Գրքեր
Գործք 28:17-32

17 Եւ երեք օր յետոյ նա հրաւիրեց հրեաների գլխաւորներին. եւ երբ սրանք եկան, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ես ժողովրդին կամ հայրենի սովորութեանը հակառակ ոչինչ գործած չլինելով հանդերձ՝ որպէս Երուսաղէմից մի կալանաւոր, մատնուեցի հռոմէացիների ձեռքը, 18 որոնք, երբ ինձ դատեցին, ուզեցին ազատ արձակել, որովհետեւ իմ մէջ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտան: 19 Բայց երբ հրեաները հակառակ խօսեցին, հարկ եղաւ կայսրին բողոքել. բայց ոչ նրա համար, որ իմ ազգի դէմ չարախօսելու բան ունէի: 20 Այս պատճառով է, որ խնդրեցի ձեզ՝ տեսնելու եւ խօսելու համար, քանի որ Իսրայէլի յոյսի համար է, որ այս շղթաների մէջ եմ գտնւում»: 21 Եւ նրանք ասացին նրան. «Մենք քո մասին Հրէաստանից ոչ մի նամակ չենք ստացել. մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խօսել քո մասին: 22 Բայց խնդրում ենք քեզնից լսել, թէ ի՛նչ ես խորհում, քանի որ այդ հերձուածի մասին մեզ արդէն յայտնի է, որ ամենուրեք նրա դէմ հակառակութիւն կայ»: 23 Որոշակի օրուայ համար Պօղոսի հետ ժամադրուելուց յետոյ, նրա մօտ՝ նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց նա առաւօտից մինչեւ երեկոյ բացատրում էր Աստծու արքայութիւնը եւ նրանց համոզում էր Յիսուսի մասին՝ վկայութիւն բերելով Մովսէսի օրէնքից եւ մարգարէներից: 24 Ոմանք համոզւում էին նրա խօսքերին. ուրիշներ էլ չէին հաւատում: 25 Եւ իրար մէջ անհամաձայն լինելով՝ թողնում գնում էին, երբ Պօղոսն ասաց այս մի խօսքն էլ. «Սուրբ Հոգին Եսայի մարգարէի բերանով լաւ խօսեց մեր(1061) հայրերին՝ 26 ասելով. “Գնա՛ ժողովրդի մօտ ու ասա՛՝ լսելով պիտի լսէք ու չպիտի իմանաք, եւ տեսնելով պիտի տեսնէք ու չպիտի տեսնէք. 27 որովհետեւ այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, եւ իրենց ականջներով ծանր են լսում ու իրենց աչքերը փակել են, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ հոգով չիմանան եւ դարձի չգան, ու ես էլ դրանց չբժշկեմ”: 28 Եւ արդ, թող ձեզ յայտնի լինի, որ Աստծու այս փրկութիւնը ուղարկուեց հեթանոսներին, եւ նրանք կը լսեն»: 29 Եւ երբ այս ասաց, նրա մօտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենք իրենց մէջ էլ շատ վէճեր ունէին: 30 Եւ ամբողջ երկու տարի Պօղոսն ապրեց իր ծախսով: 31 Եւ ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մօտ: 32 Քարոզում էր Աստծու արքայութիւնը եւ ամենայն համարձակութեամբ անարգել ուսուցանում էր Տէր Յիսուս Քրիստոսի մասին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․