Գրքեր
Ավ. ըստ Մատթեոսի 24:1-26:2

24:1 Յիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները: 2 Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»: 3 Եւ մինչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»: 4 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. 5 որովհետեւ շատերը կը գան իմ անունով ու կ՚ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն: 6 Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: 7 Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: 8 Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց: 9 Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք: 10 Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն: 11 Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: 12 Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի: 13 Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի: 14 Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»: 15 «Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, - որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, - որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), 16 այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. 17 եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. 18 եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ: 19 Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին: 20 Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը. 21 որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի: 22 Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն: 23 Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան. 24 որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի: 25 Ահա ձեզ առաջուց ասացի: 26 Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք. 27 որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի: 28 Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»: 29 «Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն: 30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը»: 32 «Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է: 33 Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ: 34 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: 35 Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»: 36 «Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը: 37 Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. 38 որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, 39 ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ: 40 Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի: 41 Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի: 42 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը: 43 Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, կը հսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն: 44 Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ»: 45 «Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց: 46 Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած: 47 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կը կարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ: 48 Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ, 49 եւ սկսի իր ծառայակիցներին հարուածել եւ հարբեցողների հետ ուտի եւ խմի, 50 եւ այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում, 51 նրան կը սպանի եւ կեղծաւորների վախճանին կ՚արժանացնի. այնտեղ կը լինի լաց ու ատամների կրճտում»:

25:1 «Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան: 2 Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն: 3 Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին: 4 Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին: 5 Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան: 6 Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք: 7 Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին: 8 Յիմարները իմաստուններին ասացին. “Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են”: 9 Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. “Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք”: 10 Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց: 11 Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. “Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա”: 12 Նա պատասխան տուեց ու ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում”: 13 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»: 14 «Նոյնպէս, մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց. 15 մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց: 16 Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց: 17 Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու եւս շահեց: 18 Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց: 19 Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ: 20 Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. “Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի”: 21 Իր տէրը նրան ասաց. “Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ”: 22 Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. “Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի”: 23 Իր տէրը նրան ասաց. “Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ”: 24 Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. “Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. 25 վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ: Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ”: 26 Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. “Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. 27 դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է: 28 Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. 29 քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի: 30 Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում”»: 31 «Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, 32 ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից: 33 Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին: 34 Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. “Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. 35 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, 36 մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք”: 37 Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. “Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. 38 ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. 39 ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի”: 40 Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք”: 41 Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. “Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. 42 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, 43 օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք”: 44 Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. “Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք”: 45 Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք”: 46 Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»:

26:1 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. 2 «Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․