Գրքեր

Սաղմոս ԻԹ

Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնությունը: Խորհրդանշում է գերությունից վերադարձը, բնության նորոգումը: Նաև հարություն է նշանակում, որը թեև ընդհանրական հարությունն է, սակայն համընդհանուր չէ փառքը և արքայությունը:

1. Բարձր առնեմ զքեզ Տէր, զի ընկալար զիս. և ոչ ուրախ արարեր զթշնամին իմ յիս:

Պանծացնում եմ քեզ, Տե՛ր, քանզի ընդունեցիր ինձ և չթողեցիր, որ թշնամիներս չարախնդան վրաս:

Խոսքով վկայելով բարձրությանդ մասին, քանզի դու իսկապես ընդունեցիր ինձ երկրից դեպի երկինք, մահվանից՝ կյանք, կույսից ծնելով ինձ ինչպես որ կամ, շնորհելով ինձ միտք, հոգի և մարմին: Եվ չթողեցիր, որ օձն ուրախանա ինձ վրա, որ ինձ մահկանացու ես ստեղծել:

2. Տէր Աստուած իմ՝ կարդացի առ քեզ, և բժշկեցիր զիս. Տէր հաներ ի դժոխոց զանձն իմ. փրկեցեր զիս յայնցանէ, որ իջանեն ի գուբ:

Տեր Աստվա՛ծ իմ, կանչեցի քեզ, և բժշկեցիր ինձ: Տե՛ր, հոգիս դժոխքից հանեցիր և փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ:

Կանչեցի քեզ հրեշտակների և արդարների հետ և բժշկեցիր ինձ այն ժամանակ, երբ Երուսաղեմից Երիքով էի իջնում և վիրավորեցին ինձ: Եզեկիան նույնպես ասում էր այս սաղմոսը հիվանդության ժամանակ, երբ կանչեց նրան և բժշկվեց, պաղատում էր իր մարմնի վերքերի համար, որոնք նույնպես բժշկվեցին հիվանդության հետ միասին: Փրկեցիր ինձ. նրանցից, ովքեր գերեզման և դժոխք են իջնում: Ազատեցիր հոգիները այնտեղից, ուր մեծատունն է և գերիներին՝ Բաբելոնից:

3. Սաղմոս ասացէք Տեառն սուրբք նորա. խոստովան եղերուք յիշատակի սրբութեան նորա:

Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, գոհությո՛ւն մատուցեցեք նրա սուրբ հիշատակին:

Սաղմո՛ս երգեցեք քահանաներ և արդարներ, երբ դուրս գաք դժոխքից: Գոհությո՛ւն մատուցեցեք նրա սուրբ հիշատակին. քանզի հիշեց ձեզ և եկավ ձեզ ազատելու: Սուրբ տաճարը հրաշագործություններ ցույց տվեց Սենեքերիմին և այստեղ հիշատակվեց դա, երբ ապրեց Եզեկիան: Եվ Տերն էլ սրբությունները մեր մեղքերի համար կարգեց, ինչպես որ ավազանի հիշատակը թողեց, որպեսզի այնտեղ խոստովանությամբ հիշենք Տիրոջ մահը:

4. Սրտմտութիւն է ի բարկութեան նորա, և կեանք են ի կամաց նորա:

Նրա բարկության մեջ ցասում կա, իսկ նրա կամեցողության մեջ՝ կյանք:

Մեր բարկությունը ցասումից է առաջանում, ինչն ըստ մեր գործի է և կամքի, այսինքն՝ բարկությունից է ցասում, որը խոսքով սպառնալն է, որովհետև դրանով փրկել է ցանկանում, նույնպես նաև այստեղի մեր նեղությունները լինում են նրա փրկարար կամքի շնորհիվ:

5. Ընդ երեկոյս հանգիցեն լալիք. առաւօտու եղիցի ուրախութիւն:

Երեկոյան լացը կդադարի, իսկ առավոտյան ուրախություն կլինի:

Երեկոյան Երուսաղեմը լսեց Ռափսակի սպառնալիքների մասին, լաց եղան և քնեցին, իսկ առավոտյան լսեցին ասորիների սատակման մասին և ուրախություն եղավ: Դարձյալ՝ երեկոյան Եզեկիան լսեց մահվան բոթը, լաց եղավ և քնեց, առավոտյան լսեց կյանքի ավետիսը և ուրախացավ: Դարձյալ՝ երեկոյան աշակերտները և կանայք սուգ արեցին, իսկ առավոտյան ուրախության ավետիս եղավ Տիրոջ հայտնությամբ: Դարձյալ՝ երեկո է այս կյանքը և ովքեր այստեղ լացեն, ապա հանդերձյալ կյանքում առավոտյան ուրախանալու են:

6. Ես ասացի ի բարեկենդանութեան իմում, թէ ոչ սասանեցայց յաւիտեան:

Իմ բարօրության մեջ ես ասացի, թե հավետ չեմ սասանվի:

Ադամը, Եզեկիան և յուրաքանչյուր մարդ հաջողության դեպքում մտածում է, թե անսասան է մնալու, ինչպես որ ասվում է:

7. Տէր, ի կամս քո ետուր գեղոյ իմոյ զօրութիւն, դարձուցեր զերեսս քո յինէն՝ և ես եղէ խռովեալ:

Տե՛ր, քո կամքով ուժ տվեցիր իմ վայելչությանը, բայց երբ երեսդ դարձրիր ինձնից, ես խռովահույզ եղա:

Քանի որ ըստ իր պատկերի ստեղծեց, դա էլ հենց զորությունն է և յուրաքանչյուր մարդ, որ մեղանչում է, Ադամի պես տկարանում է, ով այդքան տառապեց տկարության պատճառով: Նորից ուժ է տալու վայելչությանը, երբ երկնքի արքայության մեջ արդարները ծագեն արեգակի պես: Երբ երեսդ դարձրիր ինձնից. երբ երեսը դարձրեց Աստված, ապա դուրս եկավ Դրախտից և ասաց նրան, թե հող կդառնաս: Եզեկիան էլ, որ իր ամբողջ ունեցվածքը ցույց տվեց քաղդեացիներին և ինչ-որ պատահեց նրանց հետ, նույնը լինելու է նաև մյուս մեղավորների հետ:

8. Առ քեզ, Տէր, կարդացի, և առ Աստուած իմ աղաչեցի. զի՞նչ օգուտ է քեզ յարենէ իմմէ, թէ իջանեմ ես յապականութիւն:

Քե՛զ կանչեցի, Տե՛ր, աղաչեցի իմ Աստծուն: Ի՞նչ օգուտ ունես իմ արյունից, եթե ապականության գբի մեջ թաղվեմ:

Սա Եզեկիան է ասում, այլ ոչ թե նրանք են քեզ խոստովանում, ովքեր դժոխքում են: Ինչ օգուտ իմ արյունից, որ ցամաքի մահվան պատճառով: Կամ մենք՝ մեղսագործներս ենք այսպես ասում Քրիստոսին՝ ապաշխարության ժամանակ, թե ինչ օգուտ ինձ քո արյունից, Քրիստոս, եթե նորից իջնեմ դժոխքի ապականությունների մեջ, որտեղից ինձ դուրս հանեցիր:

9. Մի՞թէ հող խոստովան առնիցի առ քեզ. կամ պատմեսցէ զճշմարտութիւնս քո:

Մի՞թե հողը գոհություն կմատուցի քեզ կամ կպատմի՞ քո ճշմարտությունը:

Ասելով, թե՝ Տերն է Հիսուս Քրիստոսը ի փառս Հոր Աստծո: Կամ ո՞վ կպատմի քո ճշմարտությունը. որ ասացիր, թե հող դառնաս: Կամ ո՞վ կպատմի, որ Աստված ճշմարիտ է և բոլոր մարդիկ՝ սուտ:

10. Լուաւ ինձ Տէր և ողորմեցաւ. և Տէր եղև ինձ օգնական:

Լսեց ինձ Տերն ու ողորմեց, Տերը եղավ իմ օգնականը:

Իր գալստյամբ օգնեց մեզ:

11. Դարձոյց զսուգ իմ յուրախութիւն, զերծ յինէն զքուրձ. և ինձ զգեցոյց զուրախութիւն:

Սուգս դարձրեց ուրախություն, հանեց քուրձն իմ և խնդություն հագցրեց ինձ:

Այսինքն՝ Եվայի սուգը կույսի միջոցով ուրախության վերածեց՝ ասելով. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ» (Ղուկ. 1:28), քո Որդին սրբելու է բոլոր արտասուքները: Հանեց ինձանից Ադամի կաշին, Եզեկիայից՝ քուրձը, իսկ մեր բնությունն առավել վատթարագույնից՝ մահվան երկյուղից և դժոխքից: Եվ ինձ առաքինություն հագցրեց՝ ինքը ևս զգեստ լինելով մեզ:

12. Որպէս սաղմոս ասասցեն քեզ փառք իմ. և այլ մի՛ ևս զղջացայց. Տէր Աստուած իմ յաւիտեան խոստովան եղէց քեզ:

Փառքս սաղմոս պիտի երգի քեզ, որպեսզի այլևս չզղջամ ես: Տե՛ր իմ Աստված, հավիտյան գոհություն պիտի մատուցեմ քեզ:

Նկատի ունի Եզեկիայի թագավորությունը, եկեղեցին նույնպես Քրիստոսի Հոր փառքն է՝ հաստատուն կերպով հավիտյանս խոստովանելով նրան, թե Հայրն է պատճառը Որդու և Սուրբ Հոգու:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

02.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․