Գրքեր

Անհասկանալի աղոթքը

Հայրս կանխակալ կարծիք ուներ Հայր Իոհան Կրոնշտադսկու մասին: Նրա անսովոր ժողովրդականությունը բացատրում էր հիպնոսով, ժողովրդի խավարամտությամբ և այլն: Մենք Մոսկվայում էինք ապրում, ես՝ Սերգեյս, այն ժամանակ չորս տարեկան էի, և հայրս մի անգամ գործերով Պետերբուրգ գնաց: Այնտեղ նա սովորաբար եղբոր տանն էր մնում: Այս անգամ էլ նրանց տուն գնաց և եղբորն ու հարսին շատ անհանգիստ վիճակում գտավ. նրանց կրտսեր դուստրն էր հիվանդացել՝ Լենոչկան: Հիվանդությունը շատ ծանր էր ընթացել և չնայած, որ վիճակն արդեն դեպի լավն էր գնում, նրանք Հայր Իոհանին էին հրավիրել աղոթելու և անհամբեր սպասում էին: Հայրս ծիծաղեց նրանց վրա ու իր գործերով գնաց: Ժամը չորսի կողմերը վերադառնալով՝ մի մեծ բազմություն գտավ եղբոր տան առջև և հասկացավ, որ հայտնի հոգևորականը եկել է: Նա դժվարությամբ տուն մտավ և մի կողմ կանգնած հետաքրքրությամբ հետևում էր Հայր Իոհանի աղոթքին: Նա շատ զարմացավ, երբ հոգևորականն արագ վերջացրեց հիվանդ Ելենայի համար ասվող աղոթքը, ծնկի իջավ ու սկսեց ջերմեռանդորեն աղոթել ինչ-որ անծանոթ ծանր հիվանդ փոքրիկ Սերգեյի համար: Նա երկար աղոթեց այդ երեխայի համար, հետո օրհնեց բոլորին ու հեռացավ:

- Նա ուղղակի աննորմալ է,- բարկացավ հայրս նրա հեռանալուց հետո:- Նրան հրավիրել են Ելենայի համար աղոթելու, իսկ նա ինչ-որ անհայտ Սերգեյի համար է աղոթում:

- Բայց Լենոչկան համարյա ապաքինվել է,- երկչոտությամբ առարկեց հարսը՝ փորձելով պաշտպանել հարգելի հոգևորականին:

Հաջորդ օրը հայրս Մոսկվա վերադարձավ: Տուն մտնելով շատ զարմացավ՝ տեսնելով այնտեղ տիրող անկարգությունն ու մորս տանջված դեմքը:

- Ի՞նչ է պատահել,- վախեցած հարցրեց նա:

- Սիրելի՛ս, քո մեկնելուց անմիջապես հետո Սերյոժան հիվանդացավ: Սարսափելի ջերմում էր, ջղակծկումներ ու փսխոց ուներ: Ես մեր բարեկամ պրոֆեսորին հրավիրեցի, բայց նա ոչինչ չկարողացավ հասկանալ և կոնսիլիում հրավիրեց: Երեք բժիշկ օր ու գիշեր երեխայի անկողնու մոտ էին և ի վերջո ասացին, որ նրա վիճակն անհույս է: Երեխայի վիճակը ժամ առ ժամ վատանում էր: Եվ հանկարծ երեկ ժամը չորսից հետո նրա շնչառությունը կարգավորվեց, ջերմությունն իջավ և նա քնեց: Հետո ավելի լավ էր: Այժմ մեր Սերյոժայի մոտ միայն թուլություն է, բայց արդեն ուտում է և խաղում իր անկողնում:

Այս ամենը լսելիս հայրս գլուխն ավելի ու ավելի ցածր էր կախում: Ահա, թե ինչ ծանր հիվանդ փոքրիկ Սերգեյի համար էր երեկ աղոթում Հայր Իոհանը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

19.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․