Աղոթքի մասին



Գրքեր

Աղոթքի մասին

Ինչպե՞ս աղոթել, ե՞րբ աղոթել, որքա՞ն աղոթել, որտե՞ղ աղոթել, ո՞ր դեպքում են աղոթքները ընդունելի և ո՞ր դեպքում՝ ոչ: Այս և նմանատիպ հարցերի պատասխանները կարող ենք գտնել կայքի «Խրատներ հայրերից» բաժնի «Աղոթքի մասին» ենթաշարքում: Եկեղեցու հայրերը իրենց հոգևոր փորձառությամբ մեզ են փոխանցում աղոթքի հետ կապված մի շարք հոգեշահ խրատներ:

Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձ կարիք ունի Աստծո հետ զրուցելու, աղոթելու: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ առանց աղոթքի հոգևոր կյանքը թոշնում է, ծարավում ու մեռնում: Նույնիսկ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդն էլ շատ հեշտությամբ կարող է աղոթել: Եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք, ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան մարմնի դիրքը, որքան սրտի տրամադրվածությունը: Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը:

Աղոթելու վայրի մասին Սբ. Հովհան Ոսկեբերանը հետևյալ օրինակներն է բերում. կինը խոհանոցում կամ կար անելիս, տղամարդը արհեստանոցում կամ ճանապարհին, շուկայում կամ ծառայության մեջ կարող է ջերմեռանդ աղոթել: Հիշենք, ինչպես բանտախցի հատակին պառկած աղոթեց Սբ. Պողոսը, և սասանվեց բանտը, սարսափեց բանտապետը և ի վերջո մկրտվեց: Եզեկիան, որ պառկած էր հիվանդ, այդ վիճակում ջերմորեն աղոթեց, ու Աստված փոխեց Իր վճիռը և առողջացրեց նրան: Ավազակը եկեղեցում ծնկի չէր իջել, այլ գամված էր խաչին և Երկնքի Արքայությանն արժանացավ: Իր այս խրատին Սբ. Հովհան Ոսկեբերանը ավելացնում է և՛ եկեղեցում, և՛ տանը ջերմեռանդ աղոթողը միշտ օգուտ կստանա:

Կարևորը աղոթքի խոսքին միանան նաև սիրտն ու միտքը: Աղոթքը դեղ է և սփոփանք տրտմության, տարակուսանքների և վշտերի:

 

«Անդադար աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք»,-ասել է մեր Տերը: Անդադար աղոթել չի նշանակում ամբողջ օրը կանգնել սրբապատկերների առջև և աղոթել, թեև դա անհրաժեշտ է որոշակի ժամերի: Այլ անհրաժեշտ է բոլոր գործերի ընթացքում աղոթել:

Ըստ Տերունական պատվերի՝ անդադար աղոթելու ոչ մի խոչընդոտ չկա. «Թեպետ այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումը ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղը Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում» (Խոսրով Անձևացի):

«Տե՛ր ողորմիր», «Ողորմիր ինձ, Աստված», «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո՛ Որդի, ողորմիր ինձ` մեղավորիս» տարածված կարճ աղոթքներ են, որոնց միջոցով մարդը կարող է անդադար աղոթական վիճակի մեջ գտնվել:

Հայրերը խրատում են նաև, որ չանտեսենք սաղմոսերգությունը, որոնցով հոգուց վանում ենք նենգ ոգիներին և ներբնակեցնում Սուրբ Հոգուն:

Սբ. Հովհաննես Սանդուխքը խրատում է, որ աղոթելիս նախ գոհություն հայտնենք, հաջորդը խոստովանենք և զղջանք և ապա որևէ բան խնդրենք Տիրոջից:

 

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Հայրերի վարքից
1. Այսպիսի բան իմացանք Հովհաննեսի մասին, որ գուբի մեջ հանդարտում էր (խաղաղությամբ ճգնում էր), որ մանուկ էր հասակով, առույգ՝ շնորհով, կամավորապես միայնացյալ և անքակտելի՝ .....
Աղոթքի մասին
1. Անփութորեն ու ծուլությամբ կատարված աղոթքը դատարկախոսություն է (Անտոն Անապատական): 2. Դռների ետևում են մնում այն աղոթքները (չեն հասնում Աստծուն), որոնք իրենց մեջ սեր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․