Գրքեր

Տերը թագավորեց

«Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը թող ցնծա, թող հեթանոսներին ասեն՝ «Տերը թագավորեց»» (Ա Մնաց. 16։31)։

«Տերը թագավորեց, վայելչություն հագավ, զորություն հագավ Տերն ու գոտևորվեց» (Սաղմ. 92։1)։

Պրուսիայի Ֆրեդերիկ Բ թագավորը, որը 18-րդ դարի պատմության մեջ ուշագրավ տեղ է զբաղեցնում, հաճախ իրեն սեղանակից էր ունենում հմուտ մտածողների և սիրում էր փիլիսոփայական թեմաների վերաբերյալ զրույցներ ունենալ նրանց հետ: Մի անգամ էլ խոսակցության նյութ դարձավ հավատքը, և քննարկումը ներկաներին առաջնորդեց մինչև իսկ ուրանալու Աստծու գոյությունն ու թագավորությունը:

Ներկա գտնվող իմաստասերներից մեկը խոսակցության ողջ ընթացքում բոլորովին լուռ էր, ինչը չվրիպեց թագավորի ուշադրությունից, և վերջինս հարցրեց նրան. «Ասեք տեսնենք դո՛ւք ի՞նչ եք խորհում, որ մինչ այժմ լուռ եք»: Իմաստունը տրտմորեն և լրջմիտ պատասխանեց. «Տե՛ր արքա, ըստ իմ տեսակետի՝ ես կարիք ունեմ թագավորներից էլ ավելի վեր եղող մի Էակի գոյությանը հավատալու»:

Ահա այդ է, արդարև, մարդկային բոլոր հոգիների հրամայականն ու անկողոպտելի պահանջմունքը: Այս խռովյալ աշխարհի հուզումների, երկյուղների և պայքարների մեջ մենք կարիք ունենք հավատալու, որ «Հավիտենականը թագավորում է», այսինքն՝ որ Նա իրապես զբաղվում է աշխարհի բոլոր անցքերով, որ Նա միջամտում է բոլոր իրադարձություններին, որ Նա է տնօրինում ամեն բան, Նա է, որ ամեն ինչին ուղղություն է տալիս, Նա է, որ Իր անսահման հայրական նախախնամությամբ ոգևորում է մեծին ու փոքրին:

Այս ամենի հանդեպ հավատքը խարիսխն է մյուս բոլոր հավատալիքների, բոլոր դավանանքների ու համոզումների: Այս հավատքը կրոնի մեծ շենքի հիմքն է. եթե այդ հիմքը վտանգվի, ողջ շինությունն իսկույն կխորտակվի:

Արժե, որ մեր խորհրդածության առարկան դարձնենք այս շատ կարևոր նյութը: Ուստի կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել տիեզերքի ԲՆՈՒԹՅԱՆ և մարդկային ազգի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ վրա՝ համոզվելու, որ Աստված թագավորում է ինչպես բնության, այդպես էլ պատմության մեջ:

Նախ քննենք Աստծու թագավորությունը բնության մեջ: Բնության մեջ կա երկու տեսանելի նկարագիր, որոնք հաստատում են Աստծու ներկայությունն ու թագավորությունը բնության բոլոր երևույթների և շարժումների մեջ: Բացատրենք մեր այս ասածը. բնության մեջ կա մի նկարագիր, որը փաստում է մնայուն կարգուկանոնի գոյությունը:

Այդ կարգուկանոնը տեսնում ենք բնության ծոցում՝ սկսած արևից, երկնակամարի լուսեղեն գնդերի շարժից: Այդ կարգուկանոնը տեսնում ենք երկրի կանոնավոր ընթացքի, եղանակային փոփոխումների, ցերեկվա ու գիշերվա հաջորդականության, մարդկանց և կենդանիների անընդհատ ու կանոնավոր աճի, յուրաքանչյուր կլիմային բնորոշ երաշտի և անձրևների զուգախառնումի մեջ, ու այս ամենը հայտնապես վկայում է, որ Աստված անընդհատաբար և անայլայլորեն հսկում է բոլոր արարածներին:

Արդ, այս օրենքներն ու կարգերը մի իմացական խորհրդի, մի անիմանալի իմաստության ծնունդ են: Այդ իմաստությունն է հղանում այս օրենքները, այդ իմաստությունն է, որ ղեկավարում է նույն այդ օրենքներով, և դարձյալ այդ իմաստությունն է, որ պահպանում է այդ օրենքների անփոփոխելիությունը:

Սակայն դա ամենը չէ: Բնության մեջ կա մի ուրիշ, ոչ պակաս հայտնի նկարագիր, որն անսպասելի և անակնկալ բնույթ ունի: Այս նկարագիրը ևս գալիս է՝ ապացուցելու, որ մի իմացական Էակ կա, որն այդ օրենքներից և ամեն բանից անկախ ցանկացած ժամանակ կարող է միջամտել:

Խորհեցե՛ք. եթե միայն անփոփոխ օրենքները լինեին, ապա բնության մեջ մշտապես նույն անփոփոխ արդյունքները պիտի լինեին, այնպես որ յուրաքանչյուր տարվա օրերն ու եղանակներն իրար կնմանվեին, և բոլոր երկրամասերը նույնանման կլինեին: Մինչդեռ բնության մեջ ի՞նչ ենք տեսնում. օ՜հ, ինչպիսի՜ մեծ տարբերություններ, որքա՜ն տարօրինակ անակնկալներ են հայտնվում ամեն կողմում:

Ահավասիկ, օդերևութաբանական փոփոխության արդյունքում գարնան ժպիտների մեջ հանկարծ տեսնում ենք, որ ձյուն է գալիս, և ձյուն է գալիս մեծ սաստկությամբ: Իսկ ձմռան սառնամանիքի շրջանում մեկ էլ տեսար գարնանային օրեր ենք վայելում: Ինչպիսի՜ անակնկալներ:

Ահա, դարձյալ, մի խաղաղ երկրամասում անսպասելիորեն անբնական ցնցում է լինում ու ամեն բան վերիվայր է շրջում, շեն քաղաքներն ավերակների է վերածում: Մենք անկարող ենք հասկանալ, թե ինչ նպատակով են տեղի ունենում այդ անսովոր, անակնկալ երևույթները: Եթե ինձ հարցնեք, թե որն է այդ անակնկալների նպատակը, ինչո՞ւ են Աստծու սիրուն, իմաստությանը և ըստ երևույթին նաև Նրա ողորմությանը հակասող այսքան տարօրինակություններ լինում, ես պիտի պատասխանեմ, որ չգիտեմ այդ հարցի պատասխանը:

Եվ ո՞վ պիտի լիներ այն հանդուգն մարդը, որ պիտի հավակներ դատելու Աստծու ճանապարհները: Չմոռանանք, որ մենք սահմանափակ մտքի տեր էակներ ենք, տակավին երեկ ենք լույս աշխարհ եկել, տակավին նոր ենք ոտք դրել երկրի վրա, հազիվ մի դողդոջուն քայլ ենք կատարել այն անեզր տարածության մեջ, որի ո՛չ սկիզբը գիտենք, ո՛չ վերջը, ուրեմն ինչպե՞ս կարող ենք ճանաչել ամբողջությունը:

Իսկ ահա բնության մեջ տեղի ունեցող այդ անակնկալ անկարգությունները հետևանք են մեր մտքի սահմանափակության ու մեր կարճատես տգիտության, քանի որ այդ անկարգությունների մեջ անգամ խորհուրդ կա՝ մի գերագույն իմաստություն, որի բանալին մեր ձեռքում չէ. «Դու հիմա չես իմանում»,- ասում էր Տերն Իր առաքյալին: Խոսք, որը կարող է ուղղվել նաև մեզ, քանի որ խորքայնորեն ոչինչ չգիտենք. «Դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս» (Հովհ. 13։7):

Թերևս, սակայն, ինձ մեկ այլ հարցում էլ ուղղեք, որը շատ հաճախ է կրկնվում և որին պետք է պատասխանել գեթ մի քանի բառով. «Ինչպե՞ս է հնարավոր, որ անսահմանորեն մեծ Աստված ցանկանար բնութենական սահմանափակ ու աննշան հարցերով զբաղվել»:

Այդ հարցը շատ հնուց է գալիս: Հին ու նոր իմաստասերների համար այն խնդրո առարկա է եղել: Ըստ որոշ իմաստասերների՝ նույնիսկ անվայելուչ է համարվել Աստծուն աննշան հարցերի մեջ ներգրավելը, քանի որ, ըստ նրանց, այդպիսով Աստծու փառքը նսեմանում է:

Արիստոտելն ընդունում էր նախախնամությունը միայն բնության երկնային մասի հետ առնչությամբ և ոչ թե երկրի վրա եղող ամեն բանի մեջ: Իսկ ուրիշներ էլ, նույնիսկ քրիստոնյա իմաստասերներ Հերոնիմոսը և այլք կարծում էին, որ «Աստծու վեհափառությունը չէր կարող այնքա՜ն վար խոնարհվել, որ մտածեր, օրինակ, այն մասին, թե քանի միջատ է ծնվում կամ կորչում մեկ ակնթարթում, ծովը քանի ձուկ է պարունակում և այլն»: Սակայն Հերոնիմոսի և նրա նմանների դեմ դուրս եկան Գրիգոր Նազիանզացին (Ատենաբանություն, XVI) և Հովհան Ոսկեբերանը («Յաղագս Նախախնամութեան Աստուծոյ»): Իսկ ահա ներկայումս Սոկինյանները ևս չեն ընդունում Աստծու թագավորությունն աննշան բաների վրա:

Եվ դժբախտաբար տակավին կան այնպիսիք, որ կարծում են՝ Աստված միայն աշխարհներով, ազգերով է զբաղվում և ոչ թե անհատների կյանքի մանրամասնություններով, ճնճղուկի թռիչքով կամ ամպի ընթացքով: «Այդ ի՞նչ են ասում, մի՞թե կարելի է հավատալ, որ Աստված զբաղվում է այսպիսի աննշան բաներով»:

Ես կուզեի այդպես խորհողներին այս հարցումն ուղղել. «Ո՞վ է ստեղծել ամպը, ծաղիկը, թռչունը, միջատը». անշուշտ՝ Արարիչ Աստված: Արդ, եթե Աստված Իր վսեմության համար նվաստացում չհամարեց դրանք ստեղծելը, ինչո՞ւ պետք է նվաստություն համարեր դրանցով զբաղվելը:

Սրանից զատ ձեզ հարցնում եմ նաև. ո՞րն է Աստծու զբաղումի «սահմանը», եթե ուզում եք անպայմանորեն սահման դնել, որպեսզի Տիրոջ մեծությունը չվտանգվի: Ի՞նչն եք մեծ համարում, և ի՞նչը՝ փոքր ու Նրա վեհափառությանն անպատշաճ: Դուք ասում եք, թե անսահման, անհուն Էակի՝ Աստծու առջև ի՞նչ արժեք ունի մարդը, որ Աստված զբաղվի նրանով: Ես ձեզ պիտի հարցնեմ. ի՞նչ արժեք ունի ազգը, ի՞նչ արժեք ունի թագավորությունը և առհասարակ ի՞նչ արժե ամբողջ մարդկությունը: «Նման են դույլի մի կաթիլի,- պատասխանում է մարգարեն,- և հաշվվում են որպես կշեռքի վրա եղող փոշեհատիկ» (Եսայի 40։15):

Ուրեմն հասկացե՛ք, որ չի կարելի սահման դնել մեծի ու փոքրի՝ Աստծու արարածների միջև: Աստված կամ բոլորով էլ զբաղվում է, կամ ոչնչով չի զբաղվում: Եվ եթե Աստված որևէ հարցով չի զբաղվում, ուրեմն Նա Աստված էլ չէ: Ինչպե՞ս եք Նրան Աստված համարում, երբ Նա անկարեկից, անգործ, անհոգ ու անշարժ մի Աստված է, և այդպիսի Աստվածն ավելի վատն է, քանի հեթանոսների կուռքերից որևէ մեկը: Իսկ եթե ասեք, որ Աստված զբաղվում է ամեն հարցով, որ Նրա համար աննշան կամ մեծ բան չկա, որ ամեն բան Նրա սիրո առարկան է, այնժամ կզգաք ճշմարիտ Աստծու ներկայության ճառագայթումը, ա՛յն Աստծու, Որը խղճի և սիրո Աստվածն է, որ երկնավոր Հայրն է:

Եվ այս իսկ է ճշմարտությունը, եթե նաև նկատի ունենանք այն փոքր ու աննշան համարվող երևույթների առնչությունն աշխարհի մեծամեծ իրադարձություններին: Պատմությունը լի է ապացույցներով:

Այս առթիվ հարկ է հիշել Նապոլեոն I-ի պատմությունից մի դրվագ: 1799 թվականին, երբ Նապոլեոնն իբրև եգիպտական բանակի մի պարզ հրամանատար թողնում էր իր զորքերն ու նավ էր նստում անմիջապես Ֆրանսիա վերադառնալու համար, բաց ծովի հորիզոնում ահա նշմարում է անգլիական նավատորմը, որը սպասում ու սպառնում էր նրա յուրաքանչյուր շարժմանը:

Նապոլեոնը մեծ վտանգի մեջ էր: Ապագա կայսրը կարող էր գերեվարվել այդ նավատորմի կողմից, և դա ինչպիսի՜ հետևանք կարող էր ունենալ Ֆրանսիայի ու ամբողջ աշխարհի համար: Սակայն ի՞նչ եղավ, գիտե՞ք: Ահա ծովի վրա մշուշ պատեց, սկզբնապես աննշան մի մշուշ, որը հետզհետե մեծացավ ու սփռվեց, տարածվեց ողջ ծովի վրա, և այդ մշուշի շնորհիվ Նապոլեոնը կարողացավ առանց նշմարվելու խույս տալ անգլիական նավատորմից ու փախչել: Այդպիսով փոխվեց Ֆրանսիայի ու աշխարհի «բախտը»:

Մի՞թե կարող եք ասել, որ դա միայն մի սովորական մշուշ էր, իսկ Աստված չի ուզում զբաղվել աննշան մշուշով կամ ամպով: Արդյո՞ք պահը չէ կրկնելու Հոբի գրքում հիշատակվող խոսքերը. «Տերն է Իր իմաստությամբ կառավարում ամպերի շարժը, որպեսզի Իր ուզածը գործադրի երկրի վրա» (հմմտ. Հոբ. 37։12):

Այժմ քննենք Աստծու թագավորությունը պատմության մեջ։ Շատերը պատմության մեջ տեսնում են միայն պատահականություններ, մարդկային կրքերի բորբոքումներ, կույր ատելություն ու անսանձ վրեժխնդրություն, և ասում են․ «Այս ամենի մեջ որտե՞ղ, ո՞ր անկյունում կարելի է գտնել կամ գեթ նշմարել Աստծու թագավորությունը։ Ո՞վ կարող է այդ թոհուբոհի մեջ Աստծու թագավորության գոյության մի նշան ցույց տալ։ Ո՞վ կարող է Փիլիպպոսի նման որևէ Նաթանայելի ցույց տալ Աստծու թագավորությունն ու ասել․ «Արի՛ և տե՛ս»։ Որտե՞ղ է Աստծու թագավորությունը, երբ ազգերը հիմնովին կործանվում են, երբ իրար հաջորդում են պատերազմները, երբ մի աներևույթ ձեռք անխնա հնձում է մարդկային զանգվածները․․․»։

Իսկապես, սրանք հարցեր են, որ մեզ բավականին շփոթեցնում են ու մտածելու տեղիք են տալիս։ Ֆրեդերիկ Բ թագավորը, որի մասին խոսեցի քարոզիս սկզբում, հաճախ սիրում էր դժվարին հարցերով նեղը գցել իր մատրանապետին։ Մի օր էլ դարձյալ հարցնում է նրան․ «Ինձ պատմությունից  մի օրինակ ցույց տուր Աստծու թագավորության գոյության վերաբերյալ, բայց պիտի ուզեի, որ այդ ապացույցը կարճ, հստակ և մեկ բառով լինի»։

«Տե՛ր արքա,- խորհելուց հետո պատասխանեց մատրանապետը,- «Իսրայել»-ն է դա․ ահա՛ Ձեր ուզած ապացույցը՝ կարճ, հստակ և մեկ բառով»։ Հիրավի, ուրիշ ո՞ր ազգի մեջ է այնքան բնորոշ ակներևությամբ երևում Աստծու թագավորությունը, որքան Իսրայելի ժողովրդի մեջ։

Ուշադիր հայացք նետելով անհատական ու ժողովրդական պատմության վրա՝ պիտի տեսնենք, որ Աստված իշխում, թագավորում է Իր նախախնամությամբ։ Մեր անհատական կյանքում լինում են դեպքեր, որոնք մեզ ցույց են տալիս, որ մի գերագույն կամքի իշխանության ներքո ենք գտնվում՝ հակառակ այն բանի, որ անձնային ազատ կամքի տեր ենք։

Մենք ծրագրեր ենք կազմում, խորհուրդներ ենք հղանում, որոշակի նպատակներ ենք գծում, բայց հանկարծ տեսնում ենք, որ մի անակնկալ, չսպասված մի դեպք գլխիվայր է շրջում մեր ծրագրերը։ Իրավացի է ասված․ «Միտքը մարդկանցն է, կամքը՝ Աստծունը»։

Մի անծանոթ ձեռք մեկ ակնթարթում փոխում է մեր բոլոր ծրագրերը՝ առանց մեր կամքի վրա բռնանալու։ Ոմանք թերևս ասեն․ «Այդ անակնկալները դիպվածի արդյունք են»։ Սակայն ես պիտի հակադարձեմ նրանց։ Անակնկալները մեծ նշանակություն ունեն մեր նկարագրի կերտման ու մեր անձի կատարելագործման տեսանկյունից։ Եթե այդ անակնկալները չլինեին, մենք սարսափելիորեն ինքնահավան ու անհանդուրժելիորեն հպարտ նկարագիր ունեցող անձեր կլինեինք։

Կենդանիների մեջ ամենից «անտանելի» կենդանին ոզնին է, քանի որ բոլոր կողմերից փշերով է պատված։ Հպարտ մարդն էլ է նմանվում ոզնու։ Այդ փշերը պետք է անհետանան այս անակնկալների միջոցով, որպեսզի մարդ նմանվի Աստծու պատկերին։ Արդ, այս կյանքի անակնկալներն են, որ հարթում են մարդու անտաշ ու փշոտ կողմերը, և մարդ այնժամ զգում է, որ Աստծու ձեռքերի ներքո է ու չի կարող իրեն հեռու պահել Աստծու թագավորությունից։

Ժողովուրդների պատմության մեջ էլ նույնն ենք տեսնում։ Իսկապես, մեծանուն դեմքերը մեծապես ազդում են իրենց ժողովուրդների կյանքի ու բարքի վրա։ Այսպես, օրինակ, մեծն Ալեքսանդրը կամ մեծն Նապոլեոնը ահռելի դեր են ունեցել իրենց ժողովուրդների նկարագրի ու կյանքի, ինչպես նաև ապագայի հարցում։ Կամ էլ Մովսեսն ու Պողոսը, որոնք ևս մեծապես կերպարանափոխել են ժողովուրդների ապագան։

Որևէ ազգի հաջողությունը կամ թշվառությունը կապված է այդպիսի հանճարեղ մարդկանց անձերի հետ, բայց այդ անձինք զերծ չեն Աստծու ազդեցությունից, Նրա թագավորությունից։ Ճշմարիտ է, որ նրանք իրենց ձեռքով, իրենց տաղանդով են կառավարում ու ճարտար քաղաքականություն վարելու շնորհիվ իրենց ժողովրդին բարօրության մեջ են պահում։ Բայց մեկ էլ տեսար մի անակնկալ դեպք ամեն բան վերիվայր է շրջում։ Մի ոճրագործությունը կամ որևէ պաշտոնյայի մի սխալ հրամանը կարող է երկրի «ճակատագիրը» հեղաշրջել։

Ինչպիսի՜ մեծամեծ զորություններ են տապալվել մի անակնկալ դեպքի պատճառով։ Այն զորությունը, որը երկարատև տքնությունների միջոցով էր ձեռք բերվել, քարուքանդ է լինում աննշան թվացող մի անակնկալի պատճառով։ Ողջ աշխարհի պատմությունն ինքնին վկայություն է Աստծու՝ ժողովուրդների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի։ Հետևաբար համոզված լինենք, որ Աստված պատմության մեջ թագավորում է թե՛ անհատների, թե՛ ժողովուրդների վրա։

Անհատական և ժողովուրդների պատմության մեջ շփոթություն ու դժվարություն հարուցող այս կետերն աչքի առջև ունենալով՝ ոմանք հարցնում են. «Եթե Աստված թագավորում է, ուրեմն ի՞նչ են նշանակում պատմության այն շփոթ ու խառնակ վիճակն ու այն անկարգությունները, որոնց հետևանքով մարդ հակվում է մտածելու, որ Աստված չկա, որ սիրո Աստված գոյություն չունի»:

Ինչպե՞ս պետք է բացատրել մշտապես գոյություն ունեցող այն անարդարությունը, ըստ որի՝ առաքինի մարդը ձախողվում է, իսկ անարդարը՝ հաջողում, ճշմարտությունը ոտնակոխ է լինում, իսկ սուտը, խաբեբայությունը փառաբանվում է: Մարդ ինչպե՞ս կարող է հավատալ, որ Աստված է թագավորում, երբ մարդկությունը հողմակոծ նավի նման ընկղմվելու վտանգի մեջ է, և այս ամենը տեսնելուց հետո ինչպե՞ս ակամա չէինք ուզենա հարցնել. «Ո՞ւր է այդ Աստված, ո՞ւր է Աստծու թագավորությունը»:

Սակայն, այնուամենայնիվ, ես պիտի պատասխանեմ, որ Աստված թագավորում է, և պիտի դա ասեմ ճիշտ այն վստահությամբ, որով Գալիլիոսը արտաբերեց “E pur si muove” խոսքերը: Հիրավի, Աստված հաճախ թաքնվում է խառնակ շփոթությունների ու քաոսային հեղաշրջումների մեջ, Նա «ուշանում» է կարգուկանոն հաստատելու հարցում: Սակայն փոքր-ինչ սպասել ու համբերել իմացեք: Աստծու թագավորությունը գալիս է շատ ծանր, բայց հաստատուն քայլերով: Այսօր քաոսային, խառնակ, վերիվայր շրջված ու կործանված իրավիճակ եք տեսնում, բայց վաղը պիտի տեսնեք, որ ձեր կարծած խառնաշփոթությունը կարգուկանոնի և ճշմարտության է վերածվել:

Ի՞նչ է, ուզում էիք, որ Աստված ձեր պատկերացումների համեմա՞տ շարժվեր այն դեպքում, որ դուք ձեր ըմբռնումի համեմատ չեք կարող անգամ մի տուն կառավարել, ուրեմն ինչպե՞ս եք հանդգնում կարծիք հայտնել աշխարհի կարգուսարքի և ընթացքի վերաբերյալ:

Մի՛ ասեք, թե Աստծու թագավորությունը սպառվել, սնանկացել է, մի՛ ասեք, թե այն երևակայության մի պատրանք է, մի՛ ասեք, թե այդպիսի թագավորությունն անելիք չունի: Իսկապես, շատ հաճախ գուցե հակվում եք խորհելու, որ Աստված գահընկեց թագավորի նման կորցրել է փառքն ու զորությունը, բայց իմացե՛ք, որ իրականում Նա գործում, տիրում ու թագավորում է կարծվածից ավելի մեծ զորությամբ ու փառքով: Միայն իմացեք սպասել, իմացեք համբերել, քանի որ միայն ապագան կարող է ձեզ լուսավորել ու համոզել, որ Աստծու թագավորությունն իր մեծավայելչության մեջ է, և որ «Տերն է թագավորում»:

Ո՜վ հավատացյալներ, դուք, որ այդ թագավորության զինվորներն եք, դուք, որ  Նրա թագավորության դրոշակակիրներն եք, վերցրե՛ք ձեր սիրո և հնազանդության զենքերը, վերցրե՛ք ձեր ազատության դրոշները, հավատի ամուր վահանները, որպեսզի աշխարհին ճանաչեցնեք, որ «Տերն է թագավորում»:

«Բարձրացրե՛ք, իշխաններ, ձեր դռները դեպի վեր, թող բարձրացվեն հավիտենական դռները և թող մտնի փառքի Թագավորը». ամեն:

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

06.09.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․