Ընտրության իրավունքը

Լույսի, սիրո և կյանքի գեղեցկությանը զուգահեռ իրականությունը լեցուն է անարդարությամբ, տառապանքով, դժբախտություններով, ձախողումներով, սակայն մարդը ձգտում է դրախտային երանությանը, որից մեղանչելու պատճառով զրկվել է և երբեմն էլ դրա համար հարցնում են, թե ամենագետ և կանխագետ Աստված ինչո՞ւ Ադամին ստեղծեց այնպիսին, որ մարդը մեղք գործի և դժվարություններով լեցուն այսպիսի աշխարհում ապրի: Մի՞թե ամենակարող Աստված չէր կարող արարել այնպիսի կատարյալ մարդ, որը միայն ձգտեր դեպի բարին և չմեղանչեր: Աստվածաշնչյան վկայություններին անդրադառնալով՝ նկատում ենք, որ Աստված կամենում էր, որ մարդն ընտրեր կատարելության ճանապարհը հնազադնության միջոցով, սակայն Նա չվերցրեց մարդու ինքնակամ և ինքնուրույն ընտրության հնարավորությունը: Ոմանք ասում են, մի՞թե Աստված չէր կարող փակել մարդու այդ սխալ ընթացքը: Բայց այդ դեպքում արդյո՞ք մարդն իրապես ազատ կլիներ:  Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ ամեն ինչ Աստծուց է, բայց ոչ այնպես, որ մեր ազատությունը խախտվի: Հատկանշական է, որ Աստծո ստեղծագործությունը բարի է, և մարդն էլ իր էությամբ բարի է ստեղծվել (Ծննդ. 1.31), (Ժող. 7.29) ու վայելում էր աստվածային փառքն ու երանությունը: Սուրբ հայրերի երկերում  արտացոլված է այդ մասին: Սբ. Բարսեղը նշում է, որ առաքինությունն անհատի ներսում պարզապես անհրաժեշտաբար կամ հարկադրաբար չի ծնվում, այլ այն ի սկզբանե դրոշմված է մարդու էության մեջ: Այն ինքնին բխում է մարդու բնությունից, որովհետև մարդը բարի է ստեղծվել՝ բարին գործելու և բարիք ստեղծելու համար: Ըստ սբ. Գրիգոր Նյուսացու՝ առաքինությունը հարկադրական հատկանիշ չէ և կամավոր է, իսկ ինչը ստիպողաբար և բռնությամբ է, չի կարող առաքինություն լինել: Այդ դեպքում բարի էություն ունեցող մարդն ինչո՞ւ մեղանչեց և Աստծու նման բարության մեջ չհարատևեց: Հետևելով Սբ. Աթանաս Մեծի, Սբ. Գր. Տաթևացու և մյուս սուրբ հայրերի լուսաբանումներին այս հարցի շուրջ` ընդգծվում է այն մոտեցումը, որ մարդը ստեղծվել է անմեղ, բայց իր անմեղությունը բացարձակ չի եղել, քանի որ այն ընկած է եղել իր ազատ կամքի հիմքում, և իբրև հարկադրական էություն չի եղել մարդու համար: Մարդն իր ազատ կամքով պիտի ընտրություն կատարեր, թե ինչպիսի ուղղությամբ ընթանալ: Սբ. Գրիգոր Նազիազանցին ասում է, որ Աստված մարդուն օժտել է ազատ կամքով, որպեսզի մարդն իր ազատ որոշմամբ կարողանա ընտրություն կատարել բարու մեջ մնալու համար: Աստված կամենում է, որ մարդը ոչ թե հարկադրաբար դեպի բարու ճանապարհով ընթանա, այլ սիրով, իր ընտրությամբ, ազատ կամքի դրսևորմամբ: Արդ, Աստված մարդուն չի հարկադրում, բռնանում Իր կամքը կատարել, այլ տալիս է իրավունք՝ գործելու այնպես, ինչպես մարդն է կամենում: Սբ. Իրինեոս Լիոնացու մտքի համաձայն նշենք, որ եթե ոմանք ըստ էության սահմանված լինեին բարի՝ չունենալով ազատ կամք, իսկ ոմանք՝ նմանապես չար, այդժամ բարիները արժանի չէին լինի գովասանքի, քանի որ իրենք հենց այդպիսին են սահմանված: Եվ մյուս կողմից` որևէ մեկն արժանի չէր լինի պարսավանքի և պատասխանատվության, որովհետև նրանք այդպես են ստեղծված, քանի որ չեն կարող իրապես ազատ գործել: Ըստ փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևի` կատարելության և բարության հիմքն ազատության մեջ է, ազատ կամքով Աստծուն սիրելու և Նրա հետ հաղորդակից լինելու մեջ: Արդ, կատարելության բովանդակությունն ազատության մեջ է: Հետևապես այս բոլոր հարցերի պատասխանները գտնվում են ազատության և ազատ կամքի արժեքների մեջ: Այդ ամենը հասկանալու համար նախ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ծննդոց գրքին, ուր նշված է, որ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ (Ծննդ. 1.26-27): Հետևաբար, ուշադրություն պիտի դարձենք այն իրողությանը, որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ, այլ ոչ թե այլ պատկերով ու նմանությամբ: Սա նշանակում է, որ մարդուն տրված է աստվածային այնպիսի կարողություններ և ունակություններ, որոնք չունեն երկրի վրա ստեղծված մնացյալ արարածները: Աստվածային հատկանիշները` բանականությունը, ազատությունը, կամքը, ինքնիշխանությունը դրսևորված են մարդ էակի մեջ: Մարդն անձ է, անհատ է` արտահայտված իր յուրօրինակ անկրկնելի էությամբ և ազատ կամքով: Այս դեպքում յուրաքանչյուր բանական, ինքնիշխան և ազատությամբ օժտված անձնավորություն բնական է, որ իրավասու է արտահայտել իր ազատ կամքն այնպես, ինչպես կամենում է: Սա աստվածային մեծագույն պարգև է, որը տրվել է մարդուն: Ինչո՞ւ է այն տրվել ու ընդհանրապես ինչո՞ւ է Աստված մարդուն ստեղծել. որովհետև Աստված Սեր է (Ա Հովհ. 4.16), և Նրա սերն ու բարությունն այնքան անսահման են, որ կանխապես իմանալով, թե ազատ կամք ունեցող բանական արարածը որոշելու է անտեսել Իր կամքը և ըմբոստանալու է, այնուամենայնիվ մարդուն տալիս է աստվածային մեծագույն այդ պարգևը` ազատ կամքը և ընտրության իրավունքը, թե անձնիշխան կերպով ինչպիսին լինել և ինչպես ապրել: Հետևապես, մարդը կարող է հնազանդվել, կամ չհնազանդվել Արարչին, նրան տրվել է այդ ինքնիշխանությունը, ազատությունը: Անշուշտ, Արարիչը կարող էր ստեղծել նաև այնպիսի մարդ, ում կամքը սահմանափակված լիներ և իր էությամբ հարկադրաբար բարին ձգտեր և չկարողանար մեղանչել, սակայն այն կսահմանափակեր մարդու ազատության և ազատ կամքի դրսևորումը և մարդ արարածի այս սկզբունքային առավելությունը, առանձնահատկությունը, յուրօրինակությունը մնացյալ արարածների հետ համեմատած: Մարդու ազատ կամքը կլիներ ծրագրավորված և ուղղորդված: Սբ. Եփրեմ Ասորին նշում է, որ Աստված մարդուն ազատ է ստեղծել՝  նրան պատվելով մտքով և իմաստությամբ և նրա աչքերի առաջ դնելով կյանքն ու մահը: Այնպես որ, եթե ազատորեն կամենա ընթանալ կյանքի ուղիով, ապա կապրի հավերժ, իսկ եթե չար հոժարակամությամբ ընթանա մահվան ուղիով, ապա հավերժ կտառապի: Թեև Երկնավոր Հայրը թույլ է տալիս մարդուն գործել և´ բարին, և´ չարը, սակայն օգտագործում է բոլոր միջոցները, որպեսզի մարդն ընտրի բարին, բայց մեզ չի ստիպում և հարգում է նաև Իր պարգևները, շնորհները որոնցով օժտել է մեզ: Օգոստինոս Երանելին ընդգծում է, որ մեծ է այն ազատությունը, երբ կարող ես մեղք չգործել և զերծ մնալ մեղքից: Բայց մեծագույն է այն ազատությունը, երբ մարդ դառնում է այնպիսին, երբ անկարող է մեղք գործել: Ազատ կամքով հասնել հոգևոր այս աստիճանին, մակարդակին հնարավոր է միայն Քրիստոսով և Նրա կամքի հետ համագործակցությամբ, օգնությամբ: Ըստ Սբ. Գրիգոր Նյուսացու՝ Արարիչը մարդուն կյանքի է կոչել, որպեսզի վերջինս ոգևորվի աստվածային ու գերագույն ուժի նմանությամբ: Աստված մեզ այնպես է ստեղծել, որ զարգացնելով մեր կարողություններն ու ներքին հատկանիշները` գտնենք դեպի Նրան տանող ճիշտ ճանապարհը և մոտենանք` նմանվելու Նրա կատարելությանը: Այս խնդիրների առնչությամբ պատմում են, որ աշակերտը և ծեր վանականն անցնում են ճանապարհով, երկնքում մեծ արագությամբ ռազմական ինքնաթիռ է սլանում, այնուհետև մի փոքր թռչուն է գալիս, իրենց շուրջը պտտվում և վեր խոյանում դեպի երկինք: Վանականն ասում է.

- Ինչո՞վ էր առավել այս թռչնի թռիչքը այն գերձայնային արագությամբ հզոր և զինված ինքնաթիռի թռիչքից: Այս թռչունը, թեև փոքր է և թույլ, սակայն այն թռչում է այնտեղ, ուր կամենում է, իսկ գերհագեցած, հզոր ինքնաթիռն իր կամքով չի կարող որևէ տեղ թռչել, այլ միայն մարդու նշագծած ուղիով: Տեսնո՞ւմ ես՝ ի՜նչ մեծ առավելություն ունի թռչունը, որն ունի ազատություն, և թռչում է այնտեղ, ուր կամենում է, առավելևս մարդն ունի այնպիսի ազատություն և կամք, որ կարող է գիտակցված ընտրել իր ուղին այնպես, ինչպես ինքն է կամենում ապրել:

Արդ, Արարչի սերն ու բարությունն այնքան անսահման են, որ թեև կանխապես գիտի, թե ազատություն ունեցող բանական արարածը ինչպես է գործելու և նույնիսկ Իրենից է հեռանալու, սակայն մեզ տվել է այդ մեծագույն ազատությունը և ընտրության հնարավորությունը՝ ապրել Իր կամքով, կամ ընթանալ այլ ճանապարհով` տեսնելով, թե այդպիսի ընտրության կյանքն ինչպիսին է լինում...

Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին այս հարցերի շուրջ նշում է, որ պետք չէ շատ տարվել նման հարցերով և կասկածել Աստծո արդարությանը, ամենագիտությանը, արարչագործության բարի մտադրություններին, այլ սբ. Պողոս առաքյալի խոսքի համաձայն` յուրաքանչյուրդ ձեր մասին խորհեցեք զգաստությամբ, այն հավատի չափով, որ Աստված բաժանեց (Հռոմ. 12.3):

 

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

16.03.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․