Շահադիտությունը խոչընդոտում է Աստծու հետ հաղորդակցվելուն

- Հա՛յր, ասացիք, որ մարտկոցս պետք է հոգևոր բովանդակությամբ լիցքավորեմ: Իսկ ինչպե՞ս դա անեմ:

- Ջանա հոգևոր վեհանձնություն, նախանձախնդրություն ձեռք բերել, որպեսզի շահադիտությունն անհետանա: Այն խոչընդոտում է աղոթքին, որովհետև մարդուն բաժանում է Աստծուց, անթափանցելի պատ է դնում նրանց միջև: Գիտե՞ս, թե ինչ է նշանակում անթափանցելի պատ: Ասես Աստված քեզ ասում է. «Զավա՛կս, ես քեզ չեմ հասկանում»:

- Հա՛յր, իսկ վանականը կարո՞ղ է հետևողական լինել վանական կարգը կատարելիս, սակայն, միևնույն ժամանակ, տառապել անձնազոհության և եղբայրների հանդեպ սիրո բացակայությունից:

- Իհա՛րկե, կարող է: Եթե նա միայն իր մասին է մտածում, ապա կարող է աղոթել, ճգնել և այլն, բայց մեծ կարծիք ունենալ իր մասին և անտարբեր լինել մյուսների նկատմամբ: Սակայն այդ դեպքում նա միշտ աղքատ կմնա: Չէ՞ որ քանի դեռ մարդն իրենով է զբաղված, ոչ այն իմաստով, որ ջանում է իր կրքերից ձերբազատվել, այլ այն, որ անում է այն, ինչ իրեն դուր է գալիս, ինչ հարմար է, նա չի կարող հաջողել:

- Նշանակում է հնազանդությունը կատարելիս ևս, ամեն  ինչում, միշտ և ամենուր պետք է լա՞վը լինել, հա՛յր:

- Ամեն ինչում: Քրիստոսին հաղորդակցվելու համար պետք է ամեն ինչում հաճո լինել Նրան: Իսկ Քրիստոսին հաճո է, որպեսզի լավ իմաստով գոհացնենք մեր մերձավորին: Ուստի ես հատկապես ուշադրություն եմ դարձնում հոգևոր վեհանձնությանը, անձնազոհությանը: Քանի որ եթե վանականը կարգը կատարում է, իսկ այլ բաների՝ անձնազոհությանը և այլն, ուշադրություն չի դարձնում, ապա նրա կարգն անօգուտ է: Երբ մենաստան եկա(1), ինձ, որպես նոր ձեռնադրվածի, նշանակեցին սեղանապետին օգնելու: Այդ ժամանակ մի ութսունամյա տարեց վանական, որ շատ զառամյալ էր, խնդրեց, որպեսզի ապուրը նրա խուց տանեմ: Ես ավարտում էի հնազանդությունս ու նրա ապուրը տանում: Մի անգամ եղբայրներից մեկը դա տեսնելով՝ ասաց ինձ. «Այդպես մի՛ սովորեցրու նրան, այլապես հետո կսկսի մեկ մի բան խնդրել, հետո՝ մեկ այլ բան և քեզ բոլորովին հանգիստ չի տա, նույնիսկ կանոնդ չես կարողանա կատարել: Գիտե՞ս ինչ պատահեց ինձ հետ: Մի անգամ, երբ նա հիվանդ էր, օգնեցի նրան և դրանից հետո նա ինձ հանգիստ չէր տալիս, անընդհատ ծեծում էր պատը. «Հանուն սիրո թեյ պատրաստիր ինձ համար» կամ «Հանուն սիրո օգնիր շրջվել»: Հետո մի քանի րոպե անց կրկին թխկ-թխկ. «Հանուն սիրո տաք աղյուս դիր»(2): Աղյուս – թեյ, աղյուս – թեյ, էլ ի՞նչ կարգի մասին կարող է խոսք լինել, այնպես որ, ի վերջո, սկսեցի հունից դուրս գալ»: Լսո՞ւմ ես ինչ է ասում: Սարսափելի է: Ծեր մարդը տառապում է, տնքում, օգնություն է խնդրում, իսկ նա չի ուզում գնալ, որպեսզի կարգը չընդհատի: Մաքուր զառանցանք է: Աստծու համար «աղյուս – թեյը» շատ ավելի կարևոր է, քան ջանադրությամբ կատարված բոլոր ծնրադրումներն ու տերողորմյաները: Մի կողմից ասում է. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր ինձ», իսկ մյուս կողմից. «Ինձ հանգիստ թող»:

- Հա՛յր, մարդն ինչպե՞ս կարող է Աստծու օրհնությունն ստանալ:

- Երբ մարդն Աստծու հետ հարազատություն ունի, այնժամ Աստված տալիս է Իր օրհնությունը: Այլապես ի՞նչ կարիք կա տալու: Որպեսզի Իր օրհնությունը ոտնահարվի՞: Ես դա սեփական փորձով գիտեմ: Երբ ես Սինա մեկնեցի(3), ուժեղ երաշտ էր: Մի քանի տարի ոչ մի կաթիլ անձրև չէր եկել, այնպես որ դժվարին ժամանակներ էին և՛ մենաստանի, և՛ բեդուինների համար, որ հարևանությամբ էին ապրում: Վանականներն աղոթում էին, որպեսզի Աստված անձրև պարգևի, սակայն ապարդյուն: Երբ ձիթենիներն էտելու ժամանակը եկավ(4), ես նույնպես գնացի օգնելու: Երբ բեդուինները ծառերն էտեցին, վանականները հաստ ճյուղերը թողեցին վանքի համար, իսկ բարակները մի կողմ դրեցին: Բեդուինները խնդրում էին այդ ճյուղերն իրենց տալ խարույկ վառելու, կերակուր եփելու և ցուրտ գիշերները ջերմանալու համար, սակայն վանականները թույլ չտվեցին, և բեդուինները տխուր հեռացան: Հաջորդ օրը, երբ նրանք կրկին եկան խնդրելու, ես բարակ ճյուղերից տրցակներ կապեցի ու նրանց տվեցի: Այնժամ մի ծեր բեդուին ասաց. «Դու լավ մարդ ես, անձրև կգա»: Եվ չէի հասցրել մենաստան վերադառնալ, երբ անձրև տեղաց ու բավականին երկար ժամանակ: Բեդուինի աղոթքը բաց արեց երկինքը: Այն ժամանակ ես ոչ ոքի չպատմեցի այդ մասին:

 

1) Էսֆիգմենու մենաստանը 1953 թվականանին:

2) Նախկինում ջերմակի փոխարեն տաքացրած աղյուսներ էին գործածում:

3) 1962 թվականի սեպտեմբերին:

4) 1963 թվականի փետրվարին:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

17.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․