Գրքեր

Սուրբ Սիմեոն Սյունակյաց

Աշխարհահռչակ ճգնավոր Սուրբ Սիմեոն Սյունակյացն Անտիոքի շրջանի Սիսան գյուղից էր: Ապրել է 4-5-րդ դարերում Ասորիքում Թեոդոս Բ-ի ժամանակշրջանում: Նրան կոչել են «անմարմին հրեշտակ», քանի որ անհնար է պատկերացնել այն արտասովոր խստակյաց կյանքը, որով ապրել է նա: Բարեպաշտ ծնողների զավակն իր կյանքն անցկացնում է նախ վանքում, ապա՝ սկզբում ավելի ցածր, իսկ տարիներ անց՝ չափազանց բարձր մի սյան վրա, առանց նրանից երբևէ իջնելու: Սյան գլուխը շրջապատված էր պատշգամբատիպ հարմարանքով, որին նա հենվում էր հոգնելու դեպքում, սակայն այն չուներ առաստաղ և Սիմեոնին չէր պաշտպանում քամուց և անձրևներից: Սիմեոնը 39 օր անոթի էր անցկացնում և միայն 40-րդ օրն էր ճաշակում: Հաճախ էլ բավարարվում էր միայն Սուրբ Հաղորդությամբ:

Սյան գագաթը ուներ տախտակաշեն մի խցիկ, ուր երկար շաբաթներ հոտնկայս աղոթում էր, ապա որոշ օրեր ծնրադրում, ապա պառկած դիրքով շարունակում աղոթքը և դարձյալ ոտքի ելնում և պատշգամբից իր օրհնություններ էր տալիս և այսպես մի քանի տասնյակ տարի: Այս ամենին գումարվում է նաև մի ոտքի վրա բացված վերքից առաջացած որդնալից փտախտը, ինչ պատճառով ցավերին դիմանալով հանդերձ այժմ էլ մեկ ոտքով կանգնած է շարունակում իր ճգնությունը: Հրաշագործ ճգնավորի համբավը այնքան է տարածվում, որ ասորիներ, հույներ, հայեր, փյունիկեցիներ, վրացիներ, պարսիկներ, և նույնիսկ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից մարդիկ էին գալիս նրա օրհնությունը ստանալու և հրաշագործության արժանանալու: Բազմահազար մարդիկ մարմնի և հոգու բժշկություն էին ստանում, ինչպես նաև անհավատները դարձի գալիս և քրիստոնյա մկրտվում: Բժշկվածներին խստիվ պատվիրում էր. «Եթե հարցնեն, թե ո՞վ բժշկեց, կասեք՝ Աստված, ինչ որ ճշմարտությունն է, որովհետև բժշկությունը Աստծուց է գալիս: Չլինի թե ասեք՝ Սիմեոնը բժշկեց, որովհետև սուտ խոսած կլինեք, և ձեր ախտը կվերադառնա ձեզ»:

Եգիպտացի անապատական հայրերը, լսելով նրա այս արտասովոր ճգնության մասին, կասկածում են, որ նա աստվածային զորությամբ է գործում: Նրա մոտ են ուղարկում մի վանական եղբոր նրանից պահանջելու, որ վայր իջնի սյունից, նաև զգուշացնում են այս եղբորը, որ եթե Սիմեոնը խոնարհությամբ հնազանդվի իրենց պահանջին, ապա եղբայրը թող թույլ չտա նրան սյունից իջնել, քանի որ դա նշան կլինի, որ իրոք Աստծո ներշնչմամբ է Սիմեոնն այդպիսի ճգնակեցության տրվել: Սիմեոնը, լսելով եգիպտացի հայրերի պահանջը, իսկույն հնազանդվելով խնդրում է, որ սանդուղք բերեն, որպեսզի ինքն իջնի սյունից: Սակայն սա թելադրած եղբայրը թույլ չի տալիս՝ հայտնելով նրան իրեն ուղարկածների իրական մտադրության մասին:

Անպակաս էին Սբ. Սիմեոնի հանապազօրյա հրաշագործությունները: Կույրերին լուսավորում էր, բորոտներին սրբում, անդամալույծներին առողջացնում, բոլոր ցավերը փարատում էր, հուսահատներին ամրացնում:

Որսորդները ուզում էին եղնիկ որսալ, բայց չէին կարողանում: Այդ ժամանակ երդվում են Սուրբ Սիմեոնի անունով, որ եթե եղնիկին բռնեն, չպիտի վնասեն: Բայց երբ բռնում են, խորովում ու ուտում են: Այդ պահին, երբ դեռ կերակուրը իրենց բերանում էր, թափվում են նրանց ատամները, և բոլորը համրանում են: Սբ. Սիմեոնի աղոթքով Աստված պատիժը վերցնում է նրանց վրայից:

Մեծ բազմություն էր հավաքվել սուրբից օրհնություն ստանալու: Մոտենում են և խնդրում, որ օրհնի: Սակայն սուրբը պատասխան չի տալիս: Քիչ հետո Սիմեոնը սթափվում է և, բազմությանը դիմելով, ասում.

-Կներեք, եղբայրներ, ծովի վրա ընկղմվելու վտանգի մեջ էր մի նավ, որի մեջ 300 հոգի կային: Նրանք դիմում էին ինձ, որ Աստծո մոտ իրենց համար բարեխոսեմ, որ չխեղդվեն: Հիմա, փառք Աստծո, Աստված իրենց ազատեց: Կներեք, որ ձեզ անտեսեցի, որովհետև դուք այստեղ ապահովության մեջ էիք:

Ապա օրհնեց նրանց և արձակեց:

Սիմեոն Սյունակյացի ժամանակ մեծ երկրաշարժ է լինում. երկիրը սասանվում է, բազմաթիվ շենքեր են կործանվում և մարդիկ մահանում են: Այդ ժամանակ բազմությունը դիմում է Սբ. Սիմեոնին, որ իր աղոթքներով Աստված ողորմի:

Սբ. Սիմեոնը, նրանց հանդիմանելով, ասում է.

-Եղբայրներ, դուք Աստծուն դիմում եք միայն այն ժամանակ, երբ ձեր կյանքը կամ հարստությունը վտանգի մեջ են: Ապա թե ոչ, ամբողջովին մոռանում եք Աստծուն:

Բոլորին հորդորում է «Տեր ողորմեա»-ն երգեն:

Քիչ հետո դադարում է երկրաշարժը: Սիմեոնը ասում է նրան.

-Եղբայրներ, Տերը ինձ ցույց տվեց, որ ձեզանից մեկի աղոթքը միայն լսելի եղավ:

Դիմելով այդ մարդուն՝ ասում է.

-Եղբայր, Տերը ինձ ցույց տվեց, որ միայն քո աղոթքը լսելի եղավ: Դու ինչո՞վ ես զբաղվում:

-Տեր, ես մեղավոր մարդ եմ: Գյուղացի եմ և հողագործությունից ինչ շահում եմ, երեք մասի եմ բաժանում. մի մասը տալիս եմ աղքատներին, երկրորդը՝ արքունի տուրք, իսկ երրորդը ծախսում եմ իմ տան կարիքները ապահովելու համար:

Բազմաթիվ այլ հրաշքներ են պատմվում սուրբի մասին իր կենսագիրների կամ ականատեսների կողմից:

Սուրբ Սիմեոնը վախճանվում է 459թ-ին խոր ծերության հասակում և մեծ պատվով թաղվում Անտիոք քաղաքում: Թեև նրանից հետո եղել են նաև այլ սյունակյաց ճգնավորներ, սակայն նրա կյանքը բոլոր դարերի համար մնում է աստվածային, մեծ հրաշքի չգերազանցված օրինակ:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

19.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․