23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Հարց 89 - Ինչո՞ւ են օրհնում և Սրբալույս Մեռոնով օծում նորաշեն եկեղեցին:

Պատասխան – Սրբազան վարդապետները հինգ պատճառ են մատնանշում: Նախ, որ սատանայի իշխանությունը նրանից հալածվի: Այս պատճառով սուրբ կանոնների մեջ այսպիսի հրահանգ է եղել, եթե ուղղափառներն արիոսականների եկեղեցի գրաված լինեն, այդտեղ առանց օծման եկեղեցական խորհուրդ կատարելու հրահանգ չունեն, քանզի արիոսականների եկեղեցին դևերի բնակարանն է:

Երկրորդ՝ Եկեղեցին նրա համար է օծվում, որովհետև Օծյալ Աստծո՝ Հիսուս Քրիստոսի, հարս պիտի անվանվի: Եվ ինչպես Երկնավոր Փեսան Իր մարդեղությամբ ընդունեց փառակից Սուրբ Հոգու յոթնարփյան Շնորհները, անհրաժեշտ է, որ նույն Շնորհներով Իր հարսը զարդարված լինի:

Երրորդ՝ ինչպիսի հանցավոր մարդ էլ լինի, եթե մտնի եկեղեցի՝ իբրև արքայատուն և Երկնավոր Թագավորի Տաճար, այլևս ո՛չ կբռնվի և ո՛չ էլ կպատժվի: Այս է կանոնների սահմանված եկեղեցին:

Չորրորդ՝ նրա համար է օծվում, որ այնտեղ հնչած աղոթքն առավել հաճո լինի Աստծուն, ինչպես Սողոմոնը, Տաճարի օծումից և օրհնությունից հետո, այսպիսի խնդրանքով դիմեց Աստծուն. «Տե՛ր ով աղաչի Քեզ այս տեղում, լսի՛ր նրան», քանզի ըստ վարդապետների՝ Աստծո սիրտը, աչքերը և ականջները եկեղեցու մեջ են: Սիրտը ողորմելու համար է, աչքը՝ աղոթողների արտասուքը տեսնելու, իսկ ականջը՝ նրանց ձայնը լսելու:

Հինգերորդ՝ Աստծո Սուրբ Խորհուրդների սրբազնագործություններն օծյալ տաճարի մեջ պիտի կատարվեն: Եթե շուքով, վեհությամբ լեցուն պատարագի մատուցումը օրհնված տեղում պիտի լինի, ուստի առավել ևս փրկական Խորհուրդները, որ են Սուրբ Օրենքի շնորհները, պիտի ի կատար ածվեն օրհնված տեղում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․