Գրքեր

«Անդադար աղոթեցեք». երիտասարդների հերթական աղոթքի ուղին

Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, երբ քրիստոնյաները միավորվում են եկեղեցում միասնական աղոթքի շուրջ, աղոթում են՝ որպես մեկ մարմին: Աղոթքով մարդը ոչ միայն մոտենում է Աստծուն, այլև միավորում Նրա հետ և մեկ հոգի դառնում: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Ով միանում է Տիրոջը, նրա հետ մեկ հոգի է դառնում» (Ա Կորնթ. 6:17):  

Հերթական Տերունի օրը՝ մարտի 10-ը՝ Մեծ պահքի Դատավորի կիրակին, Քրիստոսի հետևորդներին կոչ արեց միավորվել միասնական աղոթքի շուրջ և որպես մեկ մարմին առանց ձանձրույթի ամեն ժամ աղոթել (Ղուկ. 18:1): Մարտի 10-ին «Զորավոր» երիտասարդաց միությունը, կյանքի կոչելով տիրավանդ պատգամը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղավ Սուրբ և Անմահ Պատարագի, ապա ուխտի մեկնելով՝ շարունակեց աղոթական իր ընթացքը: Հասնելով ուխտավայր՝ Մասիսի Ս. Թադեոս եկեղեցին (2015 թ.), ուխտավորները կրկին անգամ համախմբվեցին միասնական աղոթքի շուրջ և սբ. Թադես առաքյալի բարեխոսությամբ հայցեցին Տիրոջը, որ Իր Աջի հովանու ներքո անսասան պահի Հայոց ազգը և եկեղեցին: Այնուհետև Ս. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանն իր օրհնության խոսքն ուղղեց երիտասարդներին, մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը, ապա եկեղեցու պատմությունը ներկայացնելուց զատ զրուցեց համայնքային կյանքից ներս առողջ փոխհարաբերությունների մասին:

Ամեն ժամ և անձանձրույթ աղոթելու մասին սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Աշխատիր միշտ պատրաստ լինել, որպեսզի երբ գա հոգիդ պահանջողը, պատրաստ գտնի քեզ ապաշխարության մեջ, և ես երաշխավորում եմ, որ Նա այդ դեպքում քեզ չի բաժանի փրկվածներից: Միշտ հետևիր Տիրոջ պատվիրաններին՝ արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք (Մատթ. 26:41), նաև՝ պատրա՛ստ եղեք, որովհետև Մարդու Որդին կարող է գալ ձեր չակնկալած ժամին (Մատթ. 24:44): Պողոս առաքյալը ևս հորդորում է՝ անդադար աղոթեցեք  (Ա Թեսաղ. 5:17):  Խորհեք, թե ինչ է սա նշանակում՝ «անդադար»։ Նշանակում է՝ միշտ՝ բոլոր ժամանակներում և՛ ցերեկը, և՛ գիշերը, և՛ երեկոյան, և՛ առավոտյան, և՛ ամեն ժամի, և՛ աշխատանքի ժամանակ, և՛ ճանապարհին, և՛ դաշտում հերկելիս, քնելիս և արթնանալիս: Մի՛ հետաձգեք աղոթքը մինչև կիրակի կամ տոն օրեր, այլ ամեն տեղ աղոթե՛ք. աստվածությունը չի սահմանափակվում միայն տեղով. «Նրա ձեռքում են բոլոր եզերքները երկրի» (Սաղմ. 94:4)»:

 

Կարինե Սուգիկյան

 

10.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․