Գրքեր

Սիրիահայ համայնքի տիկնանց միության ուրախ Ամանորը

Քրիստոնյայի համար մեծագույն պարգև է ժամանակը, միաժամանակ նաև՝ պատասխանատվություն, քանի որ Տերն այն շնորհել է հավիտենական կյանքին նախապատրաստվելու համար: Երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետը ժամանակի մասին հետևյալ մտորումն է ունեցել. «Ինչն է ավելի գեղեցիկ, քան հույսով ճառագուն մեր աչքերը սևեռել գալիք 365 օրերի վրա, և յուրաքանչյուրի մեջ և յուրաքանչյուրով այնպիսի արարք կամ արժեք դրոշմել մեր կյանքի այս նոր էջի վրա, որ երբ օրացույցը մաշվի, մեր կյանքն էլ նրա հետ չմաշվի…»:

Անցնող տարվա համար Տիրոջը փառաբանելու և Ամանորն ուրախ նշելու առիթն էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությանը դեկտեմբերի 23-ին համախմբել «Ճանո» ռեստորանում: Ավանդույթի համաձայն, արդեն վեցերորդ տարին է, որ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը նշում է Ամանորը՝ իրեն բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով:

«Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալական խոսք հղեց Նավասարդ Սրբազանին, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ նշելով, որ տարիներ շարունակ, Սրբազան Հոր օրհնությամբ և Տեր Հոր գլխավորությամբ, իրականություն են դառնում իրենց բոլոր ձեռնարկներն ու միջոցառումները. «Փառք ու գոհություն Աստծուն՝ անցնող տարվա համար: Թող Տերն Ամանորին նոր հույսի դռներ բացի յուրաքանչյուրիս ընտանիքի համար, բոլոր հուսահատվածներին հույս ու հավատք պարգևի, ամուր ու անսասան պահի հայ ընտանիքը և Իր Աջով պահապան լինի Հայոց երկրին ու Հայոց բանակին»:

Ամանորյա տոնախմբությանը մասնակցում էին նաև սիրիահայ երգիչներ, որ իրենց կատարումներով ոգևորել էին ներկաներին: Ողջ երեկոյի ընթացքում մեկը մյուսին հաջորդող ուրախ պարեղանակները, խաղերն ու անակնկալները տոնական տրամադրություն էին ստեղծել, որը լրացրին բոլորի կողմից սպասված հյուրերը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նրանք իրենց հերթին ևս մի շարք անակնկալներ էին պատրաստել մասնակիցների համար: «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության ջանքերի շնորհիվ օրն իրապես տոնական դարձավ սիրիահայ համայնքի տիկնանց համար:

 

Կարինե Սուգիկյան

23.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․