Գրքեր

Սուրբծննդյան մեռելոցի քարոզ

«Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ» (Իմաստ. Սողոմոնի 3։2, 3)։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ննջեցյալների հիշատակության օր է։ Դժբախտաբար, անցած տարում չափազանց շատ մարդկային կորուստներ ունեցանք, և թվում էր, թե 44 օր մեզ համար մեռելոց էր, որ դեռ շարունակվում է։ Հայ ժողովրդի պատմությունը լի է եղել պատերազմներով և ճակատամարտերով, որոնք նա չի հրահրել, սակայն բազմաթիվ նահատակներ է ունեցել։ Մեր եկեղեցին Սուրբ Վարդանանց՝ հանուն հավատո և հանուն հայրենյաց զոհված քաջերի հիշատակին նաև տոն է սահմանել։ Մերօրյա նահատակները Սուրբ Վարդանանց նման դրսևորեցին իրենց՝ ոչնչով ետ չմնալով իրենց նախնիներից և ապացուցելով, որ նրանց արժանի հետնորդներն են։ Հասկանալով օրհասական պահը՝ նրանք անձնուրացաբար նետվեցին մարտի։ Ճիշտ է, նրանց կորուստը անփոխարինելի է ոչ միայն իրենց հարազատների համար, այլև ողջ հայ ժողովրդի համար, սակայն այսօր մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբծննդյան ավետիսը հարության և անմահության հույսով է լցնում բոլորիս հոգիները։ Ինչպես Վարդանանք արժանացան սրբության և նահատակության պսակին, այնպես էլ մենք հույս ենք փայփայում և աղոթում ենք մերօրյա նահատակների համար, որ Տերը նրանց ևս կարժանացնի Երկնային Արքայության, որովհետև նրանց սխրանքը Սուրբ Վարդանանց նման անգնահատելի է։ Հայրենիքը դատարկվում է նրանց բացակայությամբ, սակայն երկինքն է լցվել նրանցով։ Նրանք բոլորը կյանքում իրենց երազանքներն ու նպատակներն ունեին, նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ տեղ տեսնում էր իր առաքելությունը։ Սակայն նրանց գլխավոր առաքելությունը դարձավ հայրենիքի ու սեփական ժողովրդի պաշտպանության ու փրկության գործը։

Այսօր և ննջեցյալների հիշատակության բոլոր օրերին մենք պարտավորվում ենք նրանց հիշատակի համար աղոթել ու խունկ ծխել, որովհետև մեր հայրենի հողը սնուցվել է այդ քաջարի հայորդիների արյամբ։ Մեզ՝ քրիստոնյաներիս համար մշտապես բեթղեհեմյան աստղի պես փայլում է հարության և անմահության խոստումը։ Ճիշտ է, մեր զավակների գերեզմանները դեռ նոր են, բայց մեզ համար այդ գերեզմանները նրանց վերջին հանգրվանները չեն։ Հարության ակնկալիքը վեր է բարձրացնում մեր հայացքները։ Այն չի թողնում, որ մեր հայացքները գետնին հակված մնան։ Տխրության ու թախծի, անհուսության ու անորոշության մեջ մեր սգավորներին ու վշտակիրներին կարող է թվալ, որ կյանքից սպասելիք այլևս չկա, բայց Քրիստոս աշխարհ եկավ և փոխեց մեր պատկերացումները աշխարհի ու կյանքի վերաբերյալ։ Ուղղակի աններելի է դրա մասին մոռանալը։ Քրիստոսի Սուրբ Ծնունդը մեզ սովորեցնում է ծնունդ տալ բարի բաների, բազմապատկել սերը, որքան հնարավոր է ցանել, ջրել, կառուցել, սերմանել, տալ, ուսուցանել, պատրաստել, ավելացնել, նպաստել բարի ու սիրո գործերի կատարելագործմանը։ Մեր նահատակված հայրենակիցները իրենց մահվամբ կատարեցին այդ բարի գործը, նպաստեցին երկրի անվտանգությանն ու ժողովրդի փրկությանը։ Նրանց գործն անմահ է։ Երբ որ պատմության մեջ կխոսվի այս օրերի մասին, կխոսվի նաև նրանց վեհ անձնվիրության մասին։

Մի անգամ Հիսուս Քրիստոսին է մոտենում մի հարուստ երիտասարդ և հարցնում. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»։ Հիսուս ասում է. «Եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահի՛ր պատվիրանները՝ մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, քո հորն ու մորը մեծարիրը և քո ընկերոջը քո անձի պես պիտի սիրեսը»։ Երիտասարդն ասում է. «Այդ բոլորը իմ մանկությունից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»։ Հիսուս նրան ասում է. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցվածքը ու տուր աղքատներին. և երկնքում գանձեր կունենաս և դու արի՛ իմ հետևից»։ Երբ երիտասարդը այս խոսքը լսեց, տրտմած գնաց, որովհետև շատ հարստություն ուներ (Մատթեոս 19։ 16-22)։

Մեր նվիրյալ հայորդիները այդպես էլ վարվեցին, ամեն ինչ թողնելով իրենց ետևում, գնացին ինքնազոհաբերության։ Նույնիսկ իրենց ընտանիքները թողեցին։ Ավելի՛ն, հենց իրենց ընտանիքներին նայելով՝ նրանք նետվեցին առաջ, դեպի մարտադաշտ և դեպի հայրենյաց պաշտպանություն։ Որևիցե պատճառաբանություն նրանց ետ չկանգնեցրեց։ Նրանք հարուստ էին իրենց ընտանիքներով ու դեռ շատ անելիք ունեին, բայց առանց կորստի վախի, իբրև աղքատ ու տնանկ, քաջաբար մարտնչեցին ու ընկան։ Միաժամանակ հայրենիքի պաշտպանության գիտակցությամբ իրենց կյանքը առ ոչինչ համարելով՝ ասպետորեն կնքեցին իրենց մահկանացուն։

Սիրելինե՛ր, Սուրբծննդյան ու Սուրբ Հարության գաղափարաբանությամբ ու սպասումներով թող լցվեն մեր սրտերը։ Ինչպես հորդորում է Սուրբ Պողոս առաքյալը. «Նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն Իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։ Ապա ուրեմն՝ մտաբերեցեք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք ու հուսալքվեք» (Եբրայեցիներ 12։ 2, 3)։ Խունկ ու աղոթք մեր նահատակների ու բոլոր ննջեցյալների հիշատակին։ Հանուն նրանց և նրանց երազանքների՝ զորանանք Քրիստոսով, որպեսզի կարողանանք շարունակել նրանց գործը։   

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

07.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․