19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր
Վերոհիշյալ պատժից հետո ժողովուրդը աստվածային հրամանին նորից հակառակ գործե՞ց:

Այո՛, գործեց: Քանի որ եդոմացիների երկրից գնալու ժամանակ այդ կողմերում գտնվող կռապաշտ ազգերին կոտորելով և նրանց տեղերը գրավելով՝ եկան հասան Հորդանան գետի մոտ Երիքով քաղաքի առջևում գտնվող Սատտիմ կոչված տեղը, որտեղ իջևանեցին: Բաղակը, որը մոտակայքում բնակվող կռապաշտ մովաբացիների թագավորն էր, սաստիկ վախենում է իսրայելացիների ներկայությունից:

Թեև Աստծո պատվիրանի համաձայն իսրայելացիները նրան չպիտի վնասեին  (Բ Օր. 2:9) սակայն այլ երկրներին հասցրած վնասներին նայելով՝ Բաղակը կասկածում է և իր երկրին սահմանակից Մադիամի երկրի երևելիների հետ խորհրդակցում, թե ինչպես կարող են իրենք իրենց պահել, քանզի բազուկի ուժով իսրայելացիներին դիմադրելու կարողությունն ու համարձակությունը չուներ:

Այն ժամանակ Բաղաամ անունով մի հռչակավոր կախարդ կար, որը Եփրատ գետի եզերքին գտնվող Փաթուր քաղաքում էր բնակվում, և որի մոտ Բաղակը մեծամեծ ընծաներով մարդ ուղարկեց, որ գա և անիծի իսրայելացիներին:

Քանի որ նա հույս ուներ, որ այդ կախարդի անեծքի զորությամբ իսրայելացիները վնասվելով անկարող պիտի լինեին իրեն չարիք հասցնելու: Բաղաամը իր մոտ եկած մարդկանց պատասխանում է. «Սպասե՛ք, այս գիշեր Աստված ինչ որ հրամայի, դրա համաձայն ձեզ կպատասխանեմ»: Աակայն Բաղաամի դիտավորությունը ոչ թե իրոք Աստծուն հարցնելով պատասխանի համեմատ շարժվելն էր, այլ կախարդությամբ սատանային հարցնելը:

Արդ, Աստված հայտնելու էր Իր զորությունը Բաղաամին և Իր անհուն ողորմությունը՝ իսրայելացիներին, Բաղաամին կարգադրեց, որ չգնա և իսրայելացիներին չանիծի: Այն ժամանակ Բաղաամը եկած մարդկանց պատասխանեց, որ չի կարող գնալ և չգնաց: Երբ Բաղակը այս լուրը ստացավ, նորից պատվավոր մարդկանց ուղարկելով՝ շատ ընծաներ է խոստանում նրան, միայն թե առանց հապաղելու շտապեր, գար:

Այս անգամ Աստված Բաղաամին հրամայում է, որ գնա, սակայն խոսի այն, ինչ Ինքը կթելադրի նրան: Եվ քանի որ հիշյալ կախարդը շատ խորամանկ և ագահ մարդ էր, մտադրվում է գնալ և անիծել իսրայելացիներին, որպեսզի ուզածի պես Բաղակից դրամ ստանա: Երբ նա, էշին հեծած, գնում է, Աստծո կամեցողությամբ հրեշտակը սուրը ձեռքին իսկույն էշի առջև է կանգնում, որը երկյուղից խոտորվում է ճանապարհից՝ զգուշանալու և չվնասվելու համար:

Բաղաամը գավազանով հարվածում է էշին, որ ճանապարհով գնա: Հետո, երբ մի փոս տեղով էին անցնում, հրեշտակը նորից ճանապարհը կտրում է, որից անասունը, պատին հենվել ցանկանալով, Բաղաամի ոտքը ճմլում է, և նա դարձյալ սկսում է գանահարել էշին: Վերջապես չափազանց նեղ մի վայրով անցնելու ժամանակ, երբ հրեշտակը երևում է, կենդանին, շեղվելու տեղ չունենալով, նստում է: Երբ Բաղաամը նորից սկսում է հարվածներ տեղալ կենդանու վրա, մի հրաշքով էշը մարդկային լեզու է ստանում և մարդու նման հարցնում. «Ես ի՞նչ հանցանք եմ գործել, որ այս երեք անգամ է ինձ հարվածում ես, մի՞թե մինչև այսօր այդպիսի մի բան էի արել»:

Բաղաամը պատասխանում է. «Ինձ ծաղրեցիր, և եթե մոտս սուր լիներ, անշուշտ քեզ արդեն վիրավորած կլինեի»: Այս խոսքի վրա նրա աչքերը բացվում են և տեսնում է հրեշտակին, իսկույն դեմքի վրա ընկնելով՝ երկրպագություն անում: Հրեշտակը հարցնում է Բաղաամին. «Ինչո՞ւ էշին ծեծեցիր, ես էի, որ դիմացը կանգնում էի, և եթե նա ճանապարհը չշեղեր, սպանելու էի քեզ, քանի որ սիրտդ իմ առջև ուղիղ չէր»: Այն ժամանակ Բաղաամը զղջալով հայտնում է, որ պատրաստ է հետ դառնալ, եթե հրամայի, բայց հրեշտակը պատվիրում է գնալ և ինչ որ ինքը թելադրի, միայն այն խոսի:

Էշի մարդկային լեզվով խոսելը տեսնելուց հետո Բաղաամն իհարկե պարտավոր էր խորհել, որ մի խորհրդավոր բան կա այս անօրինակ դեպքի մեջ և հետ պիտի կանգներ իր չար ընթացքից, սակայն նա, լինելով կախարդ, խրատվելու փոխարեն սկսում է էշի հետ խոսել՝ որպես ճանապարհի ընկերոջ, այդ պատճառով հրեշտակը նրան հայտնեց ինքն իրեն, որպեսզի Աստծո զորությունը և Իսրայելի հանդեպ խնամքն ու պաշտպանությունը հասկանալով՝ հրամանին հակառակ չընթանա:

Բաղակը, Բաղաամի գալստյան մասին լսելով, առոք-փառոք դիմավորում է նրան, և առավոտյան տանում այն վայրը, որտեղից երևում էր իսրայելացիների բանակատեղիի մի մասը, և քանի որ Բաղաամը հարստություն էր տենչում, Բաղակին առաջարկում է յոթ սեղան շինել և յոթ զվարակ ու յոթ խոյ զոհ մատուցել, և ինքը կգնա Աստծուն հարցնելու, ինչ որ Նա հայտնի, այն կպատմի:

Արդարև, նրա այս ձևով հանձնարարությունը ուրիշ բան չէր, եթե ոչ վարձատրություն ստանալու համար  կախարդներին հատուկ խորամանկություն և հնարք: Բայց Աստված չպիտի թույլ տար, որ իր հաճույքի խոսեր, ուստի նզովելու փոխարեն, ընդհակառակը՝ օրհնում է իսրայելացիներին, քանի որ Աստված էր խոսեցնում նրան:

Երբ Բաղակը լսում է նրա խոսքերը ասում է. «Ես քեզ հրավիրել եմ ոչ թե օրհնելու, այլ անիծելու իմ թշնամուն»: Այնտեղից մի ուրիշ տեղ է տանում նրան՝ մտածելով թերևս տեղափոխվելով հանձն առնի անիծել: Թեպետ այնտեղ ևս նախորդի նման սեղան շինել և զոհեր անել տվեց, սակայն երբ անիծել չկարողանալով՝ նորից է սկսում օրհնել Իսրայելին, Բաղակը ասում է. «Եթե չես անիծում գոնե մի՛ օրհնիր»: Բաղաամը պատասխանում է. «Աստված ինչ որ հայտնում է, այն եմ խոսում»:

Դարձյալ Բաղակը նրան մի այլ տեղ է տանում, բայց այնտեղ առավել ևս է օրհնում և միաժամանակ հայտնում, որ իսրայելացիների ազգը պիտի խիստ շատ զորանա և փառավորվի ու հաղթի իր թշնամիներին, մանավանդ նրա ցեղից Մեսիան պիտի ծնվի: Երբ Բաղաամը Աստծո ազդմամբ այս մարգարեական խոսքերն էր արտասանում, Բաղակը բարկանալով ասում է. «Կորի՛ր, տե՛ղդ գնա, ես կամեցա քեզ ընծաներով պատվել, բայց Աստված քո բախտավորությանը և հարստությանը արգելք եղավ»:

Այստեղ Բաղաամի չար նպատակը լա՛վ  մտապահիր. քանի որ անկարող եղավ անիծել Իսրայելին, ուստի իր նյութական շահը չկորցնելու համար Բաղակին մի այնպիսի անզգամ խորհուրդ և խրատ է տալիս, որի գործադրությունը կարող էր նրան հասցնել իր նպատակին, այն է՝ իսրայելացիների մոտ աղջիկներ ուղարկել, որոնց միջոցով ժողովրդին շնության մեղքի մեջ գցելուց բացի, իրենց կուռքերին էլ ստիպեն պաշտել, որպեսզի Աստված բարկանալով իր խնամքն ու պաշտպանությունը վերցնի Իսրայելի ժողովրդի վրայից, և այսպիսով կարողանա հաղթել նրանց:

Արդարև, Բաղաամի չար խորհրդի համաձայն՝ Բաղակը անպարկեշտ աղջիկների ուղարկեց իսրայելացիների մոտ, որոնց պատճառով ժողովուրդն այն աստիճանի մոլորվեց, որ առանց ամաչելու իր ցանկական կրքին հագուրդ տալու համար խորանի մոտ հատուկ տեղ շինելով՝ նրանց կուռքերին էլ սկսեց պաշտել, որով Աստծո սաստիկ բարկությունը հրավիրեց իր վրա:

Խրատվի՛ր նրանց թշվառ վիճակից, ովքեր այսպիսի գարշելի պղծություն գործել հանդգնելով՝ թե՛ մարմնով և թե՛ հոգով կորստյան մատնվեցին: Քանի որ անցյալում երբ մեղքի համար արժանի էին լինում պատժի, Մովսեսն աղաչում էր Աստծուն, որ նրանց ների, սակայն այս անգամ նրանց համար աղոթելու փոխարեն Աստծո հրամանով պղծագործ բազմության գլխավորներին կախել է տալիս և ժողովրդին հրամայում, որ բոլոր կռապաշտներին անխնա սպանեն:

Թեպետ նրանք, ովքեր չէին մասնակցել այդ պղծությանը, խորանի առջև կանգնած լալիս էին, բայց նույն հարվածի ժամանակ, երբ բազմաթիվ մարդիկ կախված և ժողովուրդը առանց ազգականությանն իսկ նայելու կոտորում էր հանցավորներին, Մովսեսը և ուրիշ անմեղ մարդիկ ներկա էին այնտեղ, և ահա Շմավոնի ցեղի պետը՝ Զամբրի անունով, հայտնապես երկու այլ մարդկանց հետ այդ պահին մտնում են վերոհիշյալ վայրը՝ շնության մեղքը գործելու:

Փենեեսը, որը Եղիազար քահանայապետի որդին էր, երբ տեսավ այս անամոթ և լիրբ վարմունքը, չկարողանալով համբերել, նիզակով իսկույն խոցեց և սպանեց թե՛ այդ անամոթ մարդկանց և թե՛ նրանց դեպի մեղքը հրապուրող պոռնիկ կնոջը:

Դու նայի՛ր Աստծո փառքի և արդարության նախանձախնդիր մարդու առաքինությանը. քանի որ Փենեեսի կողմից շնացող այդ մարդկանց սպանելը արդար և իրավացի էր, Աստծուն հաճելի արարք համարվեց, որով պատիժն իսկույն դադարեց, սակայն մինչ այդ ժամանակ քսանչորս հազար մարդ մեռավ: Եվ ինչպես որ աստվածային սուրբ կամքին հակառակ գործողները պատժվեցին, նմանապես նաև աստվածային կամքը իրագործելու մեջ եռանդ և սեր ցուցաբերող մարդը փառավորվեց. քանզի Աստված քահանայությունը խոստացավ Փանեեսին և նրա ցեղին:

Խելամո՛ւտ եղիր: Իսրայելի ժողովուրդը, որ պատերազմի ահեղ զորությամբ չէր հաղթվի, անպարկեշտ և լկտի կանանց հրապուրանքից հաղթվեց, որի հետևանքը եղավ ահավոր պատիժն ու կոտորածը իր ներսում: Այն չարահնար հրահանգը, որ Բաղաամը Բաղակին տվեց, սատանայի մի հնարքն էր, քանի որ ինչպես սատանան դրախտում օձի միջոցով Եվային և սրա ձեռքով նաև Ադամին մեղքի մեջ գցեց, նմանապես Բաղաամի ձեռքով կանանց սեռը գործիք դարձնելով՝ Իսրայելի ժողովրդի մի մասի կորստյան պատճառ դարձավ:

Ամեն մեղք, որ Աստծո հրամանին հակառակ է, մարդուն հավիտենական կրակով դժոխքում այրվելու պատճառ է լինում, սակայն զգայական ցանկության բորբոքումը, երբ մի անգամ գրավի մարդու սիրտը, նրա մարմինն էլ հրի նման վառում այրում և փոշիացնում է: Այս պատճառով Ս. Գիրքը հնոցի է նմանեցնում այն վայրը, որտեղ շնության մեղքն էին գործում, և որտեղ Փենեեսը մահվամբ պատժեց այդ անառակ և անզգամ մարդկանց:

Այսպիսի վտանգներից ազատվել ցանկացողը պետք է խուսափի պատճառից, չարասեր մարդկանց հետ չմիաբանվի, այս պատճառով Մովսեսը Աստծո հրամանով իսրայելացիներին հրամայում է թշնամանալ և կոտորել այն բոլոր կռապաշտներին, որոնք իրենց մեղքի մեջ գցելու պատճառ են լինում:

Իշխանություն ունեցող մարդիկ պարտավոր են Փենեեսի նման Աստծո փառքին նախանձախնդիր լինել, որպեսզի Աստծո առջև պատասխանատվությամբ ընթանան: Քանի որ եթե չարերին չպատժեն, բարիները կվնասվեն. նա, ով կարող է հանցավորին պատժել, սակայն զանց առնելով անպատիժ է թողնում, ինքն էլ է հանցավոր լինում: Անուղղելի անձին պատժելը ոչ թե անգթություն է, այլ Աստծո հրամանը գործադրել:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․