Գրքեր

«Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաների աղոթքը՝ հանուն հայրենիքի խաղաղության

Երեխան վաղ տարիքից սպունգի նման կլանում է այն, ինչ տեսնում է իր ընտանիքում և միջավայրում, ուստի քրիստոնյա ծնողների և ուսուցիչների կարևորագույն պարտականություններից է երեխային աստիճանաբար ու սիրով մոտեցնել Երկնավոր Հորը և Նրա հետ հաղորդակցությունից բխող ուրախությանը: Թե՛ չափահասի և թե՛ երեխայի հոգին աղոթքի ծարավ ունի: Երբ այդ ծարավը հագեցնելու քայլեր են արվում, ապա չի ուշանում ուրախությունը. բոլորը՝ մեծ, թե փոքր, սկսում են վայելել Երկնավոր Հոր հետ հաղորդակցվելու ուրախությունը:

Հոգևոր այդ ուրախությունն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մանկավարժը: Կիրակնօրյա դպրոցում այդ ուրախությունը կրկնապատկվում է ուխտագնացության օրերին: Հոկտեմբերի 29-ին՝ Գյուտ Խաչի տոնին, «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մանկավարժ Տաթև Պետրոսյանը, եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեցին Արագածոտնի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրում՝ Հովհանավանքում, ուխտավորները մասնակից եղան Սուրբ Պատարագին, որի ավարտին հաղորդ դարձան վանքում ամփոփված սբ. Հովհաննես Մկրտչի մասունքներին և սրբի բարեխոսությանը դիմելով՝ աղոթեցին Հայոց ազգի համար: Հաջորդ սրբավայրը, ուր այցելեցին կիրակնօրյա դպրոցի սաները, Ուշիի Ս. Սարգիս եկեղեցին էր (5-րդ դար): Խոնարհված սրբավայրում ուխտավորները Տեր Գրիգորի գլխավորությամբ միասնաբար աղոթեցին և «Տեր ողորմեա» շարականը երգեցին: Ամեն մի ուխտավայրում մանկավարժը երեխաներին ներկայացրեց սրբավայրի պատմությունը և եկեղեցու անվանակիր սրբի վարքը: Այնուհետև բնության գրկում երեխաները վայելեցին սիրո ճաշը, մի շարք խաղեր, երգ ու պարը:

«Ամեն անգամ մեր սաները, աղոթքի ճանապարհ անցնելով, առավել են կապվում եկեղեցուն, ճանաչում են մեր սրբավայրերն ու բնաշխարհը: Որպեսզի երեխաները սիրեն ու գնահատեն իրենց վստահված ժառանգությունը, նախ պետք է ճանաչեն այն: Կարևորում եմ ծնողների ներկայությունը ուխտագնացություններին, քանի որ ծնողն էլ իր զավակի հետ աղոթում է,  հաղորդակցվում սրբություններին, ինչը նպաստում է ընտանիքի անդամների հավատի զորացմանն ու ամրապնդմանը: Իսկ մեր այսօրվա ուրախ տրամադրությունն ամբողջացրեց չորս կողմը իշխող ոսկեգույն աշունը:  Ամեն մի ուխտագնացությունից հետո երեխաները մեծ ոգևորություն են ապրում և ուրախությամբ սպասում են հաջորդ հոգևոր ճամփորդություններին»,- ասաց «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Տաթև Պետրոսյանը:   

Փրկչի պատգամն է մշտապես աղոթելը, որ հոգևոր կյանքի շնչառությունն է: Ինչպես ֆիզիկական կյանքն է դադարում շնչառության դադարով, այնպես էլ աղոթքի բացակայությունից է կանգ առնում հոգևոր կյանքը: Շնչառության ռիթմով է գնահատվում առողջությունը: Մեծ անհանգստություն է ծնողների համար, երբ տեսնում են, որ երեխայի մոտ դժվարացել է շնչառությունը, բայց նույնքան անհանգստություն նրանց պետք է պատճառի երեխաների հոգևոր կյանքի շնչառության բացակայությունը կամ դադարը: Եվ որպեսզի կանխվի հոգևոր վտանգ պարունակող այդ վիճակը, ծնողները մանկուց երեխայի մոտ պետք է սերմանեն ու զարգացնեն աղոթական կյանքը՝ շարունակաբար աջակցելով ու խորացնելով այն:  

 

Կարինե Սուգիկյան

 

30.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․