Գրքեր
Որ՞ն էր սոդոմացիների մեղքը:

Բնության օրենքների դեմ պղծագործությունը: Հիշյալ օրենքը մարդու էության մեջ բնության ձեռքով գրված գրքի նման տպված լինելով, դրան հակառակ գործողը Աստծո հրամանին հակառակ է գտնվում և անպատճառ պատժվում: Սոդոմացիները մի այսպիսի չար ընթացքի էին մոլեգնորեն հետևել, և հետևաբար շատ մեծ էր նրանց մեղքը: Եվ այս նողկալի մոլորության պատճառը իրենց հպարտությունը և չափից դուրս կերուխումների և զվարճությունների հանդեպ սեր ունենալն էր (Եզեկ. 16:49): Քանի որ հպարտ մարդը ինքն իրեն հավանած լինելով, այդ պիղծ ախտը պատիժ է լինում նրան՝ աշխարհի առջև խայտառակ լինելու համար:

Եվ դարձյալ, զվարճանքներն ու շվայտությունները, ինչպես նաև անգործությունը կրակի վրա յուղ լցնելու նման ցանկական ախտի զորությունը մեծացնելով՝ մարդուն անբան անասունից էլ ավելի է ստորացնում: Ինչպես որ ջրհեղեղի ժամանակ մարդիկ ամեն տեսակ զվարճությունների էին անձնատուր եղել, նույնպես նաև սոդոմացիները (Ղուկ. 17:28), քանի որ այդ երկրի բերքը շատ առատ լինելով, ամեն մարդ իր ապրուստը առանց դժվարության էր ձեռք բերում, ուստի բոլորն էլ միաբանված, մարմնի ցանկություններին հագուրդ տալով էին զբաղված, քանի որ հանգիստը նրանք կատաղության աստիճանի էին հասցրել:

Ինչպես որ պարարտացած ձին, ոտնակապը կտրելով, իր տիրոջն է աքացի տալիս, այդպես էլ այդ անիրավները, ամոթի ոտնակապերը արձակելով, Աստծուն հնազանդվելու դեմ ապստամբեցին: Մի՛ հրճվիր ստացվածքների, մեծության և հաճույքների վրա, ընդհակառակը՝ վախեցիր, որ չհրապուրվես, որովհետև մարմնի ճոխությունները, մեծությունը և հաճույքները մեծ վտանգ են մարդու համար և շատ շատերը անզերծ և անդառնալիորեն վտանգվեցին:

Դու տե՛ս Աստծո ողորմությունը, թեպետ Սոդոմ և Գոմորի ժողովուրդը ամեն տեսակետից պատժի է արժանի, սակայն Աստված իր բազում ողորմությամբ երկու հրեշտակների է ուղարկում Սոդոմ, որպեսզի ստուգապես իմանալով, որ պատժվելու են՝ փութան ապաշխարել, սակայն նրանք զղջալու փոխարեն ավելի լրբացան: Ղովտը, որ Սոդոմում էր բնակվում, հրեշտակներին տեսնելուն պես ճանապարհորդների տեղ դնելով իր տուն հրավիրեց, որպեսզի հյուրասիրության պարտքը կատարի: Իսկույն քաղաքի բնակիչները՝ երիտասարդ և ծեր, առհասարակ բոլորը շրջապատեցին Ղովտի տունը և չար մտադրությամբ ցանկանում էին հյուրերին բռնությամբ տանել (Ծննդ. 19:4):

Ղովտը նրանց չհանձնելու համար դուրս է գալիս, և թեև շատ խրատ է տալիս, շատ է աղաչում, սակայն չեն համոզվում: Այդ ժամանակ Ղովտը խիստ նեղ վիճակի մեջ մնալով, հանձն է առնում իր երկու կույս աղջիկներին նրանց ձեռքը տալ, պայմանով, որ իր հյուրերին ձեռք չտան, սակայն անօգուտ, քանի որ նրանց սրտերից Աստծո երկյուղը և մարդկային ամոթը ջնջված լինելով, ոչ միայն չեն զղջում, այլև Ղովտին նույնպես սկսում են սպառնալ, քանի որ խրատ լսել չցնակացողին խրատելը կրակի վրա յուղ լցնելուն է նմանվում:

Մինչ Ղովտը սոդոմացիների հետ վիճում էր, հանկարծ հրեշտակները դուրս գալով, որպեսզի Ղովտին այդ անզգամների ձեռքից ազատեն, սոդոմացիների աչքերը կուրացնում են (Ծննդ. 19:11), և ինչպես որ նրանց հոգու աչքը մեղքի պատճառով փակված էր, նույնպես մարմնի աչքերի վրա վարագույր իջեցնելով՝ տան դուռը որքան էլ որոնեցին, սակայն չկարողացան գտնել: Հիրավի, մինչ այդ պահը Ղովտը միշտ ցավում էր սոդոմացիների չար ընթացքի համար (Բ Պետ. 2:8), սակայն այս անգամ հյուրերից ակնածելով, վերին աստիճանի տխրեց, քանի որ նրանց հրեշտակ լինելը դեռ չգիտեր: Արդարև այս պարագայում Ղովտի առաքինությունը երևան գալով, սոդոմացիների չարությունն ու անամոթությունը բազմապատկվեցին:

Այստեղ նկատիր, թե Աստված որքա՜ն ներողամիտ է, իսկ չարագործները որքա՜ն համառ են: Այո՛, սոդոմացիների աչքերը կուրացան, սակայն դարձյալ չզղջացին: Հրեշտակները քաղաքի կործանման համար իրենց գալը Ղովտին հայտնելով, ստիպում են, որ իսկույն Սոդոմից դուրս գա, սակայն նրանք չեն հավատում, մանավանդ Ղովտի աղջիկների նշանածները ծիծաղելով ծաղրում են (Ծննդ. 19:14): Բացի այդ, երբ Ղովտի կինն ու աղջիկները Սոդոմից դուրս գալը շատ են դանդաղեցնում, այդ ժամանակ հրեշտակները Ղովտի, նրա կնոջ և աղջիկների ձեռքից բռնելով դուրս են հանում, միաժամանակ պատվիրելով, որ առանց ետ նայելու շտապեն լեռը բարձրանալ, որպեսզի վերահաս պատժից ազատվեն:

Թեպետ Ղովտը, հրեշտակների խոսքին հավատալով, դուրս եկավ Սոդոմից, սակայն «միգուցե լեռը չհասած՝ պատիժը վրա հասնի» ասելով, սկսում է վախենալ և աղաչում է հրեշտակներին, որ գոնե Սեգոր քաղաքը խնայեն, որտեղ կկարողանային ապաստանել (Ծննդ. 19:18), (քանի որ Սեգորը ճանապարհի վրա էր և իրենց մոտ էր): Հիրավի, այդ քաղաքը կործանվելու համար նախատեսված հինգ քաղաքներից մեկն էր, այս ու հանդերձ, ի պատիվ Ղովտի, հրեշտակը պատասխանում է, որ քո աղաչանքների համար այդ քաղաքը թող, որ անկործան մնա:

Արդ, մտապահիր արդար մարդու օգտակարությունը, քանի որ Ղովտի սիրույն մի ամբողջ քաղաք կործանվելուց ազատվեց (Ծննդ. 19:21):

Սակայն Ղովտի կինը, հավատք չընծայելով հրեշտակների խոսքին, նրանց պատվիրանին հակառակ ետ դառնալով և դեպի Սոդոմը նայելուն պես՝ աղի արձան դարձավ (Ծննդ. 19:26): Հիրավի, հիշյալը սոդոմացիների հետ չայրվեց, քանի որ Սոդոմից դուրս եկավ, սակայն Ղովտի հետ չազատվեց, քանի որ պատվիրանին հակառակ գործեց: Քար դարձավ, սակայն շինարարության համար անպիտան, քանի որ աղ էր, նմանապես կերակուրին համ չի տալիս, քանի որ քար է և նույնիսկ անձրևից չի հալչում:

Արդարև մի այլ տեսակ քար չդառնալով, այլ որպես աղի արձան ճանապարհի վրա կանգնած լինելը մեծ խրատ է բոլոր մարդկանց համար, քանի որ ինչպես մահապարտներին ճանապարհների մոտ են կախում, որպեսզի անցորդները տեսնելով վախենան, նույնպես հիշյալ կնոջ պատմության շուրջ խորհողները մեծ և զարհուրելի սարսափով են համակվում: Ինչպես որ աղն է կերակրին համ տալիս, այդպես էլ Ղովտի կնոջ պատժից մարդիկ պարտական են խրատ առնել և Աստվածային պատվիրաններին հակառակ գործելուց խիստ զգուշանալ (Առակ. 22:3): Այս իսկ պատճառով մեր Փրկիչ Տեր Հիսուս մեզ պատվիրում է չմոռանալ Ղովտի կնոջը և հիշել (Ղուկ. 17:32):

Լավ հիշիր, Ղովտի ձեռքից բռնելով չտարան Սոդոմ, այլ իր կամքով և հոժարությամբ գնաց, սակայն Սոդոմից դուրս գալու համար հրեշտակի օգնության կարիքն ունեցավ. նույնպես մարդը իր կամքով է մեղանչում, սակայն միայն իր զորությամբ անկարող է փրկվել, այլ Աստծո շնորհների և օգնության կարիքն ունի (Հովհ. 15:5): Ղովտը, բարեբեր և բազմաբեղուն երկրում բնակվելով, նախ գերի ընկավ, և եթե այս անգամ երկնքից եկող օգնությունը չլիներ, պետք է կործանվեր: Եվ թեպետ պատժից ազատվեց, սակայն մահու չափ երկյուղ կրեց, և եթե նա, ով սոդոմացիների մեղքին անհաղորդ էր և իր ազատագրվելու համար հրեշտակ էր հատկացված, այսպիսի մեծ վախի ենթարկվեց, ի՞նչ պիտի լինի այն մարդու վիճակը, որը աշխարհի հարստության և մարմնի հանգստության պատճառով ոչ միայն մարմինը, այլ մանավանդ հոգին է վտանգի տակ դնում:

Ափսո՜ս շատերը մարմնի հաճույքների և զվարճանքների համար իրենք իրենց անմտաբար հավիտենական տանջանքների են ենթարկվում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․