Գրքեր

Անմիտ հարուստի առակը

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Փա՜ռք Տիրոջը, մեզ հերթական կիրակիին արժանացնելու և կրկին անգամ ավետարանական սքանչելի տողերից անգին դաս քաղելու հնարավորություն ընձեռելու համար:

Այս կիրակի օրվա ընթերցումը Ղուկասի Ավետարանից է (Ղուկ. 12:13-31), որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոս պատմում է անմիտ հարուստի առակը: Այսպիսով, մի հարուստ մարդ կար, որի արտերն առատ բերք տվեցին և նա, այդ ողջ առատությանը նայելով, մտահոգվեց, թե ինչ պետք է անի, քանի որ շտեմարաններն արդեն լեփ-լեցուն էին և այլևս տեղ չկար նոր բերքն ամբարելու: Ուստի, այս հարուստ մարդը որոշեց քանդել հին շտեմարանները, դրանց փոխարեն ավելի ընդարձակները կառուցել և իր ողջ բարիքներն այդտեղ տեղավորել: Այս որոշումն ընդունելուց հետո, իրենից շատ գոհ մնաց այս մարդը և եզրակացրեց, որ այդ ամենից հետո հանգիստ կարող է ինքն իրեն, իր կյանքի կենտրոնը հանդիսացող «Ես»-ին ասել. «Ո՛վ մարդ, քանի երկար տարիների համար կուտակած հարստություն ունես, հանգի՛ստ եղիր, կե՛ր, խմի՛ր և վայելի՛ր»: Եվ պատրաստվում էր հանգիստ քուն մտնել, երբ լսեց Աստծո ձայնը, որ ասում էր. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ վերցնելու են քեզնից, ո՞ւմ է մնալու քո պատրաստածը»:

Այո, ապտակի նմանվող խոսքեր, որ սթափեցնող ազդեցություն են գործում ու անմիջապես ցած իջեցնում թվացյալ հաստատուն բարձունքից: Կարծում եմ ամենքիդ համար էլ բավականին ծանոթ պատկեր է, քանի որ Տիրոջ շուրթերից արտասանված յուրաքանչյուր խոսք վերաբերվում է անհատապես ամեն մեկիս և բոլորիս՝ միասին վերցրած: Այս առակը վերաբերում է անհատապես յուրաքանչյուրիս, քանի որ ամենքս էլ մեզ տրված կարողություններ ունենք, լինի նյութական կամ ոչ, և յուրաքանչյուրիս հոգին էլ մի օր առնվելու է մեզանից և այս առակի հարուստի պես կանգնելու եք Աստծո առջև ու պատասխան տալու, թե մեզ պարգևված կարողություններն ինչպես տնօրինեցինք: Տեր Աստված հարցնելու է, թե օրինակ՝ ամուր առողջությունն ու եռանդը, որ տրվել էր մեզ, միայն մեր հաճույքներին նվիրեցինք, թե՞ մեր մերձավորներին օգնելուն էլ ծառայեցրինք:

Քանի դեռ մարմնապես երիտասարդ ենք ու առողջ, աշխատում ենք այդ օրվա մասին մտքերը հեռու վանել մեզանից՝ կարծելով, թե այն, ինչպես ժողովուրդն է ասում, դեռ յոթը սարի ետևում է գտնվում և մենք մի ողջ կյանք ունենք ու կհասցնենք նախապատրաստվել Ամենակալի առջև կանգնելուն: Չնայած կարծում եմ, որ յուրաքանչյուր տարիքում էլ մահվան միտքը խորթ է հավիտենության համար ստեղծված մարդուն, չարն էլ, իր հերթին, ամեն ջանք գործադրում է մարդուն թմրեցնելու և նրա հոգևոր զգոնությունը թուլացնելու համար, որպեսզի մարդը չմտածի մահվան մասին ու շարունակի հոգևոր անհոգության ու անպատասխանատվության մեջ ապրել: Ուստի այսօրվա առակը շատ կարևոր է մեր հոգիների արթնության համար, սիրելի՛ հավատացյալներ: Սակայն ուզում եմ մի փոքր ետ գնալ ավետարանական տողերում ու ձեզ համար ընթերցել այն հատվածը, որը պատճառ հանդիսացավ, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոս պատմի այս առակը: Ուրեմն, երբ Նա ժողովրդի մեջ կանգանծ ուսուցանում էր նրանց, մի մարդ ձայն տվեց ու ասաց. «Վարդապե՛տ, ասա՛ եղբորս, որ մեր հոր թողած ժառանգությունից իմ բաժինը տա՛ ինձ: Հիսուսը պատասխանեց. - Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ իրավունքի բաժանարար կարգեց ձեզ վրա» (Ղուկ. 12:13, 14):

Առաջին անգամ չէ, որ Ավետարաններում հանդիպում ենք հատվածների, որտեղ Հիսուս Քրիստոս ուղղակի պատասխան չի տալիս Իրեն տրված հարցին, այլ կարծես պատասխանում է այդ հարցի դրդապատճառին: Եվ այս պարագայում էլ, տեսնելով, որ այս մարդը իր փրկության մասին մտահոգվելու և հոգեշահ մի խորհուրդ խնդրելու փոխարեն երկրայինի ու անցողիկի մասին է հոգ տանում, փակում է այս խոսակցությունը՝ հասկացնելով ներկա եղողներին ու մեզ, որ առաջին հերթին անհրաժեշտ է հավիտենականի՝ հոգու փրկության մասին հոգ տանել, այլ ոչ թե ժամանակավորի ու մարմնավորի: Այնուհետև շարունակում է՝ զգուշացնելով. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից» (Ղուկ. 12:15): Այսինքն, սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, մեր կյանքի տևողությունը կախված չէ մեր նյութական ունեցվածքից, նյութական հարստությունը երկար կյանքի գրավական չէ և շատ ունենալն ամենևին էլ չի նշանակում, որ երկար կյանք ես ապահովել քեզ համար, ինչպես որ թյուրիմացաբար կարծում էր անմիտ հարուստը: Եվ Քրիստոս զգուշացնում է կուտակելու մոլուցքով բռնված այն մարդկանց, թող կոպիտ չհնչի խոսքս, որ իրենց որովայնը վեր են դասում ամեն ինչից ու իրենց կյանքը դրա շուրջ են կառուցում՝ հավանաբար մտածելով, որ դեռ երկար են ապրելու երկրի երեսին: Մարդիկ տագնապի ու անհանգստության մեջ են ապրում, կորցնում են իրենց հոգու խաղաղությունն ու հանգստությունը, նրանց միտքն անդադար աշխատում է ու հոգնում՝ նախ ունեցվածք կուտակելու, հետո այն պահպանելու, հետո շատացնելու մասին հոգսերով: Արծաթասեր մարդուն անընդհատ որոշակի գումար է պակասում իրեն բավարարված զգալու համար, փառասեր մարդուն՝ փառքի մի որոշակի աստիճան, զվարճասերին՝ նորանոր զվարճություններ: Եվ այդպես էլ անցնում է կյանքը՝ երկրային չափանիշներով կարճ կամ երկար, ու անսպասելի վրա է հասնում մահվան օրը և աշխարհի ոչ մի հարստություն ի զորու չի լինում պահպանելու նրան իր վախճանից: Եվ մարդու սիրտն էլ երբևէ բավարարում չի գտնում նյութական ունեցվածքի մեջ, քանի որ Արարիչ Աստված է միայն ի զորու լցնել Իր ստեղծածն ու հագեցնել Իր անսահման սիրով, կենարար լույսով ու աստվածային զորությամբ:

Եկեղեցու երանելի հայրերից մեկն այս առակը մեկնաբանելիս մեր ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ այդ հարուստ մարդը նայեց իր մեծ ունեցվածքին ու մտահոգվեց՝ ասելով. «Ի՞նչ պիտի անեմ»: Սակայն նույն հարցն է տալիս նաև աղքատ մարդը, երբ տեսնում է, որ ո՛չ ուտելիք ունի և ո՛չ էլ՝ հագնելիք: Եվ հարց է տալիս երանելի Թեոփիլակտը, թե արդյո՞ք ամեն տարի այդ հարուստն իր շտեմարանները պիտի քանդեր ու նորերը կառուցեր: «Աղքատների դատարկ որովայններն են այն ապահով շտեմարանները, որ կարող են և՛ շատ բարիք ամբարել և՛ անփուտ ու անկործան են, որովհետև երկնային են ու աստվածային, քանի որ աղքատին տվողն Աստծուն է տալիս»,- ճիշտ լուծումը գտնում է երանելին:

Քրիստոս այս մարդուն անմիտ անվանեց, որովհետև ինչպես տեսանք առակից, կարծում էր, թե շատ բարիք կուտակելով իրեն երկար տարիների կյանք է ապահովել: Սակայն անմիտ է նաև հետևյալ խոսքերի պատճառով. «կհավաքեմ ցորենս և իմ բոլոր բերքերը»: Այսինքն, նա իրեն է վերագրում այդ ողջ բարիքն, այլ ոչ թե իրեն Աստծուց տրված պարգև է համարում: Իրեն այդ ամենի տերն է համարում, այլ ոչ թե Աստծո կողմից կարգված վերակացու, որ արդարությամբ ու ողորմածությամբ պիտի տնօրինի իրեն վստահված բարիքները: Այսինքն, ևս մեկ անգամ տեսնում ենք, որ Աստված ոչ թե հարստությունից, ունեցվածքից ու կարողություններից է մեզ հեռու պահում, այլև զգուշացնում է դրանց ճիշտ վերաբերվելու ու դրանք աստվածահաճո կերպով տնօրինելու մասին: Խրատում է մեր ուշադրությունը, եռանդն ու ջանքերը ոչ թե նյութականի վրա կենտրոնացնելու, այլ առաջին հերթին հոգևոր բարիքների ու հոգու փրկության մասին հոգ տանելու, որպեսզի նյութական բարիքները խոչընդոտ չհանդիսանան մեր հոգու փրկության ճանապարհին: Քանի որ ամեն մարմնական բան մարմնի հետ երկրի վրա է մնալու, իսկ անմահ հոգին իր հետ միայն հոգևոր հարստությունն է վեր տանելու: «Որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մտթ. 6:21),- զգուշացնում է Տերը: Իսկ սուրբ Բարսեղ Մեծն ավելացնում է. «Երկրային բաների հանդեպ սերը ձյութ է, որ կապում է հոգևոր թևերը»:

Արդ, ավետարանական այս առակը թող խրատ լինի մեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի չլինի թե Արարիչ Աստծուն մոռացած՝ մեր կյանքի իմաստը նյութական ունեցվածքի մասին հոգ տանելը դարձնենք: Սնենք, խնամենք ու փայփայենք մեր մարմինները, որ անցողիկ են, բայց մոռանանք անմահ հոգին խնամելու մասին: Թող աստվածային լույսով և իմաստությամբ լցվեն մեր սրտերն ու հոգիները, որպեսզի երկրային բարիքների ձգտելու փոխարեն մեր ողջ եռանդն օգտագործենք աստվածայինի մեջ հարստանալու համար: Ձգտենք, աշխատենք, ջանք թափենք աստվածային գանձեր հանդիսացող քրիստոնեական առաքինություններով՝ խոնարհությամբ, սիրով, հավատով, համբերությամբ, ողորմածությամբ և այլնով հարստանալու համար, որոնք մեզ հետ հավիտենական կյանք ենք տանելու: Քանզի մարդու համար այլ ճանապարհ գոյություն չունի հավիտենությունից բացի: Մահվանից հետո բոլորիս էլ հավիտենությունն է սպասում, բայց հարցն այն է, թե ինչպիսի հավիտենություն՝ երանելի, թե՞ տանջալի, և Աստծո կողմից մեզ տրված հարստությունների ճիշտ տնօրինումն էլ մեր մահվան օրը ցույց կտա, հարուստ հոգով ենք կանգնում Ամենակալի առջև, թե՞ թշվառ: Խորհենք այս մասին…

Աստծո սերը, շնորհն ու խաղաղությունը լինի ամենքիս հետ: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

27.11.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․