19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրհնաբեր օրերից մեկը

Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Ս. Աստվածածինը, տարվա մեջ չորս ուխտի օրեր ունի, որոնցից առաջինը մայիսի 14-ին է՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, մի հայրապետի, որը 17-րդ դարում եղել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում գործող վանքի վանահայրը, և իր մեծագույն ավանդն է բերել Հայ եկեղեցու բարգավաճման սուրբ գործում:

Վեց տարի անընդմեջ, մայիսի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է բերվում «Զորավոր» Ավետարանը, որի հրաշագործ զորությանը Հայոց ազգն արդեն յոթ դար է, որ հաղորդակից է լինում: Այս տարի ևս, մինչ Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը և մեծ թվով ուխտավորներ Փարպեցի փողոցի խաչմերուկից հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով նախ կանգ առավ Ս. Մովսես Գ Տաթևացու անվան գավազան-հուշարձանի առջև, ուր Անդաստանի արարողությամբ հանդիսավոր կերպով օրհնվեցին աշխարհի չորս ծագերը, ապա Ավետարանը դրվեց եկեղեցու Ս. Մովսես Գ Տաթևացու անունը կրող Սուրբ Սեղանին, այնուհետև՝ ատյանում, ուր և շարունակվեց արարողակարգը: Նախկինում «Վիշապկենց» կոչվող Ավետարանը յոթ դարերի ընթացքում հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Ս. Թադեի վանքում, ապա՝ Ս. Էջմիածնում, իսկ 1939 թ-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում:

Ուխտի Ս. Պատարագը մատուցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Մինչ քարոզը Տեր Հայրը հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ հավատավոր հայորդիները տարվա մեջ մեկ անգամ իրենց խոնարհումն ու երկրպագությունն են բերում «Զորավոր» Ավետարանին, ապա քարոզին անդրադառնալով «Զորավոր» Ավետարանի զորությանը՝ մասնավորաբար ասաց. «Զորավոր Ավետարանը նշանավոր է ոչ թե իր գեղագիտական արժեքով, այլ նախ և առաջ Ավետարան լինելով և իր հրաշագործ զորությամբ: Այն շնորհաշատ մի պարգև է մեզ՝ մահկանացուներիս, որպեսզի Աստծո օրհնությանը հաղորդակից լինենք: Անհրաժեշտ է հավատալ Աստծո զորությանը և հավատքով, ակնածանքով ու երկյուղածությամբ մոտենալ ոչ միայն Ավետարանին ու Սուրբ Հաղորդությանը, այլ նաև մեր սուրբ եկեղեցիներին, խաչերին, սուրբ մյուռոնին և սրբերի մասունքներին: Դրանք մեր փրկության, բժշկության, մաքրության, մեր աջակցման և զորացման համար են տրվում, և դրանցով մենք երկնային օրհնություն ենք ստանում: Այդ նյութեղեն իրերի միջոցով Աստված մեզ արժանի է դարձնում Իր մեծ ողորմությանն ու սիրուն. «Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ փրկելու», - ասում է օրվա Ավետարանը (Ղուկաս 9:56)»: Քարոզը Տեր Հայրն ավարտեց Սուրբ Գիրքն ընթերցելու պատգամով, Աստծուց ոչ միայն ֆիզիկական առողջություն, այլև առաջին հերթին հոգու լուսավորություն խնդրելու հորդորով և մաղթանքով, որ Տերը բժշկի յուրաքանչյուրին իր հոգևոր և մարմնական զանազան ախտերից ու հիվանդություններից և Իր օրհնությանն արժանացնի Զորավոր Ավետարանի միջոցով:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալները մինչև Երեկոյան ժամերգությունը հաղորդակից եղան «Զորավոր» Ավետարանի անսպառ զորությանը՝ հայցելով օրվա հիշատակելի Ս. Մովսես Գ Տաթևացու բարեխոսությունը: Ըստ հայրաբանության՝ Սուրբ Գրքի կարճ ասույթն էլ մեծ զորություն և մտքերի անճառելի հարստություն ու գանձ է պարունակում: Կարելի է մի ամբողջ դար ապրել և անդադրում կարդալ միայն Ավետարանը կամ Նոր կտակարանը և այդպես էլ մինչև վերջ չյուրացնել:

 

Կարինե Սուգիկյան

14.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․