21 Հուլիս, Ուր, Վարդավառի պահքի Ե օր

Գրքեր
Հարց 40 – Մովսեսն ու Ահարոնն Աստծո առաջ նախապատիվ մարդիկ էին իսրայելցիների ազգի մեջ: Սակայն ժողովրդի՝ ճանապարհին զանազան մոլորություններ գործելու պատճառով Մովսեսն ու Ահարոնը չկարողացան մտնել Ավետյաց երկիր: Ո՞րն էր նրանց հանցանքը, ինչո՞ւ չարժանացան դրան:

Պատասխան – Երբ իսրայելցիներն այդ ճանապարհորդության ժամանակ Կադես եկան, ջուր չլինելու պատճառով տրտնջացին՝ ասելով. «Մեզ բերեցիք այս անապատ տեղը, որտեղ ծարավ կոտորվում ենք» (Ելից 17): Մովսեսը չափազանց բարկացավ ժողովրդի վրա և նրանց ապերախտության պատճառով երկմտեց, թե Աստված չի ցանկանա ողորմալ իրենց: Ուստի երկբայությամբ ասաց. «Մի՞թե այս ապառաժից ձեզ համար ջուր կբխեցնեմ»: Այսպես ասելով կամենում էր հասկացնել, թե Աստված իբր այդ ժամանակ իրենց հետ չէր:

Աստված Մովսեսին ու եղբորը հորդորում է հրամայել ապառաժ քարին, որ ջուր բխեցնի: Սակայն նրանք չեն խոսում: Մովսեսը մեկ անգամ գավազանով հարվածում է քարին, բայց ջուր չի բխում, քանզի Աստված, նրանց երկմտության պատճառով, ուշացնում է հրաշքը: Այդպես են վկայում նաև Սուրբ Հայրերը: Ապա հարկ եղավ, որպեսզի Մովսեսը երկրորդ անգամ ևս հարվածի այն քարին և նոր միայն առատ ջուր բխեցնի:

Ժովողրդի առջև ցույց տված այս երկբայության և Աստծո հրամանն ըստ կարգի չկատարելու, այսինքն՝ ապառաժ քարին չհրամայելու համար չարժանացան Ավետյաց երկիրը մտնելուն: Սուրբ Գիրքը վկայում է. «Տերը Հովր լեռան վրա, Եդոմացիների երկրի սահմանի մոտ, խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. «Ահարոնը մեռնելով թող միանա իր նախնիների մեռելներին։ Նա չի մտնելու այն երկիրը, որ ես տվել եմ իսրայելացիներին, որովհետև դուք ինձ բարկացրիք Հակաճառության ջրի հարցում» (Թվոց 20:24):

Բայց խորհրդանշաբար կարելի է այսպես մեկնել: Թեև Մովսեսն ու Ահարոնը չմտան Ավետյաց երկիր, սակայն նրանց միջոցով իսրայելցիների ազգը մտավ: Այս երկու եղբայրները խորհրդանշում են Հին Օրենքը, որ չկարողացավ Ավետյաց երկիր, այսինքն՝ Երկնից Արքայություն տանել իր ժողովրդին, որովհետև այդ շնորհը հատուկ Նոր Օրենքին էր վերապահված՝ Հիսուս Քրիստոսի ձեռքով, Ում օրինակը եղավ Հեսուն:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․