«Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար»

Որպեսզի քրիստոնյայի հոգևոր ուղին ճշմարիտ և անվտանգ լինի, անհրաժեշտ է, որ ամուր հավատք ունենա և նախանձախնդիր լինի աստվածային երկյուղի հանդեպ, որն, ըստ հայրաբանության, յուրաքանչյուր առաքինության արմատն է: Աստվածային երկյուղ չունեցողը չի կարող իր մեջ Աստծո պատկերն ու նմանությունը պահպանել, որ շնորհվել է մարդկային բնությանը Արարչից: Առանց աստվածային երկյուղի մարդ կորցնում է իր մեջ հոգևորը և հեռանում իր Արարչից: Այդ պատճառով անհրաժեշտ է ուշադիր լինել այս առաքինության հանդեպ, զարգացնել այն և ամրացնել սրտում: Աստվածային երկյուղը՝ որպես կանթեղ, լուսավորում է մարդու միտքն ու սիրտը, սովորեցնում զգուշորեն քայլել, ինչպես կքայլեր նա, ով ջրով լի բաժակ ունի ձեռքին և զգուշանում է այն թափելուց: Միայն աստվածային երկյուղի առկայությամբ է, որ մարդն իրապես ճանաչում է իր Արարչին: Աստվածային երկյուղը՝ որպես հավատարիմ և զգոն հսկիչ, հսկում է քրիստոնյայի հոգևոր տունն ամենայն չարիքից: Այս առաքինությունը Աստծո պարգևն է, որ տրվում է մարդկանցից յուրաքանչյուրին: Շնորհելով պարգևը՝ Տերը չի սահմանափակում մարդու կամքը, այլ նրան լիակատար ազատություն է տալիս՝ ջանասիրաբար գործելու հանուն փրկության: Այնուհետև մարդն է որոշում՝ ընդունել այդ պարգևը և դառնալ դեպի Աստված, կամ մերժելով այն՝ հեռանալ Նրանից՝ ընթանալով կործանարար ուղով:  

Եկեղեցու հայրերը նշում են, որ փրկարար առաքինության ընդունման և զարգացման ուղին կայանում է նրանում, որ մարդը մշտապես գիտակցի իր մեղավորությունն Աստծո առաջ և ձգտի՝ ապաշխարությամբ մաքրագործվելու: Այս դեպքում աստվածային երկյուղը լուսավորում է մարդու գիտակցությունն ու խիղճը՝ մեղքերը տեսնելու և ապաշխարելու համար: Երբեմն մարդը, ապագա հավիտենական տանջանքների և աստվածային դատաստանի վախն իր առջև ունենալով, ոտք է դնում երկյուղի առաջին աստիճանին և խուսափում մեղսագործելուց: Սկսում է աստվածահաճո կյանք ապրել և նրա մոտ ձևավորված ստրկական երկյուղն առ Աստված աստիճանաբար վեր է ածվում որդիական, անկեղծ և սրտանց երկյուղի: Մարդը հասնում է աստվածային երկյուղի բարձրագույն աստիճանին՝ որդիական երկյուղին, որը հեռու է պահում նրան այն մտքերից, խոսքերից և գործերից, որ կարող են վիրավորել աստվածային մեծությունը: Այս աստիճանի վրա քրիստոնյան իրեն զգում է ոչ միայն Աստծո արարած, այլև՝ որդի: Նրա համար Աստված արդեն ոչ թե խիստ դատավոր է, այլ արդար և սիրող Հայր:

Աստվածային երկյուղը մարդու մեջ հիմնավորվում է նրա հավատի չափով: Որդիական երկյուղը աստվածային մեծագույն պարգև է՝ կատարյալ սիրով լի, որ ուղղորդում է քրիստոնյային Աստծո հետ հաղորդակցության և միավորման. «Աստված սեր է: Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված էլ՝ միացած նրան» (Ա Հովհ. 4:16): Աստվածային երկյուղն իր հոգում ընդունողը սրտից վանում է ամեն վախ, և այդ անվախությունը բացատրվում է ոչ թե միջավայրի և երկրային կյանքի հանդեպ անտարբերությամբ, այլ վստահությամբ, որ ամեն փորձություն, անգամ մահը Աստծո հետ միավորյալ հոգուն առաջնորդելու է երանելի Երկնային Արքայություն, այն ամուր հավատով, թե՝ «Քրիստոսից ծնվածները բոլորն էլ կենդանանալու են» (Ա Կորնթ. 15:22):   Աստծո հանդեպ երկյուղ ունեցող քրիստոնյան համաձայն է չարչարանք ու զրկանք կրելու, միայն թե չմեղանչի և Աստծուց չհեռանա: «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար. ով չունի այդ երկյուղը, մոլորված շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր հավիտյան այցելու չի ունենա» (Առակ.19:23):

 

 Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

06.08.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․