21 Դեկտեմբեր, Շբ
Հավատքի նշանակալի պտուղներից է վճռականությունը, որն առաքինություններից մեկն է, որ զարդարում է մարդուն: Առանց դրա հոգևոր կյանքի ընթացքը կարող է դոփել միևնույն տեղում: Վճռականության ոգին հավատքն է՝ ընդելուզված հույսով և սիրով: Մանանեխի հատիկի առակը ցույց է տալիս, թե այդ փոքրիկ հատիկն ինչպիսի ձգտում ունի աճելու և դառնալու հսկայական մի ծառ, որ երկնքի թռչունները գալիս և նրա ճյուղերի վրա հանգստանում են (Մատթ. 13.31-33): Փոքրիկ մանանեխի հատիկի օրինակը ցույց է տալիս, թե ինչ մեծ վճռականություն է անհրաժեշտ հավատքի մեջ, որպեսզի հավատքն աճի, լավագույն պտուղները տա և մարդուն հոգևոր կատարելության աստիճաններով դեպի վեր բարձրացնի: Այս առումով հավատքի առաջին փոքրիկ հատիկը մտադրությունն ու վճռականությունն է Աստծու շնորհի միջոցով հավիտենական փրկություն ունենալու համար: Վճռականությունը մեծ դեր ունի ապաշխարության հարցում: Պարզապես զղջումը բավարար չէ, այլ անհրաժեշտ են վճռական քայլեր՝ փոխվելու, ներքին փոփոխություն կրելու համար՝ հրաժարվելով մեղքերից, մեղավոր կրքերից և բոլոր այն խանգարող հանգամանքներից, որոնք թույլ չեն տալիս ավելի մոտենալ Աստծուն: Ավետարանում նկարագրվում է, թե ինչպես անառակ որդին իր սրտում վճռականություն գտավ ետ դառնալու և դեպի իր Հորն ընդառաջ ելնելու (Ղուկ. 15.11-24): Երբ թերահավատություն ենք ցուցաբերում, դառնում ենք անվճռական և երկմիտ, ինչպես Պետրոս առաքյալը ծովի վրա քայլելիս սկսեց սուզվել, սակայն սկզբում հավատի շնորհիվ մեծ վճռականություն ցուցաբերեց և նավակից դուրս ելավ՝ քայլելով ծովի վրայով դեպի Հիսուս (Մատթ. 14.24-33): Արդ, վճռական լինելը կարևոր հանգամանք է քրիստոնեական կյանքի ընթացքում, որպեսզի մոտենանք Քրիստոսին: Մի վանական հարցնում է Սբ. Սերաֆիմ Սարովսկուն, թե ինչո՞ւ մենք չունենք ճգնակյաց կյանքի այնպիսի խստություն, ինչպես նախորդ դարերում էր: Սբ. Սերաֆիմը պատասխանում է, թե մենք չունենք այդ վճռականությունը: Եթե այն ունենայինք, կապրեինք ինչպես մեր հոգևոր հայրերը, որովհետև շնորհը և օգնությունը հավատարիմ է բոլոր նրանց, ովքեր փնտրում են Տիրոջը, ինչպես նախկին ժամանակներում է եղել, քանի որ Հիսուս Քրիստոս երեկ և այսօր նույնն է (Եբր. 13.8):
Վճռականությունը սկզբում ներառում է գիտակցությունը և կամքը, այնուհետև դրանից նաև ուժ է առնում ամբողջ հոգևոր գործունեությունը: Վճռականությունը ներուժ է հաղորդում մարդուն, թափանցում է մարդու հոգու բոլոր ուժերի մեջ` մտքի, զգացմունքի և կամքի և լցնում է դրանք իրենով` զորավոր ներուժ հաղորդելով մարդու հոգևոր կյանքի առաջընթացին: Աստծո շնորհով ապրելու մտադրությունը չպետք է սահմանափակվի պարզապես ցանկությամբ, այլ պետք է ուղեկցվի դժվարությունների հանդեպ պայքարելու պատրաստակամությամբ՝ ձգտում ունենալով ցանկալի արդյունքի հասնելու: Պողոս առաքյալն իր նամակներում վազորդի օրինակով խոսում է նաև այն մասին, որ քրիստոնյան պետք է լեցուն լինի վճռականությամբ, որպեսզի հասնի իր նպատակակետին. «Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները. ուշադիր վազում եմ աստվածային կոչմանս նպատակակետին՝ Քրիստոս Հիսուսով» (Փիլիպ. 3.13-14): Իսկ կորնթացիներին ուղղված նամակում նշում է. «Չգիտե՞ք, թե նրանցից, որ ասպարեզում վազում են, թեև բոլորն են վազում, միայն մեկն է առնում հաղթության մրցանակը։ Այնպե՛ս վազեցեք, որ հասնեք դրան» (Ա Կորնթ. 9.24):
Հոգևոր կյանքում վճռականությունը և իմաստությունը առաքինության երկու կողմերն են: Միշտ չէ, որ ճիշտ որոշումներ ենք կայացնում, դրա համար վճռականությունն առանց իմաստության կարող է մեզ փորձության մատնել: Անհրաժեշտ է տեսնել հետագա ամբողջ ընթացքը, դժվարությունները և վճռականությամբ քայլ կատարել` պատրաստ լինելով բոլոր դժվարություններին, որպեսզի հուսահատության չմատնվել և չընկնել չարի ծուղակների մեջ: Հոգևոր վճռականությունը զուգակցվում է բոլոր խնդիրները համբերատարությամբ, հաստատակամությամբ և քաջությամբ դիմագրավելու հստակ որոշմամբ: Սակայն շատ անգամ մեզ չի բավականացնում հավատքի վճռականությունը: Տարբեր իրադրություններում բազմաթիվ պահերի գերադասում ենք գայթակղությունը և մոլորությունները, քան հոգևոր վճռականությունը: Մենք ասում ենք, թե հավատում ենք, բայց երբ գալիս է վճռական պահը, տեղիք ենք տալիս ու նահանջում: Հիշենք Պետրոս առաքյալին, որ ասում էր, թե ինքը մշտապես Հիսուսի կողքին կլինի, սակայն վճռական պահին երեք անգամ ուրացավ Տիրոջը (Հովհ. 18.15-27): Հետևաբար, մշտապես պիտի խնդրենք Երկնավոր Հորը, որ մեզ օժտի անհրաժեշտ վճռականությամբ, որպեսզի կարողանանք դիմագրավել վերահաս փորձությունները և հաղթահարել դրանք: Այս առումով մեր կյանքում մեծ դեր ունի աղոթքը, աղոթական կյանքը:
Շառ առիթներ են լինում, որ մենք շատ բանի մասին մտածում ենք, մտածում, բայց հետո մոռանում ենք: Դա նշանակում է, որ մեր հոգուն այդ բոլորը այնքան էլ կարևոր չի թվացել, եղել, և հիշողությունը չի մտապահում դրանք: Հիշում ենք այն, ինչը մեր հոգուն հարազատ է թվում: Եվ այն, ինչ մեր պատկերացումներում և մտքում է, մի՞թե միայն այդքանով բավարար է դրանք իրականություն դարձնել: Իրականացնելու համար անհրաժեշտ է վճռականություն: Հետևաբար, որպեսզի ցանկությունն իրականություն դառնա, պետք է վճռականություն: Այդպես էլ հոգևոր կյանքում է: Մենք պարզապես չպետք է կարդանք ու լսենք Ավետարանը մեր պատկերացումների սահմանների ներքո ու այդքանով բավարարվենք, այլ պետք է իսկապես ապրենք քրիստոնյայի կյանքով՝ ձգտելով նմանվել Քրիստոսին: Արդ, հոգևոր խորհուրդները, խրատներն ու պատգամները չեն կարող օգնել, եթե մարդ վճռականություն չունենա դրանք իր կյանքում իրականություն դարձնելու համար:
Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը