Գրքեր
Գործք 25:23-26:32

25:23 Եւ յաջորդ օրը, երբ Ագրիպպասը եւ Բերենիկէն փառաւոր հանդէսով եկան եւ հազարապետների ու քաղաքի պատուաւոր մարդկանց հետ ատեան մտան, Փեստոսը հրամայեց, որ Պօղոսին բերեն: 24 Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքայ եւ բոլոր մարդիկդ, որ մեզ հետ էք, սրան տեսնում էք. հրեաների ամբողջ ժողովուրդը թէ՛ Երուսաղէմում եւ թէ՛ այստեղ սրա մասին ամբաստանութիւն էին անում ինձ մօտ եւ աղաղակում, թէ՝ չպէտք է կենդանի մնայ: 25 Բայց ես վերահասու եղայ, թէ դա մահուան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ բողոքած լինելով մարդկանցից Գերազանցին՝ խորհեցի, որ ուղարկեմ նրան: 26 Դրա մասին իմ տիրոջը՝ կայսրին ստոյգ բան չունեմ գրելու. այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի եւ, մանաւանդ, քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքայ, որպէսզի վերստին քննութիւն կատարելով՝ կարողանամ մի բան գրել, 27 քանի որ ինձ անպատեհ բան է թւում ուղարկել մի բանտարկեալի եւ նրա մասին որեւէ յանցանք չնշել»:

26:1 Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քեզ թոյլատրուած է, որ քո մասին խօսես»: Այն ժամանակ Պօղոսը, ձեռքը երկարելով, պատասխանեց. 2 «Հրեաների՝ իմ մասին արած բոլոր ամբաստանութիւնների համար, Ագրիպպա՛ս արքայ, ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու, 3 մանաւանդ նրա համար, որ գիտակ էլ ես հրեաների բոլոր կրօնական սովորութիւններին եւ խնդիրներին. այդ պատճառով աղաչում եմ, որ համբերութեամբ ինձ լսես: 4 Բոլոր հրեաները տեղեակ են իմ կեանքին իմ մանկութիւնից ի վեր, որը հէնց սկզբից անցել է Երուսաղէմում իմ ազգի մէջ: 5 Նրանք վաղուց գիտեն, եթէ կամենան վկայել, որ ես որպէս փարիսեցի ապրել եմ մեր կրօնական խստագոյն օրէնքների համաձայն: 6 Եւ այժմ դատւում եմ, կանգնած ատեանի առաջ, Աստծուց մեր հայրերին տրուած խոստումի յոյսի համար: 7 Ջերմեռանդութեամբ գիշեր ու ցերեկ պաշտամունք կատարելով՝ մեր տասներկու ցեղերը յուսացել են դրան հասնել: Այդ յոյսի՛ համար, ո՛վ արքայ, ես էլ ամբաստանւում եմ հրեաների կողմից: 8 Ձեզ ինչո՞ւ է անհաւատալի թւում, որ Աստուած մեռելներին յարութիւն կը տայ: 9 Ես ինքս էլ պատշաճ էի համարում շատ բան Նազովրեցի Յիսուսի անուանը հակառակ գործել, 10 ինչ որ արեցի իսկ Երուսաղէմում. քահանայապետներից իշխանութիւն ստանալով՝ սրբերից շատերին ես բանտարկում էի եւ նրանցից սպանուելու ենթակայ եղողների համար հաւանութիւն էի տալիս: 11 Եւ բոլոր ժողովարաններում շատ անգամ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեն: Առաւել եւս մոլեգնելով նրանց դէմ՝ հալածում էի նրանց մինչեւ օտար քաղաքներ»: 12 «Ըստ այսմ, երբ քահանայապետների իշխանութեամբ եւ հրամանով Դամասկոս էի գնում, 13 կէսօրին, ճանապարհին, ո՛վ արքայ, տեսայ, որ երկնքից արեգակի լուսաւորութիւնից առաւել ուժեղ մի լոյս փայլատակեց իմ շուրջը եւ նրանց շուրջը, որ ինձ հետ էին գնում: 14 Եւ երբ մենք բոլորս գետին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայերէն լեզուով. “Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար խիստ դժուար է խթանի դէմ աքացել”: 15 Եւ ես ասացի. “Ո՞վ ես, Տէ՛ր”: Տէրն ասաց. “Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. 16 վե՛ր կաց ու կանգնի՛ր ոտքերիդ վրայ. ես քեզ երեւացի նրա համար, որ քեզ նշանակեմ պաշտօնեայ եւ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար եւ այն բաների համար, որոնցով պիտի երեւամ քեզ. 17 ես քեզ կը փրկեմ ժողովրդիցդ եւ հեթանոսներից, որոնց մէջ քեզ կ՚ուղարկեմ, 18 որպէսզի բանաս նրանց աչքերը, նրանց դարձնես խաւարից դէպի լոյս եւ սատանայի իշխանութիւնից՝ դէպի Աստուած, որպէսզի նրանք մեղքերի թողութիւն ստանան եւ սրբերի հետ ժառանգութեան բաժին՝ իմ հանդէպ ունեցած հաւատով”: 19 Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքայ, ես երկնային տեսիլքին անհնազանդ չգտնուեցի, 20 այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղէմում եւ Հրէաստանի բոլոր գաւառներում, ապա նաեւ հեթանոսներին քարոզեցի, որ զղջան եւ դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարութեան արժանի գործեր անեն: 21 Դրա համար հրեաները, տաճարում ինձ բռնելով, փորձեցին սպանել: 22 Սակայն Աստծուց օգնութիւն հասաւ, եւ ես մինչեւ այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին եւ մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարէներն ու Մովսէսն են խօսել լինելիք դէպքերի մասին. 23 թէ՝ Քրիստոս չարչարուելու է. թէ՝ մեռելներից առաջին յարութիւն առնողը լոյս է աւետարանելու ժողովրդին եւ հեթանոսներին»: 24 Երբ նա այս պատասխանը տուեց, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորւում ես, Պօղո՛ս, քո մեծ հմտութիւնը քեզ խելացնորութեան է տանում»: 25 Իսկ Պօղոսն ասաց. «Չեմ ցնորւում, ո՛վ Գերազանցդ Փեստոս, այլ զգաստութեան եւ ճշմարտութեան խօսքեր եմ արտասանում. 26 արքան այս բաներին գիտակ իսկ է, դրա համար համարձակ եմ խօսում, քանի որ յանձն չեմ առնում այս բոլորից որեւէ բան քեզնից ծածկել, որովհետեւ մի որեւէ խուլ անկիւնում չէ, որ այս բանը գործուած է: 27 Ագրիպպա՛ս արքայ, մարգարէներին հաւատո՞ւմ ես. գիտեմ, որ հաւատում ես»: 28 Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնեայ դառնամ»: 29 Եւ Պօղոսն ասաց. «Կը խնդրէի Աստծուն, որ, վաղ թէ ուշ, ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»: 30 Արքան ոտքի ելաւ, ինչպէս եւ կուսակալը, Բերենիկէն եւ բոլոր նրանք, որ նրանց հետ նստել էին: 31 Եւ մինչ գնում էին, իրար հետ խօսում էին ու ասում. «Մահուան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»: 32 Իսկ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Կարելի էր ազատ արձակել այս մարդուն, եթէ կայսրին բողոքած չլինէր»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․