյալը. «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանանք համբերել» (Կորնթացիներ 1:10-13): Խաչակրության առջևում հարության հույսն է, իսկ խաչելության ու խաչի ետևում՝ սպասված ու հուսացած բարիքների ու պարգևների փառաց պսակը: Սիրելի՛ հավատացյալներ, եկեք միասին աղոթենք ՝ ապավինելով նրա սուրբ և պատվական մեծ և կարող զորությանը. Մեր փրկության միջնորդ, ողջ աշխարհի հույսի գրավական, տիեզերքի ճառագայթավետ լույս, սիրո արեգակ, հույսի ապաստան, Աստուծո՝ մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշան, աստվածամուխ սուր՝ մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրոշմ, մեր հույսի ամուր ապաստան, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից և հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զորությամբ հավիտյանս հավիտենից. Ամեն: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

23.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․