Սուրբ Հովակիմ և Աննա` ամենաանկիրք ամուսնական զույգը

«Ծնողները, որ երեխա են ծնում և նրանց մարմին տալիս, պետք է հնարավորինս աջակցեն նաև նրանց հոգևոր վերածննդին»

- Հա՛յր, պատմեք մեզ Սուրբ Աստվածածնի ծնողների` Սուրբ Աննայի և Սուրբ Հովակիմի մասին: Մի առիթով արդեն սկսել էիք պատմել նրանց մասին…

- Դեռ մանկուց ես մեծ ակնածանքով էի վերաբերվում նրանց: Նույնիսկ խնդրել եմ, որ վանական կյանքում ինձ Հովակիմ անունը տան: Ի՜նչ մեծամեծ բաներով ենք մենք նրանց պարտական: Սուրբ Հովակիմն ու Աննան երկրիս երեսին երբևէ գոյություն ունեցած ամենաանկիրք ամուսնական զույգն էին: Նրանք աշխարհիկ իմաստություն ամենևին չունեին:

Հենց այդպիսին էր Աստված ստեղծել մարդուն: Եվ Նրա կամքն էր, որպեսզի մարդիկ այդպես ծնվեին` անկիրք: Բայց առաջին մեղքից հետո տղամարդու և կնոջ միջև կիրք առաջացավ: Եվ հենց որ հայտնվեց մի անկիրք ամուսնական զույգ` այնպիսին, ինչպիսին Աստված էր ստեղծել մարդուն և ինչպիսին պիտի լիներ մարդկային ծնունդը` ըստ Նրա մտահղացման, ծնվեց Ամենասուրբ Աստվածամայրը` ճշմարիտ Արարածը և արդյունքում էլ Նրանից մարմնավորվեց Քրիստոս: Միտքը հուշում է ինձ, որ Քրիստոս վաղուց Երկիր եկած կլիներ, եթե ավելի շուտ հայտնվեր մի այնպիսի առաքինի ու անարատ ամուսնական զույգ, ինչպիսին Սուրբ Հովակիմն ու Աննան էին:

Հռոմեական կաթոլիկները խաբկանքի մեջ են ընկնում: Իբրև թե երկյուղածությունից դրդված, նրանք հավատում են, որ Աստվածամայրը ծնվել է առանց ադամական մեղքի: Այն դեպքում, երբ Նա ազատված չէր ադամական մեղքից, սակայն ծնվել էր հենց այն կերպ, ինչ Աստված էր ցանկանում, որպեսզի մարդիկ ծնվեն արարչագործությունից հետո:  Նա Ամենամաքուր* էր, որովհետև Նրա բեղմնավորումն առանց մարմնական հաճույքի էր կատարվել: Տիրամոր սուրբ ծնողները ջերմեռանդորեն աղոթում էին Աստծուն, որպեսզի իրենց երեխա պարգևեր: Եվ այդ աղոթքից հետո նրանք միավորվեցին (որպես ամուսիններ)` ոչ թե մարմնական կրքից մղված, այլ Աստծո առջև ունեցած հնազանդությունից: Ես համոզվեցի դրանում մի հրաշալի իրադարձությունից հետո, որ վերապրեցի Սինայում**:

 

* Սուրբ Աստվածամոր հղացումն ու ծնունդը բնական էր, ոչ թե կուսական: «Նա Ամենամաքուր էր», որովհետև ինչպես Սուրբ Հովհաննես Դամասկոսցին է գրում իր «Մեր Սուրբ Կույս Աստվածամայր Մարիամի Ծննդյան խոսք»-ում, Նա «անարատությամբ» էր բեղմնավորվել: Սակայն Նա ևս Իր սխրագործությամբ բազմապատկեց ծնողներից ժառանգած սրբությունը` խափանելով «ամենայն ավելորդ և հոգու համար վնասակար միտք, մինչ այն համտեսելը» (տե՛ս PG 96, 669A, 676B):

** 1962-1964թթ. Հայր Պաիսիոսը ճգնել է Սինա լեռան վրա: Թե ինչում էր կայանում նրա հիշատակած հրաշալի իրադարձությունը, նա մեզ չբացահայտեց:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

07.09.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․