Գրքեր

Սաղմոս ՀԷ

Ի կատարած՝ իմաստություն Ասափի:

Տաղավարահարաց տոնին ամբողջ Իսրայելի առջև Դավիթն ասաց այս [սաղմոսը]՝ ի դեմս մեր Տիրոջ, որ ցույց է տալիս Աստծու բազում երախտիքները և նրանց անշնորհակալությունը: Ունի նաև Քրիստոսի խորհուրդը՝ եկեղեցու մեջ:

1. Նայեցարուք, ժողովուրդք, յօրէնս իմ. խոնարհեցուցէք զունկն ձեր ի բանս բերանոյ իմոյ:

Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դարձրեք իմ օրենքներին, և մոտեցրեք ձեր ականջները բերանիս խոսքերին:

Ոչ թե Դավիթն է օրենսդիրն, այլ՝ Տերը, որ ասաց. «Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին» (Մատթ. 5:21), այլ ես ձեզ իմ օրենքն եմ տալիս, ասում է, խոնարհեցրեք հեզությամբ ձեր ներքին ականջները. ով ականջ ունի լսելու, թող լսի:

2. Բացից առակաւ զբերան իմ, խօսեցայց զառակս ի սկզբանէ:

Առակով պիտի բացեմ բերանն իմ, սկզբից ևեթ առակներով պիտի խոսեմ:

Եվ Տերն էր դա, որ առանց առակի ոչինչ չէր խոսում: Պիտի խոսեմ. այն խորհրդի մասին, որ ի սկզբանե ծածկված էր:

3. Որպէս լուաք և ծանեաք զայս, և հարքն մեր պատմեցին մեզ:

Ինչպես լսեցինք ու իմացանք դրանք, և ինչպես մեր հայրերը պատմեցին մեզ:

Եկեղեցին է այսպես ասում, որ լսեց առաքյալների միջոցով:

4. Ոչինչ ծածկեցաւ յորդւոց նոցա յազգ յայլ, պատմել զօրհնութիւնս Տեառն, զզօրութիւն և զսքանչելիս իւր՝ զոր արա:

Մենք ոչինչ չթաքցրինք նրանց որդիներից, մյուս սերնդին պատմեցինք օրհնությունն ու զորությունը Տիրոջ և այն սքանչելագործությունները, որ նա արեց:

Առաքյալները իրենց աշակերտներից, և նրանք էլ՝ մյուսներից, մյուսներն էլ՝ մեզանից: Տիրոջ օրհնությունը, այսինքն՝ Հոր հայտնությունը և այն սքանչելագործությունները, որ ինքն արեց:

5. Հաստատեաց զվկայութիւն իւր առ Յակովբ, և օրէնս եդ ի վերայ Իսրայէլի:

Հակոբի համար հաստատեց իր վկայությունը, և օրենքներ դրեց Իսրայելի վրա:

Հակոբ ասելով նկատի ունի ամբողջ ժողովրդի, իսկ վկայություն՝ Մովսեսի օրենքը, հայտնի է, որ Տերը ոչ թե եկավ օրենքը լուծանելու, այլ՝ հաստատելու նոր օրենք՝ նոր Իսրայելի, ինչը ծածկված էր և հայտնի դարձավ:

6. Որինչ միանգամ պատուիրեաց հարցն մերոց, ցուցանել զայս որդւոց իւրեանց.

զի ծանիցեն յազգ յայլ:

Մեկ անգամ ընդմիշտ պատվիրելով մեր հայրերին, որ նրանք այդ բոլորը ցույց տան իրենց որդիներին, որ սովորեցնեն մյուս սերնդին:

Հայտնի է, որ գալու են հեթանոսները, բազում անգամներ ասաց սա Մովսեսի միջոցով, և Տերն էլ առաքյալներին ասաց. «Ուսուցանեցե՛ք… աշակերտ դարձրեք բոլոր ազգերին» (Մատթ. 28:19-20):

7. Որդիք, որ ծնանին, յարիցեն և պատմեսցեն զայս որդւոց իւրեանց, զի դիցեն առ Աստուած զյոյսս իւրեանց, և մի՛ մոռասցին զգործս Աստուծոյ:

Որդիները, որ ծնվելու են, պիտի ելնեն և պատմեն դա իրենց զավակներին, որպեսզի իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը:

Աստծու գործերը մարդիկ են և աշխարհը, հրեաներն ու հեթանոսները պիտի իմանան, որ Հիսուսն է Աստված, ինչպես որ ասում է.

8. Զպատուիրանս նորա խնդրելով խնդրեսցեն. և մի՛ եղիցին որպէս և հարք իւրեանց:

Հետևելով նրա պատվիրաններին, որ իրենց հայրերի պես չլինեն:

Հետևելով նորին, այլ ոչ թե Իսրայելին, որ պատվիրանազանց եղան:

9. Ազգ չար և դառնացօղ. ազգ որ ո՛չ ուղղեաց զսիրտ իւր, և ոչ հաստատեաց առ Աստուած զհոգի իւր:

Որ իրենց հայրերի պես չար և դառնացող ազգ չլինեն, ազգ, որ չուղղեց սիրտն իր, և իր հոգին չհաստատեց Աստծու վրա:

Գնալ Աստծու մոտ և նմանվել նրան: Հրեաներին և կռապաշտ հեթանոսներին թող չնմանվեն որդիները, որոնք հաստատվել են նոր կրոնի վրա:

10. Որդիք Եփրեմի լիաձիգք և պնդաձիգք, յաւուր պատերազմի կապարճս դարձուցին:

Եփրեմի որդիները ուժեղ աղեղնավորներ էին, բայց պատերազմի օրը իրենց կապարճները ետ դարձրին:

Որովհետև քաջ աղեղնավորներ էին, աղեղն ուժգին ձգում էին՝ պինդ և ամուր: Պատերազմի ժամանակ, եթե Աստված հաջողություն էր տալիս նրանց, կապարճներից դուրս էին թափում նետերը, և դադարեցնում էին, երբ ոչնչացնում էին թշնամուն, իսկ եթե չէր տալիս, ապա լի [նետերով] այնտեղից ետ էին բերում՝ փախչելով, և պատահում էր, որ փախչելուց թշնամիներին էին թողնում: Եփրեմի ցեղից էր Ռոբովամը, որ հորթ պատրաստեց, և Աքայաբը:

11. Ո՛չ կացին նոքա յուխտի Տեառն. և ըստ իրաւանց նորա ո՛չ կամեցան գնալ:

Նրանք չմնացին Տիրոջ ուխտի մեջ և չուզեցին ընթանալ ըստ նրա օրենքների:

Որ ասացին, թե Տիրոջ ասած ամեն ինչը կլսենք և կկատարենք: Հեշտ էր, միայն ցանկություն էր պետք:

12. Մոռացան զերախտիս նորա, և զսքանչելիսն, զոր եցոյց նոցա:

Մոռացան նրա երախտիքներն ու այն սքանչելագործությունները, որ գործեց:

Եգիպտոսում արված երախտիքները:

13. Առաջի հարց նոցա, զոր արար զսքանչելիս իւր, յերկրին եգիպտացւոց և դաշտին Տայանու:

Նրանց հայրերի առջև, եգիպտացիների երկրում և Տայանի դաշտում:

Մոռացան նրա երախտիքները, [որ կատարվեցին] Տայանի դաշտի մոտ՝ Կարմիր ծովի եզրին, որտեղ եփրեմյաններն էին առաջնորդ՝ ամեն տեսակ հակառակություններով:

14. Հերձ զծովն և անցոյց զնոսա, կացոյց զջուրսն որպէս ի տիկս:

Նա ճեղքեց ծովը և անցկացրեց նրանց, ջրերը պահեց ինչպես տիկերի մեջ:

Մկրտության դրոշմով, որով, ինչպես տիկերի մեջ, կապվում է սատանան, որպեսզի չկարողանա ապականել մկրտության շնորհները:

15. Առաջնորդեաց նոցա ամպով ի տուէ. և զամենայն գիշեր ի լոյս հրոյ:

Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց, իսկ ողջ գիշերը՝ հրեղեն լույսով:

Ամպը Հոգին է, լույսը՝ հուրը, հրեղեն լեզուները, որ Հոգուց են, որտեղ չկա մեղքերի գիշեր:

16. Հերձ զվէմն յանապատի, և ետ ըմպել նոցա որպէս ի խորոյ մեծէ:

Պատռեց ժայռն անապատում, և նրանց խմցրեց ինչպես մեծ անդնդից:

Տիրոջ կողի խոցման խորհուրդն ունի, ինչպես մեծ անդունդ, որը երբեք չի սպառվում:

17. Հան զջուրսն ի վեմէն. և հոսեաց որպէս զգետս զջուրսն:

Ժայռից ջուր բխեցրեց, և ջրերը հոսեցրեց գետերի պես:

Վարդապետությունը որպես գետ, ինչպես որ ասաց. «Նրա ներսից գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:38):

18. Սակայն յաւելին ի մեղանչել. և ևս բարկացուցին զԲարձրեալն յանջրդի:

Սակայն նրանք շարունակեցին մեղանչել, և ավելի ևս բարկացրին Բարձրյալին անապատում:

Տիրոջը խաչ հանելուց հետո էլ բարկացրին, քանզի անջուր մնացին առաքյալների վարդապետությունից:

19. Փորձեցին զԱստուած ի սիրտս իւրեանց, ի խնդրել զկերակուր անձանց իւրեանց:

Փորձեցին Աստծուն իրենց սրտերում՝ կերակուր խնդրելով իրենց համար:

Ինչպես որ Տիրոջն էին ասում. «Ի՞նչ նշան կանես, որ տեսնենք… մեր հայրերը անապատում մանանան կերան» (Հովհ. 6:30-31):

20. Տրտնջեցին զԱստուծոյ և ասացին, միթէ կարօ՞ղ իցէ Աստուած պատրաստել սեղան յանապատի:

Տրտնջացին Աստծուց ու ասացին. «Միթե Աստված կարո՞ղ է սեղան պատրաստել անապատում»:

Ամեն ջուր ժայռից է բխում, ասացին, ի՞նչ նորություն կա այստեղ: Եվ մանանայի մասին էլ ասացին, թե ի՞նչ է այս դատարկ հացը:

21. Քանզի հարկանէր զվէմն՝ և հոսէին ջուրք, և վտակք խաղային ի նմանէ:

Ճիշտ է, որ նա հարվածեց ժայռին, և ջրեր հոսեցին ու վտակներ բխեցին դրանից:

[Հարվածեց] գավազանով, և վտակներ բխեցին:

22. Աղէ՞ հաց ևս կարասցէ տալ նա մեզ. կամ պատրաստեսցէ՞ սեղան ժողովրդեան իւրոյ:

Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ կամ իր ժողովրդի համար սեղան պատրաստել:

Եթե կարողանում է մեզ այս տալ, ապա կարող է նաև ցորենից պատրաստված հաց էլ տալ մեզ, որ հավատանք:

23. Վասն այսորիկ լուաւ զայս Տէր, և յապաղեաց. հուր բորբոքեցաւ ի Յակովբ. և բարկութիւն ել ի վերայ Իսրայէլի:

Դրա համար էլ Տերը լսեց այս և հապաղեց. հուր բորբոքվեց Հակոբի սերնդի մեջ, և բարկություն իջավ Իսրայելի վրա:

Հապաղեց ավետյաց երկիր մտնելը՝ քառասուն տարի: Հուր բորբոքվեց, հայտնի է անապատում այդ վայրը, որ կոչվեց Հրայրեաց, և սրանից բորբոքվեց Տիրոջ նախանձախնդրության հուրը, և բարկության՝ հռոմեացիների միջոցով:

24. Զի ո՛չ հաւատացին յԱստուած, և ո՛չ յուսացան ի փրկութիւն նորա:

Նրանք Աստծուն չհավատացին ու հույս չդրին նրա փրկության վրա:

Կարծես թե հեշտ էր այդքան հրաշքներ [գործելը], և հույսները չդրեցին նրա վրա:

25. Հրաման ետ ամպոց ի վերուստ, զդրունս երկնից եբաց. և տեղեաց ի նոսա մանանայ ի կերակուր:

Տերը վերևից հրաման տվեց ամպերին ու բացեց դռները երկնքի: Եվ մանանա տեղացրեց նրանց վրա որպես կերակուր:

Տարերքները Աստծու մառաններն են, երբ ցանկանում է, բացում է և դուրս հանում: Երկրի վրա կարծր վեմը ամպի պես դարձրեց, և երկինքը ցորենի նման մշակելով՝ մանանա հոսեցրեց:

26. Զհաց երկնից ետ նոցա, զհազ հրեշտակաց կերան մարդիկ. և իջոյց ի նոսա կերակուր ի լիութիւն:

Երկնային հաց տվեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան. և նա լիուլի ուտելիք իջեցրեց նրանց համար:

Ոչ թե երկնային, այլ՝ երկրի մթնոլորտի, ինչը գրքերում երկինք է կոչվում: Հրեշտակների հացը. որը կամ հրեշտակային մաքրություն էր վայելում կամ էլ հրեշտակների միջոցով էր տրվել, և օրինակն էր այն հացի, որ երկնքից իջնելով կյանք տվեց աշխարհին: Նա լիուլի ուտելիք իջեցրեց նրանց համար. առավել, քան պետք էր:

27. Հան զհողմ հարաւոյ, և ած զօրութեամբ իւրով զհիւսիսիւ:

Հանեց հարավի հողմը, և իր զորությամբ բերեց հյուսիսի կողմը:

Մեկով լորամարգիներ էր տալիս, մյուսով՝ դադարեցնում:

28. Տեղեաց ի նոսա միս որպէս զհող, որպէս զաւազ ծովու զթռչունս թևաւորս:

Նրանց վրա հողի պես միս տեղացրեց, և ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ:

Քանի որ մսի տեղ խոզի միս ցանկացան, ապա տվեց նրանց նաև այն, ինչ դրանց համն ու պարարտությունն ուներ:

29. Արկ ի մէջ բանակի նոցա, և շուրջ զվրանօք նոցա:

Նա դրանց նետեց նրանց բանակատեղիի մեջ և նրանց վրանների շուրջը:

Որպեսզի հեռու չլինի իրենցից և ջանք չգործադրեն:

30. Կերան և յագեցան յոյժ. զցանկութիւն նոցա ետ նոցա. և ոչինչ կարօտ եղեն ի ցանկութենէ իւրեանց:

Կերան և լիապես հագեցան, իրենց ցանկացածը տվեց նրանց: Եվ նրանք իրենց ցանկությունից ոչնչով զուրկ չմնացին:

Հայտնի է, որ ըստ բարի ցանկության փոփոխվում էր մանանայի որակն ու համը, և լորամարգը լրացնում էր խոզի մսի ցանկության պահանջը:

31. Մինչդեռ կերակուրք ի բերանս իւրեանց էին, բարկութիւն յԱստուծոյ ել ի վերա նոցա:

Մինչ դեռ կերակուրն իրենց բերանում էր, Աստծու բարկությունը իջավ նրանց վրա:

Քանզի տրտնջալով և առանց գոհանալու էին ուտում, և ցանկանում էին Եգիպտոս վերադառնալ:

32. Սպան զբազումս ի նոցանէ. և զընտիր ընտիրս յԻսրայէլէ սատակեաց:

Նրանցից շատերին նա սպանեց և Իսրայելի ընտրյալներին ոչնչացրեց:

Ազնվականներից և իշխաններից՝ կորխեաններին ու դադանյաններին:

33. Յայսմ ամենայնի մեղան և ևս. ո՛չ հաւատացին սքանչելեաց նորա:

Հակառակ այս բոլորի, նրանք նորից մեղանչեցին ու չհավատացին նրա հրաշագործություններին:

Զարմանում է Հոգին, ուստի սա նշանակում է նաև, որ Քրիստոսի գալստյան ժամանակ շատերն անպատրաստ կգտնվեն, ինչպես որ այնտեղ՝ զոհը ձեռքներին և այլ զազրելի մեղքերով, տրտունջը բերաններին և հանկարծակի վրա է հասնում [Աստծու] բարկությունը, ինչպես հղի կնոջ ծննդաբերության ցավերը, քանզի ասում է, թե ավելի շատ [մեղանչեցին]:

34. Պակասեցան յունայնութեան աւուրք նոցա. և ամք նոցա փութապէս անցին:

Նրանց օրերն ունայնաբար սպառվեցին, և նրանց տարիներն արագ անցան:

Ունայն՝ բարուց զուրկ, և նրանց տարիներն արագ անցան. տարիներն ամսվա պես էր անցնում, իսկ ամիսը շաբաթի պես էր անցնում, շաբաթն էլ՝ օրվա:

35. Յորժամ սպանանէր զնոսա, խնդրէին զնա. դառնային և առաւօտ առնէին առ Աստուած:

Երբ Տերը սպանում էր նրանց, նրանք փնտրում էին իրեն, դարձի էին գալիս և փութով դիմում էին Աստծուն:

Ինչպես չար ծառաներ, քանզի որդիներ չդարձան: Աստծուն և Մովսեսին էին դիմում առավոտից մինչև երեկո և գիշերվանից մինչև մյուս առավոտ, կարծես թե այսուհետև նոր խոստանում էին սկսել անսխալ առաքինությամբ ընթանալ:

36. Յիշեցին՝ զի Աստուած օգնական էր նոցա. Աստուած Բարձրեալ փրկիչ էր նոցա:

Նրանք հիշեցին, որ Աստված իրենց օգնականն էր, Բարձրյալն Աստված փրկիչն էր իրենց:

Առերևույթ էին հիշում, և, իհարկե, վշտերի ժամանակ:

37. Սիրեցին զնա բերանօք իւրեանց, և լեզուօք իւրեանց ստեցին նմա. սիրտք նոցա ո՛չ էին ուղիղ ընդ նմա, և ո՛չ հաւատացին ուխտի նորա:

Սիրեցին նրանք իրենց բերաններով, բայց իրենց լեզուներով ստեցին նրան: Նրանց սրտերը շիտակ չէին նրա հանդեպ, և նրանք չհավատացին նրա ուխտին:

Լեզուներին օրհնություն էր, իսկ սրտներում՝ անեծք, ըստ այդմ էլ ասում է. «Իմ ժողովուրդը շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից» (Ես. 29:13):

38. Այլ նա ինքն գթած էր, քաւէր զմեղս նոցա՝ և ո՛չ ապականէր:

Բայց ինքը գթասիրտ էր, քավություն էր տալիս նրանց մեղքերին ու չէր կործանում նրանց:

Գթասիրտ էր, որովհետև Հայր էր, քավություն էր տալիս, թեև ի սրտե չէին խնդրում:

39. Յաճախէր դարձուցանել զբարկութիւն իւր. և ոչ բորբոքեաց զամենայն սրտմտութիւն իւր:

Հաճախ զսպում էր իր բարկությունը և չէր թափում իր ողջ զայրույթը:

Միջոցներ էր հնարում [գուցե դարձի գային]:

40. Յիշեաց, թէ մարմին են նոքա. հոգի, որ ելանէ՝ այլ ո՛չ ևս դառնայ:

Հիշում էր, որ նրանք մարմին են՝ շունչ, որ, դուրս ելնելով, այլևս ետ չի դառնում:

Տկար մարմին, և շունչ, որ մահվանից հետո այս կյանքին այլևս չի դառնում, քանզի այստեղ է ապաշխարության վայրը այս կյանքի համար:

41. Քանի՞ցս անգամ դառնացուցին զնա յանապատի. և բարկացուցին զԲարձրեալն յանջրդի:

Քանի՜-քանի՜ անգամ դառնացրին նրան անապատում, բարկացրին Բարձրյալին անջրդի վայրում:

Թիվ ու համար չկա: Դառնացրին, հայհոյում էին, երբ մի փոքր ուշանում էր վեմից [ջուր բխելը], ինչն ընթանում էր նրանց ճանապարհով:

42. Դարձան և փորձեցին զԱստուած. և զսուրբն Իսրայէլի զայրացուցին:

Վերադարձան և փորձեցին Աստծուն, և Իսրայելի սրբին զայրացրին:

Սրտով Եգիպտոս [վերադարձան], և Իսրայելի սրբին զայրացրին, որ սուրբ է բարկությունից և կրքերից:

43. Ո՛չ յիշեցին զձեռն նորա. յաւուր յորում փրկեաց զնոսա ի ձեռաց նեղչաց նոցա:

Չհիշեցին նրա ձեռքը, ձեռք, որ մի օր փրկեց նրանց իրենց նեղողներից:

[Այդ դեպքերից] երկար ժամանակ չէր անցել:

44. Որպէս արար զնշանս՝ և զարուեստս իւր յերկրին եգիպտացւոց, և ի դաշտին Տայանու:

Չհիշեցին, թե նա ինչպես սքանչելիքներ ու զարմանահրաշ գործեր արեց եգիպտացիների երկրում և Տայանի դաշտում:

Խոսքով սքանչելիքներ էր գործում, և ձեռքով՝ զարմանահրաշ գործեր:

45. Դարձոյց յարիւն զգետս նոցա, և զանձրև նոցա, զի մի՛ արբցին:

Նրանց գետերն ու անձրևներն արյուն դարձրեց, որ չխմեն:

Տղաների արյունն էր տալիս նրանց խմելու, և երկնքից թափած անձրևը վկայում էր, որ Աստծու առջև մեղանչեցին, ուստի այլ կերպ չէր կարող այնտեղից անձրև գալ, եթե  ոչ հրաշքով:

46. Առաքեաց ի նոսա շանաճանճ և եկեր զնոսա, և գորտիւ ապականեաց զնոսա:

Նրանց վրա շնաճանճեր ուղարկեց, որոնք հոշոտեցին նրանց, և գորտերով նրանց ապականեց:

Որովհետև եգիպտացիները շան պես կատաղած էին իսրայելացիների վրա:

47. Ետ ժանգոյ զպտուղ նոցա, և զվաստակս նոցա մարախոյ:

Նրանց բերքը որդնոտության մատնեց, և նրանց վաստակը բաժին դարձրեց մարախի:

Որովհետև նրանց միտքը լեցուն էր նենգության ժանգով:

48. Հար կարկտիւ զայգիս նոցա, և զթզենիս նոցա եղեմամբ:

Նրանց այգիները կարկտահար արեց, և նրանց թզենիները ծածկեց եղյամով:

Քանզի աստվածապաշտներին խիստ խոսքերով քարկոծում էին:

49. Մատնեաց ի կարկուտ զանասունս նոցա. և զստացուածս նոցա հրով դատեցաւ:

Նրանց անասուններին կարկտահար արեց, և նրանց ունեցվածքը հրո ճարակ դարձրեց:

Որովհետև Աստծու փոխարեն կենդանիներին էին պաշտում, և կարկուտի միջից կրակ էր ելնում և այրում ու ոչնչացնում էր կարկուտից զերծ մնացածներին:

50. Առաքեաց ի նոսա զսրտմտութիւն բարկութեան իւրոյ, զսրտմտութիւն՝ բարկութիւն և զնեղութիւն:

Նրանց դեմ ուղարկեց իր սաստիկ սրտմտությունը, սրտմտությունը՝ զայրույթն ու անձկությունը:

Բարկություն՝ խոսքով, իսկ սրտմտություն՝ գործով, քանզի իրենց սրտերն ու խորհուրդները չարչարվում էին նրանց ահ ու երկյուղով:

51. Առաքեաց ի նոսա տանջանս՝ ի ձեռն հրեշտակի չարի, դիմեցոյց ի նոսա զսրտմտութիւն բարկութեան իւրոյ:

Չար հրեշտակի ձեռքով տանջանքներ ուղարկեց նրանց վրա: Նրանց վրա թափեց իր սաստիկ սրտմտությունը:

Ոչ թե հրեշտակն էր չար, այլ՝ գործի պատճառով դաժան ու ահարկու էր կոչվում:

52. Ո՛չ անխայեաց ի մահուանէ զանձինս նոցա. և զանասունս նոցա ի մահ մատնեաց:

Նրանց հոգին զերծ չպահեց մահվանից, և կոտորեց նրանց անասունները:

Ովքեր մեռած էին Աստծու համար:

53. Եհար զամենայն անդրանիկս եգիպտացւոց, զսկիզբն ամենայն վաստակոց նոցա ի յարկս Քամայ:

Նա հարվածեց Եգիպտոսի բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց վաստակի առաջնեկներին Քամի վրանների տակ:

Մարդկանց և անասուններին, որովհետև աստվածպաշտության անդրանիկ խորհուրդը սպանեցին իրենց հոգիներում, քանզի Մեստրեմը Քամի [սերնդից] էր:

54. Հորդան ետ որպէս խաշին ժողովրդեան իւրոյ. և եհան զնոսա որպէս հօտ յանապատ:

Իր ժողովրդին քշեց ոչխարների պես, և ինչպես հոտ նրանց հանեց անապատ:

Առաջ քշեց հոտին ծովի մոտ գտնվող լայն ճանապարհով, և կարծես աղաձայն լսելով՝ առաջ շարժվեցին:

55. Առաջնորդեաց նոցա յուսով, և ո՛չ երկեան, և զթշնամիս նոցա ծով ծածկեաց:

Նրանց առաջնորդեց հույսով՝ և նրանք չվախեցան, և ծովը ծածկեց նրանց թշնամիներին:

Հույս տվեց, որ եթե այս ամենն արեց, ապա ոչ մի անկարելի բան իր համար չկա:

56. Եհան զնոսա ի լեառն սրբութեան իւրոյ, լեառն այն՝ զոր ստացեալ էր աջոյ նորա:

Նրանց բարձրացրեց իր սուրբ լեռը՝ լեռն այն, որ իր աջն էր նվաճել:

Նկատի ունի Սիոն լեռը, որ ստեղծել էր, և նաև ստացել Աբրահամի ու Հակոբի միջոցով՝ քանանացիներից, նաև ստացել էր Հեսուի միջոցով հարվածելով:

57. Մերժեաց յերեսաց նոցա զհեթանոսս. վիճակեցոյց ի նոսա զվիճակ ժառանգութեան իւրոյ, և բնակեցոյց ի յարկս նոցա զազգն Իսրայէլի:

Նրանց առջևից վանեց հեթանոսներին, իր ժառանգությունից բաժին բաշխեց նրանց և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց վրաններում:

Քանանացիներին ոչնչացնելով, և երկիրը որպես ժառանգություն տվեց նրանց:

58. Փորձեցին՝ դառնացուցին զԱստուած Բարձրեալն, և զվկայութիւն նորա ո՛չ պահեցին:

Նրանք փորձեցին, դառնացրին Բարձրյալ Աստծուն ու նրա վկայությունը չպահեցին:

Այդ պատճառով էլ նրանց կոչեց «դառնացնողների տուն» (Եզեկ. 2:5), և նրանց ասաց, թե մի՛ եղեք ձեր հայրերի պես անզգամ:

59. Դարձան խոտորեցան որպէս և հարք իւրեանց, դարձան՝ և եղեն որպէս զաղեղն թիւր:

Դարձյալ խոտորվեցին ինչպես իրենց հայրերը, դարձյալ նմանվեցին ծուռ աղեղի:

Ինչպես անապատում: Աղեղի կազմությունն է այդպես, իսկ նրանք ծուռ եղան կամավոր:

60. Դարձան բարկացուցին զնա ի բագինս իւրեանց. և դրօշելովք իւրեանց նախանձ արկին նմա:

61. Լուաւ Աստուած, և արհամարհեաց զնոսա. և անարգեաց յոյժ զԻսրայէլ:

Դարձան բարկացրեցին նրան իրենց բագիններով, և իրենց կուռքերով շարժեցին նախանձը նրա: Լսեց Աստված ու զայրացավ նրանց վրա, և խիստ անարգեց Իսրայելը:

Կուռքերի պատկերը կանգնեցրին: Շարժեցին նախանձը նրա, ինչպես մի կին, որ այլ տղամարդկանց հետ է գնում, և նրա պատճառով նրանք նույնպես սաստիկ անարգվում են:

62. Մերժեաց յիւրմէ զխորանն ի Սելով. խորան, զոր բնակեցոյց ի մէջ մարդկան:

Մերժեց նա խորանը Սելովի, խորանն այն, որ հաստատել էր մարդկանց մեջ:

[Մերժեց այն խորանը], որով ինքն էր բնակվել մարդկանց մեջ, Հեղիի որդիների մեղքերի պատճառով այլազգիները գերեցին Հովսեփի բաժնից, և վերադարձավ [տապանակը] գեթացի Աբեդդարի տուն:

63. Մատնեաց ի գերութիւն զզօրութիւն նոցա. և զգեղ նոցա ի ձեռս թշնամեաց նոցա:

Նրանց զորությունը գերության մատնեց, իսկ նրանց գեղեցկությունն՝ իրենց թշնամիների ձեռքը:

Արդարև, նրանց զորությունն ու գեղեցկությունը, որ տապանակն էր, թշնամիների՝ փղշտացիների ձեռքը մատնեց:

64. Արգել ի սուր զժողովուրդ իւր. և զժառանգութիւն իւր անտես արար:

Իր ժողովրդին սրի մատնեց և անտեսեց իր իսկ ժառանգությունը:

Խանգարեց՝ չթողեց փախչել, մինչև որ Իսրայելի բանակից սրախողխող եղան երեսուն հազար մարդ:

65. Զերիտասարդս նոցա եկեր հուր, և վասն կուսանաց նոցա ոչ ո՛ք սգացաւ:

Նրանց երիտասարդներին հուրը լափեց, և նրանց կույսերի համար ոչ ոք չսգաց:

Հուրը լափեց, այսինքն՝ Աստծու բարկությունը, և նրանց կույսերի համար, որ խայտառակվեցին, ոչ ոք չսգաց՝ չափսոսացին, և չար համարվեցին Աստծու կողմից:

66. Քահանայք նոցա անկան ի սուր. և զայրիս նոցա ոչ ո՛ք էր՝ որ լայր:

Նրանց քահանաները սրի քաշվեցին, և նրանց այրիներին ոչ ոք չվշտակցեց:

[Քահանաներ] Օփնին և Փենեեսը, և նրանց այրիներին ոչ ոք չվշտակցեց, քանզի յուրաքանչյուրն իր տան մեջ սուգ ուներ, և Հեղիի [հարսը], երբ ծննդաբերեց, և մեռնում էր, [մանկանը] «Վայ քաբոթ» կոչեցին, որը նշանակում է. «Իսրայելի փառքը վերացավ» (Ա. Թագ. 4:21-22):

67. Զարթեաւ որպէս ի քնոյ Տէր, որպէս հզօր, զի թափէ զգինի:

Տերը կարծես քնից արթնացավ, ինչպես գինուց սթափվող հսկա:

Համբերատար լինելու համար է վրեժ լուծում: Հսկա, որ սթափվում է բարկության ցասումից: Եվ նորից, ոչ թե բարկությամբ է հարբաց, այլ, ինչպես մի հսկա, որը չի հաղթում արբեցությամբ, կամ սթափվելուց հետո նոր միայն դատաստան տեսնում, այլ՝ արդարությամբ է հատուցում:

68. Եհար յետս զթշնամիս իւր, նախատինս յաւիտենից արար զնոսա:

Նա թշնամիներին ետ շպրտեց՝ հավիտենական նախատինք տալով նրանց:

Հրեաներին՝ հավիտենական նախատիք տալով, ինչպես որ են իսկապես:

69. Մերժեաց նա զխորանն Յովսեփու, և զազգն Եփրեմի նա ո՛չ ընտրեաց:

Մերժեց նա խորանը Հովսեփի, և Եփրեմի ցեղին նա չընտրեց:

Որ ամեն տեսակ չարիքի առաջնորդ դարձան:

70. Այլ ընտրեաց նա զազգն Յուդայ. զլեառն Սիովն, զոր և սիրեաց:

Այլ նա ընտրեց Հուդայի ցեղին, լեռը Սիոնի, որը և սիրեց:

Ում որ խոստացել էր, և որից էլ ծնվելու էր Տերը: Լեռը Սիոնի, որի վրա խաչվեց, և սիրեց այդ վայրը:

71. Շինեաց որպէս միեղջերոյ զսրբութիւն նորա, յերկրի հաստատեաց զնա յաւիտեան:

Նրա սրբարանը շինեց միեղջերուի նմանությամբ՝ հավիտյան գետնի վրա հաստատելով այն:

Միապետական թագավորությունը շինեց միեղջերուի նմանությամբ, ինչպես որ նա մի եղջյուր ունի և անհաղթ կենդանի է, ինչը խորհրդանշում է նրա համազոր աստվածությունը, նրա սրբությունը Ուռնայի կալում, որտեղ Դավիթը ուխտ հաստատեց Աստծու հետ և սեղան կառուցեց, այն ընդունեց Աստված և հաստատեց Սողոմոնի միջոցով, մինչև որ Դավթի բնությունից մարմին առավ և իր աստվածությամբ հաստատեց սրբությունը հավիտյան:

72. Ընտրեաց զԴավիթ ծառայ իւր, և ընկալաւ զնա ի հօտէ խաշանց, ի վերջին ծնելոցն ընկալաւ զնա:

Ընտրեց Դավթին՝ իր ծառային, և նրան դուրս քաշեց ոչխարների հոտից: Նորածին գառների միջից վերցրեց նրան:

Նախապես իմանալով նրա լավ լինելը, որ թեև մեղանչեց, սակայն սիրուց չհեռացավ: Ոչխարների հոտից, չանարգեց նրան իբրև աղքատի: Նորածին գառների միջից վերցրեց՝ վերջնածին գառներին էր արածեցնում:

73. Հովուել զՅակովբ ծառայ իւր, և զԻսրայէլ ժառանգութիւն իւր:

Որ հովվի իր ծառա Հակոբի ցեղին և իր ժառանգությունը՝ Իսրայելը:

Իր հովվության խորհրդանիշն էր:

74. Արածէր զնոսա իմաստութեամբ սրտի իւրոյ, յանմեղութիւն ձեռաց իւրոց առաջնորդէր նոցա:

Նա արածեցնում էր նրանց իր սրտի իմաստությամբ, իր անմեղունակ ձեռքերով առաջնորդում էր նրանց:

Ոչնչացնում էր երկրի վրայի կուռքերին, աստվածպաշտություն էր սովորեցնում, երգով և սաղմոսով էր լցնում նրանց հոգիները, Տիրոջ օրինակն էր հանդիսանում, որ մասամբ իրենից էր [Դավթի սերնդից]: Եվ անմեղունակ ձեռքերով առաջնորդում էր. իր մոտ հավաքելով աշխատողներին և ծանրաբեռնվածներին, որոնց հետ նաև մեզ հանգստություն պարգևի իր արքայությունում, և նրանց փառք հավիտյանս. ամեն:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

17.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․