23 Դեկտեմբեր, Բշ
Մարդու ամուր հավատքն անբաժան է աղոթքից: Սուրբ հայրերն ասում են, թե երկարամյա աղոթքի փորձառությունը միանշնակորեն աստվածային սեր, ուրախություն և խաղաղություն է ծնում անձի հոգում: Երբ մաքրագործում ես սիրտդ, այն լցվում է աստվածային լույսով և խնդությամբ: Ուրախ մարդու համար որևէ բան դժվար չէ, որովհետև նա լեցուն է սիրով: Իսկ սերը ուժ է, զորություն, որ թույլ չի տալիս մարդու հոգուն սեղմվել, ընկճվել ու սպառվել: Աղոթքի աստվածային զորությունը հեղվում է այն անհատի վրա, ով իր սիրտը մաքրում է չարից և այս աշխարհի հոգսերն արժևորելուց: Մենք ուզում ենք հասկանալ, զգալ աղոթքի դերն ու նշանակությունը մեր կյանքում, բայց մխրճված ենք աշխարհի հոգսերի մեջ, և մեր աղոթքը չի տարբերվում հոգսաշատ կյանքի ապրումներից, որովհետև մենք ոչ թե երկնային գանձերն ենք փափագում, Աստծո Արքայության գարնանաշունչ զորությանն ու շնչառությանը հաղորդակից լինում, այլ աղոթքի միջոցով փորձում ենք ալեծուփ աշխարհի մեջ ավելի մխրճվել և դրան ավելի կապված լինել: Ահա թե ինչու երբեմն մեր աղոթքը թվում է վերացական, անհասկանալի, անհաղորդ, ձանձրալի: Պետք է ազատվել այդ վիճակից և հոգևոր արթնություն ապրել, ընկալել աղոթքի նշանակությունը կյանքում: Ինքնուրույն չենք կարող դրան հասնել, այլ Սբ. Հոգու հաղորդակցությունն է անհրաժեշտ, որպեսզի Նա գործի մեր սրտում: Քանի դեռ մեր միտքը, կամքն ու զգացմունքն ուղղել ենք առ Աստված, այս աշխարհի աղմուկն ու խնդիրները չեն կարող տիրապետել մեզ և հոգու խռովք բարձրացնել: Որքան մեր հոգին խոնարհություն է ձեռքբերել, այդքան էլ մեր առջև բացվում են երկնային խորհուրդները: Խոնարհների և հեզերի առջև բացվում են հոգևոր գիտելիքներն ու կյանքի խորհուրդների իմաստները: Քանի դեռ մենք կարծում ենք, թե ինչ-որ բան գիտենք ու մեր մասին մեծ կարծիք ունենք, մեր առջև բոլոր գիտությունների իմաստությունը` թե´ ֆիզիկայի, թե´ բժշկության և թե´ այլ գիտությունների, մեծ դժվարությամբ են բացվում ու երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի այդ գիտությունների մեջ առաջընթաց ապրենք, որովհետև մեր ներսում բնակվող հպարտությունը թույլ չի տալիս տեսնել աստվածադիր օրենքներն ու խորհուրդների իմաստները: Այդպես էլ աղոթական կյանքն է, քանի դեռ ինքնակենտրոն ենք ու մեր աղոթքը բխում է մեր եսասիրության շահերից, թեև շատ անգամ կարող ենք դա չնկատել, սակայն այդպիսի աղոթքը չի բերում այն հոգևոր հաղորդակցությունը, որը մարդու հոգին լցնում է հոգեղեն զորությամբ ու նոր ուժով: Աղոթքի մեջ շատ կարևոր է ուշադրությունը: Առանց ուշադրության աղոթքը հոգևոր պտուղներ չի տալիս: Իսկ ցրված մտքով աղոթքն առավել ևս դառնում է անիմաստ ու անարդյունավետ: Հաճախ ցրված մտքով ենք աղոթում, մեզ չենք հանձնում Աստծո կամքին, այլ շարունակաբար մտածում ենք, թե հետագայում ինչպես ենք անելու, ինչպես է լինելու: Երբ կանգնում ենք աղոթքի, միանգամից սկսում ենք մտածել մեր խնդիրների շուրջ: Իսկության մեջ մենք ավելի շատ ենք մեզ խանգարում: Ուրիշները չէ, որ խանգարում են, այլ մենք ենք մեզ խանգարում: Մենք շատ ավելի մեծ խոչընդոտ ենք ինքներս մեզ համար: Կարևոր նշանակություն ունի աղոթական աշխատանքն ու ջանքը, բայց հաճախ սևեռվում ենք դեպի այլ իրողությունները: Արդ, աղոթքը պետք է զուգակցվի ուշադրության հետ: Այն որպես պահնորդ է: Եթե աղոթում ենք առանց ուշադրության, այդ աղոթքի մեջ ուժ ու զորություն չկա: Երբ ուշադրությունը ներկա է, գիտենք, թե ինչ ենք աղոթում, ինչ ենք խնդրում, ինչպես ենք աղոթում: Ամբողջ ուշադրությունը պետք է ուղղված լինի այն խոսքերի վրա, որոնք ասում ենք: Երբ աղոթքի ժամանակ մեր ուշադրությունը ուղղում ենք աղոթքի կամ աղոթագրքի խոսքերին, տարբեր կողմերից եկող մտքերը հեռացնելն ու վանելը հեշտ է լինում, որովհետև ուշադրությունդ աղոթքին է ուղղված, դրա բովանդակությանը և իմաստին: Հետևաբար, երբ աղոթում ես, հետևիր այն խոսքերին, բառերին, որոնք ասում ես: Այդտեղ պիտի լինի ուղղված քո ուշադրությունը, որովհետև միտքը կարող է թափառել տարբեր կողմեր: Երբ մարդն աղոթքի մեջ է, նրա միտքը չպետք է դեգերի այս ու այն կողմ, այլ ուղղորդված լինի առ Աստված, և այդժամ աղոթքը կբերի աննկարագրելի ուրախություն և խաղաղություն: Ոչ միայն խոսքով պետք է աղոթել, այլև մտքով, այլև սրտով, և թող միտքը պարզ տեսնի և հասկանա, թե ինչ են արտահայտում խոսքերը, և թող սիրտը զգա, թե այդ ժամանակ ինչ է խորհում միտքը: Այս ամենի հանրագումարը, հենց իսկական աղոթքն է, և եթե քո աղոթքում պակասում է սրանից ինչ-որ բան, ապա այն կամ անկատար աղոթք է, կամ բոլորովին աղոթք չէ: Բայց շատ անգամ աղոթում ենք առանց ուշադրության, պարզապես ըստ սովորույթի, և աղոթքի ժամանակ մտածում ենք այլ երևույթների մասին: Իսկ չար ոգիները, գալիս են հարցերի շարանով և սկսում մարդուն շեղել այդ հարցերի շուրջ, և կարծում ենք, թե դրանք մեր մտքերն, սակայն իրականում դևերն են փորձում այդ մտքերով շեղել անհատին աղոթքից և կտրել երկնային հաղորդակցությունից` հիշեցնելով հոգսաշատ խնդիրները, տագնապալի մտածումները և աշխարհի առօրյան: Այնպես որ, մեծ կենտրոնացում է պետք, որպեսզի մոտենանք Աստծուն և մշտապես ապրենք Նրա հետ: Այդ ամենը ջանք ու աշխատանք պահանջող աղոթական կյանք է, այսինքն` աղոթքդ դառնում է շնորհընկալ և պտղաբեր: Այն գալիս է իբրև Աստծո պարգև: Երբ Աստված տեսնում է, որ մի կողմ ենք թողել երկրային բոլոր ձգտումները և ամբողջ էությամբ ձգտում ենք դեպի Իրեն, Նա աստիճանաբար մեզ ազատում է այս աշխարհի հոգսերից, երկրային իրերի նկատմամբ կապվածությունից և մարդու հոգուն բերում է խաղաղություն, խոնարհություն, ազատություն: Նա սովորեցնում է վիրավորանքը սրտին մոտ չընդունել, այլ ինչ էլ լինի՝ հոգու խոնարհություն ցուցաբերել, որովհետև այդ վիրավորված հոգեվիճակը վնասում է սրտին ու հոգուն: Այդպես, աստիճանաբար մաքրվելով, մարդու հոգին ընդունում է աստվածային աջակցությունը, որպեսզի կարողանա մշտապես աղոթական կյանքով ապրել: Տիրոջ ներկայությունը պետք է զգանք ամենուր: Քանի դեռ մենք զբաղված ենք այս աշխարհով, Երկնքի Արքայությունը մեզ համար հասանելի չէ: Թեև գիտենք այդ մասին, սակայն ինչո՞ւ ենք այդքան զբաղված, որովհետև մյուս կողմից` չարն այս աշխարհում ակտիվ գործում է և աշխատում թույլ չտալ գործել, այլ մշտապես զբաղված լինել, որպեսզի մարդն իր հայացքը չուղղի դեպի Երկնավոր Հայրը: Ուստի, պետք է հնարավորինս շատ աղոթել և մշտապես ժամանակ տրամադրել աղոթքի համար: Սակայն հասկանալի է, որ քրիստոնյան չպետք է փարիսեցու նման լինի, որը նույնիսկ իր դեմքի արտահայտությունն է փոխում, որպեսզի նկատելի լինի և մարդկանց կողմից փառաբանվի: Անդադար աղոթեցեք, ասում է առաքյալը (Ա Թեսաղ. 5.17), քանի որ աղոթքը մարդուն մոտեցնում է Աստծուն: Իսկ չար ոգիները նայում և մտածում են, թե ինչ անեն, որ տվյալ անձին կախվածության և կապվածության մեջ պահեն որևէ երկրային իրողությունից, որպեսզի խոչընդոտ լինի Աստծուն մոտենալու համար: Աչքի մեջ գտնվող փոքր հատիկը խանգարում է տեսողությանը, այդպես էլ փոքր հոգսը խանգարում է աղոթքին: Աղոթքը հոգու շնչառություն է: Արդ, մենք աղոթական կյանքով պիտի ապրենք, որպեսզի կյանքի խնդիրներին, դժվարություններին, մարտահրավերներին հանդիպելիս մեր հոգին զորանա և չսպառվի, այլ Աստծո օգնությամբ հաղթահարի այդ բոլոր խոչընդոտները, որովհետև աղոթողը կյանքի աղբյուրից ուժ է ստանում և մասնակից լինում հոգեղեն կենսական զորությանը: Արդ, հոգով մշտապես արթուն լինենք և աղոթքի մեջ լինենք:
Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը