Գրքեր

Սաղմոս ՃԻ

Աստիճանների օրհներգություններ

Նախորդի նման նույն ելքի խորհուրդն ունի, որոնք հույս ստանալով աղոթում էին՝ Դավթից սովորելով, որ թեև մարտադաշտում կռվում էր այլազգիների հետ, սակայն աչքերը վեր էր բարձրացնում դեպի ամուրհացիների լեռները, որտեղ Իսահակը փրկվեց խոյի շնորհիվ, և Սինա, որտեղ ժողովուրդը հաղթեց Ամաղեկին: Եվ գերին դարձի ժամանակ [դեպի] Աստծուն [է բարձրացնում աչքերն] ու ասում է.

1. Համբարձի զաչս իմ ի լերինս, ուստի եկեսցէ ինձ օգնութիւն:

Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա:

[Դեպի] Սիոն և Սամիրոն, որտեղից համարում էին, որ օգնություն [պիտի գա], որտեղից Ամբակումը հրեշտակի միջոցով գալիս ու ճաշ էր բերում Դանիելին: Մենք էլ ավելի ենք [բարձրացնում] քան երկիրն է և երկինքը երկրից, որտեղից եկավ և գալու է Հիսուսը՝ մեր տկարության օգնականը:

2. Օգնութիւն ինձ ի Տեառնէ եկեսցէ, որ արար զերկինս և զերկիր:

Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը:

[Տիրոջից], ասում է, որ կառուցեց այս տունը, որի առաստաղը երկինքն է, իսկ հատակը՝ երկիրը, որ ամեն ինչ կարող է և ամենուր է: Դարձյալ՝ եթե երկնքից հրեշտակ գա, կամ երկրից՝ մարգարե և առաքյալ կամ որևէ մարդ, Տիրոջից է օգնությունը, որ ստեղծեց մեզ՝ երկնավոր և երկրավոր՝ կապակցված երկուսով: Սուրբ Հոգին պատասխան է տալիս խնդրողին և ասում.

3. Մի՛ տուր ի սասանութիւն զոտն քո, և մի՛ ննջեսցէ պահապան քո:

Թող քո ոտքը չսասանվի, և քո պահապանը թող չննջի:

Թող քո ոտքը չսասանվի. վերին [ոտքը], որ դեպի երկինք է գնում, և ստորին ոտքը, որ քայլում է երկրի վրա: Թող մարմինդ մեղքի մեջ չընկնի ինչպես Կայենը, որ [երկրի վրա] երերման մեջ լինելու դատաստան ստացավ Տիրոջից: Եվ թող չննջի օգնականը, որ պահում է քեզ, այսինքն՝ որքան հնարավոր է, պակասություն մի՛ տուր, իսկ Տիրոջից [ստացած] ամեն ինչ կատարյալ է:

4. Որպէս ո՛չ ննջէ և ո՛չ ի քուն երթայ պահապանն Իսրայէլի:

Ինչպես չի ննջում և քուն չի մտնում պահապանն Իսրայելի:

Քանզի արթուն բնություն է, և գիտե, որ քո թշնամին չի ննջում կռվի դաշտում: Նաև Իսրայելի պահապանն է, որ Աստծուն է նայում, և ոչ թե կույրերին և երկրային կյանք սիրողներին, այլ նրանց, որոնց աչքերը դեպի գլուխն են ուղղված, այսինքն՝ ըստ Սողոմոնի՝ իմաստունների, և երաշխավորություն ստանալով՝ ասում է.

5. Տէր պահեսցէ զքեզ, և Տէր ընկալցի աջով ձեռամբն իւրով:

Տերը քեզ կպահպանի, Տերը քեզ կընդունի իր աջ ձեռքով:

Բաբելոնում և Երուսաղեմ ելնելիս, Տերը քեզ կպահի կասկածելի և փորձանքներով լի կյանքում, և այստեղից ելնելիս կընդունի իր աջով, իր աջ կողմում կդասի և գառների հետ կպսակի, և այդ ժամանակ կարող ես ասել Հիսուսի հետ. «Տե՛ր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» (Ղուկ. 23:46):

6. Արեգակն ի տուէ քեզ մի՛ մեղիցէ, և մի՛ լուսին ի գիշերի:

Ցերեկն Արեգակը քեզ չի վնասի, ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ:

Օնեի տունը, որ արեգակն է, և Արտեմիսինը, որ լուսնի տունն է, ուր և բոլոր հեթանոսները նվերներ են ուղարկում և խնդրում [չաստվածներին] կործանել քեզ [այսինքն՝ Իսրայելի ազգը]: Նաև Հոգին պարգևներ է խոստանում Եգիպտոսից ելնելու ժամանակ՝ ամպով հովանի լինել գիշեր ու ցերեկ, քանի որ լուսինն էլ խոնավությամբ հանդերձ վնասակար ջերմություն ունի: Արեգակը նաև սատանան է [խավարասեր արուսյակը], որ նախանձով նայեց Ադամին և երաշտի է մատնում նոսր հողում սերմանվածը: Եվ ոչ էլ լուսինը քեզ կվնասի, այսինքն՝ նեռը, որ ծագում է գիշերով, երբ նվաղում է պատվիրանի լույսը: Նորից՝ մարդկանց մեղքերի պատճառը ոչ թե ցերեկվա արեգակն է, այսինքն՝ Ավետարանը, և ոչ էլ լուսինը, որը գիշերվա օրենքն է, քանզի պակաս խրատ չտվեցին, այլ [նրանց] իրենց ազատ կամքով՝ կուրության և անհավատության պատճառով [մեղանչեցին]:

7. Տէր պահեսցէ զքեզ յամենայն չարէ, պահեսցէ Տէր զանձն քո:

Տերը քեզ կպահպանի ամեն չարիքից, Տերը կպահպանի քեզ:

Կրկնողությամբ ցույց է տալիս, որ չարը բազմակերպ է և բազմազավակ՝ բաժանում է զանազան մտավոր, հոգևոր և մարմնավոր փորձություններ ու ցավեր, և այդ ամենից միայն Նա կարող է պահպանել, շուրջբոլորը հրեղեն պարիսպ դառնալ: Եվ կրկնում է, որ կպահպանի քեզ դևերի օդային պատերազմից, երբ հրեշտակները հոգիներին իրենց տեղը տանեն:

8. Տէր պահեսցէ զմուտ և զել քո՝ յայսմ հետէ մինչև յաւիտեան:

Տերը կհսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետև մինչև հավիտյան:

Սրանով ամփոփում է ամբողջ կյանքը, որպեսզի ծննդյամբ աշխարհ գալով՝ զգուշանա վնասներից, և երբ մահվամբ ելնի՝ անխռով անցնի խավարային իշխանություններից: Դարձյալ՝ [կհսկի] Եգիպտոս և Բաբելոն մտնելը և դուրս գալը: Նաև առաքինության մեջ մտնելն է և մեղքից ազատվելը, և որ երբևիցե սասանվի ոտքը, հույսը չկտրի Աստծու արարչական և ծնողական սիրուց: Իսկ ի դեմս Դավթի՝ Հոգին նրան [այսպես է] ասում Սավուղի մոտ մտնելու և փղշտացիների վրա դուրս գալու ժամանակ:

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

20.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․