Գրքեր

Վարք Սրբոցը երիտասարդների ներկայացմամբ

Պատմությունը լավագույն ուսուցիչն է սովորել ցանկացողի համար, քանի որ օրինակով է ուսուցանում:

Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ծառաշատ և խաղաղ այգում ամեն երկուշաբթի պատմութունը ուսուցանում է: Պատմության օրինակները սրբերի վարքագրությունն է, իսկ ունկնդիրները՝ երիտասարդաց միության անդամները:

Սրբերի վարքերը լավագույն նյութերն են ընթերցումի և լավագույն կերպը՝ ուսուցումի, որովհետև այստեղ ոչ թե վերացական, այլ իրականացված առաքինություններ են ներկայացվում:

«Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները շաբաթվա ընթացքում մի քանի դասընթացների են մասնակցում: Արդեն երեք ամիս է, ինչ ամեն երկուշաբթի երեկոյան «Վարք Սրբոցը երիտասարդների ներկայացմամբ» խորագրով հանդիպումն է կայանում, ըստ այդ ամսվա սրբերի հիշատակությունների, ընտրվում է որևէ սրբի վարքագրություն: Ամեն անգամ սրբի վարքը ներկայացնում են երիտասարդաց միության տարբեր անդամներ, ապա սկսվում է քննարկում հոգևորականի հետ: Ամեն հինգշաբթի Երևանի տարբեր զբոսայգիներում երիտասարդները Աստվածաշնչի ընթերցանությանը և մեկնությանն են անդրադառնում: Իսկ շաբաթ օրը տարբեր թեմաների շուրջ «Եկեղեցին մենք ենք» խորագրով բանախոսություններ են կազմակերպվում տարբեր հոգևորականների և մշակութային գործիչների մասնակցությամբ»,- ասաց Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

«Վարք Սրբոցը երիտասարդների ներկայացմամբ» խորագրով հանդիպումները երիտասարդաց միության անդամների համար հետաքրքիր են և օգտաշատ, իրենցից յուրաքանչյուրը առիթ է ունենում խորությամբ ուսումնասիրելու և ներկայացնելու որևէ սրբի վարք:

«Ինձ համար սրբերի վարքը առաջին հերթին կյանքի օրինակներ են, թե ես տարբեր իրավիճակներում ինչպես պետք է ինձ դրսևորեմ: Անկախ իրավիճակից սովորում ես փառաբանել Աստծուն՝ տեսնելով ամեն ինչի մեջ Աստծո բարի կամքը»,- ասաց Ալինան:

Նրան ստիպում էին, որ ոտքերով կոխկրտի Խաչի նշանը: Երանելին շտապ վերցրեց գետնից Սուրբ Խաչը և համբուրելով դրեց իր աչքերին, արտասվելով և ցասումով ասաց ամիրային. «Ամենաչա՛ր, իմացի՛ր, որ ո՛չ հրով, ո՛չ սրով և ո՛չ կյանքով, ո՛չ մահվամբ չես կարող ինձ բաժանել Քրիստոսի սիրուց և Սուրբ Խաչի երկրպագությունից, որը Քրիստոսին հավատացողներիս պարծանքի պսակն է»: Երբ ամիրան տեսավ նրա Քրիստոսի և Խաչի սիրուն հավատարիմ միտքը, հրամայեց նրա Տիրոջ օրինակով խաչափայտի վրա սպանել նրան: Նա պարսիկ հոր և քրիստոնյա մոր զավակ էր, որ գալով Հայաստան, ընդունել էր քրիստոնեությունը՝ թողնելով իր ազգությունը և կրոնը:

Խոսքը յոթերորդ դարի սուրբ Դավիթ Դվնեցու մասին է: Նրա, Ղամբէոսի և Ղամբէուհու սրբերի մասին էր Հռիփսիմե Խաչատրյանը մեծ ջանասիրությամբ պատրաստվել ներկայացնելու:

Երբ բոլորը ծանոթացան երանելիների վարքին, ներկաները անդրադարձան մի քանի թեմաների՝ մկրտությամբ նոր՝ սրբի անուն ունենալու, Աստծո հանդեպ մեծ սիրո և նվիրումի, դավանափոխության, սրբությամբ ապրելու և սրբությանը տեր լինելու խնդրին, Աստծո հանդեպ երկյուղի և ոչ վախի մասին:

Տեր Գրիգորը անդրադարձավ, որ սրբերի նվիրումն ու նահատակությունն Աստծո հանդեպ սիրո ամենակատարյալ դրևորումն է, ինչը նկատելի էր նաև Սուրբ Դավիթ Դվնեցու կնոջ կերպարում, ով, ականատես լինելով իր ամուսնու չարչարանքներին, քաջալերում էր նրան հաստատուն մնալ իր հավատքի մեջ. «Աստված սեր է և սիրուց չես կարող վախենալ: Աստծուց պետք է երկյուղել և ոչ վախենալ»,- հավելեց Տեր Հայրը:

Այդ օրվա սրբի՝ Դավիթ Դվնեցու վարքի մեջ, Ալինան տեսավ նրա մեծ սերը նախ Աստծո, ապա իր ընտանիքի հանդեպ, իրեն հիացրեց նաև նրա կնոջ կերպարը:

Տեր Գրիգորն ասաց, որ ծրագիրը շարունակական է լինելու. «Դասընթացի նպատակը ծառայում է նրան, որ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն ունենա ծանոթանալու հայազգի և համազգային սրբերի վարքին, օրինակ վերցնի նրանց կյանքից՝ հավատքի մեջ ամրանալով»:

Ամեն հանդիպման ավարտին երիտասարդները քահանայի հետ միասին աղոթում են, շարականներ երգում Սուրբ Անանիայի մատուռ գերեզմանում:

Ծանոթացումը սրբերի վարքին մեզ առավել ամուր է կապում նախ Աստվածաշնչի հետ, որ մեր փրկության ուղեցույցն է, որի պտուղներն են սրբերը, Մայր եկեղեցու, մեր պատմության և հոգևոր ժառանգության հետ, որ սրբերն են կերտել, գրել և իբրև թանկ ժառանգություն թողել մեզանից յուրաքանչյուրին:

Կարինե Սուգիկյան

15.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․