22 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Սաղմոս ԻԲ

Ի կատարած. սաղմոս Դավթի

Նույն դեմքն է, ինչ նախորդ սաղմոսինն էր, քանզի Փրկչի չարչարանքների միջոցով նաև կերակրողն է այստեղ հովիվ կոչվում, ըստ իր այն պատգամի, թե «Ես եմ լավ հովիվը» (Հովհ. 10:11):

1. Տէր հովուեսցէ զիս. և ինձ ինչ ո՛չ պակասեսցի: Ի վայրի դալարւոջ՝ անդ բնակեցոյց զիս և առ ջուրս հանգստեան սնոյց զիս:

Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի: Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց:

Այսինքն՝ Հիսուս Քրիստոսը: Հակառակ այն բանի, որ ասաց. «Մահը պիտի հովվի նրանց» (Սաղմ. 48:15): Եվ ինձ ոչինչ չի պակասի, որովհետև ասաց. «Ես եմ քո ամենակարող Աստվածը» (Ծննդ. 35:11), նաև «Հոգ մի՛ արեք ձեր հոգու համար, թե ինչ եք ուտելու… կամ ինչ եք հագնելու (Ղուկ. 12:22): Դալար վայրերում. ըստ Սուրբ Գրքի վարդապետության, թե «ո՞ւր ես քո հոտը հովվում, ո՞ւր ես հանգստի տանում միջօրեին» (Երգ. Երգոց 1:6): Հանդարտ ջրերի մոտ. ավազանն է հանդարտեցնող կոչվում մեղքով ծանրաբեռնվածների համար, ովքեր մանկանալով, այնուհետև սկսում են սնվել հոգևոր կաթով: Նույն Տերն է, որ նախ հովվեց Իսրայելին Սինայի անապատում մանանայով և ժայռից բխող ջրով հագեցրեց: Այնտեղ բնակեցրեց. հավատքը և եկեղեցին՝ դրախտի փոխարեն: Ջրերի մոտ. ինչպես որ ասում է Տերը. «Նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:38):

2. Դարձոյց զանձն իմ առ իս. և առաջնորդեաց ինձ ի ճանապարհս արդարութեան վասն անուան իւրոյ:

Ինձ դեպի իմ անձը դարձրեց, հանուն իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով:

Չարիքների հաճախականության պատճառով հոգին դեպի միտքն է դառնում: Նորից, երբ հոգին ետ է վերադառնում, հոգեդարձ է կատարվում, որովհետև քաջ հովվի մոտ ենք վերադառնում՝ հարության հույս ունենալով, որ հոգին նորից մարմնին կվերադառնա, որովհետև Սուրբ Հոգին որպես գրավ վերցնելով ադամական շնորհները, վերադարձավ դեպի վերափչողը: Առաջնորդեց ինձ, ինչպես որ ասում է, թե ինքն է ճանապարհը: Հանուն իր անվան.  քանզի նրա վրա դրեց բոլոր փրկարար անունները. լույս, ճանապարհ, կյանք, զորություն և արդարություն, որովհետև արդարությամբ ենք գնում նրա մոտ:

3. Թէպէտ և գնացից ես ի մէջ ստուերաց մահու, ո՛չ երկեայց ի չարէ, զի դու, Տէր, ընդ իս ես:

Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես:

Մահվան ստվեր է գերեզմանը, ստվեր, այլ ոչ թե իրական մահ: Չեմ վախենա չարից. թե նա կարող է ինձ այնտեղ փակել, քանզի դու, Տեր, ինձ հետ ես՝ կենաց վարձատրությամբ:

Ցուպ քո և գաւազան՝ նոքա մխիթարեսցեն զիս:

4. Պատրաստ արարեր առաջի իմ սեղան ակն յանդիման նեղչաց իմոց:

Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն:

Իմ առջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց:

Ցուպը խաչն է, գավազանը՝ ուղղիչ Ավետարանը: Դարձյալ ցուպը հավատքն է, որով պատժվում է գազանը: Գավազանը հույսն է, որով փրկվեցինք՝ հենվելով նրա վրա և հուսալով մեր փրկությունը: Դրանք ինձ կմխիթարեն. մահկանացու բնությունս սգալու ժամանակ: Նորից ցուպն ու գավազանը Տիրոջ գերեզման և դժոխք գնալն են խորհրդանշում, քանզի դրանով ենք մխիթարվում և աներկյուղ մնում մահվան ստվերների մեջ: Իմ առջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց, որից զարհուրելով ահաբեկվում են դևերը:

Օծեր իւղով զգլուխ իմ. բաժակ քո որպէս անապակ արբեցոյց զիս:

Գլուխս յուղով օծեցիր, և քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պես:

Ինչպես որ Հորդանանում Տերն օծվեց Հոգու միջոցով: Եվ նորից Սուրբ Հոգու պարգևներով՝ մեր միտքը: Քո բաժակն այն սերն է, որով մահու չափ սիրեցիր ինձ, անխառն սիրով լցված, թե կմեռնեմ քեզ համար՝ որևէ կիրք չունենալով հադերձ: Դա նման է այն սիրուն, որով արբեցած՝ ուրախությամբ ճաշակեց խաչը:

5. Ողորմութիւն քո, Տէր, զհետ իմ եկեսցէ՝ զամենայն աւուրս կենաց իմոց, բնակեալ ինձ ի տան Տեառն ընդ երկայն աւուրս:

Ողորմությունը քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակվեմ:

Գիտե հոգին, որ այսքան բարիքները ոչ թե ըստ մեր արժանիքների ստացանք, այլ՝ ըստ Տիրոջ ողորմության: Եվ քանի դեռ գտնվում ենք այս տկար մարմնում՝ սխալական կենցաղով, կարիք ունենք նրա անհիշաչարությանն ու ողորմությանը: Այդ պատճառով էլ ասում է. ողորմությունը քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ ինչպես որ փախնողի հետևից, եթե մեկը ելնում է, ապա որքան էլ որ նա հեռացած լինի, արագորեն հասնում է նրան: Նույնն է նաև նրա ողորմությունը, որքան էլ որ հեռացած և օտարացած լինենք նրանից, միևնույնն է առաջինն է հասնում մեզ և վերադարձնում Հորը: Տիրոջ տանը պիտի բնակվեմ. հրեշտակների հետ երկար օրեր և ոչ թե գիշերներ, որովհետև նրանք, ովքեր գտնվում են այնտեղ, միշտ լույս են և մահ չկա նրանց մեջ:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

22.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․