Գրքեր

Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանի Հարության տոնի պատգամը

    Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սիրելի՛ զավակներ,

Ցնծացե՛ք և ուրախացե՛ք այսօր Երկնքի ու երկրի հետ միասին, քանի որ երջանկություն ունեք նշելու կյանքի տոնը, դրախտի դարպասների բացման ու մահվան կապանքներից ազատագրվելու տոնը։ Չկա ավելի ցնծալի տոն բանական մարդու կյանքում, քան Սուրբ Հարության տոնն է, սիրելինե՛ր։ Այն անհամեմատելիորեն առավել է մեր ամենասիրելի ու ամենաթանկագին տոներից անգամ, քանի որ մարդուն  պարգևում է այն, ինչ ուրիշ ոչինչ չի կարող պարգևել այս աշխարհում։

Տեր Հիսուս Քրիստոս «Իր տիեզերափրկիչ, սքանչելահրաշ հարությամբ մեզ համար բացեց անմահության ճանապարհը և այդ կույս գերեզմանից լույս ծագեցրեց արարածների վրա՝ լուսավորելով մարդկանց խավարած մտքերը, նորոգեց ապականված սրտերն ու տառապյալ մարդկությանը շնորհեց, պարգևեց անմահ և անեղծ կյանքի հույսն ու հանդերձյալ աշխարհի անճառելի բերկրությունները, և երանությունների երանավետ հույսի հետ մեզ հրամցրեց նաև անապական ու անվախճան վայելքները և ուրախությունները:

Այո՛, Աստվածորդու՝ Հարուցյալ Հիսուսի այս կենսատու գերեզմանից վերաբուսնեց Աստծու հանդեպ պայծառ հավատքի ու նորահրաշ սիրո ծաղիկը» (Մեսրոպ քհն․ Թորոսյան)։ Երանի՜ Մարիամ Մագթաղենացուն, մյուս կանանց ու սուրբ առաքյալներին, որ իրենց աչքերով տեսան Հարուցյալ Փրկչի գերեզմանից ծագած կենսատու լույսն ու աստվածային սիրո ծաղիկը։ Երանի՜ նաև մեզ, որ ժառանգեցինք նրանցից այդ անգին հարստությունն ու հոգու աչքերով տեսանք Քրիստոսի թափուր գերեզմանից ծագած սքանչելիքները։ Ուստի այսօր մաղթում եմ ձեզ, սիրելինե՛ր, որ առանձնահատուկ ջերմեռանդությամբ սնեք, փայփայեք ու աճեցնեք այդ անգին ծաղիկը, որ ստացել եք Արարիչ Աստծուց իբրև Իր խոստման իրականացում և փրկության անկողոպտելի լույս։ Թող այդ լույսն ազատագրի ձեզ ձեր իսկ կասկածներից, թերահավատությունից, մռայլ մտքերից, տագնապներից ու վախերից, որոնք կաշկանդելով աստվածապատկեր մարդու միտքն ու հոգին՝ թույլ չեն տալիս տեսնել իրենց համար խաչված և հարություն առած Աստծուն մշտապես իրենց կողքին։ Թո՛ւյլ տվեք, որ սուրբ Հարության քաղցրալուր ավետիսը ներթափանցի ձեր հոգու խորքը, դիպչի կարծրացած սրտին, խաղաղեցնի անհանգիստ միտքը, Աստծու սիրեցյա՛լ զավակներ։ Ձեր յուրաքանչյուր բջիջով զգացեք դրա զորությունը և դրա միջոցով էլ՝ Աստծու հավերժ սերը, բարությունն ու հոգատարությունը ամեն մեկիդ հանդեպ։ Եվ թող այն դառնա հոգու այն հրաշագործ բալասանը, մարդուն դեպի Աստված բարձրացնող այն թևերը, որի կարիքն այնքա՜ն ունի այսօր համայն մարդկությունը։ Եվ ուրեմն փոխանցեք միմյանց կենսատու ավետիսը․

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ։

ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

 

08.04.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․