Գրքեր

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ամանորյա շնորհավորական խոսքը

Հայ Եկեղեցու սիրասուն զավակնե՛ր, Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր կայքի թանկագին ընթերցողնե՛ր,

Բարեգութ Աստծո անսահման ողորմածությամբ ևս մեկ տարի բոլորեց և այսօր օրացույցային նոր տարվա նախաշեմին կանգնած՝ սրտի թրթիռով սպասում ենք միմիայն դրական նորի: Մեծ ենք, թե փոքր՝ նշանակություն չունի, բոլորս էլ ուրախության և հրաշքի ակնկալիքի իրավունք ունենք, և սրտիս ցանկությունն է, որպեսզի այս տարի մենք՝ ինքներս, մեկս մեկու համար հրաշքներ գործողներ լինենք, և ուրախության անհամար առիթներ պարգևենք միմյանց: Ձմեռային անչափ գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ ցրտաշունչ եղանակն էլ նպաստում է, որ միասին հավաքվենք տաք հայ օջախներից ներս և մեր սրտերի ջերմությամբ իսկական տոնի վերածենք մյուսներից առանձնապես չտարբերվող այս օրերը: Ամենևին էլ պարտադիր չէ, որ մեր սեղանները ծանրաբեռնված լինեն բազմատեսակ կերակուրներով՝ որկրամոլության առիթ հանդիսանալով, այլ հայկական անուշահամ քաղցրավենիքով ու ընդեղենով զարդարված թեյի սեղաններն էլ հրաշալի մթնոլորտ կստեղծեն ընտանեկան և ընկերական ջերմ հանդիպումների համար:

Եկեք անկեղծ ժպիտներով ու սիրելի և հարազատ մարդկանց հետ հանդիպման անթաքույց ուրախությամբ մտնենք այս նոր տարին: Առարկայական նվերներից առավել՝ մեր հոգու աստվածապարգև, թանկարժեք գանձերը նվիրենք միմյանց: Արդեն անցնող տարուց մեզ հետ վերցնենք անմոռանալի հրաշալի իրադարձությունների հուշերն ու մեր հաշվին գրանցված հաջողությունները՝ թե՛ հոգևոր կյանքում, թե՛ առօրյա, իսկ անկումներն ու սխալները թողնենք անցյալում՝ Տիրոջից զորություն, հաստատակամություն և իմաստություն խնդրելով, որպեսզի գալիքում նման սխալներ չգործենք այլևս: Հաշվի չառնելով անհաջողություններն ու կորուստները՝ տարին սկսենք առ Աստված ուղղված երախտագիտական աղոթքով ու փառաբանությամբ, քանզի վստահ ենք, որ մեր կյանքում պատահող ամեն բան Բարերար Աստված թույլ է տալիս հանուն մեր փրկության և հավիտենական բարօրության:

Շնորհավորում եմ ամենքիս և խաղաղ երկինք մաղթում մեր հայրենիքին և դրա սահմաններն անձնվիրությամբ պաշտպանող մեր քաջարի զինվորներին: Թող Բարեգութ Երկնավոր Հոր ամենախնամ աջը պահապան լինի մեր զավակներին՝ նրանց հոգիները լցնելով աստվածային փրկարար լույսով, և նրանց քայլերն ուղղի դեպի փրկության տապան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Թող Հայ Եկեղեցու զանգերի քաղցրալուր ղողանջների ներքո  սկսենք այս նոր 2018 թվականը և ավելի շատ սրտեր ձգվեն դեպի Մայր Եկեղեցի՝ մեզ հետ միասին ճաշակելու այն իրական ուրախությունը, որ միայն Տեր Հիսուս Քրիստոս է պարգևում: Թող Եկեղեցու հավատարիմ զավակներն ավելի զորանան իրենց հավատքի մեջ, միաբանվեն Տիրոջ պատգամած եղբայրական սիրով և միասնաբար շարունակեն մեր հայրենիքի ու մեր ազգային եկեղեցու շենացման սրբազան գործը:

Հույս, հավատ և սեր ձեզ, սիրելինե՛ր: Շնորհավոր Ամանոր:

 

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

 

31.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․